Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում
Primary tabs
X գլուխ
Բարոյական դաստիարակության հարցեր
Գիտության հանդեպ անարդար կլինենք, եթե ասենք, թե դրական գիտությունը միայն ֆիզիկական կյանքի բարեփոխում, ժամանակակից հիգիենայի սկզբունքները բերեց` որպես հասարակական բարիք: Նա ոչ միայն ֆիզիկական կյանքին առնչվեց, այլև գոյության բարոյական կողմերին:
Բավական է հիշել միայն վարակիչ հիվանդությունների տարածման բնագավառում կատարված հետազոտությունների մասին, որպեսզի հասկանանք, թե ինչ նշանակություն է տալիս գիտությունը մարդկության շահերի ընդհանրությանը, և ինչ ընդհանուր ճանաչում է ստացել հարցի այդ կողմը:
Մանրէները հիմնականում զարգանում են խոնավ ու կեղտոտ շենքերում: Վատ սնվող, ուժից վեր աշխատանքով զբաղված մարդիկ հակված են հիվանանալու: Այստեղից հետևում է, որ հիվանդություններն ու վաղաժամ մահը պետք է թերսնումից ու աշխատանքից հյուծված, անառողջ ու խոնավ կացարաններում ապրող աղքատների ճակատագիրը լինեին: Բայց այդպես չէ: Խնդիրը հիվանդությունների օջախներն են: Մանրէները՝ հիվանդությունների աղբյուրները, վարակի օջախներից տարածվում են ամենուր: Դրանք անթիվ-անհամար են. ամեն մի հիվանդ հիվանդության ու մահվան օջախ է: Մի հիվանդ մարդը կարող է վարակել ամբողջ Եվրոպան: Հաղորդակցության ժամանակակից միջոցները մանրէներին հնարավորություն են տալիս անցնելու օվկիանոսները, տեղափոխվելու մայրցամաքի մի ծայրից մյուսը: Ջրային ուղիներ և երկաթգիծ. ահա աշխարհի բոլոր անկյուններում մարդկությանը վնասող հիվանդությունների փոխանցման ճանապարհները:
Արդյունաբերության զարգացման ուսումնասիրությունը ցույց է տալիս մանրէների այն ճանապարհը, որը միացնում է հասարակական բոլոր դասերը: Հարուստ տիկինը հագնում է այն սպիտակեղենը, որը կարել և լվացել է աղքատը, սննդի յուրաքանչյուր կտորը, այսպես թե այնպես, անցնում է աղքատի ձեռքով: Օդը, որ շնչում է հարուստը, կարող է վարակված լինել բակտերիաներով, որ թոքախտ բանվորն է տարածում։ Ելք չկա: Դա հաստատում է վիճակագրությունը. ցանկացած երկրում վարակիչ հիվանդություններից մահացության տոկոսը բարձր է, և դա վերաբերում է ինչպես աղքատներին, այնպես էլ հարուստներին. միայն աղքատները երկու անգամ ավելի արագ են մահանում, քան հարուստները:
Կարելի՞ է արդյոք ազատվել այսպիսի պատուհասից: Անկասկած այո, եթե վարակի աղբյուրները վերանան, աշխարհում չմնան հակահիգիենիկ կացարաններ, թերսնում ու ուժից վեր աշխատանք գոյություն չունենան: Անհատի համար միակ ելքը ամբողջ մարդկության փրկությունն է: Վեհ սկզբունքը պետք է շեփորի կանչի նման հնչի՝ մարդիկ, օգնեք միմյանց, հակառակ դեպքում մահից չեք խուսափի:
Հենց որ գիտությունը բռնեց մահացության դեմ պայքարի գործնական ճանապարհը, ստեղծեց «առողջացման աշխատանքներ». առողջացրին քաղաքները, ջուրը մաքրեցին, աղքատների համար տներ կառուցեցին, բանվորների աշխատանքի նկատմամբ հսկողություն սահմանեցին: Գոյության նոր վիճակը ձգտում է լավացնել բնակչության կյանքի պայմանները: Ոչ մի բարեգործություն, սիրո, կարկցանքի ոչ մի դրսևորում չէին կարող անել այս ամենը: Գիտությունն ապացուցեց, որ այն, ինչ բարեգործություն և առաքինություն էր համարվում, իրականում առաջին, բայց դեռ ոչ կատարյալ քայլն է ամբողջ մարդկության առողջության պահպանման ուղղությամբ: Դա այն էր, ինչ անհրաժեշտ էր անել մահվան դեմ պայքարելու համար: Իսկ նպատակին հասնելու համար ամենուր պետք է գիտության բոլոր պահանջները կատարվեն. պետք է հասարկությունը բարեփոխվի: Այդ ժամանակ կլինի հասարակական առաջընթաց, որտեղ չեն լինի ո´չ բարեգործներ, ո´չ բարերարություն ընդունողներ, ուղղակի մարդկությունը կստեղծի սեփական բարեկեցությունը: Գործնականում կիրականա այն սկզբունքը, որ բոլոր մարդիկ եղբայրներ են, պետք է սիրել միմյանց, օգնել իրար, և թող աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը:
