Մակտուբ

Հեղինակ: 

Սկիզբ

Արիստիպուս փիլիսոփան Սիրակուզայի բռնակալ Դիոնիսոսի ատյանում վայելում էր իր իշխանությունը: Մի անգամ՝ կեսօրին, նա մտավ Դիոգենեսի տուն, ով իր համար ոսպով ապուր էր պատրաստում:
-Եթե Դուք ուզում եք լինել Դիոնիսոսի դատավոր, չպետք է ոսպ ուտեք – ասաց Արիստիպուսը:
-Եթե իմանայիք՝ ինչ սքանչելի բան է ոսպը, Դուք չէիք ցանկանա լինել Դիոնիսոսի դատավոր, - պատասխանեց Դիոգենեսը:

Ուսուցիչն ասում է.
-Ճիշտ է, որ ամեն ինչ արժեք ունի, բայց արժեքը միշտ հարաբերական է: Երբ մենք հետևում ենք մեր երազանքներին, ուրիշների վրա դժբախտի ու անհաջողակի տպավորություն ենք թողնում: Բայց կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում: Կարևորը մեր սրտում եղած ուրախությունն է:

Թուրքիայում ապրող մի մարդ լսում է Պարսկաստանում ապրող մեծ ուսուցչի մասին: Առանց երկմտելու նա վաճառում է իր ողջ ունեցվածքը, հրաժեշտ տալիս ընտանիքին և ճանապարհ ընկնում՝ փնտրելու իմաստնությունը: Մի քանի տարի թափառելուց հետո նա հայտնաբերում է խրճիթը , որտեղ ապրում էր մեծ ուսուցիչը: Վախով ու ակնածանքով նա թակում է ուսուցչի դուռը: Թակոցի վրա ուսուցիչը դուրս է գալիս:
-Ես Թուրքիայից եմ, - ասում է ճամփորդը, - և այս ամբողջ ճանապարհը կտրել- անցել եմ Ձեզ ընդամենը մի հարց տալու համար:
Ծերունին նախ զարմանում է և ապա ասում.
-Լավ, Դուք կարող եք տալ Ձեր մեկ հարցը:
-Ես ուզում եմ, որ իմ հարցը պարզ հնչի, ուստի կարելի՞ է՝ թուրքերեն հարցնեմ:
-Այո, - ասում է իմաստունը, - և ես հենց նոր պատասխանեցի Ձեր միակ հարցին: Եթե Դուք էլի ինչ-որ բան եք ուզում իմանալ, հարցրեք Ձեր սրտին: Այն Ձեր պատասխանը կտա:
Եվ նա փակում է դուռը:

Ուսուցիչն ասաց.

-Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն: Մենք լսել ենք . ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա: Հաղթողները հպարտությամբ են խոսում իրենց կյանքոմ եղած հրաշքների մասին: Եթե դուք դրական էներգիա եք արձակում մթնոլորտ, ապա դա գրավում է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես երջանկություն են ցանկանում: Ինչ վերաբերում է նախանձին ու ավերմունքին, ապա դրանք կարող են վնասել ձեզ միայն այն դեպքում, երբ դուք նրանց տաք այդ էներգիան: Մի′ վախեցեք: Ուղղակիորեն ցանկացած մարդու, ով էլ որ կլսի, պատմեք ձեր կյանքի լավ բաների մասին: Համաշխարհային Ոգին կարիք ունի, որ դուք երջանիկ լինեք:

Մի իսպանացի թագավոր էր ապրում, ով շատ էր հպարտանում իր ծագմամբ: Նա նաև հայտնի էր թույլերի հանդեպ իր դաժանությամբ: Մի անգամ նա իր շքախմբով անցնում էր Արագոնի դաշտավայրով, որտեղ վաղուց մի կռվում զոհվել էր նրա հայրը: Դաշտում նրանք մի սուրբ մարդու տեսան, ով մարդկային ոսկորների մի ահռելի կույտ էր հավաքել: Մոտենալով նրան՝ թագավորը հարցրեց.
-Ի՞նչ եք անում այստեղ:
-Իմ խորին հարգանքը Ձեզ, Ձերդ պայծառափայլություն, - ասաց սուրբ մարդը: - Երբ ես իմացա, որ այստեղ է գալիս Իսպանիայի թագավորը, որոշեցի գտնել Ձեր հոր ոսկորները՝ Ձեզ հանձնելու համար: Բայց որքան էլ փնտրեցի, չկարողացա գտնել: Դրանք նույնն են, ինչ ագարակատերերի, աղքատների ու թշվառների ոսկորները:

-Ո՞վ է լավագույն սուսերամարտիկը, - իր ուսուցչին հարցրեց զինվորը:
-Գնա′ վանքի մոտ գտնվող դաշտը, - ասաց ուսուցիչը: - Այնտեղ մի ժայռ կա: Ես ուզում եմ, որ դու անարգես նրան:
-Ինչո՞ւ,-հարցրեց աշակերտը, - ժայռը չի պատասխանի:
-Լավ, այդ դեպքում հարվածի′ր քո թրով,- ասաց ուսուցիչը:
-Դա էլ չեմ անի, - պատասխանեց աշակերտը, - թուրս կկոտրվի, իսկ եթե անզեն ձեռքերով գրոհեմ ժայռի վրա, մատներս կվնասեմ, բայց ժայռին ոչ մի վնաս չեմ պատճառի: Ձեր ասածը իմ հարցի հետ, թե ով է լավագույն սուսերամարտիկը, կապ չունի:
- Լավագույն սուրսերամարտիկը նա է, ով նման է ժայռի,-ասաց ուսուցիչը: - Առանց թուրը պատյանից հանելու՝ նա ցուցադրում է, որ ոչ ոք չի կարող իրեն հաղթել:

Մի ճանապարհորդ գալիս է իսպանական Նավարրա գավառի Սան Մարտին դե Յունքս գյուղը և գտնում այն կնոջը, ով պահում էր հռոմեական ավերակ եկեղեցու բանալիները: Կինը սիրահոժար բարձրանում է նեղ աստիճաններով և բացում դուռը: Միջնադարյան տաճարի լռությունն ու մթությունը ճանապարհորդի վրա զգայական խորը ազդեցություն են ունենում: Կնոջ հետ զրույցի բռնվելով՝ նա իմանում է, որ չնայած արդեն կեսօր է, բայց եկեղեցում մի քիչ հնարավոր է արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ տեսնել:

-Մանրամասները հնարավոր է տեսնել միայն առավոտյան, - ասում է կինը: - Լեգենդը ասում է, որ եկեղեցին կառուցող վարպետները այդպես են արել, որ սովորեցնեն մեզ մի շատ կարևոր բան. Աստված միայն որոշակի պահի է ցուցադրում իր փառքը:

Ուսուցիչն ասաց.

-Երկու Աստված կա, մեկը ՝ որը սովորեցրել են մեզ պրոֆեսորները, և Աստված, ով սովորեցնում է մեզ: Մեկը, ում մասին միշտ խոսում են մարդիկ, մյուսը, ով մշտապես խոսում է մեզ հետ: Մի Աստված, ումից մենք սովորել ենք վախենալ, և ուրիշ Աստված, ով մեզ հետ տառապալից խոսում է: Երկու Աստված կա, Աստված, ով շատ վերևներում է, և Աստված, ով իր մասնակցությունն է ունենում մեր ամենօրյա կյանքին: Աստված, ով մեզանից պահանջում է, և Աստված, ով ներում է մեզ երբ  մեղքեր ունենք: Աստված, ով վախեցնում է մեզ դժոխքի կրակներով, և Աստված, ով մեզ ուղղորդում է դեպի լավագույն ուղին: Երկու Աստված կա, Աստված, ով կործանում է մեզ մեր մեղքերի տակ, և Աստված, ով իր սիրով ազատում է մեզ:

Քանդակագործ Միքելանջելոյին մի անգամ հարցրին, թե ինչպես նա այդպիսի գլուխգործոցներ  ստեղծել:
-Դա շատ հեշտ է,-պատասխանեց նա: -Երբ ես նայում եմ մարմարի քարակտորին, նրա մեջ արդեն տեսնում եմ քանդակը: Իմ անելիքը ավելորդությունները հեռացնելն է:

Ուսուցիչն ասում է.
- Կան Արվեստի գործեր, որ կանխորոշված է՝ մեզնից յուրաքանչյուրը ստեղծի։ Դա մեր կյանքի առանցքային կետն է, և ինչքան էլ փորձենք ինքներս մեզ խաբել, մենք գիտենք, թե որքան կարևոր է դա մեր երջանկության համար: Սովորաբար արվեստի այդ գործը ծածկված է տարիների վախով, մեղքով ու անվճռականությամբ: Բայց եթե մենք վճռական  ենք՝ հեռացնելու ավելորդը, եթե մենք չենք կասկածում մեր ընդունակություններին, ապա մեր խնդիրները լուծելում մենք հեռուն կգնանք, որն էլ մեր ճակատագիրն է: Դա պատվով ապրելու միակ ճանապարհն է:

Մի ծեր մարդ մահից առաջ իր մոտ է կանչում մի երիտասարդի՝ հերոսության մասին պատմություն պատմելու. պատերազմի ժամանակ նա օգնել է մեկին կենդանի մնալու: Նա այդ մարդուն ապաստարան է տվել, սնունդ ու պաշտպանություն: Այն մարդը, ում ինքը փրկել է,  երբ արդեն ապահով տեղում էր, որոշում է դավաճանել իր փրկարարին և մատնել նրան թշնամուն:
-Իսկ ինչպե՞ս փախաք, -հարցրեց պատանին:
-Ես չփախա, ես դավաճանողն էի,- ասաց ծերունին: Բայց պատմելով այս պատմությունը այնպես, որ կարծես ես եմ հերոսը՝ կարող եմ հասկանալ այն ամենը, ինչ արել է նա ինձ համար:

Ուսուցիչն ասաց.

-Մենք բոլորս սիրո կարիքն ունենք: Սիրելը մարդու էության բաղկացուցիչ մասն է, ինչպես ուտելը, խմելն ու քնելը: Երբեմն, երբ մենք բացարձակ մենակ ենք մնում, հետևելով արևի մայրամուտին՝ մտածում ենք. «Այս գեղեցկությունն այնքան էլ լավը չէ, որովհետև չկա մեկը, որ հետը դրա մասին խոսեմ: Այսպիսի պահերին մենք պետք է հարցնենք, թե որքան հաճախ է լինում, որ մեզ խնդրում են սիրել, իսկ մենք հրաժարվում ենք: Քանի անգամ մենք վախեցել ենք մտերմանալ ինչ-որ մեկի հետ, և առանց վարանելու ասել, որ սիրում ենք այդ մարդուն: Զգուշացե'ք մենակությունից: Դա նման է ամենավտանգավոր թմրանյութից կախվածության: Եթե մայրամուտը ձեզ համար այլևս իմաստ չունի, դարձե'ք համեստ և ճանապարհվե'ք սեր որոնելու: Գիտցե'ք, որ սա էլ, ինչպես մյուս բոլոր հոգևոր օրհնությունները,  ինչքան շատ ես ուզում տալ, այնքան շատ է քեզ տրվում»:

Մի իսպանացի միսիոներ այցելեց մի կղզի, որտեղ ապրում էին երեք սուրբ ացտեկներ:
-Ինչպե՞ս եք դուք աղոթում, - հարցրեց պադրեն:
-Մենք միայն մի աղոթք ունենք, - ասաց ացտեկներից մեկը: Մենք ասում ենք. –Աստված, դու եռամիասնություն ես, մենք էլ երեքն ենք: Ողորմա՛ծ եղիր մեր հանդեպ:
-Ես ուզում եմ ձեզ մի աղոթք սովորեցնել, որ Աստված կլսի, - ասաց միսիոները: Եվ նա ացտեկներին մի կաթոլիկական աղոթք սովորեցրեց ու շարունակեց իր ճամփան: Իսպանիա վերադաձի ճանապարհին նա կրկին այցելեց այդ կղզին: Երբ  նավը մոտենում էր ափին, պադրեն տեսավ, որ երեք սուրբ այրերը, ջրի վրա քայլելով, մոտենում են իրեն:
-Սո՜ւրբ հայր, սո՜ւրբ հայր, - ձայնեց նրանցից մեկը, - ինչ կլինի, խնդրում ենք, մեզ կրկին սովորեցրու այն աղոթքը, որ Աստված կլսի: Մենք մոռացել ենք բառերը:
-Կարևոր չէ, - հրաշքը տեսնելով՝ պատասխանեց պադրեն: Եվ նա ներումն խնդրեց Աստծուց, որ ինքը չի հասկացել, որ Բարձրյալը խոսում է բոլոր լեզուներով:

Սուրբ Հովհաննես Մկրտիչը սովորեցնում է մեզ, որ մեր հոգևոր ճանապարհին մենք չպետք է հավատանք տեսիլքներին, կամ հավատ ընծայենք հավաստումներին, որ լսում ենք ուրիշներց այդ նույն ճանապարհին: Մենք պետք է հիմք ընդունենք միայն մեր սեփական հավատը, քանզի այն մաքուր է, հստակ ու մեր մեջ է ծնունդ առել: Այն չի կարող մոլորեցնել մեզ:
Գրողը զրուցում էր հոգևորականի հետ և հարցրեց նրան, թե ինչ է նշանակում ճանաչել Աստծուն:
-Ես չգիտեմ, - պատասխանեց հոգևորականը: Միակ իմացությունը, որ ես առայժմ ունեմ, առ Աստված իմ հավատի գիտակցումն է: Եվ դա ամենագլխավորն է:

Ուսուցիչն ասաց.

