Դպրոցական յոթ առարկա
Primary tabs
Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը
1
Խնդրեմ, ինձ պարոն Գատո կոչեք: Քսանվեց տարի առաջ, ավելի լավ ոչ մի տարբերակ չունենալով, աշխատանքի անցա դպրոցում՝ որպես ուսուցիչ: Դիպլոմումս գրված է, որ ես անգլերենի և գրականության ուսուցիչ եմ, բայց դա ամենևին այն չէ, ինչով զբաղվում եմ: Դասավանդում եմ ոչ թե անգլերեն, այլ սովորեցնում եմ երեխաներին այն, ինչը պետական դպրոցական համակարգը կարևոր և անհրաժեշտ է համարում, և պարգևների եմ արժանանում հենց այդ բնագավառում:
ԱՄՆ-ի տարբեր շրջաններում տարբեր ուսումնական պլաններ են գործում, երբեմն դրանց բովանդակությունները խիստ տարբերվում են իրարից, բայց կա յոթ առարկա, որ ուսուցանվում են ամենուր՝ Հարլեմից մինչև Հոլիվուդ: Այդ առարկանները կազմում են իրական ազգային ուսումնական պլանը, որն ազդում է երեխաների վրա ավելի շատ, քան կարող եք պատկերացնել: Այնպես որ, ավելի լավ է իմանաք նրա էությունը: Անշուշտ, ազատ եք գնահատելու այդ առարկաները` ինչպես ուզում եք, բայց իմ ելույթում հեգնելու, հավատացեք, ես ամենաքիչն էի տրամադրված: Իրականում հենց դա էլ դասավանդում եմ, և ինձ դրա համար եք վճարում:
Ինքներդ դատեք:
1-ին առարկա` անհամակարգություն
Որոշ ժամանակ առաջ Ինդիանա նահանգի Դյուբուա քաղաքից Կետի անունով մի կինը ինձ գրել էր. «Ո՞ր մեծ գաղափարներն են կարևոր փոքրիկների համար: Ամենակարևորը նրանց հասկացնելն է, որ այն բանի ընտրությունը, ինչ իրենք սովորում են, ինչ-որ մեկի պատահական քմահաճույք չէ, որ ամեն ինչում որոշակի համակարգ կա, որ տեղեկատվությունը հենց այնպես անձրևի նման չի թափվում իրենց վրա, որ իրենք էլ անօգնական փորձում են կուլ տալ:
Դա է խնդիրը՝ օգնել հասկանալու ամեն ինչի փոխկապակցվածությունը, տեղեկատվական պատկերը միասնական դարձնել»:
Կետին սխալվում է: Հենց առաջին դասը, որ տալիս եմ երեխաներին, անհամակարգության դասն է: Ամենը, ինչ սովորեցնում եմ նրանց, տրվում է առանց որևէ համատեքստի: Ոչ մի բանը մյուսի հետ կապված չէ: Շատ տարբեր բաներ եմ սովորեցնում. նրանց պատմում եմ մոլորակների շրջապտույտի մասին, մեծ թվերի օրենքի մասին և ստրկության մասին, դասավանդում եմ գծագրություն, պար, մարմնամարզություն, երգչախումբ, սովորեցնում եմ, թե իրենց ինչպես դրսևորեն անսպասելի հյուրերի հետ, նաև` ինչպես վարվեն իրենց անծանոթ մարդկանց հետ, որոնց, հնարավոր է, էլ չհանդիպեն, սովորեցնում եմ, թե ինչ անեն հրդեհի ժամանակ, սովորեցնում եմ համակարգչային ծրագրավորման լեզուներ, ստանդարտացված թեստեր հանձնելու կարողություն եմ սովորեցնում, տալիս եմ տարիքային խտրականության` իրական կյանքի հետ ընդհանրապես կապ չունեցող փորձ: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ:
Նույնիսկ ամենալավ դպրոցներում ուսումնական պլանների բովանդակության և կառուցվածքի մոտավոր քննումը ցույց է տալիս, որ դրանցում բացակայում է տրամաբանությունը, դրանք լիքն են ներքին հակասություններով: Բարեբախտաբար, երեխաները չեն կարող բառերով արտահայտել այն շփոթմունքն ու զայրույթը, որ զգում են իրերի բնական կարգից մշտական շեղումներից, որ իրենց պարտադրվում է բարձրորակ կրթության անվան տակ: Դպրոցական համակարգի նպատակը տնտեսագիտության, սոցիոլոգիայի, բնական գիտությունների և այլ բնագավառներից երեխաների մակերեսային բառապաշարի և ոչ թե որևէ կոնկրետ բանով իրական հետաքրքրության ձևավորումն է: Իսկ որակյալ կրթությունը խոր ուսումնասիրություն է ենթադրում, ինչ էլ որ լինի:
Երեխաներին շփոթեցնում է առանձին գործող, գործնականում մյուսների հետ չկապվող մեծահասակների մեծ քանակը, որոնք հավակնում են փորձ փոխանցել, որը հաճախ իրենք էլ չունեն:
Մտածող մարդիկ իմաստ են փնտրում, այլ ոչ թե անկապ փաստեր, և կրթությունը նրանց մշակելու տեղեկատվությունը և դրանում իմաստը գտնելու հնարավորություն է տալիս: Մարդու` իմաստը գտնելու դարավոր ձգտումը դժվարությամբ է երևում դպրոցական ծրագրերի կարկատած ծածկոցի և դպրոցի` փաստերով և տեսություններով գրավվածության տակից: Դա այնքան ակնհայտ չէ տարրական դպրոցում, որտեղ «եկեք սա անենք», «եկեք նա անենք» անվնաս պարզ կոչերի վրա հիմնված կրթական համակարգը դեռ որոշակի իմաստ է ենթադրում, իսկ երեխաները դեռ չեն գիտակցում, թե որքան քիչ իմաստ է թաքնված խաղերի և գործողությունների ետևում:
Պատկերացրեք բանական խոշոր հաջորդականություններ` մարդու ծնունդն ու զարգացումը, արևի շարժումը արշալույսից մայրամուտ, հին գյուղացիների, դարբինների, կոշկակարների շարժումները, Երախտագիտության օրվա կամ Ծննդյան տոնի տոնական սեղանի նախապատրաստությունը. այս գործողությունների ամեն մի փուլ ներդաշնակ է մյուս փուլերի հետ, արդարացնում է իրեն, հենվում է անցյալի վրա և որոշում ապագան: Դպրոցական հաջորդականություններն այդպիսին չեն՝ ո´չ մի դասի շրջանակում, ո´չ օրվա դասացուցակում: Դպրոցական կարգը նորմալ չէ: Դրա հիմքում ոչ մի իմաստ չկա, գոնե առաջին հայացքից այդպես է երևում: Սակայն եզակի ուսուցիչ կհամարձակվի քննադատել դպրոցական և ուսուցչական դոգմաները, քանի որ ամեն ինչ պետք է ընդունվի այնպես, ինչպես եկել է դարերից:
Ես դասավանդում եմ լրիվ անկապություն, ամբողջի միասնականությանը հակառակ` մանրագույն մասնատվածություն, ինչ անում եմ` ավելի շատ հեռուստացույց կարգավորելու է նման, երբ միաժամանակ աշխատում են տարբեր ալիքներ, քան որևէ կարգ ստեղծելու: Աշխարհում, որտեղ Տունն ուրվական է դարձել այն պատճառով, որ երկու ծնողներն էլ շատ են աշխատում, ընտանիքը մշտապես տեղափոխվում է, ծնողները մշտապես փոխում են իրենց աշխատատեղը (մեծերից մեկը չափազանց հավակնոտ է կամ ինչ-որ այլ պատճառով), ամեն ինչ չափից ավելի խճճվել է, որպեսզի նորմալ ընտանեկան կարգը պահպանվի: Դրան ավելանում է նաև դպրոցը, որը երեխաներին սովորեցնում է քաոսն ընդունել որպես անհրաժեշտություն, որպես սեփական ճակատագիր: Եվ սա իմ դասավանդած առաջին առարկան է:
2-րդ առարկա` տարանջատում
Ես սովորեցնում եմ երեխաներին, որ պետք է մնան այն դասարանում, որտեղ նրանց տեղավորել են:
Չգիտեմ, թե ով է երեխաներին բաժանում դասարանների, դա իմ գործն էլ չէ: Երեխաները համարակալված են, այնպես որ, եթե ինչ-որ մեկին հաջողվի փախչել, անմիջապես կվերադարձնեն իր դասարանը: Շատ տարիների ընթացքում երեխաների դասակարգումն այնքան տարաբնույթ է դարձել, որ դժվար է դարձել իրական մարդուն ճանաչելը պիտակների բեռան տակ, որ նրան շնորհվել են: Մարդկանց դասակարգելը դարձել է տարածված և շատ շահավետ գործ, միայն թե այդ գործողության իմաստը ոչ մի կերպ չեմ կարողանում որսալ: Անգամ չեմ հասկանում, թե ինչու են ծնողները թույլ տալիս, որ այդպես վարվեն իրենց երեխաների հետ:
Ամեն դեպքում ինձ` դպրոցական ուսուցչիս դա չի վերաբերում: Իմ խնդիրն է այնպես անել, որ երեխաներին դուր գա նման պիտակ ունեցող ուրիշ երեխաների հետ նույն դասարանում փակված լինելը: Կամ, գոնե, որ կամավոր դիմանան դրան: Եթե այդ առաջադրանքս լավ եմ կատարում, աշակերտներիս մտքով անգամ չի անցնում, որ նրանք այդ ժամանակ կարող էին ուրիշ դասարանում լինել, քանի որ նրանց սովորեցնում եմ նախանձել ավելի ուժեղ աշակերտներին և արհամարհել համեմատաբար թույլերին: Նման կարգապահության դեպքում երեխաներն իրենք են ըստ վարկանիշի իրենց դասավորում: Այսպիսով նրանց սովորեցնում եմ, որ մարդկանց կարելի է և պետք է բաժանել խմբերի: Սա է ցանկացած մրցակցային համակարգի, այդ թվում` և դպրոցի, գլխավոր դասը:
Չնայած ընդունված կարծիքին, որ երեխաների 99%-ը պարտավոր է մնալ այն խմբերում, որտեղ նրանց տեղավորել են մեծահասակները, այնուամենայնիվ, նրանց ուսման մեջ ավելի բարձր արդյուքների հասնել և ավելի ուժեղ խմբեր տեղափոխվել կոչ եմ անում: Հաճախ հասկացնում եմ, որ իրենց հետագա մասնագիտական հաջողությունները մեծապես կախված են իրենց դպրոցական գնահատականներից, չնայած ինքս համոզված եմ, որ այդպես չէ: Երբեք բացահայտ չեմ ստում, բայց իմ իսկ փորձով համոզվել եմ, որ անկեղծությունը և դպրոցական ուսուցումը իրենց էությամբ անհամատեղելի են, ինչը դեռ Սոկրատեսն էր պնդում հազար տարի առաջ: Տարանջատման արդյունքն այն է, որ յուրաքանչյուր երեխա բուրգի մեջ իր համար որոշված տեղն ունի և միայն պատահականորեն կարող է այդ շրջանից դուրս գալ: Հակառակ դեպքում նա կմնա այնտեղ, որտեղ իրեն տեղավորել են:
3-րդ առարկա. անտարբերություն
Երրորդ դասը, որ տալիս եմ երեխաներին , գործի նկատմամբ անտարբեր վերաբերմունքն է:
Փաստորեն երեխաներին սովորեցնում եմ, որ ոչնչի մեջ հոգի չդնեն, և դա անում եմ շատ նրբորեն: Պահանջում եմ, որ տեղերում անհամբերությունից թռչկոտելով և իմ ուշադրության կենտրոնում լինելու համար միմյանց հետ կատաղի մրցելով` նրանք ամբողջովին նվիրվեն իմ դասերին: Նման պահվածքից մարդու սիրտը հրճվում է. դա բոլորի, անգամ ինձ վրա է տպավորություն է թողնում: Երբ «բարձունքում» եմ լինում, հասնում են նրան, որ հիանալի խանդավառություն ցուցաբերեն: Բայց երբ զանգը հնչում է, պահանջում եմ, որ երեխաներն ամեն ինչ թողնեն՝ ինչով մինչ այդ զբաղվում էինք, և միանգամից վազեն հաջորդ դասին: Նրանք պետք է էլեկտրական սարքի նման միանան և անջատվեն: Եվ որքան էլ կարևոր լինի դասի ժամանակ ընթացող պրոցեսը, զանգն ավելի կարևոր է: Ընդ որում, ինչքան ինձ հայտնի է,այդպես է ոչ միայն իմ դասարանում, այլև ուրիշների: Արդյունքում աշակերտները երբեք ոչինչ ամբողջությամբ չեն սովորում:
Իսկապես, դպրոցական զանգը սովորեցնում է, որ ոչ մի աշխատանք արժանի չէ, որ այն ավարտես, էլ ինչո՞ւ խորապես մտահոգվես ինչ-որ բանի համար: Զանգով ապրած տարիները սովորեցնում են բոլորին, բացի ամենաուժեղներից, որ աշխարհում ոչինչ չկա, որը կարող է ավելի կարևոր լինել, քան ժամանակացույցին հետևելը: Զանգերը դպրոցական ժամանակի գաղտնի տրամաբանության արտահայտիչն են, դրանց իշխանությունը անժխտելի է: Զանգերը ոչնչացնում են անցյալը և ապագան` դարձնելով բոլոր ընդմիջումները միմյանց նման, ինչպես քարտեզի վերացարկումն է բոլոր լեռներն ու գետերը միանման դարձնում, թեև իրականում դրանք այդպիսին չեն: Զանգերը ցանկացած նախաձեռնություն լցնում են անտարբերությամբ:
4-րդ առարկա` զգացմունքային կախվածություն
Չորրորդ դասը, որ տալիս եմ երեխաներին, զգացմունքային կախվածության դասն է:
Աստղիկների, կարմիր նշանների, ժպիտների, խոժոռված հայացքի, մրցանակների, մեծարելու և պատժելու միջոցով երեխաներին սովորեցնում եմ իրենց կամքը ենթարկել հրամայական համակարգին: Իրավունքները մարդուն կարող են տրվել կամ նրանից խլվել բարձրագույն իշխանության կողմից՝ առանց բողոքի հնարավորության, քանի որ դպրոցում իրական իրավունք, նույնիսկ խոսքի ազատություն, գոյություն չունի, եթե միայն դպրոցական իշխանությունն այլ կերպ չորոշի: Լինելով դպրոցական ուսուցիչ` մտնում եմ շատ անձնական որոշումների ոլորտ` օգնելով նրանց, ով իմ կարծիքով դրան արժանի է, կամ կարգապահական տույժի ենթարկելով նրանց, ով ցուցադրում է իմ իշխանությունը վարկաբեկող պահվածք: Երեխաները և դեռահասները մշտապես փորձում են ցուցադրել իրենց անհատականությունը, բայց պատժելու հարցում ես կտրուկ եմ լինում: Անհատականության դրսևորումը տարանջատման սկզբունքին դեմ է և ցանկացած դասակարգող համակարգի համար անեծք է:
Հայտնի իրավիճակ է. երեխաները խնդրում են դասից դուրս գալ այն պատրվակով, որ զուգարանի կարիք ունեն կամ ուղղակի ջուր են ուզում խմել: Գիտեմ, որ այդպես չէ, բայց թույլ եմ տալիս, որ ինձ «խաբեն », քանի որ դա ստիպում է նրանց կախված լինել իմ բարյացակամությունից. նրանք ոչ թե ինչ-որ բան են անում, այլ անում են իմ թույլտվությամբ: Երբեմն երեխաները կամքի ազատություն են դրսևորում` ցասում, ընկճվածություն կամ ուրախություն ցուցաբերելով առանց որևէ մեկի թույլտվության: Սակայն ուսուցիչները չեն կարող նրանց իրավունքը համարել նման պահվածքը. այդպիսի բան կարող են թույլատրել մի քանի աշակերտների, որպես արտոնություն, ինչը վատ պահվածքի պատճառով կարող է խլվել երեխայից:
5-րդ առարկա` մտավոր կախվածություն
Հինգերորդը, որը տալիս եմ երեխաներին, մտավոր կախվածության դասն է:
Աշակերտներն սպասում են, որ ուսուցիչն իրենց ասի` ինչ անեն: Կարևորագույն դասը, որը երեխաները դպրոցում ստանում են, այն դրույթն է, որ կյանքում կարելի է և պետք է հիմնվել ուրիշների ՝ ավելի խելացի, ավելի փորձառու, ավելի կրթված մարդկանց կարծիքին: Միայն ես՝ ուսուցիչս, իրավունք ունեմ որոշելու, թե իմ երեխաները հատկապես ինչ պետք է սովորեն, իսկ ավելի ճիշտ` նրանք, ովքեր ինձ վճարում են, որոշում են կայացնում, որոնք հետո ես կյանքի եմ կոչում: Եթե ինձ ասում են, որ էվոլուցիան համարվում է փաստ, այլ ոչ թե տեսություն, ես դա փոխանցում եմ` առանց քննարկելու և պատժելով այլախոհներին, ովքեր հրաժարվում են մտածել այնպես, ինչպես անհրաժեշտ են գտնում կրթության ղեկավարները: Երեխաների մտքերը վերահսկելու, որոշելու իրավունքը, թե նրանք հատկապես ինչ պիտի մտածեն այս կամ այն թեմայով, թույլ է տալիս երեխաներին հեշտությամբ բաժանել հաջողակների և անհաջողակների:
Հաջողակ երեխաները մտածում են այնպես, ինչպես ես եմ նրանց պարտադրում` այդ ընթացքում առանձնապես չհակառակվելով և նույնիսկ որոշակի ոգևորությամբ: Միլիոնավոր բաներից, որոնք արժանի են ուսումնասիրելու, ես եմ որոշում եմ, թե դրանցից որոնց վրա կարող ենք ուշադրություն դարձնել, ավելի շուտ դա որոշում են իմ անդեմ գործատուները: Ընտրությունը նրանցն է, ինչո՞ւ վիճենք: Հետաքրքրասիրությունն իմ աշխատանքում էական դեր չունի, գնահատվում է միայն հարմարվողականությունը:
Անհաջողակ երեխաները հակադրվում են դրան, թեև նրանք հստակ պատկերացում չունեն, թե ինչի դեմ են պայքարում, նրանք պաշտապանում են ինքնուրույն որոշելու իրավունքը, թե ինչ և երբ սովորեն: Կարո՞ղ է ուսուցիչը հանդուրժել նման պահվածքը: Իհարկե, ո՛չ: Բարեբախտաբար, ըմբոստների կամքը կոտրելու փորձված միջոցներ կան. իրավիճակն ավելի բարդ է այն երեխաների դեպքում, ում ծնողներն աջակցում են նրանց և օգնության են հասնում: Բայց այսպիսի բաներ ավելի ու ավելի հազվադեպ են պատահում, չնայած, որ հասարակության մեջ դպրոցի հեղինակությունն ընկնում է: Ինձ հանդիպած միջին դասի ծնողներից ոչ մեկը չի ընդունել, որ սխալ կարող է լինել ոչ թե իր երեխան, այլ դպրոցը, որտեղ նա սովորում է: Դասավանդման 26 տարվա մեջ` ո´չ մի ծնող: Սա զարմանալի փաստ է` լավագույն ցուցադրությունը այն բանի, թե ինչ է տեղի ունենում ընտանիքներում, որտեղ և՛ մայրը, և՛ հայրը հիանալի յուրացրել են ուսումնական պլանի յոթ հիմնական առարկաները:
Մարդիկ սպասում են, երբ մասնագետն իրենց կասի, թե ինչ պետք է անեն: Չափազանցություն չի լինի ասելը, որ մեր ամբողջ տնտեսությունը կախված է նրանից, թե ինչքան լավ է յուրացվել այդ դասը: Միայն մտածեք, թե ինչ կարող է լինել, եթե մեր երեխաները վարժված չլինեն կախվածությանը. հասարակական ծառայությունները դժվար թե գոյատևեն. ես կարծում եմ` նրանք կսուզվեն այն պատմական անգոյության մեջ, որը նրանց ծնունդ է տվել: Բոլոր տեսակի խորհրդատուներն ու հոգեվերլուծաբանները սարսափով կհետևեն, թե ինչպես են մաշվում հոգեբանական խնդիրներով մարդկանց հոսքերը: Բոլոր տեսակի կոմերցիոն զվարճանքները, ներառյալ հեռուստատեսությունը, կմարեն, հենց որ մարդիկ նորից սովորեն իրենք իրենց զբաղեցնել: Ռեստորանները, կիսաֆաբրիկատների ու պատրաստի ուտեստների արդյունաբերությունը, ինչպես և հասարակական սննդի հետ կապված բոլոր հնարավոր ծառայությունները զգալիորեն կզիջեն դիրքերը, եթե մարդիկ վերադառնան ընտանեկան ուտելիքին և սննդի ու դրա պատրաստման ընտրության հարցում դադարեն կողմնակի մարդկանց ապավինելուց։ Զգալիորեն կկրճատվի իրավաբանական, բժշկական, ինժեներական ծառայությունների, ինչպես նաև հագուստ կարելու և դպրոցական ուսուցման անհրաժեշտությունը:
Այդ ամենից կարելի է խուսափել, եթե մեր դպրոցներն ամեն տարի թողակեն անօգնական մարդկանց հոսքեր: Մի´ շտապեք քվեարկել դպրոցի արմատական բարեփոխման օգտին, եթե ուզում եք առաջվա նման ստանալ ձեր պարբերական աշխատավարձը: Կառուցել ենք համակարգ` հենված նրա վրա, որ մարդիկ անում են այն, ինչ իրենց ասում են, որովհետև իրենք ոչ մի բան չեն կարողանում որոշել:
Սա իմ տված գլխավոր դասերից մեկն է:
6-րդ առարկա` ինքնագնահատականի կախվածություն շրջապատի կարծիքից
Երեխաներին սովորեցնում եմ, որ սեփական անձի մասին իրենց պատկերացումները որոշվում են շրջապատողների կարծիքով:
Եթե երբևէ փորձել եք սանձել երեխաների, ում ծնողները ներշնչել են, որ կսիրեն նրանց անկախ ամեն ինչից, գիտեք՝ ինչ դժվար է կոտրել հոգով ուժեղներին: Մեր հասարակարգը չի կարող դիմակայել ինքնավստահ մարդկանց հոսքին, դրա համար էլ երեխաներին վարժեցնում եմ նրան, որ նրանց ինքնագնահատականը կախված լինի մասնագետի կարծիքից: Աշակերտներս մշտապես ենթակա են թեստավորման և գնահատման:
Ամեն ամիս աշակերտների ծողներին ուղարկվում է ծավալուն ուսումնական ամփոփաթերթ, որտեղ երեխայի կյանքը տրոհված է առանձին առարկաների: Յուրաքանչյուր առարկա գնահատված է, որպեսզի ծնողներն իմանան, թե երեխայի ինչը պիտի իրենց զայրույթն ու դժգոհությունն առաջացնի, և ինչով կարող են հպարտանալ: Թեև համոզված եմ, որ այդ մաթեմատիկական զեկույցները կազմելու իմաստը շատ քիչ է, այդ ծանրակշիռ թվացող փաստաթղթերը ստիպում են երեխաներին որոշակի եզրակացություններ անել իրենց մասին և որոշումներ կայացնել՝ կողմնակի անձանց դատողությունները նկատի ունանալով: Ներկա ուսումնական համակարգի գոյության պայմանը, ինչպես նաև առևտրային տնտեսության աջակցության ակունքը մարդկանց՝ իրենց մասին բացասական, ուրիշներից կախված կարծիք ունենալն է:
Ինքնագնահատումը` աշխարհում երբևէ գոյություն ունեցած որևէ փիլիսոփայական համակարգի հիմնարար գործոնը, լրիվ անտեսվում է: Այս բոլոր ատեստացիաների, գնահատականների և թեստերի հիմնական դասը հետևյալն է՝ երեխաները պետք է վստահեն ոչ թե իրենք իրենց կամ իրենց ծնողներին, այլ միայն դիպլոմավոր մասնագետներին: Մարդիկ կարիք ունեն, որ իրենց ցույց տան, թե իրենք ինչ արժեն:
7-րդ առարկա` ամբողջական վերահսկում, կամ թաքնվելն անհնար է
Յոթերորդ առարկան, որ տալիս եմ երեխաներին, հանգում է նրան, որ արտաքին հսկողությունից թաքնվելն անհնար է:
Աշակերտներին ներշնչում եմ, որ նրանք ինչպես իմ, այնպես էլ իմ գործընկերների մշտական վերահսկողության տակ են: Երեխաներն անձնական տարածք չունեն, չունեն անձնական ժամանակ: Մի դասասենյակից մյուսը տեղափոխվելու համար տրվում է ուղիղ երեք հարյուր վայրկյան, որպեսզի երեխաների ոչ պաշտոնական շփումը միմյանց հետ առավելագույնս սահմանափակվի: Հասակակիցներին և նույնիսկ սեփական ծնողներին «մատնելը»խրախուսվում է: Անշուշտ նաև ծնողներին եմ խրախուսում, որ երեխաների վարքագծում որևէ շեղում նկատելու դեպքում ինձ տեղեկացնեն: Իրար մատնելու վարժված ընտանիքը դժվար թե վտանգավոր գաղտնիքներ թաքցնի:
Դպրոցը շարունակում է իր ազդեցությունը երեխայի վրա նաև տանը` տալով տնային առաջադրանք, որը նա պարտավոր է կատարել: Մշտական հսկողության տակ լինելու զգացողությունն այսպիսով տարածվում է նաև ընտանեկան կյանքում, որտեղ ազատ ժամանակ ունենալու դեպքում աշակերտը կարող էր ծնողներից չարտոնված ինչ-որ բան վերցնել, սեփական փորձով կամ որիշի իմաստուն վարքը դիտարկելով ինչ-որ բան սովորել: Դպրոցը սարսափում է դպրոցական ուսուցման գաղափարների նկատմամբ անհավատարմությունից, այն դպրոցի կողմից համարվում է դև, որը ամեն վայրկյան կարող է դուրս պրծնել:
Մշտական հսկողությունը և անձնական տարածության ու ժամանակի իրավունքի բացառումը նշանակում են ընդունել այն փաստը, որ ոչ մեկին վստահել չի կարելի: Երեխաների անձնական կյանքը փաստորեն դառնում է անօրինական մի բան: Հսկողությունը որոշ ընդունված փիլիսոփաների աջակցությունն ստացած հնագույն պարտադրանք է: Հասարակության մեջ խիստ կենտրոնացված իշխանությունը պահպանելու համար երեխաներին պետք է մշտական հսկողության տակ պահել: Եթե չհաջողվի նրանց շարք կանգնեցնել և տանել ջոկատի թմբկահարի ետևից, ապա յուրաքանչյուրը կգնա իր թմբկահարի ետևից, իսկ դա անթույլատրելի է:
Թարգմանություն ռուսերենից` Լարիսա Սիմոնյանի, 11-րդ դասարան
Լուսանկարը` Կարինե Բաբուջյանի
- Բացվել է 3273 անգամ