Խոսքի մշակույթ. արվածն ու անելիքը
Primary tabs
Այսօր ռադիոյից, հեռուստատեսությունից, անգամ խորհրդարանից հնչող խոսքն իր՝ գրական կանոնավոր հայերենից շեղվածությամբ անընդհատ ականջ է սղոցում, շատերս բողոքում ենք, տրտնջում, ոմանք պայքարում են…
Բայց ի՞նչ ենք սպասում մենք ժամանակակից մարդու խոսքից։ Գրական ցանկացած լեզու ժամանակի ընթացքում վերածվում է գրավորի, աստիճանաբար միայն պաշտոնական գրագրության լեզվի։ Դժվար է պահպանել գրական նորմերը, երբ մտածողությունն անընդհատ շարժման, հուսանք՝ դեպի առաջ ընթացքի մեջ է։ Որքան էլ դպրոցը ջանա, չի կարող կասեցնել՝ կանոնի մեջ պահել լեզուն։ Անելիքն այս պայմաններում մտածողությամբ այդ ընթացքից հետ չմնալն է։ Այս իմաստով մայրենի լեզվի ուսուցումը դպրոցում արմատական փոփոխության կարիք ունի։
Մեր ավագ դպրոցում այս տարի խիզախեցինք խոսքի մշակույթի մի ծրագիր դարձնելու հանրակրթական ուսումնական գործունեություն։ Նպատակը սովորողների մեջ տեղեկություն (այդ թվում և գեղարվեստական գրականությամբ) քաղելու և դրա շուրջ բանավոր, գրավոր կամ հաղորդակցման այլ միջոցով խոսելու հմտությունների զարգացումն էր։
Ըստ երկամյա ծրագրի (նախատեսվում էր 10, 11-րդ դասարանների համար) սովորողն արդյունքում պիտի կարողանար ճիշտ ու աշխույժ խոսք կառուցել, համոզիչ ու գրավիչ լինել ունկնդրի կամ ընթերցողի համար։ Սրան պիտի նպաստեին վերլուծական շարադրանքները, մեկնաբանությունները, թարգմանությունները, բանավոր ելույթները մեր տարբեր սրահներում, քննարկումները, պարապմունքների կազմակերպումն ու վարումը, այլ լեզվական-խոսքային գործունեությունը։
Կրթահամալիրի երեք ավագ դպրոցներում փորձարկվող ծրագիրը մտավախության առիթ էր տալիս, թե սովորողները կարող են տարօրինակ, անիմաստ համարել ոչ դասագրքային այսպիսի ուսուցումը։ Սովորողը ձեռքի տակ չունի մայրենի լեզվով կոնկրետ գրականություն, որից կարող է օգտվել։ Ճիշտն ու սխալը կոնկրետ սահմանազատում չունեն, «եթե…»-ներն այնքան շատ են, որ թվում է՝ կարգուկանոնը շրջանցելու համար են։
Առաջին կիսամյակի արդյունքներով, թեպետ հաջողություններ գրանցում էինք, այնուամենայնիվ, սովորողների ներգրավվածությունը բավարար չէր։ Ակտիվ էին բնավորությամբ համարձակ, փորձարկումներից չվախեցող սովորողները։ Իրավիճակը շտկվեց և գործընթացը սահուն հուն մտավ, երբ սովորողները ճշտեցին, որ ուսման արդյունքների ամփոփումն իրականացվելու է ոչ այլ կերպ, քան անհատական բլոգների գնահատմամբ։
Այսօր արձանագրում ենք, որ կրթահամալիրի բոլոր ավագ դպրոցներում սովորողներն իրենց բլոգներում լայնորեն կիրառում և այդպիսով մշակում-հղկում են իրենց խոսքը։
Ամենաակնառու արդյունքներն, իհարկե, կարդացած գրական նյութերի վերլուծություններն են, դրանց տպավորության տակ գրած էսսեները։ Այդպիսի օրինակ է Մարինա Մնացականյանի (10-րդ դասարան) աշխատանքը։ Մարինան գրում է «Ընտրեցի մի վերնագիր, որն ինձ հետաքրքրեց՝ «Ես կյանքին ձեռ տվեցի»-ին, առաջին տողը՝ «Ինչ ունեմ` ոչինչ է այն ամենի առաջ, ինչ դու ունես» կարդալուց հետո նմանեցրի Վ. Տերյանի բանաստեղծությանը՝ «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր»: Շատ տարբեր բառեր, բայց ենթատեքստեր, որոնք, ըստ իս, նման են: Նմանությունը մի կողմ, ներդաշնակ, ռոմանտիկ և փշաքաղվելու աստիճանի հուզիչ էր»:
Սովորողն այս հատվածում ոչ միայն ներկայացրել է ընտրելու իր մոտիվացիան (դուր եկավ վերնագիրը), այլև մեկ այլ հեղինակի (Տերյանի) հետ համեմատությամբ վերլուծություն է արել, ապա արտահայտել իր զգացմունքը ՝ մակդրյալ («փշաքաղվելու աստիճան հուզիչ էր»)։
Հետաքրքիր են նաև մտորումները կյանքի ու հասարակության մասին։ Այդպիսի մի աշխատանք է Լիլիթ Մելքոնյանի (10-րդ դասարան) «Կյանքի անհեթեթության մասին» ակնարկը։ Լիլիթը ոչ միայն կանոնավոր տեքստ է կազմել, այլև դրա բովանդակությունն է հարստացրել Ռուզվելտից մեջբերումով ու դրա վերլուծությամբ։ «Ուզում եմ անդրադառնալ Ֆրանկլին Ռուզվելտի կյանքի բուրգին: Նա ապրելու և կյանքից բավարարվածություն ստանալու համար առանձնացնում էր չորս քայլ,- գրում է Լիլիթը և ավելացնում. -…Դրանց իմաստը լիարժեք պատկերացնողներն, ըստ իս, հաղթահարում են անհեթեթությունը…»։
Իրենց մտքերը, վերլուծությունները սովորողներն արտահայտում են նաև այլ՝ ոչ բառային տեքստեր քննարկելիս։ «Էստեղ օգտագործված են մի շարք միջոցներ ֆիլմն ավելի ազդեցիկ դարձնելու համար: Հիմնականում օգտագործված է հակադրություն: Օրինակ՝ հիշողությունների ոչ վառ գույներով ընդգծված լինելը, իրականության գունավոր ու վառ գույները (այս «հնարքը» կտեսնենք ցանկացած ֆիլմում), աչքերը ներկելու համար հատկացված երկար ժամանակն ու կյանքից մահ անցման ակնթարթները, մարդկանց ժպիտները մահացած երեխայի լուսանկարնին նայելիս»,- Գրում է Մարկոսյան Վիկտորյան (10-րդ դասարան) ֆիլմի վերլուծության մեջ։
Տեքստը հասկանալու և հասկացածն արտահայտելու մի ձև էլ ֆիլմ պատրաստելն է գեղարվեստական ստեղծագործության հիմքով, ինչը ամենայն հաջողությամբ այս տարի իրականացրին Մարգարիտ Սարգսյանն ու իր սաները։ Օրինակ՝ Լուիս Ֆերնանդու Վերիսիմուի «Հանդիպում» նովելի մոտիվներով պատրաստած ֆիլմը հետաքրքիր վերլուծություն է՝ կարևորի ու փոխարինելիի համադրմամբ։ Նկարահանումներին չմասնակցած սովորողները (ոչ միայն համադասարանցիները) հետաքրքիր անելիք ունեն՝ վերլուծել տարբերությունները, որոշել՝ ինչ է տալիս և ինչ է պակասեցնում նման փոփոխությունը։
Ֆիլմն ընդհանրապես խոսքի մշակույթի կարևոր բաղկացուցիչն է, հետաքրքիր միջոց արտահայտվելու համար։
Խոսքի մշակույթին մեծապես նպաստում են թարգմանությունները։ Դրանք սովորեցնում են տրված տեքստը հասանելի և մայրենի լեզվի օրենքներին համապատասխան վերարտադրել։ Փոքր տեքստերի թարգմանությունը ևս հաջողված մեթոդներից է, որ օգտագործվել է բոլոր ավագ դպրոցներում։ Դրանց նմուշներից են Արհեստների դպրոցի ենթակայքում կամ Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքի թարգմանությունները։
Խոսքի մշակույթի դասերն ու բլոգավարությունը նպաստել են, անշուշտ, որ երեխաներն իրենց նախաձեռնությամբ խոսեն հուզող թեմաներից, գրառում անեն իրենց բլոգում ու հրապարակեն։ Այդպիսի միտում կա, օրինակ, Սյուզի Թադևոսյանի, Մարկոսյան Վիկտորյայի, Էլեն Կարապետյանի, Թամարա Ստեփանյանի և այլոց գործունեությունում։
Մտածողությունը զարգացնող, միաժամանակ խոսքը մշակող աշխատանք են կատարվում նաև հարակից առարկաներից՝ արվեստից, պատմությունից, հասարակագիտությունից նախագծերն իրականացնելիս։ Սրանք համագործակցային աշխատանքի լավագույն օրինակներ են և մղում են հաջորդ տարվա ծրագիրը կազմելիս համատեղ նախագծեր ընդգրկելու։
Ճիշտ չէր լինի չանդրադառնալ առաջացած խնդիրներին։ Իհարկե, դժվար է սովորողներին ու նրանց ծնողներին ապացուցել, որ խոսքի մշակույթն այս ձևով ավելի կիրառական առարկա է, քան, ասենք քերականական կանոնների անգիր անելը։ Դժվար է նաև համոզել, որ մայրենի խոսքի մշակույթի ժամին կարելի է օտար լեզվով տեքստ կարդալ ու դեռ թարգմանել։ Սովորողների՝ օտար լեզուներին վատ տիրապետելը ցավալի խոչընդոտ է թարգմանությամբ խոսքի մշակում իրականացնելու ճանապարհին։
Ընդհանրապես անհնար է պատասխանել այն հարցին, թե ինչով է խոսքի մշակույթը տարբերվում գրականությունից։ Շաբաթվա ընդամենը 4 (խոսքի մշակույթ + գրականություն) դասաժամի պայմաններում շատ հաճախ նույն նյութը ուսումնասիրության առարկա է և՛ գրականության, և՛ խոսքի մշակույթի դասերին։ Ընթերցանությունը խոսքի մշակման լավագույն միջոցն է` առհասարակ։ Այդ հաշվի առնելով՝ օգտագործում ենք նաև հարակից առարկաների այն թեմաները, որոնք կապվում են ընթերցելու, վերլուծելու, արտահայտվելու հետ։ Սակայն միշտ չէ, որ մինչև հաջորդ պարապմունքը սովորողն աշխատանքը տեղադրում է իր բլոգում կամ դասից դուրս քննարկում է ուսուցիչների հետ։ Շատ աշխատանքներ պարապմունքից հետո մոռացվում են, չեն դառնում նոր մակարդակի բարձրանալու հարթակ։
Դրա համար առաջարկում եմ միացնել «Խոսքի մշակույթ» և «Գրականություն» առարկաները՝ դրանց համար ուսպլանով նախատեսելով բավարար ժամաքանակ։ Այդ դեպքում պարապմունքների ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել աշխատանքը, վերահսկել և վերջնական արդյունքի հասցնել՝ հընթացս լուծելով կրթական և դաստիարակչական մի շարք խնդիրներ։
- Բացվել է 13729 անգամ