Մայրենի լեզվի ուսուցումն իբրև խոսքի մշակույթի կազմակերպում
Primary tabs
Ի՞նչ է մեթոդական հոդվածը:
Ո՞ւմ համար է գրվում մեթոդական հոդվածը:
Ո՞վ կարող է գրել մեթոդական հոդված:
Այս հարցերն էինք քննարկում մանկավարժական ձմեռային դպրոցի սեմինարներից մեկի ժամանակ, որը վարում էր Գևորգ Հակոբյանը: Հետաքրքիր կամ ավելի ճիշտ կլինի ասել հակասական կարծիքներից հետո եկանք էլ ավելի յուրօրինակ եզրակացության,որն ինչպես տիար Գևորգը ձևակերպեց. «Մեթոդական հոդվածը ոչ ոքի էլ պետք չէ,այն ավելի շուտ պետք է հենց մեթոդական հոդվածը գրողին»: Ինչու հիշեցի սեմինարը. որովհետև հիմա պետք է գրեմ մեթոդական հոդված և, իսկապես, այս մեթոդական հոդվածն առաջին հերթին անհրաժեշտ է հենց ինձ՝ որպես հաշվետվություն ի մի բերելու արված աշխատանքը, տեսնելու արդյունքը և հետագայում լրացնելու բաց թողումները: Թեպետ շատ ուրախ կլինեմ, եթե այն օգտակար լինի նաև հոդվածն ընթերցողներին: Մայրենի լեզվի ուսուցման ժամանակ խոսքի մշակմանն ուղղված աշխատանքը հարմար եմ գտնում ներկայացնել երկու զուգահեռով՝ բանավոր և գրավոր խոսքի մշակմանն ուղղված աշխատանքներ: Դասավանդելով կրտսեր դպրոցում՝ ստորև կփորձեմ ներկայացնել այն աշխատանքները, որոնք արվել են այս ուղղությամբ:
Գրավոր խոսքի մշակմանն ուղղված աշխատանքներից ուզում եմ նշել առցանց դասերը: Էլ. գրատախտակը, համացանցը և նեթբուքով դասարանները հնարավորություն են տալիս ուսուցումը կազմակերպել այս մեթոդով: Սովորողները կարդում են տրված նյութը (կարող են լինել տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստեր) և «Կարծիք» բաժնում գրում իրենց մեկնաբանությունները, դիտողությունները. ծավալվում է քննարկում, որից հետո պրոյեկտորի օգնությամբ սովորողները տեսնում են իրենց աշխատանքները և միասին սկսում ենք խմբագրման-սրբագրման աշխատանքները: Սովորողներն արդեն իրենք են նկատում մեկը մյուսի սխալները և սովորում հենց սխալներն ուղղելով: Սովորողները գտնում են քերականական-ոճական, ուղղագրական-կետադրական թերությունները, աշխատում իրենց գրածի վրա, անհրաժեշտության դեպքում նորից վերաշարադրում:
Մյուս աշխատանքն այս ուղղությամբ սովորողների կողմից կատարվող թարգմանությունն է: Օտար լեզվից թարգմանելով նյութեր՝ սովորողները ուշադրություն են դարձնում լեզվական օտար կառույցներին, կաղապարներին, ոճական, տեքստային նրբիմաստներին:
Շարադրանքը ևս մեծ տեղ է գրավում խոսքի մշակմանն ուղղված աշխատանքների մեջ: Բնականաբար շարադրանքը մեծ հասկացություն է, և երեխաների հետ փորձում ենք ստեղծական աշխատանքին անդրադառնալ հաճախ: Սովորողները կատարում են նկարագրական, վերլուծական, բնութագրական և այլ տիպի աշխատանքներ:
Այժմ անդրադառնանք բանավոր խոսքի մշակմանն ուղղված աշխատանքներին: Որպես այդպիսիք` ուզում եմ առանձնացնել աուդիոնյութերը,տեսանյութերը,հարցազրույցները և, իհարկե,բանավոր ելույթներն ու քննարկումները: Ուսումնական նյութերը ստեղծվում են՝ օգտագործելով համակարգչային նոր ծրագրերը, թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը և այլ թվային միջոցները օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո-և տեսանյութերով՝ ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը: Հատկապես կարևորում եմ ձայնագրման աշխատանքը, որովհետև սովորողները, լսելով իրենց խոսքը, տեսնելով իրենց թույլ տված սխալները, ավելի ուշադիր են դառնում իրենց խոսքի հանդեպ, փորձում են չկրկնել նախորդ սխալները:
Բանավոր խոսքի մշակմանն ուղղված աշխատանքները օգնում են, որ սովորողներն իրենց մտքերը զրուցակցին և մյուսներին հասկանալի ու փաստարկված շարադրեն, տրամաբանված խոսել սովորեն, իրենց ընկերների խոսքում գտնեն հակասություններ ու անճշտություններ, կարողանան համոզել, ապացուցել և համաձայնել:
Նկարագրված աշխատանքները պարտադիր են բոլոր սովորողների համար: Յուրաքանչյուրը ըստ իր ընդունակությունների և հմտությունների կատարում է տրված աշխատանքը և գնահատվում: Բացթողումների դեպքում սովորողն ունի հնարավորություն հետո լրացնելու:
Այս ամենն օգնում է սովորողներին դառնալ ինքնավստահ, աստիճանաբար կարողանում են իրենց բացահայտել, խոսել համարձակ՝ վստահ լինելով իրենց խոսքի ճշտությանը, մաքրությանը և հասկանալի լինելուն:
- Բացվել է 3799 անգամ