Անցյալը հիշեցնում է

Ֆրանսիական միջնադարյան ասույթ. «Անցյալը հիշեցնում է, ներկան փախչում է, ապագան վախեցնում է»

Սույն մասնակի նկարագիրը նվիրված է ուսումնական ճամփորդություններին և դրանց կազմակերպմանը, որպես ոչ ֆորմալ կրթության փայլուն միջավայր: Սխալ չհասկանաք, չեմ սպառնում որևէ մեթոդ ստեղծել, որը կարծես չափազանց տարածված է մեր օրերում:

Անցնենք բուն թեմային: Դեռևս անցյալ տարի հայտարարել էի, որ սկսում եմ «Սոցիալ-մշակութային մարդաբանություն» դասընթացը, որ կազմակերպվում է ոչ ֆորմալ կրթության մեթոդներով և ոչ կաբինետային պայմաններում: Առաջարկվելու են թեմաներ, և սովորողներն են ընտրելու, թե որ թեմայի շուրջ կուզենան զրուցել: Սա մի տեսակ վերադարձ է դեպի անցյալ, հատկապես պլատոնյան միջավայր: Իհարկե, զարգանալու և ուսուցանելու համար հարկ է անընդհատ առաջ նայել, սակայն դա կարող է հիմնված լինել միայն անցյալի, կենսափորձի և ստեղծագործ մտքի վրա:

Դասընթացն ընտրած սովորողների հետ մեկ-երկու հանդիպում եղավ: Նրանց կարծես թե դուր եկավ մոտեցումը: Համատեղ որոշեցինք բովանդակությունը բերել ուսումնական ճամփորդությունների միջոցով: Կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները ստեղծում են յուրահատուկ միկրոհամալիր. դրանք ոչ միայն տարբերվում են աննպատակ-անբովանդակ ճամփորդություններից, այլև հաղթահարում են մասնակիցների «խորովածային հոգեբանությունը»: Երբ հիշում եմ  իմ դպրոցական տարիների ճամփորդությունները, որևէ աղերս չեմ գտնում կրթահամալիրում կազմակերպվող ուսումնական ճամփորդությունների հետ, և միայն ուրախ եմ այդ հանգամանքի համար:  Ուենալով հագեցած բովանդակային և ուսումնական մաս` մեր ճամփորդությունները դեռ ունեն բավականին թերացումներ, որոնք այս հոդվածի նպատակի և դիտարկման խնդիրների ցանկում չկան, ուստի չենք անդրադառնա, իսկ նման ուսումնական ճամփորդությունների կազմակերպիչ ընթերցողն  ինքը բոլորից լավ գիտի իր կազմակերպած ճամփորդության թերի կողմերը:

Ինչպե՞ս ծնվեց Սաղմոսավանք-Աղձք-Կոշ դաս-ճամփորդությունը:

Ինձ մոտեցավ սովորող Հայկ Ղազարյանը և առաջարկեց այցելել  (Հայկը լրացուցիչ կրթության հատվածում ընտրել է պատմություն առարկան) Արագածոտնի մարզի մշակութային և պատմական վայրեր, իսկ Արշակունյաց փուլն ավելի լավ պատկերացնելու համար՝ Կոշի ամրոց և Աղձքի տոհմական դամբարան: Առաջարկը քննարկվեց Գիտակների ակումբում, որոշվեց նաև համադրել վերոնշյալ դասընթացի որևէ թեմայի հետ: Ընտրվեց «Կրոն և գաղափարախոսություն» թեման: Կատարվեց աշխատանքի բաժանում: Աիդա Գրիգորյանը պարտավորվեց ներկայացնել տարածքի եկեղեցիները: Նույն Աիդան և Հայկը պատասխանատու էին նաև Կոշի ամրոցում անցկացվելիք պատմության դասի համար: Մյուս սովորողները սկսեցին նախապատրաստվել բաց քննարկմանը: Հայկն օգտվելով համացանցի տված հնարավորություններից կազմեց երթուղին: Որոշ տարածքներ այցելելու առաջարկությունը մերժվեց՝ ժամանակի սղության պատճառով:

Ճամփորդությունն ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք: Այս տարբերակում կա հետևյալ դրական կողմը: Սովորողը չունի կաբինետային կաշկանդվածությունը, և չի գործում ֆորմալ պարտադրանքը: Սովորողի կողմից ուսումնական նյութը շատ լավ պատրաստել- ներկայացնելը մյուս սովորողների մեջ առաջացնում է հետաքրքրություն ներկայացվող ուսումնական նյութի նկատմամբ: Սովորողն իր ընկերոջն ավելի հաճույքով է լսում, քանի որ դա յուրատեսակ բացահայտում է: Գործում է ներքևից վերև վեկտորը: Աշխատում է հումանիտար մշակութային ընտրանքի համակարգը. սովորողն ինքն է ընտրում իր հումանիտար (տվյալ դեպքում նաև ինտելեկտուալ) պահանջմունքների բավարարման միջոցը: Չկա որևէ պարտադրանք: Քննարկվող փուլի ատրիբուտիկ միջավայրում՝ Կոշի ամրոցում, գործեց ոչ ֆորմալ կրթության մեկ այլ մոտեցում, որն այնքան բնորոշ է ոչ ֆորմալ կրթության հիմնական բաղադրիչներին:

Արդյո՞ւնքը։ Աշխատեցին զարգացման և ընկալական երեք դաշտեր՝ մտավոր, զգայական, ֆիզիկական: Բաց քննարկում-դասի ժամանակ ներառվեցին բոլորը, քանի որ ժամանակային սահմանափակում չկար, իսկ քանի որ մինչ այդ աշխատել էր մասնակցության կամավորության սկզբունքը, ուստի ակտիվ մասնակից էին բոլորը: Այսպիսի ուսումնական ճամփորդություն կազմակերպելը, նորից իմ սուբյեկտիվ դիտարկմամբ արդարացրեց իրեն, քանի որ սովորողը հստակ գիտի, որ գնում է դասի մասնակցելու, և կամավորության սկզբունքով, չունենալով գնահատականային ակնկալիքներ` գնում է միայն մեկ նպատակով՝ սովորելու: Իսկ այդ նպատակին ծառայող միջոց է դիտարկում նաև նախապատրաստվելը, որ ինքնին լրացուցիչ խթան-բաղադրիչ է: Ուսումնական ճամփորդության այս ձևն իր մեջ ներառում է մի քանի դասընթացային բաղադրիչներ՝ պատմություն, մշակութաբանություն, ազգագրություն, հայրենագիտություն:

Մշակույթի տարանջատման քառամաս մոդելից աշխատեց երկուսը՝ հումանիտար և սոցիոնորմատիվ (մյուս երկուսն են` կենսապահովման և արտադրական): Հետևաբար բավարարվեցին նաև յուրաքանչյուր մարդու մոտ առկա պահանջմունքներն այս մասով:

Այսպիսով, եթե հետայսու կիրառում ենք ուսումնական ճամփորդության այս մոտեցումները, ապա դրանք բերում ենք բովանդակային որոշակի տեսքի, որն էլ իր հերթին դուրս է մղում մասնակի բացասական բաղադրիչները: Այսինքն, դեռ ճամփորդության նախապատրաստական փուլում են մշակվում ուսումնական որոշակիացված բաղադրիչներ, որոնք կիրառվում են ճամփորդության ընթացքում և շեշտում են ճամփորդության ուսումնական բնույթը ոչ միայն արտաքին շղարշում, այլ նաև բուն բովանդակության մեջ:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский