Ինչպես ենք մտածում. գլուխ 1

Հեղինակ: 

Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Ներածություն

Մեր դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բազում նյութեր և սկզբունքներ ունի: Մեր դասավանդողների խնդիրը դժվարացել է այն պատճառով, որ նրանք համոզվել են, որ անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Որպեսզի հետագայում այս ճանապարհները չբաժանվեն, պետք է ընդհանուր ուղղություն գտնել, միավորող սկզբունք: Այս գիրքը այն համոզմունքի արտահայտությունն է, որ հիմնական և միավորող անհրաժեշտ գործոնը որպես վերջնական նպատակ մտքի այնպիսի դրվածքի, մտածողության այնպիսի սովորության ընդունումն է, որը գիտական ենք անվանում: Մտքի այդպիսի գիտական դրվածքը կարող է, հասկանալի է, երեխաների ուսուցմանը և պատանեկությանը բոլորովին օտար համարվել: Բայց այս գիրքն  արտահայտում է այն համոզմունքը, որ այդպես չէ, որ մանկության բնածին և անաղարտ վիճակը, որ ուժեղ հետաքրքրասիրությամբ, հարուստ երևակայությամբ և փորձնական հետազոտություններ անելու սիրով է աչքի ընկնում, մոտիկ, շատ մոտիկ է գիտական մտածողության վիճակին: Գիրքն իր նպատակին ծառայած կլինի, եթե այս էջերն ինչ-որ մեկին օգնեն ընդունելու այդ հարազատությունը և լրջորեն դիտարկելու, թե ինչի կհանգեցնի այդ ընդունումը դաստիարակության գործում, անհատական բարեկեցության ճանապարհին և հասարակական չարիքների հաղթահարման հարցերում:

Հազիվ թե արժե թվարկել հեղինակների, որոնց պարտական եմ:  Ամենից շատ պարտական եմ կնոջս, որ ներշնչել է այս գրքի գաղափարները, և ում աշխատանքի շնորհիվ Չիկագոյի օրինակելի դպրոցում 1896-ից մինչև 1903 թ. այս գաղափարները կոնկրետ ձև ստացան, որը միայն գործնականում դրանք իրականացնելու և փորձարկելու միջոցով է հնարավոր: Ինձ հաճելի է նաև պարտական զգալ այն մարդկանց մտքին և համակրանքին, ովքեր որպես դասավանդողներ և դաստիարակներ նպաստել են այդ դպրոցի աշխատանքին, հատկապես այն ժամանակ համալսարանի ասիստենտ, իսկ հիմա Չիկագոյի դպրոցների տեսուչ օրիորդ Էլլա Ֆլագ Յունգին:

