Խճանակարի մեթոդ. «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիր
Primary tabs
Հոդվածը գրվել է իբրև ուսուցիչների ատեստավորման վերապատրաստման առաջադրանքի կատարում։
Երբ հանրապետության ուսուցիչների վերապատրաստման նախորդ փուլում` մի-երկու տարի առաջ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրով վերապատրաստվում էինք, վերապատրաստողների սեղանը ծանրաբեռնված էր լինում գունավոր ու սպիտակ թղթերով, մատիտներով ու մարկերներով, զանազան «ձեռքի աշխատանքներով», բաշխիչ ծավալուն նյութերով։ Վերապատրաստման ընթացքում խզբզում էինք այդ թղթերը, մի կերպ լեզու էինք գտնում արդեն փչացող մարկերների հետ, ինքներս մեր արածի վրա ծիծաղելով ներկայացնում էինք ու խնդրում ունկնդիրներին ըմբռնումով մոտենալ. հո նկարիչ չե՞նք։ Կարևորը՝ մեթոդ ենք սովորում։
Իսկ մեթոդները հետաքրքիր էին ու բազմազան։ Մի խնդիր կար. ամեն դասին այդքան նյութ հետդ դասարան դժվար էր տանել։ Դրա համար սովորած մեթոդը խմբագրում էինք, «մեղմացնում», նոր փորձարկում։ Շատ հաճախ բախվում էինք ժամանակի սղության հետ։ Վերապատրաստողները բացատրում էին, թե մեկ դասն ամենևին էլ մեկ դասաժամը չէ, բայց գործնականում, միևնույն է, հաջորդ օրը գործը շարունակել առանց կորուստների գրեթե չէր հաջողվում։
Այսօր մեր ձեռքին այլ գործիք կա։ Թղթին, մատիտին, մարկերին, անգամ բաշխիչ տպագիր նյութերին փոխարինում է նեթբուքը։ Անհատական աշխատանք՝ տեղեկության փնտրտուք, ընթերցանություն, էսսե կամ այլ տեքստի գրառում, գրածի խմբագրում և հրապարակում, շատ հեշտ է կազմակերպել «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրով աշխատող դասարանի հետ, ուր սովորողների 90%- ը ուսումնական գործիքով է ներկայանում։ Ժամանակակից մեթոդներն էլ, անհատական աշխատանքի դեպքում, հեշտ կիրառելի են։ Օրինակ՝ եթե «Կրկնակի գրառման օրագիր» մեթոդն է օգտագործվում, ամեն սովորող իր նեթբուքում իր տեքստի հատվածները կարող է «մակագրել»։ Եթե «Փոխներգործուն նշաններն» են, կարող է իր համար համապատասխան նշաններ, գունավորումներ ընտրել, աշխատել իրեն հարմար ձևով։ Այս դեպքերի համար կարևորը նեթբուքի ամենասովորական հատկանիշներն են՝ տեքստ, համարակալելու, նշելու, ներկելու, ցանկացած բառի հենց կողքին կարծիք կամ գրառում անելու հնարավորություն, և այդ ամենը՝ առանց գիրքը կամ նյութը փչացնելու մտավախության, առանց սխալ նշումն ուղղելու դժվարության (մատիտով կարդալու սովորության համակարգչային կիրառում)։ Երբեմն նշաններից որոշները կիրառելու կարիք նույնիսկ չի լինում, որովհետև «Ես հարց ունեմ»-ի, «Ես սա այլ կերպ գիտեի»-ի դեպքում կարող ես տեղնուտեղը փնտրել-գտնել հարցիդ պատասխանը, փարատել կասկածներդ, եթե, իհարկե, համացանցային ռեսուրսներից ճիշտ օգտվել գիտես։
Համագործակցային (խմբային) մեթոդները, որ լուծում են նաև սոցիալիզացիայի խնդիրը, դասարանում կիրառելիս կբավականացնի ընդամենը 4-5 նեթբուքը՝ կախված խմբերի քանակից։
Փորձենք նեթբուքը կիրառել, ասենք «Խճանկար» մեթոդի համար։ Մեթոդը նպատակահարմար է նախագծեր անելիս կիրառել, մանավանդ, եթե սովորողներն աշխատում են ոչ ֆորմալ պայմաններում։ Բայց մինչև բանալին երեխաների ձեռքը տալը, հարկ է նրանց «դուռ բանալ» սովորեցնել։ Այսինքն՝ համագործակցային այս մեթոդի կիրառելիությունը սովորեցնել դրա՝ դասարանում կիրառությամբ։
«Խճանկար» մեթոդը խմբային աշխատանք է ենթադրում։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած է այնքան անդամներից, որքան մասերի հնարավոր է կամ ցանկալի է բաժանել ուսումնասիրվող նյութը։ Այսպես կազմվում են համագործակցային խմբերը, որոնց անդամները մեկ անգամ էլ միավորվում են՝ ըստ իրենց համարների՝ որպես փորձագետներ։ Նպատակը ամեն մասը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելն է։ Դրանից հետո անդամները վերադառնում են համագործակցային խմբեր՝ իրենց սովորածը ներկայացնելու, սովորեցնելու խմբի մյուս անդամներին։
Համացանցին միացված նեթբուքով աշխատելու դեպքում նախ հեշտանում և ծավալային իմաստով ավելի ընդգրկուն է դառնում փորձագիտական խմբի աշխատանքը։ Եթե, ասնեք, թեման «Ավետիք Իսահակյանն» է, և փորձագետների խմբի հանձնարարությունը Իսահակյանի կենսագրությունն ուսումնասիրելն է, կարճ ժամանակում հնարավոր է գտնել ոչ միայն գրողի կենսագրական տվյալները՝ ծննդավայրը, ընտանիքը, կրթությունը, այլև ծննդավայրի մասին տվյալներ՝ աշխարհագրական դիրքը, դրա պատմությունը, ուրիշ նշանավոր անձանց առնչությունը տարածքին և այլն։ Կարելի է տեղեկություն փնտրել այն համալսարանների մասին, որտեղ դասախոսություն է ունկնդրել գրողը։ Հետաքրքիր է նաև ընտանիքի անդամների մասին տեղեկությունը, յուրաքանչյուրի ճակատագիրը, հետագա գործունեությունը։ Փնտրտուքը կարող է հասնել մինչև սերունդները, նրանց մեր կողքին փնտրելը։ Ի դեպ, նման հետազոտությունը կարող է նաև այլ նախագծերի, օրինակ՝ հանդիպում կազմակերպելու առիթ դառնալ։ Համացանցին միացված նեթբուքը հնարավորություն է տալիս նաև այլ ռեսուրսներ՝ լուսանկարներ, ֆիլմեր, այլ կայքերի հղումներ օգտագործելու, որոնք նույնպես ընդարձակում են տեղեկության ծավալը։ Ձեռքի տակ նեթբուք ունեցող խումբը կարող է ամբողջական ցուցադրություն պատրաստել, որտեղ ամփոփված լինի բազմակողմանի տեղեկություն խնդրո առարկայի մասին։ Եկեք պատկերացնենք, որ համապատասխան ծավալի աշխատանք կարող են անել նաև մյուս փորձագիտական խմբերը, որոնցից երկրորդին, ասենք, հանձնարարված կլինի ուսումնասիրել Իսահակյանի արձակը, 3-րդ խմբին՝ պոեզիան, 4-րդին՝ նամակները և այլն։
Պատրաստի նյութն ամեն մասնակից անդամ պահում է համացանցային իր հաշվում կամ ուղարկում իր հասցեին, որն օգտագործում է՝ վերադառնալով համագործակցային խումբ։ Արդեն եղած ցուցադրություններից համագործակցային ամեն խումբ կարող է պատրաստել իր ամփոփիչ ցուցադրությունը, իսկ տարբեր խմբերի ամփոփիչ ցուցադրությունների տարբերությունները լրացում կլինեն միմյանց համար։ Նեթբուքի՝ ցանկացած տեղեկություն արագ գտնելու հնարավորությունը իրական է դարձնում նման ծավալի աշխատանքը հենց դասարանում։ Այնինչ՝ թղթով աշխատելու դեպքում պիտի պատրաստի ցուցադրությունները՝ իրենց միակ օրինակով, կախվեին պատերին, խմբերը մոտենային, ամեն անդամ տվյալ ցուցադրության վրա իր կատարած աշխատանքը մեկնաբաներ։ Այդ փուլում թղթային տարբերակում երևում էր մեթոդի ամենաթույլ կողմը. որքան էլ խմբերը զուսպ աշխատեին, աղմուկից խուսափել չէր լինում։ Նաև ընդհանուր, ամփոփիչ ցուցադրություն կազմակերպելն էր անհնար։ Տեղեկությունները, որ հավաքում և փոխանցում էին իրար թղթային տարբերակով աշխատելիս, չէր անցնում այդ պահին ձեռքի տակ եղած նյութի սահմանը։ Եթե ծավալվելն անհրաժեշտ էր դառնում, դա կապվում էր գրադարան այցելելու, եղած գրականության մեջ հնարավոր ուղղություններով որոնելու, անհրաժեշտ տեղեկությունը անհրաժեշտից մի քանի անգամ մեծ ծավալի տեղեկության մեջ փնտրելու, ընտրելու ժամանակատար խնդիրներին։ Ճիշտ է, համացանցից օգտվելիս էլ տեղեկատվական լայն դաշտից ընտրելու անհրաժեշտություն է ծագում, բայց այդ դեպքում ընտրում ենք նույն տեղեկության որակը՝ որ ամբողջական, մանրամասն, հավաստի լինի։ Եվ տեղեկության իսկությունն ստուգելն էլ երկար ժամանակ չի պահանջում։
Մեծ ծավալի նախագծային աշխատանքները, անշուշտ, հարմար է, որ տևական ժամանակով արվեն։ Դասարանում մեթոդին ծանոթանալու համար հարկավոր է նախատեսել ավելի փոքրածավալ աշխատանք, ինչը, սակայն, տեղեկատվական դաշտում լողալու նույնքան անհրաժեշտ հմտություն է ենթադրում։
Ամփոփենք՝ «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը, ինչպես տեսանք «Խճանկար» մեթոդի օրինակով, ոչ միայն չի խանգարում նոր մեթոդների կիրառմանը, այլև նպաստում ու ավելի արդյունավետ է դարձնում դրանք։
- Բացվել է 4765 անգամ