Դեբատ. մեթոդը «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրում
Primary tabs
Հոդվածը գրվել է իբրև ուսուցիչների ատեստավորման վերապատրաստման առաջադրանքի կատարում։
Նորից թերթելով ուսուցման ժամանակակից մեթոդները (Մասնագիտական զարգացման ձեռնարկ ուսուցիչների համար) և մտովի փորձելով պատկերացնել ներկայացված մեթոդները «Նեթբուքն ինձ դասընկեր» դասարաններում՝ կանգ առա «Դեբատ» կոչվող մեթոդի վրա: Ինչո՞ւ: Նախ՝ հիշեցման կարգով մեջբերեմ այս մեթոդի նկարագրությունից:
Նկարագրությունը և նպատակը
Դեբատը քննարկման կամ բանավեճի տեսակ է: Անվանումը փոխառնված է ֆրանսերեն «debat» բառից, որը նշանակում է մտքերի փոխանակություն, վեճ: Դեբատը` որպես ուսուցման մեթոդ, կարելի է օգտագործել տարբեր դասընթացների պարապմունքների ընթացքում: Այս դեպքում «դեբատ» ասելով` հասկացվում է խնդրի քննարկումը տարբեր տեսակետների և հայացքների առկայության պայմաններում: Դեբատների օգտագործումը ուսուցման մեջ նպաստում է կայուն մոտիվացիայի ապահովմանը, քանի որ մրցակցության տարրի առկայությունը խթանում է սովորողների ստեղծագործական, հետազոտական, որոնողական գործունեությունը:
Դեբատը նպաստում է սովորողների՝
- մտահորիզոնի ընդլայնմանը
- մտավոր կարողությունների զարգացմանը
- հետազոտական և կազմակերպական հմտությունների զարգացմանը
- ստեղծագործական հմտությունների զարգացմանը
- հաղորդակցական հմտությունների զարգացմանը։
Այս մեթոդը գրական ընթերցանության ժամանակ կիրառում ենք բավականին հաճախ, հատկապես երբ անհրաժեշտ է լինում մեղադրել կամ արդարացնել այս կամ այն հերոսին: Քերականության դեպքում, ավագ դպրոցում, դա կարելի է կիրառել հատկապես վիճելի պնդումների և սահմանումների ուսումնասիրության ժամանակ։ Նման դեպքերում դասարանում սկսվում է բուռն քննարկում, և ես հաճախ նկատում եմ, որ սովորողներն իրենց ասածը պնդելու համար կարող են անտեսել-չլսելու տալ թիմակից խմբի խոսքը, ընդհանուր ոգևորվածության մեջ իսկապես չլսել որևէ կարևոր պնդում, խմբի որոշ անդամներ չեն հասցնում իրենց ասելիքն ասել: Ինձ թվում է, որ այս մեթոդի կիրառումը «Նեթբուքն ինձ դասընկեր» դասարաններում կարող է հաջողել։ Մենք ունենք արդեն առցանց դասերի, քննարկումների փորձը, սակայն սահմանափակվում էինք մեր կարծիքն ասելով: Իսկ երբ արդեն «կողմ» և «դեմ» ձևավորված խմբերը նեթբուքներով սկսեն քննարկում-բանավեճը, նախ՝ մեկը մյուսի գրածն արդեն ստիպված կկարդա, ոչ թե կընդհատի և իր ասելիքը կասի, նաև կմասնակցեն նրանք, ովքեր բանավորի դեպքում ավելի պասիվ են կամ չեն հասցնում իրենց ասելիքն ասել: Էջին կարող են հետևել, դեբատին մասնակցել նաև բացակա սովորողները, այլ մարդիկ։ Սովորողները իրենք էլ համոզվելու, ասածը նոր փաստարկով լրացնելու, հիշելու համար կարող են մտնել էջ` երբ ուզեն, ինչքան ուզեն։
Վերջում ուզում եմ ավելացնել՝ այս մեթոդի սահմանափակումներից են համարվում՝
- Դեբատները պետք է նախապատրաստվեն մանրակրկիտ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց անցկացումը ժամանակատար է և աշխատատար, մինչդեռ նեթբուքով աշխատելու դեպքում կարծում եմ՝ ժամանակային առումով կշահեն։
- Թեմայից շեղվելու հավանակությունը։
Գրավոր խոսքի դեպքում թեմայից շեղումներ հիմնականում չեն լինում, ավելի շատ շեղվում են բանավոր խոսքի ժամանակ։ Մեթոդի կիրառման պահանջին, որ պետք է հիմնավորված և փաստարկված լինի ասելիքը, ավելի հեշտ կլինի հետևելը, շեղումներ հնարավորինս քիչ կլինեն։ - Մեծ կախվածությունը խմբի լիդերներից
Առանձին սովորողներն ավելի ազատ կլինեն և ավելի պատասխանատու. չէ՞ որ էլեկտրոնային էջում երևում է` ով երբ ինչ ասաց։ - Ոչ ճիշտ եզրահանգումների հավանականությունը։
Դա այս դեպքում էլ կարող է լինել, բայց սովորողները կարող են հետո էլ անդրադառնալ կարծիքներին, դրանք քննարկել դպրոցում և տանը այլ մարդկանց հետ։
- Բացվել է 4113 անգամ