Մարմինը
Primary tabs
«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից
Աչքերը բացելով՝ պրոֆեսոր Մեյերը տեսավ անհանգիստ իր վրա հակված երեք երիտասարդ վիրաբույժի։ Հանկարծ գլխի ընկավ, որ սրանք իրոք շատ երիտասարդ պետք է եղած լինեին, որ համարձակվեին անել այն, ինչ արեցին. երիտասարդ ու հանդուգն՝ դեռ քարացած մտքերով ու կաղապարներով չփչացած, պողպատե կամքով, պողպատե ինքնատիրապետմամբ։ Նա այնքան ցնցված էր այս հայտնությունից, որ միայն մի քանի րոպե հետո հասկացավ, որ վիրահատությունը հաջող է անցել։
- Ինչպե՞ս եք, տեա՛ր։
- Ամեն ինչ կարգի՞ն է։
- Ի վիճակի՞ եք խոսելու։ Եթե՝ ոչ, թափահարեք ձեր գլուխը կամ թարթեք աչքերը։
Նրանք ակնապիշ իրեն էին նայում։
Պրոֆեսոր Մեյերը թուքը կուլ տվեց՝ հարմարվելով նոր քիմքին, լեզվին ու կոկորդին։ Ի վերջո շատ ցածր նա արտասանեց.
- Ինձ թվում է… Ինձ թվում է…
- Ուռա՜,- բացականչեց Քասիդին։ – Ֆե՛լդման, արթնացի՛ր։
Ֆելդմանը վեր թռավ բազմոցից ու նետվեց ակնոցի հետևից։
- Ուշքի՞ է եկել։ Խոսո՞ւմ է։
- Այո՜, խոսում է։ Ֆրեդի, մենք հաղթեցինք։
Ֆելդմանը գտավ ակնոցն ու նետվեց վիրահատական սեղանի մոտ։
- Տեա՛ր, կարո՞ղ եք էլի ինչ-որ բան ասել՝ ինչ պատահի։
- Ես… Ես…
- Տե՛ր Աստված,– հոգոց հանեց Ֆելդմանը։- Ես կգժվեմ։
Երեքով բռնկվեցին նյարդային ծիծաղով։ Սրանք շրջապատել էին Ֆելդմանին ու ուսն էին թփթփացնում։ Ֆելդմանն էլ սկսեց ծիծաղել, բայց հետո հազը բռնեց։
- Որտե՞ղ է Քենթը,- բղավեց Քասսիդին։ – Նա տասը ժամ շարունակ օսցիոլոգրաֆը մի գծի վրա էր պահում։
- Գրողը տանի, հրաշալի աշխատանք է։ Ո՞ւր է, է՜։
-Գնաց սենդվիչների հետևից,- պատասխանեց Լյուպովիչը,- Ահա, եկավ։
- Քենթ, ամեն ինչ կարգին է։
Քենթը հայտնվեց շեմին՝ ձեռքին երկու թղթե տոպրակ և կես բուտերբրոտ` բերանին։ Նա ջղաձգորեն կուլ տվեց բերանինը.
- Խոսե՞ց։ Ի՞նչ ասաց։
Աղմուկով դուռը բացվեց, և ամբոխը ներս խուժեց։
- Սրանց հեռու տարեք,- բղավեց Ֆելդմանը։- Որտե՞ղ է այդ ոստիկանը։ Հենց հիմա՝ ոչ մի հարցազրույց։
Ոստիկանն անջատվեց ամբոխից և իրենով փակեց մուտքը։
- Ժողովուրդ, լսեցի՞ք բժիշկներն ինչ ասացին։
- Անարդար է։ Դա չէ՞ որ սենսացիա է։
- Առաջինն ի՞նչ ասաց։
- Ի՞նչ է ասել։
- Իսկապե՞ս շուն է դարձել։
- Ո՞ր ցեղատեսակի։
- Պոչը կարո՞ղ է պտտեցնել։
- Ասաց, որ իրեն հրաշալի է զգում,- հայտարարեց ոստիկանը՝ իրենով փակելով մուտքը։
- Գնացինք, ժողովուրդ, գնացինք։
- Նրա տարածված ձեռքերի արանքից սողոսկեց մի լուսանկարիչ։ Սա նայեց վիրահատական սեղանին ու մռթմռթաց.
- Տե՛ր Աստված…
Քենթն օբյեկտիվը փակեց ձեռքով ու հենց այդ պահին լուսարձակն աշխատեց։
- Ի՞նչ արեցիք,- ոռնաց թղթակիցը։
- Դուք իմ ձեռքի ափի լուսանկարի երջանիկ տերն եք,- սարկազմով ասաց Քենթը։ – Մեծացրեք և կախեք ժամանակակից արվեստի թանգարանում։ Իսկ հիմա ռադ եղեք, քանի ձեր գլուխը չեմ ջարդել։
- Գնացինք, տղե՛րք,- խիստ կրկնեց ոստիկանը՝ դուրս հրելով լրագրողներին։ Շեմին նա շրջվեց ու նայեց պրոֆեսոր Մեյերին։
- Ուղղակի հավատս չի գալիս,- շշնջաց ու իր հետևից փակեց դուռը։
- Մենք ոնց որ թե մի լավ բան ենք վաստակել,- բացականչեց Քասսիդին։
- Բա ո՜նց։ Սա պետք է նշել։
- Պրոֆեսոր Մեյերը ժպտաց, ներքուստ, իհարկե, քանի որ դեմքի արտահայտչականությունը սահմանափակ էր։ Ֆելդմանը մոտեցավ։
- Տեա՛ր, ինչպե՞ս եք։
- Հիանալի,- զգույշ արտասանեց Մեյերը։ – Մի քիչ անսովոր է, թերևս…
- Բայց չե՞ք զղջում,- ընդհատեց Ֆելդմանը։
- Դեռ չգիտեմ,- ասաց Մեյերը,- Ես սկզբունքից ելնելով էի դեմ։ Անփոխարինելի մարդիկ չկան։
- Կան։ Դուք եք,- ասաց Ֆելդմանը կրքոտ համոզվածությամբ։
- Ես լսել եմ ձեր դասախոսությունները։ Օ, ես դրանց տասը տոկոսն անգամ հասկանալու հավակնություն չունեմ. մաթեմատիկական սիմվոլիկան ինձ համար ընդամենը հոբբի է։ Բայց ձեր հռչակավոր…
- Խնդրում եմ,- կանխեց Մեյերը։
- Չէ, թույլ տվեք ասել, տեա՛ր։ Դուք շարունակում եք այն գործը, որի վրա գլուխ էր ջարդում Էյնշտեյնը։ Ուրիշ ոչ ոք, ոչ ոք ի վիճակի չէ ավարտելու դա։ Ձեզ դեռ մի երկու տարի էլ է պետք գոյություն ունենալ ցանկացած ձևի մեջ։ Մարդկային մարմինը դեռ չի ուզում հյուր ընդունել, ստիպված եղանք փնտրել կաթնասունների մեջ։
- Նշանակություն չունի,- ընդհատեց պրոֆեսորը,- ի վերջո, կարևորը ինտելեկտն է։ Գլուխս մի քիչ պտտվում է…
- Հիշում եմ Ձեր վերջին դասախոսությունը Հարվարդում,- ձեռքերը սեղմելով՝ շարունակեց Ֆելդմանը։ – Այնքան ծեր էիք երևում։ Լացս գալիս էր։ Հոգնած, հալից ընկած մարմին…
- Չէի՞ք կամենա խմել, տեա՛ր,- բաժակը նրան մեկնեց Քասսադին։
Մեյերը ծիծաղեց։
- Վախենամ՝ իմ նոր մարմինը հարմարեցված չէ բաժակին։ Ավելի լավ է՝ պնակով տաք։
- Վայ,- թռավ Կասսադիի բերանից,- իրոք որ։ Հե՛յ, մի պնակ բերեք։
- Պիտի ներեք մեզ, տեա՛ր,- մեղա եկավ Ֆելդմանը,- սոսկալի լարվածություն էր։ Համարյա մի շաբաթ այս սենյակում ենք եղել, և կասկածում եմ, թե որևէ մեկը գոնե ութ ժամ քնած լինի։ Քիչ էր մնում՝ Ձեզ կորցնեինք։
- Ահա և պնակը,- խառնվեց Լյուպովիչը։ – Ի՞նչն եք նախընտրում, տեա՛ր, վիսկի՞, ջին՞։
- Ուղղակի ջուր,- ասաց Մեյերը։ – Կարո՞ղ եմ վեր կենալ։
- Թույլ տվեք… -Լյուպովիչը թեթևությամբ նրան իջեցրեց սեղանից և դրեց գետնին։ Մեյերն անվստահ ճոճվեց չորս ոտքերի վրա։
- Բռավո,- հիացած բղավեցին բժիշկները։
- Կարծում եմ՝ վաղը կարող եմ մի քիչ աշխատել,- ասաց Մեյերը,- հարկավոր է մի գործիք հորինել, որ կարողանամ գրել։ Կարծում եմ՝ դժվար չէ։ Երևում է՝ ուրիշ խնդիրներ էլ կառաջանան։
Դեռ մտքերս անքան էլ պարզ չեն…
- Մի՛ շտապեք։
- Օ, միայն ոչ դա… Մենք իրավունք չունենք ձեզ կորցնելու։
- Իսկական սենսացիա է։
- Հրաշալի հաշվետվություն ենք գրելու։
- Միասի՞ն, թե ամեն մեկս մեր մասնագիտությամբ։
- Նա էլ, նա էլ։ Նրանք չեն բավարարվի։ Սա նոր դարաշրջան է…
- Որտե՞ղ է լոգարանը,- հարցրեց Մեյերը։
Բժիշկներն իրար նայեցին։
- Ինչո՞ւ։
- Ձենդ կտրիր, ապո՛ւշ։ Այստեղ է, տեա՛ր։ Թույլ տվեք՝ դուռը բացեմ։
Մեյերը գնում էր նրանց ոտնահետքերով՝ ամբողջ էությամբ զգալով չորս ոտքի վրա շարժվելու թեթևությունը։ Երբ վերադարձավ, կրքոտ քննարկում էին վիրահատության տեխնիկական կողմերը։
- ….այլևս երբեք չի կրկնվի։
- Չեմ կարող քեզ հետ համաձայնել։ Այն ամենը, ինչ մի անգամ հաջողվել է…
- Մի՛ ճնշիր քո փիլիսոփայությամբ, ջանիկս։ Դու էլ լավ գիտես, որ սա մաքուր պատահականություն է։ Մեր գրողի տարած բախտը բերել է։
- Հենց դա եմ ասում։ Բիոէլեկտրական փոփոխություններն անդառնալի են։
- Եկավ։
- Չի կարելի, որ շատ քայլի։ Ո՞նց ես, մռութիկ ջան։
- Ես մռութիկ չեմ,- գռմռաց պորֆեսորը,- ի դեպ Ձեզ պապ կսազեի։
- Ներեցեք, տեա՛ր։ Կարծում եմ՝ ավելի լավ է՝ պառկեք։
-Այո,- ասաց Մեյերը,-ինչ-որ լավ չեմ։ Գլուխս զմփում է, մտքերս խառնվում են…
- Պրոֆեսորին իջեցրին բազմոցին, նրան առան իրենց ձեռքերով կազմած նեղ օղակի մեջ։
Բժիշկները ժպտում էին և շատ գոհ էին իրենցից։
- Ձեզ ինչ-որ բան պե՞տք է։
- Ինչ կարող ենք,կանենք։
- Ահա ձեզ պնակով ջուր։
- Մի երկու բուտերբրոդ ենք թողել։
- Հանգստացեք,- ասաց Քասսադին։
Հետո նա անկախ իրենից շոյեց պրոֆեսոր Մեյերի երկար, մետաքսե մորթով գլուխը։
Ֆելդմանն ինչ-որ անհասկանալի բան բղավեց։
- Մոռացել էի,- շփոթված ասաց Քասսադին։
- Հարկավոր է՝ մեզ հետևենք։ Ախր նա մարդ է։
- Իհարկե, գիտեմ։ Ուղղակի հոգնած եմ… Հասկանո՞ւմ եք, էնքան նման է շան, որ անկախ ինձնից…
- Ռադ եղեք էստեղից,- հրամայեց Ֆելդմանը,- բոլորդ էլ գնացեք։
Նա դուրս հրեց տղաներին սենյակից և վերադարձավ պրոֆեսոր Մեյերի մոտ։
- Կարո՞ղ եմ ձեզ համար ինչ-որ բան անել, տեար։
Մեյերը փորձեց խոսել, հաստատել իր մարդկային բնույթը, բայց բառերը մեծ դժվարությամբ էին դուրս գալիս։
- Էլ այդպիսի բան չի կրկնվի, տեար։ Համոզված եմ։ Չէ՞ որ Դուք… Դուք պրոֆեսոր Մեյերն եք։
Ֆելդմանը վերմակն արագ քաշեց Մեյերի դողացող մարմնի վրա։
- Ամեն ինչ կարգին է, տեար,- ասաց նա՝ աշխատելով չնայել դողացող կենդանու կողմը։ – Կարևորը ինտելեկտն է, ուղեղը։
- Բացվել է 2206 անգամ