Զգայունության, սենտիմենտալության ժամանակներում աղքատությունը խթան էր, որին արձագանքում էր հարուստ մարդը: Իրականում աղքատներն ամենևին էլ չէին ծառայում հարուստների զգացմունքները դաստիարակելուն: Եթե այն ժամանակ աղքատը հայտարարեր. «Տվեք ինձ անհրաժեշտը, հակառակ դեպքում բոլորդ կմեռնեք», հարուստը կատեր աղքատին: Նա շատ հեռու էր այն մտքից, թե աղքատն իր եղբայրն է, որի հետ ստիպված է կիսել և´ իրավունքները, և´ մահվան վտանգը:
Հիմա գիտությունը հարցին լրիվ այլ մոտեցում է ցուցաբերում: Նա օգնեց հասկանալու, որ բարեգործությունը հավասարապես օգտակար է և´ հարուստին, և´ աղքատին: Նա քաղաքակրթության սկզբունք դարձրեց այն, ինչը առաջներում զգացմունքների հետ կապված բարոյական սկզբունք էր համարվում: Հիգիենան թափանցում է նաև բարոյականության ոլորտը և թելադրում է կյանքի իր նորմերը: Դրա շնորհիվ վերացել են նաև ցոփ քեֆերն ու որկրամոլությունը:
Անցյալի էպիկուրյան խնջույքները մեր ժամանակներում փոխարինվել են հիգիենիկ պարզ սեղաններով: Գինու և ուրիշ ալկոհոլային խմիչքների դեմ ավելի շատ բարձր, քան ստորին դասի ներկայացուցիչներն են պայաքարում: Հիմա ուտում ենք առողջությունը պահպանելու համար, առանց ավելորդությունների և ինքնաթունավորման: Անցյալում բարոյականությունը պայքարում էր ավելորդությունների դեմ և առաքինի մարդկանց ասկետության և պասի էր մղում: Բայց այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ կգա ժամանակ, երբ միլիոնատերը գինին կամավոր կփոխարինի լիմոնադով, և առօրյայից կանհետանան մեծ քեֆերը, որոնց մասին կհիշեն միայն պատմություններում, որպես անցյալի հուշարձաններ: Դեռ ավելին, ժամանակակից ասկետները ամենևին էլ չեն հպարտանում իրենց առաքինությունով: Նրանք դա շատ սովորական են անում, ինչպես Ավետարանն է սովորեցնում:
Առաջվա քարոզիչը շատ ուսանելի բան կքաղեր այսօրվա ասկետի հետ զրույցից: Ո՞ւր կորան սրամտությունները, որոնք Մարգարիտա Վալուայի ժամանակներում ուրախություն ու կյանք էին: Բոկաչոյի պատմություններն այլևս տեղ չունեն անգլիական կամ ժամանակակից ուրիշ արիստոկրատական շրջաններում, թեկուզ ոչ նույնքան բարձրաշխարհիկ, ինչպիսին Մարգարիտա Վալուայի շրջապատն էր: Մեր ժամանակներում համեստությունն այն աստիճանի է հասել, որ մարդիկ ամաչում են վատ բառ ասելուց, մարմնի մասերի անմեղ ֆունկցիաները, արդեն նաև հագուստի մասերն անվանելուց: Խոսում են միայն վեհ բաների մասին: Միայն նրանք են հետաքրքիր զրուցակից համարվում, ում հետ խոսակցությունւց ինչ-որ բան ենք սովորում: Ճամփորդությունների մասին պատմելիս պետք է կարողանաք պատկերացում տալ ժողովրդի սովորությունների և այն երկրի մասին, որտեղ եղել եք, քաղաքականության մեջ պետք է նկարագրել ընդհանուր վիճակը: Անզուսպ ծիծաղը, կոպիտ կատակն ու ազատ շարժումները դատապարտվում են: Յուրաքանչյուր ոք փորձում է համեստ լինել, զսպում է շարժումները, ցածր, հազիվ լսելի է խոսում: Անցյալի մարգարեին կթվար, որ սբ. Պետրոսի պատգամներին հետևելու գործում ժամանակակից մարդկությունը շատ հեռուն է գնացել:
Սովորույթների և բարքերի այսպիսի զարգացման փուլում նորից հիգիենան է ուղղորդում նորաձևությունը. այն պարզեցրեց հագուստը, օգտագործումից հանեց շրթներկը, սպիտակեցնող նյութը, ներքին փեշը, փոխեց կոշիկները, կորսետները, վերացրեց քաշափեշը և ընդհանրապես հագուստն ավելի միօրինակ դարձրեց: Փողոցում ժամանակակից բազմության տեսքը, զարդարանքի բացակայությունը, մազերի կտրվածքի և հագուստի պարզությունը անցյալի մարդու մոտ հարց կառաջացներ. «Երկիրն ինչո՞ւ է սգի մեջ, ինչո՞ւ են ապաշխարում»: Ազնվակիրթ կանայք` սև, պարզ հագնված, միանձնուհիների նման, չեն տարբերվում աղքատ կանանցից, կառքերը սև են, նման սգակառքերի: Ծառաները սգո զգեստներով են: Փողոցում ուրախություն չկա: Ամեն անցորդ լուռ է ու լուրջ: Հին ժամանակի մարդկանցից ոչ մեկը, նույնիսկ ավելորդությունների դեմ քարոզողը, չէր հավատա, որ ոչ մի ապաշխարանք էլ չէ, ոչ մի սուգ չունենք, այլ սա մեր սովորական ամենօրյա կյանքն է:
Մյուս կողմից` ժամանակակից մարդիկ իրենց ներկա կյանքն ամենևին չեն ընկալում որպես արցունքների հովիտ, այլ հակառակը, որոշակի սարսափով են վերաբերվում անցյալի կյանքին: Նրանք ամենևին չէին ցանկանա վերադառնալ անցյալի անհարմար հագուստին, կոսմետիկային, խնջույքներին, հարբեցողությանը և վարակիչ հիվանդություններին: Հիմա նրանք ազատվել են շատ ոչ պետքական պարտադրանքներից և ճանաչում են կյանքի լավագույն բարիքները: Այսօրվա մարդուն գրավող ամբողջ հարմարավետությունը լրիվ անհասկանալի կլիներ անցյալ դարերի արիստոկրատին: Սա է կյանքի գաղտնիքը:
Հնարավոր է, որ ժամանակին այսպիսի թյուրըմբռնում է եղել վանականների և աշխարհիկ մարդկանց միջև: Ովքեր ազատվում էին աշխարհիկ կապերից և աշխարհիկ խառնաշփոթից, ընկալում էին կյանքի գաղտնիքները, և դա նրանց մինչ այդ չտեսնված հաճույք էր պատճառում, նրանց համար վանող էին դառնում իրենց ժամանակակիցների զվարճանքները: Եվ հակառակը, կեղծամներով և նեղ կոշիկներով կյանքի ստրուկները մահվան ճանապարհը համարում էին կյանք և ուրախություն:
Եթե մեր երեխաներին բարոյական դաստիարակություն տալը մեր հոգսն ենք համարում, ապա ամենից առաջ պետք է մեզ հարց տանք` ճի՞շտ է, որ նրանց իսկապես սիրում ենք և լրիվ ազնի՞վ ենք նրանց «բարոյականություն» սովորեցնելու հարցում:
Նայենք կյանքին: Հայրեր և մայրեր՝ ի՞նչ եք ուզում ձեր տղաներից: Եվրոպական պատերազմը շատ ավելի քիչ է վտանգավոր նրանց ֆիզիկական էության համար, քան հոգեկանի: Պատկերացրեք ավելի մեծ պատերազմ, որը կբռնի ամբողջ աշխարհը, պատերազմ, որը կտանի մեր ամբողջ երիտասարդությանը և մի քանիսը կենդանի կմնան: Սա նշանակում է, որ դուք ձեր տղաներին պետք է դաստիարակեք մահվան համար: Այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան շատ հոգում նրանց մասին: Անօգո՞ւտ չէ նրանց համար հնարավոր ամեն ինչ անելը, մազերի, եղունգների մաքրության, մարմնի առողջության մասին հոգալը, եթե շուտով մահանալու են:
Բոլոր նրանք, ովքեր սիրում են երեխաներին, պետք է մասնակցեն այդ սարսափելի պատերազմին և պայքարեն հանուն խաղաղության: Այս համոզմունքը պերճախոս կերպով արտահայտված է տիկին Հերիկուրտի «Ազատագրված կին» գրքում: «Մայրեր, երեխային ասում եք. «Մի´ ստիր, որովհետև դա վայել չէ նրան, ով իրեն հարգում է: Մի´ գողացիր, դա անազնիվ է, և քեզ էլ դուր չէր գա, եթե քո իրերը գողանային, մի´ ճնշիր քեզանից թույլ ընկերներիդ և նրանց հետ կոպիտ մի´ եղիր, քանի որ դա ստորություն է»: Սքանչելի սկզբունքներ են: Բայց երբ երեխան դառնում է պատանի, նույն մայրն ասում է. «Պատանին պետք է ճարպկանա, պետք է պատանուն ազատություն տալ»: Իսկ «ազատություն տալ»` կնշանակի հնարավորություն տալ գայթակղելու, անառակ լինելու, հասարակաց տուն հաճախելու: Այո, նույն մայրը, ով իր փոքր տղային ասում էր` մի ստիր, հիմա մեծին թույլատրում է, որ կնոջը խաբի: Երեխային ուրիշի խաղալիքը գողանալ թույլ չտվող մայրն ամենևին դեմ չէ, որ իր տղան գողանա իր նման կնոջ պատիվն ու կյանքը: Եվ նույն մայրը, որ արգելում էր իր երեխային թույլերին նեղացնել, հիմա թույլատրում է, որ նա լինի ճնշողների շարքում, նեղացնի մարկային էությունը, որը հասարակության կողմից վեր է ածվել ստրկության»:
Այդպիսի մայրերը խրախուսում են մարդկությանը վախճանի տանող երևույթներ: Մեր օրերում հասարակությունն ընդվզում է սպիտակ ստրուկուհիների վաճառքի դեմ: Միևնույն ժամանակ ստեղծվել է նոր գիտություն՝ եվգենիկա [1], որը ձգտում է պահպանել եկող սերնդի առողջությունը:
Սրանք բոլորը շատ կարևոր խնդիրներ են: Բայց այս բոլորի հիմքում ընկած հարցը ուրիշ է, ոգու կյանքի հարցն է: Սպիտակ ստրկուհիները կորած մարդիկ չեն, նրանք իրերի կարգի, անառակության և ստրկության զոհեր են: Եվ, եթե այդպիսի հոգեկան մեծ վտանգ է կախված նրանց վրա, ինչպե՞ս կարող է հիգիենան մեզ փրկել, եթե դրան չի նախորդում այդ վտանգների դեմ հոգևոր պայքարը: Իրականում զոհը նրանք են, ովքեր քարացել են մահվան վիճակում, առանց դա նկատելու:
Իր անկումը տեսնող մարդը, արդեն միայն այդ փաստի շնորհիվ, կարող է գտնել իր փրկության ճանապարհը: Այսպես կոչված սպիտակ ստրկուհիները, որոնց արհամարհում է հասարակությունը և պատժում է օրենքը, վրեժի են կոչում ամբողջ աշխարհին և ամոթով ծածկել են ամբողջ հասարակությունը, սակայն իրական զոհերը նրանք չեն, ստրկության մեջ միայն նրանք չեն: Իրական զոհ կարելի է անվանել այն պատանուն՝ անմեղ, լավ դաստիարակված, ով չվախենալով խղճի խայթից, չնտածելով սեփական անկման մասին, օգտագործում է կենդանի արարածին, նրան ստրուկ է դարձնում: Դեռ ավելին. ատելությամբ է վերաբերում իր զոհին, չի լսում խղճի ձայնը, որը կանչում է. «Ինչո՞ւ չես տեսնում գերանը քո աչքում, բայց նկատում ես ուրիշի աչքի շյուղը»: Այդպիսի մարդը, հնարավոր է, ձգտում է պաշտպանելու իր մարմինը սարսափելի հետևանքներից, բայց հաճախ չի կարողանում և իզուր տեղը կործանում է իրեն և իր ցեղը: Եվ նա, ով միայն մտածում է դիրք և մեծարում ձեռք բերելու մասին, իրականում կորած մարդ է, ստրկության մեջ ընկած մարդ:
Միաժամանակ ստրուկ է դառնում և նրա մայրը, նա արդեն չի կարողանում հետևել իր որդուն, ում այդքան խնամքով ֆիզիկապես դաստիարակել էր և ում այդքան մեծ սիրով հոգևոր բարիք էր ցանկանում: Նա ստրկուհի է, երբ որդին պոկվում է նրանից, որպեսզի գնա, հնարավոր է, մահվան կամ իր առողջությունը փչացնելու կամ բարոյական անկման: Նա ոչինչ չի կարող անել, մնում է լուռ ու անշարժ, նրա արդարացումն այն է, որ իր արժանապատվությունն ու մաքրությունը թույլ չեն տալիս` որդուն հետևի: Դա նման է նրան, որ ասի. «Այ, այնտեղ իմ տղան է՝ վիրավոր, արնաշաղախ, բայց չեմ կարող մոտենակ նրան, քանի որ ճանապարհը ցեխոտ է, և վախենում եմ, որ կոշիկներս կեղտոտվեն»:
Ո՞ւր է այստեղ իսկական մոր սիրտը: Ի՞նչ աստիճանի է ընկել մայրական զգացումը: «Միայն այն կինն է արժանապատիվ ու մաքուր,- ասում է տիկին Հերիկուրտը,- ով կարող է որդուն այնպես դաստիարակել, որ նա երբեք ստիպված չլինի մորը խոստովանել վատ և ամոթալի արարքի մասին»:
Ազդեցությունը կորցրած մայրը կորած է ինքն իր համար: Մեծ և կարող է մոր արժանապատվությունը: Ինչպես հին ժամանակներում Վետուրիան` Կորիոլանայի մայրը, իմանալով, որ որդին դավաճանել է հայրինիքին և թշնամական զորքերի գլուխ անցած մտադիր է հարձակվելու Հռոմի վրա, քաջաբար գնաց թշնամու բանակը և հարցրեց նրան՝ նա իր որդին է, թե դավաճան, ինչից հետո Կորիոլան հրաժարվեց իր մտադրությունից: Այդպես էլ մեր ժամանակներում իսկական մայրը պետք է անցնի բոլոր նախապաշարումների վրայով, արժանապատիվ կանգնի որդու առաջ ու ասի. «Դու չես դառնա մարդկության դավաճանը»:
Ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել մոր համար, քան սեփական երեխային փրկելու սուրբ իրավունքը կորցնելը: Ի˜նչը կարող է այնքան թուլացնել որդիական սիրո զգացումը, որ որդին տրորի մայրական պատվիրանը միայն այն պատճառով, որ երիտասարդ դառնա: Եթե գիտությունը, որ սահմանափակված էր միայն հիվանդությունների և այլասերումների արտաքին պատճառներն ուսումնասիրելով և հաստատեց հիգիենայի օրենքները, այսինքն` պահպանում էր ֆիզիկական կյանքը, այդքան դրական բան արեց բարոյական ոլորտում, որքա˜ն ավելին կարելի է ակնկալել բարոյական վերածննդի համար, եթե գիտությունն ուշադրություն դարձնի մարդու ներքին կյանքի պահպանմանը: Եվ եթե ճշմարտությունը ուսումնասիրող գիտության առաջին մասն օգնեց կյանքում իրականացնելու առողջ սկզբունքներ, կարելի է ենթադրել, որ նրա շարունակությունը (պայմանով, որ աշխատանքը կշարունակվի նույն նվիրվածությամբ և ճշգրտությամբ) կկարողանա լցնել այն «բարոյական բացերը», որ դեռ գոյություն ունեն ժամանակակից քաղաքակրթության մեջ: Սա, իմ կարծիքով, ամենապարզ և ուղիղ պատասխանն է բոլորին, ովքեր հարցնում են, թե բարոյականության ոլորտում ինչ կարելի է ակնկալել նոր սերնդից, որի նկատմամբ կիրառվում է դաստիարակման չափից ավելի դրական մեթոդ:
Եթե փորձարարական բժշկությունը հիվանդությունների պատճառներն ուսումնասիրելիս հանգեց առողջությունը պահպանելու խնդիրները լուծելուն, պարզ է, որ նորմալ մարդու մտավոր ակտիվություններն ուսումնասիրելով զբաղված փորձարարական գիտությունը պետք է հանգեցնի մարդու կյանքի և առողջության բարձրագույն օրենքները բացահայտելուն: Այս գիտությունը դեռ չի ձևավորվել և սպասում է իր հետազոտողներին: Բայց, եթե բժշկությունն ընդհանուր հիգիենայի սկիզբը դրեց, որը մարդուն տալիս է ֆիզիկական կյանքի ղեկավար սկզբունքները, ապա այս նոր գիտությունից պետք է աճի մարդու բարոյական կյանքի հիգիենան:
Եվ եթե փորձարարկան բժշկությունն առաջացել է հիվանդանոցներում, որտեղ հիվանդները հավաքված էին փորձի օգնությամբ բուժվելու համար, ապա նոր գիտությունը պետք է իր ուսումնասիրություններն ուղղի և փորձերը կատարի դպրոցում, այսինքն` այնտեղ, որտեղ իրենց սոցիալական դաստիարակության համար հավաքված են երեխաները, և լուծվում են դաստիարակության գործնական խնդիրներ:
Շատ հավանական է, որ եթե գիտությունը պարզի, որ հոգին նույնքան խոցելի է, ինչպես մարմինը, նույնպես ենթակա հիվանդությունների և մահանալու, նույնպես ունի պահպանության իր օրենքները, ապա հարկ կլինի անվերջ մեծացնել այն միջոցները, որոնք ուղղված են այդ կենսական ուժերը պահպանելուն և ամրացնելուն: Միևնույն ժամանակ, ժամանակակից բժշկությունը պետք է ուսումնասիրի այն խորհրդավոր աղբյուրը, որտեղից բխում են կենսական ուժերը, ինչպես ժամանակին իմունիտետի հարցն էր:
Այդ դեպքում կյանքը և բարոյականությունը անբաժանելի ամբողջություն կլինեն:
Հիմա դիտարկենք 2,5-3 տարեկաններին. նրանք ձեռք են տալիս այն ամենին, ինչը հանդիպում է, բայց, ըստ երևույթին, որոշ առարկաներ գերադասում են՝ ամենասովորական առարկաներ, ինչպես օրինակ՝ քառանկյուն ծոցատետրը, քառակուսի թանաքաման, կլոր և փայլուն զանգակ: Սրանք բոլորը առարկաներ են, որոնք նրա համար չեն նախատեսված: Այդ ժամանակ հայտնվում է մայրը և երեխային մի կողմ է տանում, կիսափաղաքշական թեթևակի խփում է թաթիկներին և ասում. «Ձեռք մի´ տուր, անպետք տղա»:
Մի անգամ ներկա էի ընտանեկան մի տեսարանի, որի նմաննները մեծ մասամբ աննկատ են անցնում: Բժիշկ հայրը նստած էր գրասեղանի մոտ, մոր գրկի փոքրիկը ձեռքը գցում էր սեղանի վրա թափրտած առարկաներին: «Այս երեխան,- ասաց բժիշկը,- լրիվ անուղղելի է, չնայած այսքան փոքր է: Ինչքան էլ մոր հետ չարչարվում ենք, որ իմ իրերին ձեռք տալու վատ սովորությունից ետ վարժեցնենք, ոչինչ չի ստացվում»: «Անպետք, անպետք տղա է»,- ասում էր մայրը` ամուր բռնելով երեխայի թաթիկները, իսկ երեխան գոռում էր, թափահարում ոտքերը և փորձում քացի տալ:
Երբ երեխան 3-4 տարեկան է, պայքարն ուժեղանում է. երեխաները ցանկանում են ինչ-որ բան անել: Ով նրանց ուշադիր հետևել է, նշում է, որ երեխաների մոտ որոշակի հակումներ են դրսևորվում: Նրանք ցանկանում են կրկնօրինակել այն, ինչ անում է մայրը, եթե նա տնային տնտեսուհի է: Նրանք մոր ետևից սիրով վազում են խոհանոց. ցանկանում են մասնակցել աշխատանքին, ձեռք տալ իրերին, փորձում են խմոր հունցել, եփել, կաթսաները լվանալ, հատակն ավլել: Մայրը համարում է, որ իրեն խանգարում է, անընդհատ կրկնում է. «Թող, մի զզվեցրու, գնա այստեղից»: Այդ ժամանակ երեխան բորբոքվում է, պառկում է գետնին և ոտքերն է թափահարում: Բայց հետո զգուշորեն նորից փորձում է ամեն ինչ անել, ինչ կարող է, ձգտում է, որ իրեն չտեսնեն, շտապում և փչացնում է աշխատանքը. ամանեղենը լվալու փոխարեն ինքն է թրջվում, ցանկանում է թաքուն ապուր եփել ու կեղտոտում է հատակը: Մոր հուսահատությունը, բղավոցները, կշտամբանքը ուժեղանում են. երեխան կամակորությամբ է պատասխանում, լաց է լինում, բայց անպայման ամեն ինչ նորից է սկսում:
Եթե մայրը տնային աշխատանք չի անում, հասկացող, մտածող երեխան ավելի դժբախտ է: Նա ինչ-որ բան է փնտրում, որը չի կարողանում գտնել և լաց է լինում առանց որևէ պատճառի, զայրույթի պոռթկումներ է ունենում, որի պատճառը ոչ ոք չի կարողանում իմանալ: Երբեմն ինչ-որ հայր հուսահատ բողոքում է. «Երեխաս այնքան զարգացած է, բայց այնքան փչացած, նրան ոչ մի բանով չես կարող բավարարել: Խաղալիք գնել չարժի, առանց այդ էլ շատ ունի: Նրան ոչ մի բան պետք չէ»:
Հաճախ անհանգստացած մայրը հարցնում է. «Ի՞նչ անեմ երեխայիս, երբ նա անհնազանդ է լինում, զայրույթի բռնկում է ունենում: Նա այնքան վատն է, երբեք զգաստ չի նստում: Բոլորովին չեմ կարողանում նրա հախից գալ»: Երբեմն կլսես. «Իմ երեխան լավն է, նա միշտ քնած է»: Ո՛վ չի լսել` ինչպես է մայրը գոռում լաց լինող երեխայի վրա. «Ձե´նդ, սո´ւս մնա»: Եվ արդյունքում վախեցած երեխան կրկնապատկում է բղավոցը:
Սա հենց նոր կյանք մտած էակի առաջին պայքարն է: Նա պետք է պայքարի իր ծնողների հետ, նրանց հետ, որ իրեն կյանք են տվել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երեխայի կյանքը տարբերվում է իր ծնողների կյանքից. երեխան դեռ նոր պետք է «ձևավորվի», մինչդեռ նրա ծնողները արդեն ձևավորված մարդիկ են:
Երեխան պետք է շատ շարժվի, որպեսզի սովորի համակարգել իր դեռ չկարգավորված շարժումները: Հակառակը, ծնողների մոտ կամային շարժումները ձևավորված են, և նրանք կարողանում են ղեկավարել իրենց շարժումները. հնարավոր է, որ հաճախ նրանք հոգնած են լինում աշխատանքից: Երեխայի արտաքին զգայարաննեը դեռ ամբողջովին զարգացած չեն: Շրջակա միջավայրին հարմարվելու երեխայի կարողությունը դեռ թույլ է, և նա ինքը իրեն պետք է օգնի շոշափելով, հպվելով, որպեսզի վարժվի տարածությանը և առարկաներին. նրա ձեռքերը աչքերի օգնականներն են:
Ծնողների արտաքին զգայարանները հասել են ամբողջական զարգացման, շարժումների համակարգումը լրիվ է, մտավոր գործունեությունը ուղղորդում է արտաքին զգայարանները՝ արտաքին աշխարհի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար նրանք առարկաները շոշափելու կարիք չունեն: Երեխաները կրքոտ ցանկանում են ծանոթանալ արտաքին աշխարհին. ծնողները արդեն բավականին ծանոթ են: Այդ պատճառով էլ ծնողներն ու երեխաներն իրար չեն հասկանում:
Ծնողները ցանկանում են, որ երեխաներն իրենց նման լինեն, և այն ամենը, ինչով նրանք տարբերվում են ծնողներից, անկարգություն է համարվում: Հիշենք, թե որքան հաճախ ենք հանդիպում, երբ մայրը իր ետևից քարշ է տալիս երեխային, որ ստիպված է լինում վազել, երբ մայրը քայլում է, քանի որ երեխայի ոտքերը թույլ են ու կարճ, իսկ մոր ոտքերը երկար են. երեխան պետք է տանի իր մարմինը և անհամեմատ մեծ գլուխը, մինչդեռ մոր մարմինն ու գլուխը համեմատական են: Երեխան հոգնում ու լաց է լինում, իսկ մայրը գոռում է նրա վրա. «Արի, անպետք, չփորձես կամակորություն անել: Հա, ուզում ես, որ քեզ գրկե՞մ: Չէ, չէ, քեզ չեմ զիջի»: Ճիշտ նույն կերպ էլ, երբ մայրը տեսնում է, որ երեխան պառկել է գետնին և օդում ոտքերն է թափահարում, սկսում է զայրանալ. «Լրիվ կեղտոտվեցիր, անպետք տղա, ինո՞ւ ես թավալ տալիս»:
Այս ամենը մի բացատրություն ունի. երեխան տարբերվում է մեծահասակից: Նրա մարմնի կառուցվածքն այնպիսին է, որ գլուխը և մարմինը անհամեմատ մեծ են բարալիկ ոտքերի համեմատ՝ մարմնի այն մասի, որը ամենաշատը պետք է աճի: Այդ պատճառով էլ երեխան սիրով չի քայլում և պետք է գերադասի այն վիճակները, որտեղ կարող է ձգվել՝ դա իր համար ամենաառողջ վիճակն է:
Նա ուղղակի զարմացնում է զարգանալու իր ձգտումով. արտաքին աշխարհից իր առաջին տպավորություններն ստանում և իր տեսողությանն ու լսողությանն օգնում է շոշափելիքով, որպեսզի ճանաչի առարկաների ձևերը և դրանց տարածական դասավորությունը: Երեխան անընդհատ շարժվում է, քանի որ պետք է վարժվի իր շարժումները համակարգելուն և հարմարեցնելուն: Այդ պատճառով էլ երեխաները շատ են շարժվում, քիչ են քայլում, նստում են գետնին, ամեն ինչին ձեռք են տալիս. այս ամենը նշանակում է, որ նրանք ապրում են, որ աճում են: Իսկ այս ամենը համարվում է փչացածություն:
Պարզ է, որ սա բարոյականության հարց չէ: Չենք փնտրելու հենց նոր աշխարհ եկած էակի նման վատ հակումներն ուղղելու ճանապարհներ: Սա բարոյականության հարց չէ: Բայց սա կյանքի հարց է:
Երեխան ձգտում է ապրել, իսկ մենք նրան խանգարում ենք: Այս իմաստով մեզ համար սա բարոյականության հարց է, որովհետև սկսում ենք վերլուծել մեր այն սխալները, որոնք երեխային վնաս են պատճառում և խախտում են նրա իրավունքները: Դրանից բացի, երեխաների նկատմամբ մեր սխալներում երևում է մեր եսասիրությունը. երեխայի ինչ-որ արարք մեզ անհանգստացնում է, մենք պայքարում ենք երեխայի հետ, որպեսզի պահպանենք մեր սեփական հանգիստը, սեփական ազատությունը: Ինչքան հաճախ ենք սրտի խորքում զգում սեփական սխալը, բայց ձգտում ենք ճնշել այդ գիտակցումը. չէ՞ որ փոքրիկ խռովարարը մեզ չի մեղադրում և մեր նկատմամբ քեն չի պահում: Հակառակը, ինչպես իր «փչացվածության» մեջ է համառում, որը իրականում նրա ապրելու ձևն է, այնպես երեխան համառ է նաև մեր նկատմամբ սեր, ներում դրսևորելիս. նա չի հիշում մեր վիրավորանքները, ուղղակի ուզում է մեզ գրկել, բարձրանալ մեր ծնկներին, քնել մեր գրկում: Սա նույնպես կյանքի ձևն է: Իսկ մենք, եթե հոգնած ենք կամ զայրացած, ետ ենք մղում երեխային, մեր եսասիրությունը թաքցնում ենք իբր երեխայի մասին հոգալով, կոպիտ ձևով կանգնեցնում ենք նրան` «մի ծամածռվիր» և այլն: Վիրավորանքը, կեղծիքը չեն պակասում մեր շուրթերից. «Դու վատն ես, դու վատն ես»:
Եթե երեխայի և մեծահասակի պայքարը «խաղաղ» է ավարտվում, և մեծահասակը, հասկանալով մանկական օրգանիզմի առանձնահատկությունները, ձգտում է օգնել երեխային, կարող է բնության ընձեռած մեծագույն ուրախությունը զգալ. կարող է հետևել երեխայի բնական զարգացմանը, դիտարկել, թե ինչպես է երեխան փոխակերպվում մեծահասակի: Եթե վարդի կոկոնի բացվելը այդպես երգվում է բանաստեղծություններում, ապա որքա՛ն ավելի սքանչելի է երեխայի հոգու ծաղկումը: Այդ հրաշքով ուրախանալու, դրա մեջ երջանկություն գտնելու փոխարեն խելագարի նման տրորում ենք այն, անիծում:
Երբ երեխան ինչ-որ բանի ձեռք է տալիս կամ ինչ-որ բան անում է` չնայած բոլոր պատիժներին, նա կարծես համառորեն կատարում է իր զարգանալուն ուղղված վարժությունները և կամքի այնպիսի ուժ է ցուցաբերում, որը հաճախ չենք կարողանում հաղթահարել, նա նման համառություն է ցուցաբերում այն դեպքում, երբ շնչում է, լաց է լինում, երբ սոված է, երբ ցանկանում է քայլել: Նույն ձևով էլ, երեխան ձգտում է դեպի արտաքին առարկաները, քանի որ դրանք համապատասխանում են նրա ներքին կարիքներին: Երբ նա դրանք փնտրում է, մկանային և շոշափման վարժություններում արթնանում են նրա ներքին ուժերը, և նա ուրախ է, երջանիկ:
Կամ հակառակը` երեխան ինքնաարտահայտվելու համար հարմար օբյեկտներ չի գտնում, և այդ ժամանակ նա անհանգիստ է, որովհետև բավարարված չէ: Խաղալիքները նրա ձեռքերին բավարարվածություն չեն տալիս: Ձեռքերը ցանկանում են առարկաները բարձրացնելու և տեղափոխելու համար ուժ գործադրել. խաղալիքները չափազանց բարդ են առանձնացված զգացողությունները վերլուծել ձգտող արտաքին զգայարաններին բավարարելու համար: Խաղալիքները դատարկ են, դրանք արտաքին կյանքի ծաղր են: Սակայն սա մեր երեխաների սովորական կյանքն է. նրանք ստիպված են «վերացնել» սեփական ներքին ուժերը, ինչը նրանց մշտական զայրույթն է առաջացնում, որը նրանց մղում է խաղալիքները կոտրելուն:
Բարեբախտաբար, երեխաները տեղյակ չեն, որ իրենք օժտված են ոչնչացնելու բնազդով: Նաև նրանց հայտնի չէ նախորդին հակասող այն ծեծված դրույթը, որ երեխայի մեջ զարգացած է սեփականատիրոջ, եսասերի բնազդը: Իրականում երեխան մի հզոր բնազդ ունի՝ աճելու բնազդը, բարձրանալու, կատարելագործվելու ձգտումը. երեխան իր կյանքի յուրաքանչյուր շրջանում իրեն պատրաստում է հաջորդ շրջանի համար: Եվ սա երեխայի վարքը ավելի հեշտ է բացատրում, քան այն բոլոր տարօրինակ բնազդները, որը փորձում ենք վերագրել երեխային:
Թողեք՝ երեխան ինքնուրույն գործի, և կտեսնեք, թե ինչպես է նա «փոխվում»: Երեխյաի տանը (Guerrieri Gonzaga) ամենաքմահաճ և անհնազանդ աղջկան բավական էր սանր տալ, և նա դառնում էր ամենաքնքուշ էակը, ով մեծ սիրով սանրում էր իր իրերը: Կամ ուրիշ օրինակ. անշնորհք, «քնկոտ» աղջիկը մոտենում է մեզ և ձեռքերը պարզում է, որպեսզի ծալենք իր թևքերը: Բավական եղավ նրան ասել. «Ինքդ արա», և նրա աչքերը վառվեցին ինչ-որ ըմբռումով, երեսին երևաց հպարտության և զարմանքի արտահայտություն, և նա հաճույքով սկսեց ինքը ծալել թևքերը:
Լվացարանի բաժակի և օճառի հետ մեր երեխաները խիստ զգուշորեն են վարվում. զգույշ դատարկում են ջուրը, բաժակը խնամքով դնում են տեղը, որպեսզի չջարդեն, օճառը նրբորեն տեղն են դնում: Թվում է` այդ ամենը լարովի տիկնիկներն են անում, երաժշտության ներքո: Այդպիսի տիկնիկներ են երեխաները, իսկ երաժշտությունը նրանց ներքին ուրախությունն է: Մեր երեխաները հագնվում են, լվացվում, սանրվում, հավաքում և կարգի են բերում իրենց իրերն ու սենյակը, նրանք իրենք են աշխատում: Դրա համար էլ նրանք սիրում են իրենց պետքական առարկաները, նրանք տարիներով կարղ են պահել թղթի կտորը, չեն բախվում կահույքին, այն չեն կոտրում, այլ կատարելագործում են իրենց շարժումները:
Սովորաբար մեծահասակները խառնվում են երեխաների կյանքին, չեն թողնում, որ նրանք իրենց ճանապարհով գնան և ձգտում են նրանց կապել իրենց, չնայած որ նրանց միջև պայքարն արդեն սկսվել է, և երեխաները մեծերից վախենում են: Մեծերս երեխաներին զգույշ և խորամանկ ենք մոտենում: Երեխան կոտրում է առարկան, դա նրան հաճելի չէ, նա փորձում է ուղղել և կատարելագործել իր շարժումները: Բայց մենք շտապում ենք նրան փրկել վշտանալուց, «արարքի մեղավորների՝ նրա մկանների զղջումից», նրան տրամադրում ենք չկոտրվող առարկաներ. մետաղական ամաններ, կտորից պատրաստված խաղալիքներ, փափուկ արջուկներ, գուտապերչե տիկնիկներ: Հիմա արդեն նրա բոլոր սխալները քողարկված են: Երեխային իր մկանների ցանկացած սխալ աննկատ է մնում, այդ պատճառով էլ նա չի վշտանում անհաջող շարժումից, չի զղջում, ինքն իրեն ուղղելու ջանքեր չի գործադրում: Նա ամբողջությամբ կարող է տրվել իր սխալներին: Նայեք նրան. ահա նա՝ անշնորհք, դժվար շարժվող, առանց որևէ արտահայտության դեմքով, ձեռքին չկոտրվող խաղալիք: Նա կարող է ամբողջովին խճճվել իր սխալների մեջ և բացարձակ չնկատել դրանք:
Մեծահասակները թուլացնում են երեխայի ճիգերը նրանով, որ ձգտում են նրանց փոխարեն ամեն ինչ անել, հագցնում են նրանց, նույնիսկ կերակրում: Բայց երեխան բոլորովին չի ցանկանում, որ իրեն հագցնեն, բերանը ուտելիք դնեն. նա մեծ ցանկություն ունի «անելու», սեփական ուժերը վարժեցնելու, աճելու: Մեծահասակը նրբորեն շրջանցում է երեխային. «Սա քեզ համար դժվար է: Ի՞նչ ես ուզում` լվացվե՞լ, գոգնո՞ց կապել: Այդ ամենը քեզ համար կարելի է անել և´ ավելի հեշտ, և´ ավելի լավ: Դու կարող ես մատդ էլ չշարժել, և քո փոխարեն ամեն ինչ կանեն, ու հարյուր անգամ ավելի լավ, քան դու կարող ես անել, ինչքան էլ չարչարվես: Նույնիսկ պետք չէ պատառը բերանդ տանես, նույնիսկ դրա համար քեզ պետք չէ ջանք թափել, ամեն դեպքում ավելի շատ կուտես»:
Երեխան չի կարողանում դիմակայել գայթաակղություններին: Ի վերջո նա տրվում է այդ պատրաստի գեղեցիկ բաների հմայքին. նրա հոգին չի աճում, նա կորցնում է նպատակը, դառնում է անշնորհք, անկարող, դառնում է ստրուկ: Անշարժ, չհարմարված մկանները հոգին պահում են գերության մեջ: Երեխան ճնշված է իներտությունից, դա նրա համար ավելի վատ է, քան այն պայքարը, որով սկսվում են նրա հարաբերությունները մեծահասակների հետ: Եվ հաճախ է նա զայրույթի բռնկումներ ունենում. երեխան կծում է փափուկ արջուկը, որովհետև չի կարողանում կոտրել, հուսահատությունից լաց է լինում, երբ նրան լվանում և սանրում են, պայքարում և դիմադրում է, երբ հագցնում են: Միակ շրժումը, որը մնում է՝ զայրույթի շարժումն է: Բայց երեխան աստիճանաբար լրիվ պասիվ է դառնում: Մեծահասակներն ասում են. «Երեխաներն անշնորհակալ են, նրանք վեհ զգացումներ չունեն. ցանկանում են միայն բավականություն ստանալ»:
Քիչ չեն այն մայրերն ու դայակները, որ առավոտից իրիկուն տանում են երեխաների քմահաճույքները: 4-5 տարեկան փոքրիկները բղավում են, անշնորհքություն անում, տարբեր փորձանքներ սարքում մետաղական ամեններով, շորե տիկնիկներով և այլն: Համբերատար մեծահասակներն ասում են. «Ախ, բոլոր երեխաները այսպիսին են»: Եվ նրանք չեն զայրանում չարաճիճությունից ու անշնորհքությունից: Մենք էլ այդպիսի դաստիարակների պահվածքով ենք հիանում. «Ի՛նչ լավն են: Ինչքան համբերություն ունեն»:
Եվ եթե ինչ-որ մեկը կասկածում է, թե իսկապես այդքան լավն են այդ համբերատար մայրերն և դայակները, մենք կպատասխանենք. լավը նա է, ով ստեղծագործում է: Լավը միայն ստեղծագործության մեջ է: Այդ պատճառով էլ լավ է միայն նա, ով օգնում է ստեղծագործելուն:
[1] Ուսմունք մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին:
Թարգմանություն ռուսերենից
- Բացվել է 2981 անգամ