Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. չորս տարվա ձեռքբերումը
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն չորրորդ տարին է՝ իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը: 2009 թվականից կրթահամալիրում ուսումնասիրվող օտար լեզուներից մեկը վրացերենն է, որ որպես ծրագիր նախատեսված էր վրացերեն սովորել ցանկացողների համար (կամընտիր): Վրացերենի խորացված ուսուցման սովորողները ուսումնական տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում են Վրաստան՝ լեզվի փորձառության: Կրթահամալիրի կայքն ունի վրացերենի ենթակայք: Վրացերենի խորացված ուսուցման սովորողները կրթահամալիրի վրացերեն ենթակայքում տեղադրում են իրենց կատարած թարգմանությունները և սպասարկում են վրացերենի ենթակայքը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Դպիր» ամսագիրը ունի նաև վրացերեն էջ:
Կրթահամալիրում սեպտեմբեր ամսից գործում է նաև Վրացախոսների ակումբը: Գործում է Վրացախոսների երկու ակումբ: Առաջին Վրացախոսների ակումբում ներգրավված են կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի և Միջին դպրոցի սովորողները: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացրել ենք մի շարք նախագծեր`Շոթա Ռուսթավելի՝ կատարել ենք կենսագրության թարգմանություն և մշակում: Ստեղծել ենք Ռուսթավելու աֆորիզմների շուրջ տեսանյութ:
Տարիել Խարխելաուրի՝ հանդիպում ժամանակակից գրողի հետ: Ծանոթացել և ուսումնասիրել ենք վրաց ժամանակակից բանաստեղծ Տարիել Խարխելաուրիի կենսագրության, կյանքի և գործունեության հետ: Թարգմանել ենք բանաստեղծություններից, կատարել ենք վերլուծություն (Վերկվիլիի բերդ): Տարիել Խարխելաուրիի բանաստեղծություններից կատարել ենք ձայնագրություն հայերեն-վրացերեն (Անվերնագիր): Ստեղծել ենք «Տարիել Խարխելաուրի» մեդիափաթեթ: Վրացախոսների ակումբը սկսել է նոր նախագիծ` Վրաստանի հրաշալիքները:
Վրացախոսներ 2 –ը ստեղծվել է հոկտեմբեր ամսից, այն գործում է Արհեստների ավագ դպրոցում: Սովորողների հետ քննարկել ենք ծրագիրը և սկսել աշխատանքները դրա ուղղությամբ: Այստեղ գործունեությունը մի փոքր այլ է, քանի որ փորձում ենք համատեղել արհեստի ուղղության հետ՝ ավելի կենտրոնանալով հայկական, վրացական արհեստների վրա: Սկսել ենք «Բացահայտում ենք վրացական խոհանոցի գաղտնիքները» նախագիծը:
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի նպատակն է մեծացնել հարևան պետության քաղաքացիների հետ հաղորդակցումը, իրականացնել ամենատարբեր համատեղ նախագծեր: Նախագծի միջոցով լուծվում են մի շարք կրթական խնդիրներ՝ ավելի լավ են ճանաչում ներկայիս Վրաստանը՝ իր տարածքով, բնակչությամբ ու դրա հոգեբանությամբ, զարգանում է լեզվազգացողությունը, լեզուների համեմատության և լեզվաբանական այլ հետազոտական հմտություններ են ձեռք բերվում, ծանոթանում են վրաց մշակութային արժեքներին, նրանց մեջ տարածում են մերը: Բազմաթիվ համատեղ նախագծերի և փոխադարձ այցելությունների շնորհիվ սովորողները ձեռք են բերում վրաստանցի ընկերներ և հայ ու վրացի պատանիների համար ձևավորում են բարեկամության անհատական պայծառ էջեր:
«Հանրակրթական կամուրջներ» նախագիծը շատ կարևոր է հարևան պետությունների՝ դարերի պատմություն ունեցող բարեկամության, կողք կողքի խաղաղ ապրելու համար:
Նախագծի շրջանակներում կրթահամալիրի սովորողները և ուսուցիչները իրականացրել են բազմաթիվ ուսումնական ճամփորդություններ դեպի Վրաստան: Մասնակցել են տարբեր մրցույթների, Հայաստանում և Վրաստանում իրականացվել են համատեղ ուսումնական ճամփորդություններ տարածաշրջանի տեսարժան վայրերով, ուսումնական նախագծեր` «Կարդում ենք Ռուսթավելի» , Երևանում և Թբիլիսիում քաղաքային պլեներներ, Էկո դաս Թբիլիսիում, Էկոտուր 2013 Երևանում և այլն: Ամեն տարի Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ կրթահամալիրում անցկացնում ենք «Վրաց լեզվի օրեր» պետական տոնը: Այդ օրերին կրթահամալիրում հյուրընկալվում են Վրաստանից ժամանած բազմաթիվ հյուրեր, վրացական երգի և պարի խմբեր:
Կրթահամալիրը համագործակցում է Վրաստանի մի շարք դպրոցների հետ: Բարեկամական հարաբերությունների մեջ է Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանատան հետ, հաճախ են լինում հանդիպումներ Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպան պարոն Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն պարոն Աշոտ Բլեյանին Թբիլիսիի քաղաքապետի կողմից շնորհվել է «Վրաստանի մշակույթի դեսպան» կոչումը:
Սույն թվականի հոկտեմբերի 20-ից 26-ը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոսների ակումբի և Գեղարվեստի ավագ դպրոցի ապագա նկարիչների մի խումբ մեկնեց Թբիլիսի: Կրթահամալիրի պատվիրակությունը հյուրընկալվեց Թբիլիսիի քաղաքապետարանի Սոլիկո Վերսալաձեի անվան գեղարվեստի դպրոցում: Կրթահամալիրի սովորողները Վրաստանում գտնվելու ընթացքում ապրում էին իրենց հասակակիցների ընտանիքներում, ինչը նրանց հնարավորություն էր ընձեռում հղկելու լեզուն, ծանոթանալու հարևան ժողովրդի կենցաղին ու մշակույթին, հաստատելու բարեկամական նոր կապեր: Երեխաներն այսպիսով լեզվական խոչընդոտները հաղթահարելու և միմյանց հետ ազատ շփվելու հնարավորություն են ստանում: Թբիլիսիում գտնվելու հինգ օրերի ընթացքում կազմակերպվեցին ուղևորություններ դեպի Վրաստանի մի քանի պատմամշակութային և գեղատեսիլ վայրեր՝ Մցխեթա, Կախեթի, Ուփլիսցիխե, Ախալի Շուամթա, Ձվելի Շուամթա: Կախեթի կատարած այցելության ընթացքում մեր վրացի բարեկամները մեզ ցույց տվեցին Ախալի Շուամթայի մենաստանը` 16-րդ դարի կառույցը, և նույն տեղում 4-րդ դարի փոքրիկ եկեղեցին` Ձվելի Շուամթան: Տեսանք Թելավիում գտնվող Իրակլի 2-րդ թագավորի ամրոցը: Իր ողջ շուքով երևում էր Կովկասյան լեռնաշղթան: Այցելեցինք նաև Իկխալթո ակադեմիայի ավերակները ( 8-րդ դար): Եղան այցելություններ Թբիլիսիի պանթեոն, ոսկե ֆոնդ, Հավլաբարի Սբ. Նշան եկեղեցի և եկեղեցուն կից գործող «Հայարտունը», ինչպես նաև Վրաստանում հայտնի նկարիչ Գիվի Թոիձեի ցուցահանդեսը, որտեղ անձամբ ծանոթացանք հայտնի նկարչի հետ: Վրացախոսների ակումբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-ին Թբիլիսիի Սամեբա եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-երեկո վրացի ժամանակակից բանաստեղծ Տարիել Խարխելաուրի հետ: Կրթահամալիրի հանրային կապերի համակարգողի նախաձեռնությամբ ցուցահանդեսին և վրացի բանաստեղծի հանդիպմանը հրավիրված էին Վրաստանի նախագահի խորհրդական և խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, վրացական հանրային հեռուստաընկերությունը և այլ հյուրեր:
Կապերը այսքանով չեն ավարտվում, Թբիլիսիի թիվ 98 դպրոցը կրթահամալիրի էկո խմբին մարտ ամսին հրավիրել էր «Ջուր» թեմայով համատեղ էկո դասի: Վրացերենի խորացված ուսուցման խմբի սովորողները, համագործակցելով Էկոհայրենագիտական ակումբի հետ, թարգմանել են բոլոր նյութերը, ստեղծել են համատեղ ֆիլմեր: Թբիլիսիի համատեղ դասը, վրացերենի փորձառությունը, ուսումնական ճամփորդությունները, ու արդյունքում ստեղծել են Թբիլիսիի մեդիափաթեթ: Աշխատանքները այս նախագծի շուրջ շարունակվեցին փոխադարձ այցով՝ Էկոտուր 2013 միջազգային ստուգատեսի մասնակցություն: Վրաց թիմը շատ լավ պատրաստվել էր մրցույթին, իսկ վրացախոս սովորողներն էլ որպես թարգմանիչ էին հանդես գալիս մրցույթին: Թբիլիսիում մրցանակ ստացած թիմն ամռանը մասնակցեց միջազգային էկոճամբարին: Էկոհայրենագիտական ակումբի հետ համագործակցությունը շարունակվում է, համատեղ ստեղծել ենք հայերեն- վրացերեն էկոլոգիական տերմինների բառարան:
Վերը նշված բոլոր ենթանախագծերը այս մեծ նախագծի հաջողության ու կայացման մասին են խոսում: Նախագծում ընդգրկված է ողջ կրթահամալիրը: Մեզանից յուրաքանչյուրն իր մասնիկն ունի հայ-վրացական հանրակրթական կամուրջներում: Յուրաքանչյուր տարի վրաց լեզուն սովորել ցանկացողների թիվը մեծանում է: Փոխվում են իրականացվող նախագծերի բովանդակությունները, փոխվում են մասնակից խմբերը, և արդյունքում լեզուն կենդանանում է ու նորովի է հանդես գալիս: Սրանում է այս նախագծի հաջողության գրավականը:
- Բացվել է 3415 անգամ