«Կարդալ» բայը չի սիրում հրամայական եղանակ: Դ.Պեննակ

Հեղինակ: 

Դանիել Պեննակը ֆրանսիացի ժամանակակից ամենակարդացվող գրողներից է: Գրականության ուսուցիչ է Փարիզից ոչ հեռու գտնվող Սուասոն քաղաքում և, ինչպես ինքն է ասում, կրքոտ ընթերցող:
1944 թ. Կասաբլանկա քաղաքում (Հյուսիսային Աֆրիկա) ծնված, ֆրանսիական գաղութներում ապրած և Ֆրանսիայում մանկավարժական կրթություն ստացած այս ժամանակակիցն ինձ հետաքրքրեց իր մանկավարժական մոտեցումներով, գրչի թեթևությամբ, ասելիքը չպարտադրելով, ռեալ կյանքի հետ կապվող մոտեցումներով ու իրական կյանքից վերցված օրինակներով:
Պեննակի առաջին գրական քայլերը վատ ընդունվեցին. խմբագրությունները մերժում էին տպագրել գրողին, սակայն, ի վերջո, գրական ձիրքը նկատվեց: Այժմ մանկավարժի գրքերը թարգմանված են աշխարհի շուրջ 30 լեզուներով, նա ճանաչված է, քննարկելի ու ընթերցվող: Պեննակը շուրջ 25 տարի զբաղվել է մտավոր հետամնացություն ունեցող երեխաներով, այնուհետև՝ համապատասխան կրթություն ստանալուց հետո, սկել է աշխատել գրականության ուսուցիչ:
Որոշեցի հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնել «Ինչպես վեպ» էսսեից հատվածներ, առանձին մտքեր: Այստեղ գրողը շարադրել է ընթերցանության, դրա իրավունքի, ժամանակակից մարդու ընթերցանության խնդիրների հետ կապված իր մոտեցումները: Պեննակը հումանսիստ է և այդ հումանիզմով է ներծծված ողջ էսսեն. կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել, դեմ լինել բերվող օրինակներին, բայց ստիպված ենք խոստովանել, որ գործ ունենք մարդու՝ մտածողի հետ, ով հումնանիստ է: Ուսուցիչ-հումանիստ. կարծում եմ՝ գտնված բառակապակցություն է: Գրողը, որքան էլ կարևորում է ընթերցանությունը ավելի քան ամեն ինչ՝ յուրաքանչյուր գիրք, միտք ու տեսություն, ավելի կարևորում է մարդուն՝ սովորողին, գործընկերոջը, կարևորում ու հարգում է մարդու իրավունքը, կարևորում ու սիրում: Էսսեի հաջողությունը հենց այդ բարությամբ էլ պայմանավորում եմ. գրողը քեզ չի պարտադրում, սահմանափակում կամ նվաստացնում, չի բարձրացնում իրեն՝ մեծն ընթերցող կամ մտածող երևակայելով, չես ունենում ճնշվածության զգացում, մարդը պարզապես խոսում է ժամանակակից ընթերցողի, կարդալու-չկարդալու, մարդու՝ չկարդալու իրավունքի մասին: Հոգեբանական նուրբ հնարք է, բայց իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքում գործող է, կարող ես չկարդալ, իհարկե, օգտվիր չկարդալու քո իրավունքից, բայց վստա՞հ ես, կհիմնավորե՞ս: Դպրոցի խնդիրն էստեղ ոչ թե նման իրավունքի հերքումն է, այլ ընթերցանության հադեպ սիրո առաջացումը: Կարծում եմ՝ սերը սիրով են առաջացնում:

Հատված
«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
- Կարդալու…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
- Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջնկությունը, թե ոչ:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский