Մակտուբ

Հեղինակ: 

Սկիզբը

Մենք աշխարհ ենք գալիս  մեր  երազանքների և իդեալների որոնման համար:  Հաճախ  մենք անհնար ենք դարձնում այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում է: Երբ  սխալվում ենք,  զգում ենք, որ   վատնել  ենք  մեր  ժամանակը՝ մի ափ հեռավորության վրա փնտրտուք անելով:  Մենք մեղադրում ենք մեզ սխալների,  մեր որոնումների  անօգտակարության համար և մեր իսկ կողմից ստեղծած խնդիրների համար:  Ուսուցիչն ասում է.

- Չնայած գանձը  կարող է թաղված լինել քո իսկ տան տակ,  դու այն կգտնես միայն,  եթե սկսես փնտրել: Եթե Պետրոսը  չզգար մերժման ցավը,  նա Եկեղեցու  գլուխ  չէր ընտրվի:  Եթե անառակ որդին  չվատներ ամեն ինչ,  նրա ապաշխարությունը  հոր  համար տոն չէր դառնա:  Մեր կյանքում  կան առանձնահատուկ  իրեր,  որոնց  վրա որպես կնիք գրված է . «Դու  իմ արժեքը կգիտակցես միայն  այն ժամանակ, երբ  կկորցնես  ինձ  ու կվերագտնես:   Լավ չէ, երբ  փորձում ես  կարճացնել ուղին»:

Ուսուցիչը  հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է  նրա հոգևոր առաջընթացը: Աշակերտն ասաց, որ ինքը  հիմա ընդունակ է իր օրվա  ցանկացած պահը  նվիրելու  Աստծուն:

- Այսպես, ուրեմն՝  քեզ մնացել է  ներել քո թշնամուն, - ասաց ուսուցիչը:

Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին և ասաց.

- Բայց դա պարտադիր չէ:  Ես չարություն չեմ տածում իմ թշնամու հանդեպ:

-Ի՞նչ ես կարծում` Աստված քո հանդեպ չարություն տածո՞ւմ է, - հարցրեց ուսուցիչը:

- Իհարկե, ո′չ, - պատասխանեց աշակերտը:

- Այնուամենայնիվ, դու ողորմածություն  ես խնդրում նրանից, չէ՞:  Նույն կերպ  վարվիր  և քո  թշնամու հետ, եթե անգամ դու նրա հանդեպ չարությամբ  չես համակված: Ներող մարդու սիրտը  մաքուր է և անուշաբույր:

Երիտասարդ Նապոլեոնը  քամուց  տարուբերվող   եղեգնի նման  դողում էր  Տուլոնի  կատաղի ռմբակոծությունների ժամանակ:  Մի զինվոր, այդ պահին տեսնելով  նրան,  մի ուրիշ զինվորի ասաց.

- Նայի′ր, նա վախենում է մահից:

-Այո′,  վախենում եմ,- պատասխանեց Նապոլեոնը,- բայց ես շարունակում եմ պայքարել:  Եթե  դուք իմ վախի կեսն անգամ զգայիք,  հիմա փախել էիք:

Ուսուցիչն ասում է.

- Վախը  փոքրոգության նշան չէ: Հենց այդ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու: Նա, ով ճաշակել է վախի զգացումը  և գործել՝ թույլ չտալով վախին  ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը: Բայց նա, ով  դժվարին իրավիճակում հաշվի չի առում  վտանգը, հաստատում  է միայն սեփական  անպատասխանատվությունը: 

Ճանապարհորդը  Սուրբ Հովհաննեսի  տոնին է.  վրաններ,  նետաձիգներ  ու ազգային ուտեստներ:  Հանկարծ ծաղրածուն սկսում է  ընդօրինակել նրա շարժումները:  Մարդիկ ծիծաղում են, ծիծաղում  է նաև օտարականը և   ծաղրածուին հրավիրում սուրճի: 

- Կենդանի′  եղիր,-հայտարարում  է ծաղրածուն:-Եթե  դու կենդանի ես, դու պետք է ձեռքերդ թափահարես,  ամենուր թռչկոտես,  աղմկես, ծիծաղես  ու խոսես մարդկանց հետ:  Որովհետև կյանքը մահվան  ճիշտ հակապատկերն է:  Մեռնելով  դու հավետ մնում ես  միևնույն դիրքում: Եթե դու չափից ավելի  լուռ ես, դու չես ապրում: 

Մի  անգամ՝ առավոտյան,  աշակերտն ու ուսուցիչը   գնում էին դաշտով:  Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է  հարկավոր  մաքրության հասնելու համար:  Չնայած ուսուցիչը միշտ ասում էր, որ  ամեն սնունդ  սուրբ է,  աշակերտը  դրան  չէր հավատում:

- Պիտի լինի մի հատուկ  ուտելիք, որ մեզ մոտեցնում է Աստծուն,- ասում էր աշակերտը:   

- Լավ,  գուցե դու ճիշտ ես:  Օրինակ՝  ահա այն սնկերը,- ասաց  ուսուցիչը:

Աշակերտը  հուզվեց՝  մտածելով, որ սնկերը  պիտի  իրեն տան  մաքրություն և պայծառացում: Բայց երբ  կռացավ,  որ մեկը պոկի,  սարսափած բղավեց.

- Սրանք թունավոր են: Եթե  ես սրանցից  մեկն անգամ ուտեմ,  անմիջապես  կմեռնեմ:

- Այդ դեպքում  ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ  այդքան արագ  տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:

1981 թվականի ձմռանը ճանապարհորդն իր տիկնոջ հետ զբոսնում էր Պրահայի փողոցներով, երբ  տեսավ, որ մի տղա  մոտակա շենքերի գծանկարն է անում: Օտարականին դուր եկան տղայի  էտյուդները, և նա որոշեց  գնել դրացից մեկը:  Երբ նա վճարում էր դրամը, նկատեց, որ տղան  առանց ձեռնոցների է աշխատում, այնինչ դրսում  -20 աստիճան էր:

- Ինչո˚ւ ձեռնոց չես դնում,- հարցրեց նա:

- Որպեսզի  կարողանամ մատիտով նկարել:

Նրանք մի քիչ էլ խոսեցին Պրահայի մասին: Ապա  տղան առաջարկեց  անվճար նկարել ճանապարհորդի  տիկնոջ դիմանկարը: Մինչ վերջինս սպասում էր, որ տղան ավարտին հասցնի  այն, ճանապարհորդը հասկացավ, որ տարօրինակ մի բան է կատարվել. նա մոտ հինգ րոպե խոսել է տղայի հետ, բայց իրենցից  և ոչ մեկը  մյուսի լեզվով չի խոսել:  Նրանք  գործածել են ժեստերի լեզուն,  ժպիտներ  ու դիմախաղ,  և ինչ-որ մեկի հետ շփվելու ցանկությունը  հնարավորություն է տվել նրանց՝  մտնելու  առանց խոսքերի հաղորդակցվելու աշխարհը:

Ընկերը բերել էր Հասանին  երազանքների դռան մոտ, որտեղ  մի կույր  մարդ  ողորմություն էր խնդրում:

- Այս կույր մարդը  մեր երկրի ամենաիմաստուն մարդն է,- ասաց ընկերը:

- Ինչքան ժամանակ է, որ կույր ես,- հարցրեց Հասանը:

- Ծնված օրից,- պատասխանեց կույրը:

- Իսկ ինչպե˚ս ես  այդքան իմաստուն դարձել:

- Քանի որ ես իմ կուրությունը չէի ընդունում,  փորձում էի  աստղագետ դառնալ,- ասաց կույրը:  Բայց որովհետև ես չէի կարող տեսնել երկինքը,  ստիպված էի պատկերացնել աստղերը, արևը և գալակտիկաները: Եվ որքան  ես թափանցում էի Աստծո  արարչագործության մեջ, այնքան  ավելի էի մոտենում Նրա  իմաստնությանը:

Իսպանիայի  հեռավոր գյուղերից  մեկում՝  Օլիտ քաղաքից ոչ հեռու,  կա մի  բար,  որի  տերը   մի ցուցանակ էր կախել  ու  վրան գրել. «Հենց որ ես գտա  բոլոր  պատասխանները, փոխվեցին բոլոր  հարցերը»:  Ուսուցիչն ասում է. 

- Մենք միշտ աշխատում ենք հարցերի պատասխանները գտնել: Մենք զգում ենք, որ  պատասխանները կարևոր են կյանքի իմաստը հասկանալու համար: Լիարժեք  ապրելը շատ կարևոր է, և պետք է հնարավորություն  տալ ժամանակին, որ բացի մեզ  մեր գոյության գաղտնիքները:  Եթե  չափից ավելի հետաքրքրված լինենք կյանքի իմաստի  մեկնությամբ,  կխանգարենք գործելու բնությանը,  ուստի   ի վիճակի չենք լինի  կարդալու Աստծո նախանշանները:

Ավստրալական լեգենդ կա  մի շամանի մասին, ով իր երեք քույրերի հետ ճանապարհ գնալիս  հանդիպում է այդ ժամանակների ամենահայտնի  զինվորին:  Զինվորն ասում  է,  որ ինքն ուզում է ամուսնանալ այդ գեղեցկուհիներից մեկի հետ:

- Եթե երեք քույրերից մեկն ամուսնանա, մյուս երկուսը  կտուժեն,- ասում է  շամանը:- Ես  այնպիսի մի ցեղ եմ փնտրում, որը թույլ կտա տղամարդուն  երեք կին ունենալ:

Տարիների ընթացքում նրանք  կտրում-անցնում  են  ողջ Ավստրալիան  և այդպիսի ցեղ չեն գտնում:

- Ծայրահեղ  դեպքում մեզանից գոնե մեկը կարող էր երջանիկ լինել,- ասում է  քույրերից մեկը, երբ նրանք արդեն ծերացել էին ու էլ քայլել չէին կարողանում:

- Ես  ճիշտ չէի,- ասում է շամանը,- բայց հիմա շատ ուշ է:
Եվ նա  իր երեք քույրերին  վերածում է   ահռելի քարե  զանգվածի, որպեսզի  նրանք, ովքեր  երբևէ կանցնեն քարազանգվածի կողքով,  հասկանան, որ  մի մարդու երջանիկ  լինելը չի նշանակում, որ մյուսները դժբախտ են լինում:

Լրագրող Ուոլթեր  Կորելին  հարցազրույց էր վերցնում  արգենտինացի  գրող Խորխե Լուիս  Բորխեսից:   Երբ հարցազրույցն ավարտվեց,  նրանք սկսեցին խոսել մի լեզվի  մասին, որ գոյություն  ունի բառերից այն կողմ, ինչպես նաև  դիմացինին հասկանալու մարդկային ունակության մասին:

- Ես Ձեզ մի օրինակ  բերեմ,- ասաց  Բորխեսը և սկսեց խոսել տարօրինակ մի լեզվով:  Ապա նա կանգ առավ  և հարցրեց լրագրողին, թե ինքը ինչ էր ասում:  Մինչ Կորելլին կհասցներ   պատասխանել,  լուսանկարիչը, որ նրանց հետ էր, ասաց.

- Դա «Հայր Մեր…»›-ն  էր:

-Այո,- ասաց Բորխեսը, - ես մեջբերում արեցի մի  հատված ֆիններեն:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский