Խոսքի մշակույթ. խնդիրներ

Արձագանք «Խոսքի  մշակույթի`  մայրենի  լեզվի,  գրականության  ուսուցման  հեղինակային  ծրագրեր,  կազմակերպում,  արդյունքներ» կլոր սեղանին

Կրթահամալիրում հատկապես այս տարի շատ ենք խոսում խոսքի մշակույթից։ Որպես ուսումնական առարկա` ներառել ենք 2012-2013 ուստարվա ավագ դպրոցների ուսումնական պլաններում, որպես գործունեություն` կարևորել ենք հիմնական կրթության մայրենի լեզվի ծրագրերում` 1-4-րդ դասարանների, 5-9-րդ դասարանների։ Այդ վերաբերմունքի արդյունքը անզեն աչքով ու միանգամից երևում է` հայկական վեբկայքերի ռեյտինգային աղյուսակում գրանցված կրթական հաստատությունների կայքերի մեջ մշտապես առաջատար mskh.am ու ենթակայքեր, TVmskh` ակումբների հաղորդաշարերով,  infomskh` իր դպրոցական ճյուղերով, գործող ամսագիր-հանդեսներ` «Դպիր», «Լուսաստղ», «Հեռադիտակ», «Պարտեզ», դպրոցական ու խմբային, արդեն հանգիստ կարելի է ասել` մեծաթիվ ու շատացող ռադիոալիքներ, ինտերնետTV ալիքներ, հարյուրավոր ուսումնական բլոգներ` ուսուցչի, սովորողի։ Ընդհանուր առմամբ` մեր սովորողներն ամենուր են, ակտիվ են խոսքային դրսևորումներում, ազատ են, հետաքրքիր են… Ներկայացվող տպավորիչ աշխատանքին ծափահարենք։ Բայց ուզում եմ խոսել խնդիրների մասին։ Մի բան է, երբ ընդհանուր դիտարկում ես անում, պատկերը փոխվում է, երբ փորձում ես գնահատել անհատական ջանքերը` ուսուցչի, մայրենիի ուսուցչի, սովորողի։

Ուսուցչի բլոգ։  Ուզում էինք, որ դա գործեր որպես մանկավարժական «վիրտուալ աշխատարան» (ձևակերպումը` Նունե Մովսիսյանի)։ Առայժմ մեր բոլոր ուսուցիչների բլոգները չեն, որ համապատասխանում են այս բնորոշմանը։ Ինքներդ գնահատեք, թե ինչ հաճախականությամբ են թարմացվում ուսումնական բլոգները, ինչ բաժիններ ունեն, ինչ նյութեր են տեղադրված և ինչքան։ Հնարավորություն տալի՞ս են բլոգները հետևելու դասավանդողի օրվա ուսումնական պարապմունքներին, ինչպես դա պահանջում է կրթահամալիրում էլեկտրոնային մատենավարության կարգը (դրա հավելված` ուսումնական պարապմունքների գրանցման կարգը)։ Ովքե՞ր են ուսուցչի բլոգի շահառուները։ Հետազոտական աշխատանքի թեմա է։

Իսկ ի՞նչ են գրում մեր ուսուցիչները։ «Դպիրը»` որպես հեղինակային մանկավարժության ներկայացում, ի՞նչ է պատմում առանձին ուսուցիչների մասին։ Կրթահամալիրի տնօրենը  հիմնավորված հարցադրում է անում. «Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը տարին երեք անգամ`  սեպտեմբեր-հոկտեմբերին,  հունվար-փետրվարին,  մայիսին` որպես կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ` ստեղծող և ներդրող, ներկայացնում է իր ծրագրային-մեթոդական մշակումը, ուսուցման կազմակերպման նախագիծը, կրթական գործունեության արդյունքները»։ Էլի ցավոք սրտի, կան ուսուցիչներ, որ դեռ հոդված չունեն «Դպիրում»։ Լա՞վ է, որ երբեմն միայն «օրինակներն են խոսում իրենք իրենց մասին» (դասվարի հոդվածից)։ Հետևենք այսօր «Դպիրի» 69-րդ մայիսյան համարի առցանց քննարկմանը, ակտիվ մասնակցենք դրան։ Ասելիք բոլորն ունեն կամ պիտի որ ունենան` հարցադրում, բացատրություն, գնահատում։ 

Ի՞նչ են թարգմանում ուսուցիչները։ Օտար լեզուների կիրառումը ուսուցման մեջ կրթահամալիրի ուսուցչին ներկայացվող հաջորդ պահանջն է։ Սովորող ուսուցիչն անտարբեր չէ աշխարհում իր մասնագիտական բնագավառի (նախ և առաջ մանկավարժ ենք. դա մեր աշխատանքն է), գիտության տարբեր ոլորտների ու այդտեղ էլ հատկապես կրթությանն ու ուսուցմանն առնչվող կամ ուղղակի հետաքրքիր նորությունների նկատմամբ։ «Դպիրն» արժե ուսումնասիրել նաև այս տեսանկյունից։  Դե, հետո էլ` ինչպե՞ս են այդ թարգմանությունը դարձնում նաև սովորողի աշխատանք, ինչպե՞ս է հետո օգտագործվում թարգմանված նյութը։

Առցանց դասերի և քննարկումների կազմակերպում։ «Ուսումնական պարապմունքի ժամանակ բոլոր սովորողների կարծիքները չես կարող տեսնել-լսել ժամանակի սղության պատճառով, իսկ առցանց դասի ժամանակ բոլորն են արտահայտվում, ու դա տեսանելի է լինում: Եթե նույնիսկ ինչ-որ պատճառով սովորողը չի հասցրել մասնակցել առցանց դասին, օրվա ընթացքում նա դպրոցում էլ պարտավոր է լրացնել կարծիքը: Դասից բացակայելու դեպքում էլ նա մասնակցում է առցանց դասին, օրվա ընթացքում հետևում էջին։ Երբ արդեն իր կարծիքը խմբագրված է լինում, նա տեսնում է` ինչ է փոփոխված իր տեքստում»  (Կարինե  Բաբուջյան  «Դասի  առցանց  կազմակերպում»): Ժամանակի խնայողության և արդյունավետ օգտագործման պահանջը միայն կրտսե՞ր դպրոցում է կարևորված։ Համենայն դեպս դա կրտսեր դպրոցում ուսուցման կազմակերպման ընդունելի ձև եղավ այս տարի (տեսնեք օրինակ՝ Դպրոցի-պարտեզի կայքում այնքան ընդունելի, որ համապատասխան էջ ունի)։ Ավագ դպրոցում առցանց ուսուցման օրինակներ ցույց տվեցին անգլիախոսների ակումբը, Վահրամ Թոքմաջյանը. ինչո՞ւ դա շարունակություն չունեցավ։  

Կրթահամալիրի դասավանդողների մասնակցությունն առցանց քննարկումներին համարվում է պարտադիր։ Իսկ ի՞նչ ենք գրում քննարկումների ժամանակ։ Ողղակի «ուռա», «ջան», «ամեն ինչ լավ է» և նման արձագանքները հաշիվ չեն, չէ՞։

Ինչպիսի՞ն են սովորողների բլոգները։ Ենթակայքերում հրապարակված` սովորողների բլոգների ցանկերի ուսումնասիրություն պետք է անել. դրանցից քանի՞սն է աշխատող բլոգ, քանի՞սն է աշխարհի ու իր հեղինակի կողմից մոռացված։ Ի՞նչ են գրում սովորողները։  2012-2013 ուստարվա դասընթացների ծրագրերը պահանջում են, որ սովորողը կարդա ինքնուրույն, մասնակցի քննարկումների, ուսումնասիրություն անի, մշակումների անի։ «Լուսաստղի» և «Հեռադիտակի» հոդվածները, ակնարկները, թարգմանությունները ուսումնասիրենք` մեր սովորողներից ո՞վ քանի նյութ ունի այդ ամսագրերում։ Խոսում ենք կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված, կրթահամալիրում իրականացվող նախագծերի մասին. պիտի հաշվառե՞նք` յուրաքանչյուր և կոնկրետ սովորողի մշակած-իրականացրած նախագծերը։ Քանի՞ մարդ է ընդգրկված դպրոցական TV-ռադիոներում։

Հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների մայրենի լեզվի ծրագրից. «Ուսուցիչը կարևորում է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ ....Վերաբերմունք սեփական խոսքի, իր կողմից տեղադրված էլեկտրոնային էջի նկատմամբ»։ Որտե՞ղ է նա կարևորում սովորողի խոսքը։ Ո՞ւր են այդ բովանդակությամբ քննարկումները ուսուցիչների բլոգներում, ենթակայքերում։ Ինչպե՞ս է կազմակերպում ընթերցանության արժանի նյութի ընթերցումը։ Ինչո՞ւ ստեղծագործող սովորողները (ուսուցիչները) հերթով չեն դառնում «մեր ժամանակակիցները», որ ընթերցենք, հանդիպում կազմակերպենք, քննարկենք, հարցեր տանք ու լսենք հեղինակին։

Մի հարց էլ` նայե՞լ եք` ուսուցիչներս ինչ վերնագիր ենք դնում մեր տեքստին, նյութին կցվող լուսանկարին, մեր համակարգչում պահպանվող ֆայլին.... Երբեմն դա կարևորել չես անվանի։ 

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский