Windows-ը դասարանում-1
Primary tabs
Մասնագիտական զարգացման դասընթացի ներկայացում
Աղբյուրը` Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման մեջ» ծրագիր
1-3-րդ մոդուլները
Փաստորեն ամբողջ աշխարհում էլ հասկանում են, որ 21-րդ դարի կրթությունը պետք է հիմնովին վերափոխվի: Մայքրոսոֆթի աջակցությամբ լայնածավալ հետազոտություններ են կատարվել կրթական ասպարեզում և առաջարկվում են նորարարական կրթության իրենց եզրահանգումները: Առաջին հարցը, որը որպես պարապմունքի թեմա, հետաքրքրել է նրանց, այն է, թե ինչ հմտություններ, կարողություններ են անհրաժեշտ 21 դարի սովորողների համար: Հարյուրավոր ձևակերպումներից նրանք ընտրել են 7-ը.
- խնդիրների լուծման և նորարարության կարողությունը
- տեղեկացված լինելու կարողությունը
- գիտելիքների կառուցումը
- հաղորդակցման հմտությունների ձևավորման կարողությունը
- ինքնակառավարման և ինքնագնահատման կարողությունը
- համագործակցության կարողությունը
- ՏՀՏ գործածումը:
Իսկ որո՞նք են այն գործոնները, որոնք կխթանեն այդ նշված կարողությունների զարգացմանը: Մատնանշում են 10 գործոն`
- փոխադարձ հետադարձ կապը
- իրական աշխարհի հետ կապված ուսուցումը
- սովորողներն իրենք են կրկնում և արժևորում իրենց կատարած աշխատանքը
- խորությամբ արվող նախագծային աշխատանքը
- սովորողներն անդրադարձ են անում իրենց կատարած աշխատանքին
- կրթական գործիքների ազատությունը
- թեմաների ընտրության ազատությունը
- միջմշակութային կապերը
- մասնակցություն սեփական աշխատանքի գնահատմանը
- համընդհանուր փոխկապակցվածության հարցեր:
Նշվում է, որ դեռ վերջնական հստակեցված չեն 21-րդ դարի համար անհրաժեշտ ունակությունները: Դեռ չի հստակեցված այն գաղափարը, թե ինչպես կառուցել տարբեր ուսումնական առարկաների փոխկապակցված ուսուցումը: Նշվում է նաև, որ այժմ շատ ավելի դպրոցներում են գործածում ՏՀՏ միջոցներ ուսումնական գործընթացում, բայց հազվադեպ է լինում, երբ սովորողները դրանք գործածում են ինքնուրույնաբար իրենց ամենօրյա ուսումնական աշխատանքներում, սովորելու պրոցեսում: Մի շատ հետաքրքիր նորություն կա մաթեմատիկա դասավանդողների համար, ովքեր հնարավորություն ունեն կիրառելու OneNote ծրագիրը: Դասավանդողը կարող է գրատախտակի վրա իր արագ ու անփույթ գրած հավասարումը միանգամից փոխակերպել մուտքագրված տպագրական ձևի: Փաստորեն վերանում են բոլոր այն հակափաստարկները, որ համակարգիչով շատ դժվար ու ժամանակատար է մաթեմատիկական ձևակերպումներ մուտքագրելը: Սեմինարի առանցքային նշակետերից է այն, որ 21-րդ դարի սովորողը համակարգիչի օգնությամբ կարող է բովանդակության սպառողից վերածվել բովանդակության ստեղծողի:
Մայքրոսոֆթի OneNote համակարգչային ծրագիրը որպես թվային սևագրության տետր
Մայքրոսոֆթի OneNote ծրագիրը շատ հարմար է պլանշետների համար: Այն կարող է գործածվել նաև սովորական նոթբուք-նեթբուքով, ստացիոնար պրոցեսորներով աշխատող համակարգչով աշխատելիս: Ինչի՞ համար է այս ծրագիրը, նախ և առաջ, նախատեսված: Այն փոխարինում է թղթային տետրին: Ունենալով այսպիսի ծրագիր անձնական համակարգչում, կարելի է արագ, նույնիսկ ոտքի վրա, ձեռագիր, մի բառ կամ միտք գրել ծրագրային էջի վրա, որն ավտոմատ պահպանվում է` առանց պահպանող կոճակը սեղմելու: Հետո կարելի է այդ արագ ու անփույթ գրված ձեռագիրը վերածել մուտքագրված տպատառ տեքստի մի քանի վայրկյանում:
Այս ծրագիրը շատ հարմար է ուսանողների համար, երբ ուզում են դասախոսության ժամանակ արագ որևէ նշում անել: Հնարավոր է նաև գրել մաթեմատիկական հավասարումներ և այլ սիմվոլներով ձեռագիր տեքստեր։ Պետք է ավելացնեմ, որ եթե մենք այս տարվա սեպտեմբերի մեկից անցնելու ենք բացառապես նոթբուք-նեթբուքերով ուսուցմանը, ապա այս OneNote ծրագրի ներբեռնումը բոլոր սովորողների և դասավանդողների (հատկապես անգլերենի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի) համար անհրաժեշտ է լինելու: Եթե այս ծրագրով չաշխատենք, ապա մաթեմատիկական աշխատանքներ մուտքագրելը շատ աշխատատար և անհարկի ժամանակատար կլինի, և ամենավատն այն կլինի, որ սովորողները մեկընդմիշտ հետ կվարժվեն ձեռագիր գրելուց, որը ցանկալի հետևանքներ չի կարող ունենալ: Ուղեղի աշխատանքը կապված է մեր ձեռքի շարժումների հետ: Մենք կարող ենք սահմանափակել ուղեղի աշխատանքը միայն մատներով միանման սեղմումներ կատարելով: Երեխան ամեն ինչ կանի ձեռքով, որից հետո կատարված աշխատանքը այս ծրագրի օգնությամբ կվերածվի մուտքագրված տպատառերով և զանազան սիմվոլներով տեքստերի: Այսպիսով անցումը թղթային տետրերից համակարգիչների շատ սահուն կլինի:
OneNote ծրագրով աշխատելիս հեշտանում է նաև տեքստերի և թվային դասագրքերի հետ աշխատելը: Շատ մարդիկ սիրում են մատիտով նշումներ անել գրքերի վրա, առանձնացնել կարևորն անկարևորից: Մենք կարող ենք մեր ուզեցած բառը կամ նախադասությունը գրել տվյալ էջի ցանկացած մասում: Մեր նշումները չեն սահմանափակվում միայն ամենաձախ, կենտրոն և ամենաաջ մասերով: Մեր գրած բառը մնում է այնտեղ, որտեղ մուտքագրել կամ ձեռագրով գրել ենք` առանց սեղմելու պահպանման կոճակը: Ամեն ինչ ավտոմատ է պահպանվում:
Ծրագիրը կարևոր առավելություն ունի նաև այն պատճառով, որ էջի վրա կարելի է մի որևէ նյութի հղումի փոխարեն դնել հենց դրա ֆայլը, անկախ այն բանից, թե դա սովորական Word office փաստաթուղթ է, տեսանյութ, թե Power Point-ով ներկայացում: Հղումները միշտ էլ անօգնական են լինում, երբ բացակայում է ինտերնետը:
Մի լրացուցիչ հնարավորություն էլ կա անգլերեն սովորողների համար: Այս ծրագրով բացված տեքստի յուրաքանչյուր բառի ճիշտ արտասանությունը կարելի է լսել` ակտիվացնելով բառը և սեղմելով audio կոճակը:
Բովանդակության սպառողից` բովանդակության ստեղծող
Ամերիկացի սեմինարավարն այս թեմային հատկացրել է ընդամենը 24 վայրկյան` տալով միայն հիմնական միտքը: Ցույց տալով իր ձեռքի նոթբուքը` նա ասում է, որ այս գործիքը հնարավորություն է տալիս սովորողին բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող, ասել է թե` զբաղվել ստեղծարար աշխատանքով։ Տեսեք ներկայացումը: Այս հարցն այնքան արդիական է, ու խոսելու, արտահայտվելու գայթակղությունն այնքան մեծ, որ չեմ կարող չկապել այն մեր այսօրվա իրողության հետ ու լռել, ինչպես մեր հարգարժան սեմինարավարն արեց:
Մեր կրթահամալիրում 2013-2014 ուսումնական տարին հայտարարված է նախագծային կրթության անցման տարի: Նախագծային կրթության հիմնական էությունն էլ հենց բովանդակության ստեղծումն է սովորողների կողմից: Բացի դրանից` կրթության կազմակերպման հիմնական շեշտը նախագծայինի վրա դնելով մենք ավելի ենք հեշտացնում կրթությունը կառուցողական, առաջադեմ մանկավարժական սկզբունքներով կազմակերպելու գործը: Կառուցողական կրթության սկզբունքներից մեկը երկխոսության մեջ մտնելն է` աովորող-սովորող, դասավանդող-սովորող, դասավանդող-դասավանդող: Սովորական ոչ նախագծային ուսումնական գործունեության կազմակերպման ժամանակ շատ հմուտ դասավանդողի և ուսումնատենչ սովորողի առանձնակի ջանքեր են պետք, որպեսզի կայանա ցանկալի երկխոսությունը տարբեր խմբային աշխատանքների, դերախաղերի, մտածածին իրավիճակների ստեղծման ժամանակ: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը բնական է ստացվում, և հնարավոր չէ որևէ նախագիծ իրականացնել առանց երկխոսության, քանի որ ամեն ինչ արվում է աշխատանքային խմբերով:
Կառուցողական կրթության հիմնական սկզբունքներից է նաև իմաստի որոնումը: Նախագիծն էլ հենց նրանով է նախագիծ, որ կայանում է իմաստի որոնում. Սովորողներն իրենց կատարած նախագծով իմանում են այն ինչ նախկինում չեն իմացել, հետազոտական աշխատանքներով գալիս են այնպիսի եզրահանգման, որ ոչ մի աղբյուրում նշված չէ:
Նախնական գիտելիքով աշխատելը նույնպես կառուցողական կրթության սկզբունքներից է, որը միշտ էլ առկա է նախագծային աշխատանքում: Յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ աշխատանքային խումբը դասավանդողի ղեկավարությամբ որոնում և գտնում է նախագծի համար անհրաժեշտ նախնական տեղեկատվություն: Ամեն ինչ արվում է հայտնիից դեպի անհայտը սկզբունքով:
Սովորողի կարծիքը հաշվի առնելը մի սկզբունք է, որը հնարավոր չէ անտեսել և նախագիծ իրականացնել:
Կառուցողական կրթության ամենակարևոր սկզբունքներից է իմացածի արժևորումը: Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ երկու նպատակ է հետապնդում` ուսումնական և գործնական: Եթե իր առարկան անսահման սիրող դասավանդողի համար ուսումնական նպատակը միշտ էլ առաջնայինն է, ապա սովորողի համար ավելի է արժևորվում գործնական նպատակը տեսաֆիլմերի, ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերի, կարաոկեների և այլ հոգևոր ու նյութական արժեքների ձևով: Այլ կերպ ասած` սովորողն ավելի հակված է արժևորել իր ստեղծած բովանդակությունը, որը նախագծային աշխատանքի արդյունքն է:
- Բացվել է 2148 անգամ