-Ներումը նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին ներում ենք, մենք նաև մեզ ենք ներում: Եթե մենք ուրիշների հանդեպ հանդուրժող ենք, կարող ենք հեշտությամբ ընդունել մեր սեփական սխալները: Այսպիսով, առանց մեղքի կամ տանջանքի, մենք ընդունակ ենք բարելավելու այս կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը: Երբ թուլությունից դրդված մենք թույլ ենք տալիս, որ ատելությունը, նախանձը և անհանդուրժողականությունը ալիքվեն մեր շուրջ, մենք ավելի խորն ենք ընկղմվում այդ տատանումների մեջ:
Պետրոսը հարցրեց Քրիստոսին.
-Ուսուցի'չ, արդյոք պե՞տք է յոթ անգամ ներեմ մեկ ուրիշին:
Եվ Քրիստոսը պատասխանեց.
-Ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ:
Ներման գործողությունը մաքրում է աստրալ տարածությունը և ցույց տալիս մեզ Աստվածայինի ճշմարիտ լույսը:

Ուսուցիչն ասաց.

-Հին ժամանակերում ուսուցիչները սովորություն ունեին ստեղծելու ‹‹կերպարներ››, որոնք օգնում էին աշակերտներին գործ ունենալու իրենց անձի մութ կողմերի հետ: Այդ կերպարների մասին ստեղծված բազմաթիվ պատմություններ դարձել են հայտնի հեքիաթներ: Գործընթացը շատ պարզ է. ձեզ մնում է միայն ձեր ամբողջ անհանգստությունը, վախերը և հիասթափությունները բարդել մի անտեսանելի էակի վրա, որ կանգնած է ձեր ձախ կողմում: Նա հանդես է գալիս որպես մի սրիկա ձեր կյանքում, ով մղում է գործողության, որ ձեզ համար անընդունելի է, բայց երբեմն կատարում եք: Հենց որ այդ կերպարը ստեղծված է լինում, ավելի հեշտ է դառնում մերժել նրա խորհուրդները: Դա արտակարգ հեշտ է, դրա համար էլ լավ է աշխատում:

-Ինչպես կարող եմ իմանալ, թե կյանքում որ ճանապարհով պետք է գնալ, - հարցրեց աշակերտը իր ուսուցչին: Ուսուցիչը խնդրեց, որ աշակերտը մի սեղան սարքի: Երբ սեղանը համարյա պատրաստ էր, և մնացել էր միայն մեխերով ամրացնել վերին մասը, ուսուցիչը մոտեցավ աշակերտին: Վերջինս երեք դիպուկ հարվածներով խփում էր մեխերը: Բայց մի մեխը դժվարությամբ էր առաջ գնում, ուստի աշակերտը ստիպված էր ավելի շատ ժամանակ ծախսել դրա վրա: Չորրորդ հարվածի արդյունքում մեխը շատ խորը գնաց, և փայտը ճեղքեր տվեց:
-Քո ձեռքը միայն մուրճի երեք հարվածի է սովոր եղել, - ասաց ուսուցիչը:- Երբ ինչ-որ գործողություն դառնում է սովորական, կորցնում է իր նշանակությունը, և դա վնասվածքի պատճառ կարող է դառնալ: Ամեն մի գործողություն քո գործողությունն է և մի գաղտնիք ունի. թույլ մի՛ տուր, որ սովորույթի ուժը կառավարի քո շարժումները:

Իսպանական Սորիա քաղաքի մոտ է գտնվում մի ծեր ճգնավորի ժայռափոր խրճիթը: Մի քանի տարի առաջ մեկը, ով քամուն էր տվել իր ողջ ունեցվածքը, որոշեց մի որոշ ժամանակ ապրել այդտեղ: Մի աշնանային օր նա որոշեց գտնել այդ տեղը և երբ հասավ, արժանացավ սիրալիր ընդունելության: Իր մի կտոր հացը կիսելով նրա հետ՝ ճգնավորը խնդրեց մարդուն իր հետ գնալ ոչ շատ հեռու առվակի մոտ՝ ուտելու սունկ հավաքելու: Ճանապարհին մի պատանի հասավ նրանց հետևից ու ասաց.
-Ով սո'ւրբ մարդ, ես ուզում եմ հարցնել. ճի՞շտ է, որ կատարելության հասնելու համար մենք պետք է խուսափենք միս ուտելուց:
-Ուրախությամբ ընդունե'ք այն, ինչ առաջարկում է կյանքը,- պատասխանեց մարդը: - Քո հոգում մեղք մի' գործիր, բայց և երկրային առատաձեռնության  նկատմամբ սրբապղծություն մի' արա:

Ուսուցիչն ասաց.

-Եթե ձեզ դժվարին ճամփորդություն է բաժին ընկել, ունկնդի'ր եղեք ձեր սրտին: Փորձե'ք հնարավորինս անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ, և դուք կտեսնեք, թե իսկապե՞ս գնում եք ձե՛ր ուղով և հատուցում ձեր երազանքների համար: Եթե դուք այդպես վարվեք և ձեր կյանքը, այնուամենայնիվ, շարունակի դժվարին լինել, կգա ժամանակ, որ ճիշտ կլինի բողոքելը: Բայց հարգալից հայտնեք ձեր բողոքը, այնպես, ինչպես երեխան է բողոքում իր ծնողներին: Եվ մեծ ուշադրություն ու օգնություն մի' պահանջեք: Աստված և' Հայր է, և' Մայր, իսկ ծնողները միշտ իրենց զավակների լավն են ուզում: Դա կարող է ուսումնառություն լինել, որը մեծ դժվարությամբ է տրվում, և մեծ բան չէ՝ մի քիչ դադար և մի փոքր քնքշանք խնդրելը: Բայց երբեք մի' չափազանցրեք: Գործն իրեն հատկացված ժամկետում կկատարվի, և ձերը ձեզ կվերադարձվի: Ալ Աֆիդը չափից ավելի էր տրտնջում, և Աստված դադարեց նրան լսելուց:

Մի հավատացյալ մարդ հանկարծ իր համար անսպասելիորեն զրկվեց իր ողջ հարստությունից: Գիտենալով, որ Աստված, ինչ էլ որ լինի, կօգնի իրեն՝ սկսեց աղոթել:
-Աստված իմ, աղաչում եմ, այնպես արա, որ ես մեծ գումար շահեմ վիճակախաղի տոմսով, - խնդրեց նա: Այդպես նա երկար տարիներ խնդրեց, բայց շարունակում էր աղքատ մնալ: Մի օր էլ նա մահացավ, և քանի որ հավատացյալ մարդ էր, միանգամից հայտնվեց երկնքում: Երբ նա մոտեցավ երկնքի դարպասներին, հրաժարվեց ներս մտնելուց: Մարդն ասաց, որ ինքը մի ամբողջ կյանք ապրեց՝ հավատարիմ իր կրոնական ուսմունքին, բայց Աստված այդպես էլ նրան հնարավորություն չտվեց մեծ գումար շահելու վիճակախաղի տոմսով:
-Այն, ինչ Դու ինձ խոստացար, սուտ էր,- արհամարհանքով ասաց մարդը:
-Ես միշտ պատրաստ էի՝ օգնելու քեզ, որ դու շահես, - ասաց Աստված,- բայց անկախ նրանից, թե ես որքան շատ էի ցանկանում դա անել, դու երբեք էլ վիճակախաղի ոչ մի տոմս չգնեցիր:

Մի ծեր իմաստուն չինացի անցնում էր ձյունապատ դաշտով, երբ մի լացող կնոջ տեսավ:
-Ինչո՞ւ եք լալիս, - հարցրեց նա:
-Որովհետև ես մտածում եմ իմ կյանքի, իմ երիտասարդության, իմ գեղեցկության մասին, որ տեսել եմ հայելու մեջ և այն տղամարդու մասին, ում սիրել եմ: Աստված դաժան է, որ տվել է հիշելու ունակություն: Նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունը և լաց կլինեմ: Իմաստունը կանգնել էր ձյունապատ դաշտում և ակնդետ նայում էր մի կետի ու խորհում: Անսպասելիորեն կինը դադարեց լաց լինել:
-Ի՞նչ եք այդտեղ տեսնում, - հարցրեց նա:
-Վարդերի դաշտ, - պատասխանեց իմաստուն ծերունին: -Աստված այնքան մեծահոգի է եղել իմ հանդեպ, որ ինձ հիշելու ունակություն է տվել: Նա գիտեր, որ ես ձմռանը միշտ կհիշեմ գարնան մասին ու կժպտամ:

Թարգմանությունը՝ ռուսերենից

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский