Իմ կյանքի պատմությունը

Հատվածներ

Սկիզբը 

.... Փիթսբուրգ վերադառնալուց անմիջապես հետո ծանոթացա մի հրաշալի մարդու՝ Թոմաս Ա. Սքոթի հետ, ով իրավացիորեն իր բնագավառում պետք է հանճար համարվեր:

Նա Փիթսբուրգ էր եկել, որպես Փենսիլվանյան երկաթուղու պետ: Նրա և ճանապարհի տնօրեն պարոն Լոմբերտի միջև, ով Ալթունում էր, շատ ակտիվ հեռագրական հաղորդագրություն էր պահպանվում: Այդ պատճառով պարոն Սքոթը հաճախ էր երեկոյան գալիս հեռագրատուն, և հաճախ դա պատահում էր իմ հերթապահության օրերին: Մի անգամ, ի զարմանս ինձ, նրա օգնականներից մեկը, ում հետ ծանոթ էի, ասաց, որ պարոն Սքոթը իրեն հարցրել է, թե չեմ ցանկանա իր մոտ աշխատել, որպես քարտուղար և հեռագրավար: Ծանոթս պատասխանել էր.
-Ամենևին, չէ որ նա հեռագրավար է:
Անմիջապես առարկեցի.
-Իզուր եք շտապել: Ես կաշխատեմ նրա մոտ, որովհետև շատ եմ ցանկանում թողնել այս ծառայությունը: Խնդրում եմ փոխանցեք պարով Սքոթին:

Այսպիսով, 1853թ. փետրվարի 1-ին անցա պարոն Սքոթի մոտ ծառայության, որպես քարտուղար և հեռագրավար՝ ամսական 35 դոլար աշխատավարձով:
Այդ ժամանակ տասնութ տարեկան էի: Ինձ համար սկսվեց նոր կյանք, որը ամենևին նրան չէր մինչ այդ ապրածիս:

Երկաթուղում ծառայության անցնելուց շատ չանցած, պարոն Սքոթն ինձ ուղարկեց Ալթուն՝ ամենամսյա աշխառավարձի հաշվետվությունները և կտրոնները բերելու: Այդ ժամանակ Ալեգանյան լեռներով անցնող երկաթուղին դեռ ավարտված չէր, և ստիպված էինք գնալ բլրապատ նախալեռներով, ինչը այդ ճանապարհը ինձ համար շատ հետաքրքիր էր դարձնում:
Ետդարձի ճանապարհին մի արկած պատահեց, որը քիչ էր մնում խորտակեր իմ ամբողջ ծառայողական առաջխաղացումը: Ստանալով հաշվետվություննեը և կտրոնները` ուղևորվեցի Փիթսբուրգ: Քանի որ ծրարը շատ ծավալուն էր, գրպանումս չտեղավորվեց, և այն խցկեցի ժիլետիս տակ: Այդ ժամանակներում շատ էի սիրում երկաթուղով ճանապարհորդել և մեծ բավականությամբ ճանապարհորդում էր շոգեքարշով: Բարձրացա շոգեքարշ, և ճանապարհ ընկանք: Ճանապարհը շատ թափահարող էր: Հանկարծ հիշեցի ծրարի մասին, շոշափեցի ժիլետը, և ի սարսափ ինձ, նկատեցի, որ այն չկար:

Հասկանում էի, որ այդ դիպվածը կարող է թանկ նստել վրաս: Ինձ տրված հանձնարարությունը վստահության ցուցադրություն էր, և այդ հաշվետվություններն ու քարտերը պետք է աչքիս լույսի պես պահպանեի. դրանց անհետացումը, հասկանելի է, ոչնչացնող տպավորության կհանգեցներ: Մեքենավարին ասացի, որ, հավանաբար, ծրարը ընկել է մի երկու մղոն առաջ և խնդրեցի վերադառնալ: Բարեհոգի մարդը համաձայնեց:

Ուշադիր նայում էի շուրջ բոլորը և գետի ափին, համարյա ջրի մոտ, տեսա ծրարը: Աչքերիս հազիվ հավատալով, ցած թռա շոգեքարշից և բարձրացրեցի ծրարը: Այն անվնաս էր: Ավելորդ է ասել, որ այն ձեռքիցս այլևս բաց չթողեցի մինչև Փիթսբուրգ:
Եթե ծրարը մի քանի ֆութ ավելի մոտ ընկներ գետին, և ջուրը քշեր, պետք կլիներ տարիների բարեխիղճ աշխատանք, որպեսզի հարթվեր այդ անփութության արդյունքը: Կզրկվեի մարդկանց վստահությունից, ում վերաբերմունքից կախված էր հետագա ճակատագիրս: Կարծում եմ, որ այս դեպքն ինձ սովորեցրեց, որ հետագայում խիստ չվերաբերեմ սկսնակների սխալներին: Այդպիսի դեպքերում մտածում եմ, որ կյանքս, հնարավոր է, լրիվ այլ կերպ դասավորվեր, եթե երջանիկ պատահականությունն այն ժամանակ չօգներ ինձ գտնել ծրարը գետի ափին:

Պատանեկության տարիներից եղել եմ ստրկատիրության կատաղի հակառակորդը և սրտանց ողջունեցի Հանրապետականների առաջին համագումարը, որը տեղի ունեցավ Փիթսբուրգում 1856թ. փետրվարի 22-ին, չնայած այդ ժամանակ դեռ ձայնի իրավունք չունեի:
Ետ նայելով, մինչև հիմա էլ ցավում եմ, որ մեր երկիրը ազատվեց այդ անիծյալ ստրկատիրությունից այդպիսի թանկ գնով, ինչպիսին Քաղաքացիական պատերազմն էր:

Մի առավոտ աշխատանքի գալով` իմացա, որ Արևելյան գծում լուրջ վթար էր տեղի ունեցել, որի արդյունքում կանգնեցվել էր արևմուտք գնացող հատուկ գնացքը, և որ դեպի արևելք եկող մարդատար գնացքը շարժվում է միայն երկաթգծային պահակի ուղեկցությամբ, ով ազդանշան է տալիս յուրաքանչյուր շրջադարձի վրա: Երկու ուղղությամբ գնացող բեռնատար գնացքները վաղուց տարվել էին պահուստային գծեր: Պարոն Սքոթին ոչ մի տեղ հնարավոր չեղավ գտնել: Չկարողացա կանգնել գործին խառնվելու գայթակղության առաջ՝ սեփական ռիսկով կարգադրություններ ուղարկել հեռագրով և այդպիսով կարգավորել երթևեկությունը: Պարզորեն հասկանում էի, որ սխալի դեպքում ինձ սպասում էր աշխատանքից ազատում, խայտառակություն, նույնիսկ, հնարավոր է, որ դատի տային: Մյուս կողմից՝ բեռնատար գնացքների աշխատակիցներին, ովքեր ամբողջ գիշերը մնացել էին երկաթուղու գծերին, հանգիստ տալու հնարավորություն ունեի: Իմ իշխանության տակ էր ամբողջ մեխանիզմը նորից աշխատեցնելը: Գիտեի, որ կկարողանամ դա անել: Հաճախ էի հեռագրով փոխանցել պարով Սքոթի կարգադրությունները: Գիտեի, թե ինչպես պետք է գործեի այդ դեպքում, և անմիջապես գործի անցա: Սկսեցի կարգադրություններ ուղարկել պարով Սքոթի անունից, և հեռագրական ապարատի մոտ նստած ուղարկում էի գնացքները, նրանց տեղաշարժելով կայարանից կայարան, ձեռք էի առնում նախազգուշական բոլոր միջոցները, և ամեն ինչ կարգի էր ընկել, երբ վերջապես հայտնվեց պարոն Սքոթը:

Փիթսբուրգի բեռնատարների շարժման ղեկավար պարոբ Ֆրենսիսկուսից իմացա, որ այդ՝ ինձ համար հիշարժան օրը, երեկոյան պարոն Սքոթը իմ մասին նրան ասել էր.

-Իսկ գիտե՞ք, թե ինչ էր արել իմ շոտլադացի սատանի ճուտը:
-Ոչ:
-Ոչ ավել, ոչ պակաս, օգտվել էր իմ անունից և վերականգնել գծի վրա շարժումը՝ առանց իմ կողմից որևէ լիազորություն ունենալու:
-Եվ ի՞նչ, լավ էր լուծել այդ խնդիրը:
-Այո, նույնիսկ շատ լավ:

.... Պարոն Ստոքսի տան նրբագեղ կահավորումն իմ վրա մեծ տպավորություն գործեց: Բայց այդ ամենը ոչինչ էր, գրադարանի մարմարյա բուխարու համեմատ: Բուխարու մարմարե երեսպատման մեջտեղում քանդակված էր բացված գիրք, որի բաց էջերին փորագրված էր.

Ով չի կարողանում մտածել, նա հիմար է,
Ով չի ցանկանում՝ կույր,
Ով չի հանդգնում՝ ստրուկ:

Այս բառերը թափանցեցին հոգուս խորքը: «Երբևէ,- մտածեցի,- ես էլ նման գրադարան կունենամ, և այս բառերը կզարդարեն իմ բուխարին»: Եվ իսկապես, այդ մակագրությունը մինչև հիմա էլ կա իմ նյույորքյան տանը:

.... 1856թ. պարոն Սքոթը նշանակվեց Փենսիլվանյան երկաթգծի տնօրեն: Նա ինձ առաջարկեց իր հետ Ալթունա տեղափոխվել: Ինձ համար չափազանց դժվար էր կտրել բոլոր անձնական կապերը Փիթսբուրգում, բայց այդպես էին պահանջում գործի շահերը, և իմ անձնական հարաբերությունները պետք է երկրորդ պլան նահանջեին:

Մի երեկո տուն վերադառնալիս նկատեցի, որ ինչ-որ մեկն ինձ հետևում է: Հավասարվելով ինձ՝ ասաց.
-Չէի ցանկանա, որ որևէ մեկը մեզ միասին տեսներ: Ժամանակին ինձ լավություն եք արել, և դեռ այն ժամանակ որոշել էի, որ հնարավորության դեպքում կփոխհատուցեմ: Եկա Փիթսբուրգի գրասենյակ և ասացի, որ դարբին եմ ու աշխատանք եմ փնտրում: Դուք ասացիք, որ Փիթսբուրգում հիմա ազատ տեղեր չկան, բայց կարող է ինչ-որ աշխատանք ճարվել Ալթունայում, և եթե մի քանի րոպե սպասեմ, հեռագրով կճշտեք: Ձեզ նեղություն տվեցիք, մեկ անգամ էլ նայեցիք իմ երաշխավորագրերը և ինձ Ալթունա ուղարկեցիք: Շատ լավ աշխատանք ստացա, կինս և երեխաներս տեղափոխվեցին ինձ մոտ, և երբեք կյանքում այդքան լավ չեմ ապրել, ինչպես հիմա: Այդ պատճառով էլ, որպես երախտագիտություն, ցանկանում եմ Ձեզ ծառայություն մատուցել:

Դարբնի դեպքի նման դեպքեր մեկ անգամ չէ, որ պատահել են ինձ: Մինչև հիմա հանդիպում եմ մարդկանց, ում արդեն մոռացել եմ, բայց նրանք հիշում են այն աննշան ծառայությունները, որ ժամանակին մատուցել եմ իրենց: Հատկապես Քաղաքացիական պատերազմի ժամանակ էր հաճախ լինում, երբ աշխատում էի պետական երկաթգծում և հեռագրատանը: Այդ ժամանակ այնպիսի դիրք էի գրավում, որ կարող էի մարդուն ուղարկել երկաթգծով, կարող էի հորը հնարավորություն տալ այցելելու ճակատում վիրավորված կամ հիվանդացած որդուն, կարող էի օգնել զոհվածի դին տեղափոխելու գործում և այլն: Այդպիսի մանր ծառայությունների շնորհիվ հետագայում բազում քաջալերող ապրումներ եմ ունեցել: Այդպիսի արարքները, սովորաբար, այսպես էին տեղի ունենում. դրանք կատարվում էին առանց շահադիտական նպատակների, բայց դրանց համար պարգևատրումը լինում էր այնքան ավելի գեղեցիկ, որքան ցածր էր այն մարդու վիճակը, ով իրեն պարտական էր համարում այդ ծառայության համար: Շատ ավելի արժեքավոր է ծառայություն մատուցել աղքատ բանվորին, քան միլիոնատիրոջը, ով կարող է հեշտորեն և շռայլորեն փոխհատուցել դրա համար:

Պարոն Սքոթի հետ Ալթունայում մեր երկամյա գործունեության ընթացքում իր հետևանքներով ամենակարևոր իրադարձությունը տեղի ունեցավ դեպի Օհայո կատարած ուղևորություններիցս մեկի ժամանակ: Նստած էի վերջին վագոնում և պատուհանից դուրս էի նայում, երբ մոտեցավ ագարակատիրոջ արտաքինով մի մարդ՝ ձեռքին կանաչ տոպրակ: Նա վագոնավարից իմացել էր, որ ես առնչություն ունեմ Փենսիլվանյան երկաթգծի հետ, և ցանկանում էր ինձ ցույց տալ գիշերային ուղևորությունների համար իր հորինած վագոնը: Այդ խոսքերով նա տոպրակից հանեց ննջավագոնի հատույթի փոքրիկ մոդելը:

Այդ մարդը հետագայում հայտնի Վուդրաֆն էր, ննջավագոնների գյուտարարը: Ինձ համար անմիջապես պարզ դարձավ այդ գյուտի նշանակությունը: Խոստացա Ալթունա վերադառնալուց անմիջապես հետո ներկայացնել այն պարոն Սքոթին և հարցրի` կհամաձայնի՞  նա անհրաժեշտության դեպքում Ալթունա գալ: Ննջավագոնների մասին միտքը հանգիստ չէր տալիս. շտապում էի շուտ վերադառնալ Ալթունա և պարոն Սքոթին պատմել այդ մասին: Նա բացասականորեն չվերաբերեց այդ գաղափարին և հանձնարարեց գյուտարարին հեռագրով կանչել: Գյուտարարը չհապաղեց, և քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նա կառուցում է երկու ննջավագոն, և մեր տեղամասում դրանք դնում ենք շրջանառության մեջ: Դրանից հետո պարոն Վուդրաֆը, ի զարմանս ինձ, հարցրեց, թե չեմ ցանկանա դառնալ իր նախաձեռնության մասնակիցը, և առաջարկեց եկամտի ութերորդ մասը:
Երկար չմտածելով` համաձայնեցի: Մտածեցի, որ ինչ-որ կերպ կճարեմ այն փողը, որ անհարժեշտ է նախաձեռնության մեջ իմ բաժինը ներդնելու համար: Վագոնների կառուցման գինը պետք է մարվեր ամսական մասհանումներով: Երբ եկավ առաջին վճարը կատարելու ժամանակը, պարզվեց, որ պետք է վճարեմ երկու հարյուր տասնյոթ ու կես դոլար: Այդ ժամանակ որոշեցի համարձակ քայլ կատարել ու գնացի տեղական բանկիրի՝ պարոն Լոյդի մոտ՝ վարկ վերցնելու: Նրան ներկայացրի ամբողջ գործը, և, ինչպես հիմա հիշում եմ, գրկելով ուսերս` նա ասաց. «Իհարկե, ձեզ վարկ կտամ: Դուք միշտ լավ եք վարում ձեր գործերը, Էնդի»: Այսպիսով, ես առաջին անգամ գրեցի մուրհակ և գտա բանկիր, ով ընդունեց այն: Ննջավագոնները մեծ հաջողություն ունեցան. ամենամսյա շահույթը ծածկում էր մեր մուծումները: Կյանքումս ստացած առաջին խոշոր գումարն այդտեղից էր:

Շուտով մայրս և եղբայրս տեղափոխվեցին ինձ մոտ՝ Ալթունա, և այդ ժամանակ մեր կյանքում մեծ փոփոխություն տեղի ունեցավ. մորս օգնելու համար աղախին վարձեցինք: Սկզբում, տանը ուրիշ մարդ վերցնելուն, մայրս շատ էր դիմադրում, և մեծ ջանքեր պետք եղան նրան համոզելու համար: Մինչ այդ նա ապրում էր բացառապես իր երեխաների համար և ամեն ինչ նրանց համար էր անում, իսկ հիմա պետք է կողմնակի անձ տուն մտներ և տնօրիներ նրա տնտեսությունը: Բայց ես ցանկանում էի նրան ազատել աշխատանքից, որ ավելի շատ ազատ ժամանակ ունենար, հնարավորություն ունենար ավելի շատ կարդալու և ընկերների հետ շփվելու:

-Թանկագին մայրիկ, - ասացի նրան,- մինչև հիմա դու ամեն ինչ արել ես իմ ու Թոմի համար. թույլ տուր, որ հիմա էլ ես ինչ որ բան անեմ քեզ համար: Եկել է քո հանգիստ ապրելու ժամանակը: Մի աղջիկ ընտրիր՝ քեզ օգնական: Դրանով բավականություն կպատճառես Թոմին ու ինձ:

Հաղթանակը մերն էր: Չնայած մորս դիմադրությանը, այդ փոփոխությունն անխուսափելի էր: Տանը աղախին հայտնվեց, բայց նրա գալով` վերացավ տան մտերմիկ երջանկության մի մաս, որը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը ապրում է նեղ շրջանում:

Պարոն Սքոթը Ալթունայում մնաց մոտ երեք տարի, մինչև 1859 թ. նրան ընտրեցին ընկերության փոխնախագահ և պետք է տեղափոխվեր Ֆիլադելֆիա:

Պարոն Սքոթը վերադարձավ Ֆիլադելֆիայից, ուր գնացել էր նախագահի հետ բանակցությունների և հայտնեց, որ Ֆիլադելֆիա տեղափոխվելու իր հարցը վերջնականպես լուծված է… Վերջապես ասաց.
-Հիմա դառնանք Ձեզ: Հնարավոր համարո՞ւմ եք ստանձնել փիթսբուրգյան բաժամունքի ղեկավարությունը:

Այդ ժամանակ ես այն տարիքում էի, երբ ամեն ինչ թվում է հնարավոր. աշխարհում չկար այնպիսի բան, որ չխիզախեի: Այդ ժամանակ 24 տարեկան էի, բայց ինձ համար օրինակ էր լորդ Ջոն Ռասելը, ով պատրաստ էր անհրաժեշտության դեպքում ստանձնել նավատորմի հրամանատարությունը: Այդ պատճառով էլ պարոն Սքոթին ասացի, որ պատրաստ եմ այդ պաշտոնը զբաղեցնել:

Նոր պաշտոնի անցնելուց հետո առաջին ձմեռը շատ դժվար էր: Երկաթգիծը նոր էին վերջացրել, շարժակազմը չէր բավարարում: Ռելսերը դրված էին մեծ քարերի վրա և ամրացված էին չուգունե սեպերով: Հիշում եմ, որ մի գիշերում 47 հատը տրաքել էին: Զարմանալի չէր, որ նման պայմաններում գնացքի գծից դուրս ընկնելը սովորական երևույթ էր: Այդ ժամանակ բաժամունքի ղեկավարը ստիպված էր լինում հաճախ հերթապահել կայարանում, և երբեմն էլ մեկնել գծի այն մասը, որտեղ գնացքը դուրս էր թռել գծերից, և ուսումնասիրել մանրամասները: Մի անգամ ստիպված եմ եղել ութ օր ու գիշեր անցկացնել գծերի վրա, քանի որ դժբախտ դեպքերը տեղի էին ունենում իրար ետևից: Պատասխանատվության զգացումը պահպանում էր էներգիաս, և հոգնածություն չէի զգում: Բավական էր` կես ժամի չափ քնեի ինչ որ կեղտոտ բեռնատար վագոնում:

.... Մեր տունն էլ էր այգու մեջ: Այստեղ, ծաղիկների և ճուտիկների հետ, շրջապատված գյուղական կյանքի բոլոր ուրախություններով, մայրս ապրեց իր կյանքի ամենաերջանիկ տարիները: Ծաղիկները նրա կիքն էին, նա չէր համարձակվում դրանք քաղել: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ ինձ հանդիմանեց, երբ քաղեցի ինչ որ վայրի բույս. «Բայց դա էլ է կանաչ»,- ասաց նա: Մորիցս ժառանգել եմ այդ հատկությունը...

Այդ սքանչելի վայրում բազմաթիվ ընտանիքներ էին ապրում, և ես շատ տներում էի լինում: Այնտեղ լսում էի այնպիսի առարկաների մասին, որոնց մինչ այդ ծանոթ չէի, և ինձ համար կանոն սահմանեցի. երբ խոսք էր գնում ինձ համար անծանոթ որևէ բանի մասին՝ անպայման ծանոթանալ դրա հետ: Դրա շնորհիվ այնպիսի ուրախ գիտակցություն ունեի, որ ամեն օր նոր գիտելիք եմ ձեռք բերում:

Այստեղ ծանոթացա հարգարժան դատավոր Ուիլկինսի ընտանիքի հետ: Այդ ժամանակ նա մոտ ութսուն տարեկան կլիներ: Նա գեղեցիկ ծերունի էր, դեռ առույգ՝ ոգով ու մարմնով և հիանալի կրթված: Ինձ շատ ուրախացնում էր, որ ես, հավանաբար, ցանկալի հյուր էի այդ տանը: Նրանց տանը հաճախ էին կազմակերպվում համերգներ, կենդանի ներկայացումներ, որոնք ինձ կրթությունս ընդլայնելու հնարավորություն էին տալիս: Դատավոր Ուիլկինսը կյանքի ընթացքում շատ պատմական անձերի էր հանդիպել: Երբեք չեմ մոռանա այն տպավորությունները,  որ իմ վրա թողնում էին խոսակցության ընթացքում ի միջիայլոց ասած նրա բառերը. «նախագահ Ջեքսոնն ինձ ասաց…» կամ «ասացի հերցոգ Վելինգթոնին…»: Այդ րոպեներին ինձ թվում էր, որ պատմության մասնիկներ եմ վերապրում: Այդ տանը լրիվ նոր մթնոլորտ էր, ինչը խթան դարձավ իմ պատվասիրության և հետագա զարգացման համար:
Միայն քաղաքական հարցերում իմ և Ուիլինսերի ընտանիքի միջև տարաձայնություն կար:

Մի անգամ, նրանց տուն մտնելով, ամբողջ ընտանիքը տեսա շատ վրդովված մի «սարսափելի դեպքի» պատճառով:
-Պատկերացրեք,- դարձավ ինձ տիկին Ուիլկինսը,- Դալասը (նրանց թոռը) գրում է, որ զինվորական ակադեմիայի պետն իրեն ստիպել է, որ նստի նեգրի կողքին: Լսվա՞ծ բան է: Ի´նչ խայտառակություն: Նեգրը` զինվորական ակադեմիայում:

-Ա´հ, -ասացի,- տիկին Ուիլկինս, աշխարհում ավելի վատ բաներ են լինում: Վերջերս լսել եմ, որ նեգրերը արդեն երկինք էլ են ընկնում:

Ընդհանուր անհարմար լռություն տիրեց: Եվ միայն մեկ րոպե հետո տիկին Ուիլկինսը ասաց.
-Դա լրիվ ուրիշ հարց է, պարոն Քարնեգի:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский