Երբ կարդում էինք Բակունցի «Մթնաձորը»
Primary tabs
Մանկավարժական գործունեությանս ընթացքում, ինչպես ֆիլմի հերոսը կասեր՝ «…հասկացել եմ մի պարզ ճշմարտություն». ամենահաջողված ուսումնական գործունեությունն ու արդյունքները ստացվում են այն ժամանակ, երբ սովորողներն են հանդես գալիս որպես նախաձեռնողներ, երբ հաճույք են զգում իրենց արածից ու սովորածից:
6-րդ դասարանցիների հետ կարդում էինք Բակունցի «Մթնաձորը», բացատրում յուրաքանչյուր բառն ու պատկերը, փորձում պատկերացնել «այդ կուսական ու վայրի աշխարհը, ուր ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում»: Այդ ժամանակ սովորողներից մեկն ասաց. «Ես այս մասը այսպես կնկարեի…»: Եվ որոշեցինք՝ ամեն մեկս ընտրի իրեն դուր եկած հատվածը, որ նկարի: Ոգևորվեցին, անգամ ուսումնական գործընթացում դժվարությամբ ընդգրկվող սովորողներն ակտիվացան. բոլորն էին ցանկանում մասնակցել:
Արդեն հաջորդ դասաժամին բակում էինք վրձիններով, գուաշներով և ջրաներկերով. նկարեցինք, նկարվեցինք ու ձայնագրվեցինք:
Չնայած ժամանակային առումով խնդիրներ ունեցանք, բայց միշտ էլ հաճելի է լսելը, երբ սովորողն ասում է.
-Ինձ այս ամենը դուր եկավ:
Ուսումնական գործունեության ժամանակ ձայնագրությունը կարևոր և ուսուցանող է. սովորողները հետո լսում են իրենց խոսքը, զգում թերությունները, ապա անդրադառնում:
Ստեղծագործության քննարկման ժամանակ էլ, անդրադառնալով գլխավոր ասելիքին և կերպարներին, սովորողները հատկապես ակտիվացան Պանինին բնութագրելու ժամանակ՝ մի մասն արդարացնում էր, մյուսը մասը՝ մեղադրում: Այստեղ էլ որոշեցինք ժամանակային առումով շահելու, ինչպես նաև բոլոր սովորողներին կարծիք հայտնելու հնարավորություն տալու համար կազմակերպել առցանց դաս: Բոլոր սովորողները հնարավորություն ունեցան մասնակցելու, կարդում էին մեկը մյուսի գրածները, ապա պատասխանում՝ գրելով իրենց կարծիք-պատասխանը, ընդ որում աշխատում էին չկրկնվել, իրենց կարծիքները, պատասխանները հստակ, հասկանալի շարադրել և իրենց տեսակետը փաստարկված, պատճառաբանված ու տրամաբանված ներկայացնել:
Որպես ամփոփում
Սովորողները լսելով իրենց խոսքը՝այնուհետ սկսեցին ավելի ուշադիր լինել կարդալիս կամ ինչ-որ բան ներկայացնելիս, այլ կերպ ասած՝ սկսեցին կարևորել իրենց խոսքը: Առցանց քննարկման արդյունքում էլ սկսեցին ուշադիր լինել ամեն խոսքի ու բառի հանդեպ, չէ՞ որ քննարկելիս, մեղադրելիս և արդարացնելիս նրանց անհրաժեշտ էին հենց այն մանրուքները, որոնք հաճախ անտեսում են: Աշխատանքը նպաստեց տրամաբանության զարգացմանը, ինչպես նաև փաստերին, երևույթներին, մարդկանց տարբեր տեսանկյուններից նայելու հատկանիշի զարգացմանը :
- Բացվել է 2014 անգամ