Նյու-Յորք, 1909թ. դեկտեմբեր

Առաջին մաս։ Միտքը դաստիարակելու խնդիրը

Առաջին գլուխ։ Ի՞նչ է միտքը

1. Այս տերմինի տարբեր նշանակությունները

Ոչ մի բառ այնքան հաճախ չենք օգտագործում, որքան մտածողությունն ու միտքը: Իսկապես, այնքան հաճախ և այնքան տարբեր իմաստներով ենք այդ բառերն օգտագործում, որ հեշտ չէ ճշգրիտ սահմանելը, թե ինչ ենք հասկանում այդ բառերն ասելիս: Այս գլխի նպատակը մի որոշակի նշանակություն գտնելն է: Դրան կարող է նպաստել մի քանի բնորոշ դեպքերի ուսումնասիրությունը, որտեղ այդ բառերը գործածվում են: Նախ և առաջ` միտք բառը, մեղմ ասած, շատ լայն է օգտագործվում:  Ամենը, ինչը գալիս է մտքներիս, ինչ «փչում է խելքներիս», միտք ենք անվանում:  Մտածել տրված բանը` կնշանակի ինչ-որ ձևով գիտակցել դա: Երկորդ` տերմինն ավելի սահմանափակ նշանակություն է ստանում բացառելով այն, ինչն անմիջապես տրված է. մտածում ենք միայն այն բաները (կամ այն բաների մասին), որ անմիջապես չենք տեսնում, չենք լսում, հոտը չենք առնում և չենք շոշափում: Այնուհետև, երրորդ, նշանակությունն ավելի է սահմանափակվում` նկատի ունենալով յուրովի ակնհայտության կամ ապացույցի վրա հիմնվող վստահությունը:  Այս երրորդ դեպքում պետք է երկու տեսակ, կամ ավելի ճիշտ, երկու աստիճան տարբերել: Որոշ դեպքերում վստահությունը ձեռք է բերվում հիմնավորումը, որով այն հաստատվում է, պարզելու թույլ փորձի արդյունքում կամ համարյա առանց փորձի: Այլ դեպքերում վստահության հիմնավորումը կամ պատճառը ուշադիր ուսումնասիրվում են, և դիտարկվում է հիմնավորելու դրանց կարողությունը: Այս պրոցեսը կրում է ռեֆլեկտիվ մտածողություն անվանումը. իրականում միայն նա դաստիարակչական արժեք ունի և հետևաբար այս գրքի հիմնական առարկան է:

Ամենալայն իմաստով մտածելը նշանակում է այն ամենը, ինչը, ինչպես ասում են, «գլուխդ գալիս է», կամ «մտքիդ գալիս է»: Նա, ով ձեր մտքերին «գրոշ չի տալիս», չի կարող մեծ բան անել: Իր կարիքի առարկան միտք անվանելով` կարծում է դրան մեծություն, հաջորդականություն և ճշմարտացիություն վերագրեց: Ցանկացած աղոտ միտք, ուղղակի հիշողություն կամ տպավորության նշույլ կբավարարեն նրա պահանջներին: Երազելը, օդային դղյակներ կառուցելը, պատահական և տարանջատված նյութի ազատ հոսքը, որոնք հանգստի ժամանակ անցնում են մեր մտքով, սրանք բոլորը այդ ոչ որոշակի իմաստով մտածողություն են: Մեր արթուն ժամանակի մի մասը, ավելի շատ, քան կցանկանայինք մեզ խոստովանել, անց ենք կացնում այդ անօգուտ մտքերի և անառարկայական երազանքների հետ:

Տերմինի այս ընկալմամբ բութ և հիմար մարդիկ են մտածում: Պատմում են մի մարդու մասին, ով մտքի առումով վատ համբավ ուներ և ցանկանալով Նոր Անգլիայի իր քաղաքում ընտրվել` դիմել էր իր հարևաններին հետևայալ կերպ. «Լսել եմ, որ կասկածում եք, թե ես բավարար չափով գիտակ եմ, որպեսզի կատարեմ պարտականությոնները: Խնդրում եմ հասկանաք, որ ժամանակիս մեծ մասը ծախսում եմ տարբեր բաների մասին մտածելով»: Ինչ վերաբերում է ռեֆլեկտիվ մտածողությանը, մտքերի այս պատահական հոսքին այն նման է նրանով, որ նույնպես կազմված է մտքի առարկաների հաջորդականությունից, բայց տարբերվում է նրանով, որ նրա համար բավարար չէ պատահական «այս կամ այն բանի» պատահաբար հայտնվելը: Ռեֆլեքսիան ենթադրում է ոչ թե գաղափարների սովորական շարք, այլ դրանց կարգավորված հաջորդականություն, որպեսզի յուրաքանչյուրը որոշի հաջորդին` որպես հետևություն, և միևնույն ժամանակ հենվի նախորդի վրա: Ռեֆլեկտիվ մտածողության հաջորդական մասերը բխում են մեկը մյուսից և աջակցում իրար. նրանք գալիս ու գնում են առանց խառնվելու: Յուրաքանչյուր մասը աստիճան է մեկից մյուսին, տեխնիկական լեզվով ասած՝ դրանք մտքի անդամներ են: Յուրաքանչյուր անդամ ներդրում է անում, որից օգտվում են մյուս անդամները: Հոսքը կամ հոսանքը դառնում է կապ, շղթա, թել:

Նույնիսկ երբ մտածողությունն օգտագործվում է լայն իմաստով, սովորաբար սահմանափակվում է առարկաներով, որ անմիջապես տրված չեն. որոնք չենք տեսնում, չենք հոտոտում, չենք լսում և չենք շոշափում: Հարցնում ենք մարդուն, որ մեզ ինչ-որ բան է պատմում, թե ինքը տեսել է` ինչպես է պատահարը տեղի ունեցել, և նա կարող է պատասխանել. «Ոչ, հորինել եմ»: Այստեղ հորինվածքի երանգ կա, ինչը տարբերվում է դիտարկման հավաստի հաշվետվությունից: Այս բաժնում ամենակարևորը մտացածին դեպքերի և պատահարների հաջորդականությունն է, որոնք որոշակի կապի մեջ լինելով, որոշակի ժամանակ իրարից կախված լինելով, ընկած են եզրահանգումների համար ազատորեն օգտագործվող մտքերի և դատողությունների զարդանախշային փոփոխությունների  միջև: Երեխաների հորինած պատմությունները ներքին հաջորդականության տարբեր աստիճաններ ունեն. մի մասը ցրված են, մյուսները՝ հստակ: Երբ դրանք կապակցված են, խթանում են ռեֆլեկտիվ մտածողությունը. իսկապես, դրանք մեծ մասամբ առաջանում են տրամաբանական կարողություններով օժտված ուղեղներում: Երևակայության այս աշխատանքը հաճախ նախորդում է կապակցված մտածողությանը և նրա համար ճանապարհ հարթում: Բայց այն գիտելիքի, ճշմարտությունների և առարկաների վերաբերյալ վստահության չի ձգտում և դրանով տարբերվում է ռեֆլեկտիվ մտածողությունից, նույնիսկ երբ շատ է հիշեցնում այն: Նման մտքեր արտահայտողները ոչ թե վստահություն են ակնկալում, այլ ավելի շուտ լավ հորինվածքի կամ հստակ զարգացման ճանաչում: Նրանք լավ պատմվածք են ստեղծում, այլ ոչ թե գիտելիք, եթե պատահականությունները չհաշվենք: Նման մտքերը զգացմունքների արտահոսք են. դրանց նպատակը տրամադրությունը կամ զգացողությունն ուժեղացնելն է. նրանց կապում է զգացմունքների հաջորդականությունը:

Նեղ իմաստով միտքը նշանակում է որևէ հենքի վրա հիմնված վստահություն, այսինքն իրական կամ ենթադրյալ գիտելիք, որ դուրս է անմիջականորեն տրվածի սահմաններից:  Այն նշվում է որպես ինչ-որ բանի ընդունում կամ մերժում, որպես խելամտորեն հնարավոր կամ անհնար: Սակայն, մտքի այս աստիճանը վստահության երկու այնքան տարբեր տեսակ է ընդգրկում, որ չնայած դրանց տարբերությունը միայն աստիճանն է, այլ ոչ թե էությունը, բայց գործնականում անհրաժեշտ է դրանք առանձին դիտարկել:  Երբեմն վստահությունն առաջանում է առանց այն բանի, որ դրա հիմքերը դիտարկված լինեն. ուրիշ դեպքերում առաջանում է, որովհետև ուսումնասիրվում են հիմքերը:

Երբ ասում ենք` «մարդիկ կարծում էին, թե երկիրը հարթ է», կամ «մտածում էի, որ դուք անցաք տան կողքով», վստահություն ենք արտահայտում` ինչ-որ բան ընդունվում է, ինչ-որ բանի հետ համաձայնում ենք, ինչ-որ բան պնդում ենք: Բայց նման մտքերը կարող են ենթադրություն արտահայտել, որ ընդունվում է անկախ իրական հիմքերից: Վերջինները կարող են բավարար լինել կամ ոչ, բայց դրանց նշանակությունը կարծիքը հիմնավորելու համար չի ուսումնասիրվել:

Նման մտքերն առաջանում են անգիտակցաբար, անկախ ճիշտ կարծիքի հասնելուց: Դրանք ձեռք են բերվում, և չգիտենք՝ ինչպես: Անհայտ աղբյուրներից, չհետազոտված ճանապարհներով դրանք ճանաչման են հասնում և անգիտակցորեն դառնում մեր մտավոր ունեցվածքի մասը: Դրանք առաջացնում են սովորույթները, դաստիարակությունը, նմանակումը, այսինքն՝ այն ամենը, ինչից կախված է հեղինակությունն իր բոլոր ձևերով, կամ ինչը հանգեցնում է անձնական բարեկեցության կամ բավարարում ուժեղ կիրքը: Նման մտքերը նախապաշարում են, այսինքն՝ կողմնակալ, այլ ոչ ակնհայտի դիտարկումից բխող դատողություններ:

Վստահության հանգեցնող մտքերը հատուկ նշանակություն ունեն, որը դեպի ռեֆլեկտիվ մտածողություն, վստահության տեսակի, պայմանների ու բնույթի բարեխիղճ ուսումնասիրում է տանում: Օդային կետերի և ամպային ուղտերի մասին մտածելը նշանակում է զբաղվել մտքերով, որոնք ցանկաթյան դեպքում կարելի է շպրտել, և որոնք, մասնավորապես, ոչ մի վստահության չեն հանգեցնում: Բայց մտածել, որ երկիրը հարթ է, նշանակում է իրական առարկային որակ վերագրել՝ որպես նրա իրական հատկություն: Այս եզրահանգումը առարկաների միջև կապ է ցույց տալիս և չի կարող, երևակայության պատկերների նման, մեր ցանկությամբ փոխվել: Երկրի հարթ լինելու վստահությունը ստիպում է նրան, ով ունի այդ մոտեցումը, նաև այլ առարկաների մասին որոշակի ձևով մտածել՝ ինչպես երկնային մարմինների, անտիպոդների, ծովագնացության հնարավորությունների։ Դա մարդուն թելադրում է այդ առարկաների մասին իր պատկերացումներին համապատասխան արարքներ:

Միայն վստահությունը ուրիշների և վարքի համար այնքան կարևոր նշանակություն կարող է ունենալ, որ մարդիկ ստիպված են լինում քննարկել իրենց վստահության հիմքերը կամ պատճառները և դրա տրամաբանական հետևանքները: Սա արդեն ռեֆլեկտիվ մտածողություն է, մտածողություն` ամենալավ և վառ իմաստով:

Մարդիկ երկիրը հարթ էին պատկերացնում այնքան ժամանակ, մինչև Կոլումբոսը սկսեց մտածել, որ այն գնդաձև է: Նախկին միտքը կարծիք էր, որ երկար պահպանվել էր, որովհետև մարդկանց էներգիան և խիզախությունը բավարար չէին՝ հարցեր տալու այն մասին, ինչն ընդունում ու սովորեցնում էին իրենցից բարձր կանգնած մարդիկ, և հատկապես այն պատճառով, որ դա ակնհայտ փաստերից էր բխել և դրանցով էր հաստատվում: Կոլումբոսի միտքը դատողությունների արդյունք էր: Այն փաստերի ուսումնասիրությունից, ակնհայտը հետազոտելուց և վերանայելուց, տարբեր տեսակի հիպոթեզներ միահյուսելուց և այդ տեսական եզրահանգումները իրար հետ և հայտնի փաստերի հետ համեմատելուց արված եզրահանգում էր: Նա իր մտքին հանգեց այն բանի հետևանքով, որ կասկածում էր ու հետազոտում: Թերհավատորեն վերաբերվելով նրան, ինչ երկարատև սովորույթի շնորհիվ ամենահաստատն էր թվում, և վստահելով նրան, ինչ անհնար էր թվում, նա շարունակում էր մտածել, մինչև կարողացավ ակնհայտորեն ապացուցել ինչպես իր վստահությունը, այնպես էլ իր կասկածները: Եթե նույնիսկ վերջում նրա եզրահանգումը սխալ լիներ, միևնույն է, այն ուրիշ տեսակի կարծիք կլիներ, քան այն, որի հետ նա վիճում էր, քանի որ ուրիշ մեթոդով էր ձեռք բերվել: Ռեֆլեկտիվ մտածողություն են ձևավորում հենց որևէ կարծիքի, գիտելիքի ենթադրյալ ձևի ակտիվ, համառ և ուշադիր քննարկումը այն հիմքերի տեսանկյունից, որոնց վրա հենվում է, և դրանից բխող հետագա եզրահանգումների վերլուծությունը: Մտածողության երեք տեսակներից յուրաքանչյուրը կարող է տիպ առաջացնել, բայց մեկ անգամ առաջանալով, այն դառնում է կարծիքը դատողությունների ամուր հիմքի վրա հաստատելու գիտակցված և նպատակաուղղված ձգտում:

2. Մտածողության կենտրոնական գործոնը

Սակայն վերը նշված տարբեր գործողությունները ճշգրիտ սահմանազատող գծեր չկան: Մտածողության ճիշտ հմտությունների հասնելու խնդիրը շատ ավելի հեշտ կլիներ, քան կա, եթե մտածողության տարբեր տեսակներն աննկատ չխառնվեին իրար: Մինչև այժմ հիմնականում քննարկել ենք յուրաքանչյուր տեսակի ծայրագույն դեպքերը, որպեսզի պարզենք գործունեության դաշտերը: Հիմա հակառակն անենք և դիտարկենք մտածողության՝ ակնհայտը մանրազնին ուսումնասիրելու և մտքերի սովորական անպատասխանատու ընթացքի միջև ընկած տարրական դեպքը: Մի տաք օր մարդը զբոսնում է: Երբ վերջին անգամ նայել էր երկնքին, այն պարզ էր. բայց հիմա, չնայած ուրիշ բանով է զբաղված, զգում է, որ սկսում է օդը սառել: Մտածում է, որ հավանաբար անձրև կգա. վերև նայելով՝ տեսնում է արևը ծածկած սև ամպը և քայլերն արագացնում է: Նման իրավիճակում ի՞նչը կարող է միտք կոչվել, եթե իհարկե, ընդահանրապես, ինչ-որ բանը կարող է: Ո՛չ զբոսնելու ընթացքը, ո՛չ ցրտի զգացողությունը միտք չեն: Զբոսնելը գործունեության մի ուղղություն է, նայելը և դիտարկելը՝ գործունեության այլ տեսակներ: Սակայն անձրևի հավանականությունը ինչ-որ ներշնչանք է: Հետիոտնը ցուրտ է զգում. նա մտածում է ամպերի և սպասվող անձրևի մասին:

Մինչև հիմա սա նման է այն վիճակին, երբ ինչ-որ մեկը, նայելով ամպերին, հիշում է մարդկային ուրվագիծ ու դեմք: Երկու՝ հավատի առաջացման թե սովորական երազանքի դեպքում էլ մտածողությունը ենթադրում է նկատված կամ զգայարաններով ընդունած փաստ, որին հետևում է ինչ-որ ուրիշ բան, որը չի դիտվել, բայց որը միտքն է եկել տեսած առարկայի պատճառով: Հենց մի բան խոսում ենք, դա հիշեցնում է ուրիշ բանի մասին: Սակայն այս երկու դեպքերում ներշնչման ազդակների նմանության հետ մեկտեղ առկա է նաև խիստ տարբերության գործոնը: Չենք հավատում, որ ամպերում դեմք գոյություն ունի, նույնիսկ չենք քննարկում հնարավորությունը, որ այն կարող է փաստ լինել: Այստեղ ռեֆլեկտիվ մտածողություն չկա: Բայց անձրևի վտանգը, հակառակը, մեզ լրիվ հնարավոր է թվում, հավանական փաստ, իր բնույթով այնպիսին, ինչպիսին ցուրտն է: Այլ կերպ ասած, մենք ամպին չենք նայում որպես նկար կամ դեմքի պատկերում, այլ որպես ուղղակի այդ պատկերը հրահրող, մինչդեռ համարում ենք, որ ցուրտը կարող է անձրև նշանակել: Առաջին դեպքում առարկան տեսնելիս, կարծես պատահականորեն, մտքներիս ուրիշ ինչ-որ բան է գալիս. երկրորդում մենք հետազոտում ենք դիտվող և հրահրող օբյեկտների միջև կապի հնարավորությունը և բնույթը: Տեսանելի առարկան դիտարկվում է որպես ինչ-որ առումով պատճառ կամ հրահրվող առարկայի վստահության հիմնավորում (suggested). այն ակնհայտ լինելու հատկություն ունի:

Այս գործառույթը, որի շնորհիվ մի առարկան նշում կամ ցույց է տալիս մի ուրիշ առարկա և այդպիսով, քանի որ մեկը կարող է երաշխավորել մյուսի նկատմամբ վստահությունը, մեզ ստիպում ուսումնասիրել, ցանկացած ռեֆլեկտիվ մտածողության կենտրոնական գործոնն է կամ բացառապես մտավոր մտածողություն:  Հիշելով տարբեր իրավիճակներ, որոնց նկատմամբ կարելի է կիրառել «նշել» կամ «ցույց տալ» տերմինները, ուսումնասիրողն ավելի լավ կպատկերացնի ռեֆլեկտիվ մտածողության բառերով նշանակող իրական փաստերը: Այս տերմինների հոմանիշներն են` ակնարկել, ինչ-որ բանի մասին խոսել, նշանակել, կանխատեսել, ներկայացնել, ինչ-որ մեկի փոխարեն հանդես գալ, ընդգրկել:  Այսպիսով, ասում ենք, որ մի առարկան նախորդում է մյուսին, կանխորոշում այն, նրա նշանը կամ նրա բանալին է, կամ եթե կապը չափազանց աղոտ է, որ այն ակնարկ, թել կամ ցուցում է տալիս: Այսպիսով, ռեֆլեքսիան ենթադրում է, որ ինչ-որ առարկայի հարցում վստահ ենք (կամ վստահ չենք) ոչ միայն հենց իր պատճառով, այլ ինչ-որ այլ բանի շնորհիվ, ինչը վկայություն է, ակնհայտություն, ապացույց, միջնորդություն, երաշխավորություն, այսինքն՝ վստահության պատճառ:   Մի անգամ մենք իրականում զգում ենք կամ անմիջապես շոշափում ենք անձրևը. մյուս անգամ խոտի կամ ծառերի տեսքից եզրակացնում ենք, որ անձրև է եկել, կամ օդի վիճակից կամ բարոմետրի ցուցմունքից` որ անձրև կգա:  Մի անգամ անմիջապես տեսնում ենք մարդուն (կամ ենթադրում ենք, որ տեսնում ենք), մի ուրիշ անգամ լրիվ վստահ չենք, որ տեսնում ենք, և ընդունելու համար հարակից փաստեր ենք փնտրում, որոնք պետք է նշան, ցուցում, հայտանիշ ծառայեն:

Հետևաբար, այս նպատակով մտածողությունը կսահմանվի որպես գործողություն, որի ընթացքում առկա փաստերը հրահրում են նոր փաստեր (կամ իրողություններ) այնպես, որպեսզի վերջինների վստահությունը բխի սկզբնականների հիմքից կամ երաշխիքից: Միայն եզրակացության վրա հիմնված կարծիքը նույն ամուր աստիճանին չենք դնում վստահության հետ: Երբ ասում են «այդպես եմ կարծում», նշանակում է, որ «դեռ չգիտեմ»: Արտածված կարծիքը հետագայում կարող է հաստատվել և հիմնավոր դառնալ, բայց այն միշտ ենթադրության որոշակի տարր է կրում: 

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский