Ինչպես ենք մտածում. գլուխ 2

Հեղինակ: 

Սկիզբը

Երկրորդ գլուխ: Միտքը դաստիարակելու անհրաժեշտություն

Մտքի կարևորության մասին շատ խոսելն անմտություն կլիներ: Մարդու ավանդական բնորոշումը` «մտածող կենդանի», նշում է, որ միտքը մարդու և կենդանու հիմնական տարբերությունն է. իհարկե, սա կարևոր է: Մեր նպատակի համար ավելի նշանակություն ունի, թե ինչքան կարևոր է միտքը, քանի որ այս հարցի պատասխանը կլուսաբանի մտքի վարժության այն տեսակը, որը պահանջվում է նպատակին հասնելու համար:

1. Մտքի արժանիքները

Միայն ակամա կամ ընդամենը առօրեական գործունեությունից խուսափելու միակ մեթոդը միտքն է տալիս: Մտածելու կարողություն չունեցող էակը ենթարկվում է միայն բնազդներին և ախորժակին, քանի որ դրանք արտաքին պայմաններից և օրգանիզմի ներքին վիճակից են առաջանում: Նման ձևով շարժվող էակին կարծես ետևից են հրում: Սա այն է, ինչ անվանում ենք կենդանական արարքների կույր բնույթ: Գործողը չի տեսնում նպատակները, հանուն որոնց գործում է, և չի կանխատեսում այս կամ այն ուղղությամբ իր գործունեության արդյունքները: Նա «չգիտի` ինչով է զբաղված»: Որտեղ միտքը կա, այդտեղ առկա իրերը գործում են որպես նշաններ կամ  դեռ փորձով չստուգված առարկաների ցուցումներ: Մտածող էակը, հետևաբար, կարող է գործել անհայտի և ապագայի հիման վրա: Ռեֆլեկտիվ մտածողություն ունեցող մարդը փոխանակ որոշակի գործողության դրդվի ուժերի, բնազդների և սովորույթների ուղղակի ազդեցության տակ, որոնք չի գիտակցում, գործողության է մղվում (գոնե, մինչև որոշակի աստիճան) ինչ-որ հեռու օբյեկտով, որի մասին անմիջական գիտելիք չունի:

I. Երբ անձրև է սպառնում, միտք չունեցող կենդանին կարող է իր որջը մտնել օրգանիզմի վրա անմիջական ազդեցության հետևանքով: Մտածող մարդը կտեսնի, որ որոշակի տվյալներ սպասվող անձրևի հավանական նշաններ են, և կարագացնի քայլերը՝ սպասվող ապագայի լույսի ներքո: Սերմ ցանելը, հող մշակելը, բերքը հավաքելը կանխամտածված գործունեություն է, որ հնարավոր է միայն այն էակի համար, ով սովորել է փորձի անմիջականորեն շոշափվող տարրերը ենթարկել այն արժեքներին, որոնք դրանք ակնարկում և կանխատեսում են: Փիլիսոփաները «բնության գիրքը-բնության լեզուն է» արտահայտությունը շատ են կարևորել:  Այսպիսով, մտքի հատկությունից է կախված, որ առկա իրերը նշանակեն բացակայող առարկաներ, և որ բնությունը խոսի մի լեզվով, որը կարելի է մեկնաբանել: Մտածող էակի համար իրերը հաշվետվություններ են իր անցյալի մասին, ինչպես բրածոները խոսում են երկրի անցյալի մասին և կանխատեսում են նրա ապագան, ինչպես երկնային մարմինների ներկա դասավորությունը կանխատեսում է հեռավոր խավարումները: Շեքսպիրյան «ծառերի լեզուն, քրքջացող առվակի գիրքը» բավականին ճշգրիտ են արտահայտում այն ուժը, որ հաղորդվում է կենդանի էակներին, երբ նրանք դիմում են մտածող էակին:  Մեկնաբանելու գործառույթից են կախված ցանկացած կանխատեսում, ցանկացած մտավոր ծրագիր, քննարկում և հաշվարկ:

II. Մարդը մտքի միջոցով նաև զարգացնում և ստեղծում է արհեստական նշաններ, որոնք նրան նախօրոք հիշեցնում են հետևանքների և օգնության ու դրանցից խուսափելու միջոցների մասին: Նոր նշված գիծն ինչպես ցույց է տալիս վայրենու և կենդանու տարբերությունը, այնպես էլ նշում է քաղաքակիրթ մարդու և վայրենու տարբերությունը:  Գետի վրա նավաբեկության ենթարկված վայրենին կարող է որոշակի առարկաներ նկատել, որոնք հետագայում նրա համար վտանգի նշաններ կարող են լինել: Իսկ քաղաքակիրթ մարդը կանխամտածված ձևով այդպիսի նշաններ է անում. խարիսխավոր լողաններ է տեղադրում, որոնք զգուշացնում են նավաբեկության մասին, վտանգավոր տեղերում փարոսներ է կառուցում: Վայրենին մեծ վարպետությամբ գլուխ է հանում բնության նշաններից. քաղաքակիրթ մարդը կազմակերպում է եղանակային դիտարկումներ, որոնց շնորհիվ նշանները արհեստականորեն ձեռք են բերվում, և տվյալները հաղորդվում են ավելի շուտ, քան կերևան նշաններ, որոնք կարելի կլինի նկատել առանց հատուկ մեթոդների: Թավուտում վայրենին հեշտությամբ գտնում է ճանապարհը ՝ ճանաչելով որոշ աղոտ նշաններ. քաղաքակիրթ մարդը մեծ ճանապարհ է բացում, որը բոլորին է ցույց տալիս ուղին: Վայրենին սովորում է հայտնաբերել կրակի նշանները և, այդպիսով, կրակ ստանալու մեթոդներ գտնել. քաղաքակիրթ մարդը լույս և ջերմություն ստանալու մշտական պայմաններ է հայտնագործում, երբ էլ դրանք պետք լինեն: Քաղաքակրթության բուն էությունն այն է, որ հատուկ ենք կառուցում հուշարձաններ, որպեսզի չմոռանանք. դիտավորյալ, նախքան տարբեր տեսակի առօրյա դեպքերի կատարվելը, միջոցներ ենք ստեղծում, որ հետաձգենք դրանց մոտենալը կամ որոշենք դրանց բնույթը, որ հեռացնենք վնասակարը կամ, գոնե, մեզ պաշտպանենք ուղղակի բախումից և որ պահպանենք ու զարգացնենք նպաստավորը: Արհեստական բոլոր հարմարանքները բնական իրերի կանխամտածված ձևափոխումներն են, որպեսզի դրանք ավելի լավ, քան բնական վիճակում, կարողանան ծառայել նշելու այն, ինչ թաքնված է, բացակայում է և հեռու է:

III. Վերջապես, միտքը ֆիզիկական երևույթներին և օբյեկտներին տալիս է լրիվ ուրիշ կերպար և արժեք, քան դրանք երևում են չմտածող էակի աչքին: Այս բառերը սովորական խզբզոց են, լույսի և ստվերի տարօրինակ փոփոխություն  նրա համար, ում համար սրանք լեզվաբանական նշաններ չեն: Իսկ ում համար դրանք ուրիշ առարկաների նշաններ են, յուրաքանչյուրն օժտված է որոշակի անհատականությամբ` իր նշանակությանը համապատասխան, որը սովորաբար փոխանցում է:  Նույնը վերաբերում է նաև բնության օբյեկտներին: Աթոռը մի օբյեկտ է այն մարդու համար, ում մոտ գիտակցաբար միտք է առաջացնում դրա վրա նստելու, հանգստանալու կամ հասարակության մեջ խոսակցություն վարելու մասին, և այլ օբյեկտ նրա համար, ում համար հոտոտելու կամ քաղցի, կամ ցատկի առարկա է: Քարը մի բան է նրա համար, ով գիտի դրա պատմությունը և հետագա օգտագործումը, և ուրիշ բան նրա համար, ով ուղղակի այն անմիջապես զգում է իր զգայարաններով: Միայն քաղաքավարությունից դրդված կարող ենք ասել, որ չմտածող կենդանին ընդհանրապես փորձով ճանաչել է օբյեկտը. ամենը, ինչ մենք օբյեկտ ենք համարում, հատկություններ ունի, որոնք ուրիշ առարկաների հատականիշ են:

Անգլիացի մի տրամաբան` Վենը,  նշել է, որ դեռ հարց է` շունն ավելի լավ ծիածան է տեսնում, թե հասկանում է այն երկրի քաղաքական սահմանադրությունը, որտեղ ապրում է: Նույն սկզբունքը կիրառելի է նաև շան բնի համար, որտեղ նա քնում է և մսի, որն ուտում է: Երբ շան քունը տանում է, նա մտնում է բունը, երբ սոված է, նրան գրավում են մսի հոտը և գույնը, բայց սրանից բացի ի՞նչ իմաստով է նա տեսնում օբյեկտը: Իհարկե, նա չի տեսնում տները, այսինքն, հատկություններ ունեցող և մշտական բնակությանը վերաբերող առարկաներ, եթե միայն դա բացակայող իրի մշտական հատկանիշ չի կարող դարձնել, եթե չի կարող մտածել: Նմանապես նա միս չի տեսնում այնտեղ, ինչ ուտում է, եթե դա բացակայող հատկությունների մասին պատկերացում չի առաջացնում, որի արդյունքում այն ինչ-որ կենդանու որոշակի մասն է և, ինչպես հայտնի է, կարող է որպես սնունդ ծառայել: Չենք կարող ճշգրիտ ասել, թե ինչ կմնա բոլոր կարևոր որակներից զրկված օբյեկտից, բայց կարող ենք վստահ լինել, որ այդ դեպքում օբյետը լրիվ ուրիշ իր կդառնա, քան այն, որ մենք ենք ընկալում: Բայց, դրանից բացի, ճշգրիտ սահման չկա առարկայի հատկությունները շատացնելու դեպքում, թե ինչպիսն է այն թվում զգայարանին և ինչպիսին՝ մտքին, կամ ինչպես է այն հանդես գալիս ուրիշ առարկաների խորհրդանիշի դերում:  Հիմա երեխան շուտ է սկսում առարկայի հիմնական հատկություն համարել այն որակները, որոնք երբևէ հասանելի էին միայն Կոպեռնիկոսի կամ Նյուտոնի մտքին:

Մտքի կարողության այս տարբեր իմաստները կարող են ամփոփվել Ջոն Ստյուարտ Միլի հետևյալ ասույթով:  «Եզրահանգումներ անելը,- ասում է նա,- կյանքի մեծագույն խնդիրն է ճանաչվել: Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե մեզանից յուրաքանչյուրն անհրաժեշտություն է ունենում համոզվելու փաստերում, որոնք ինքն անմիջապես չի դիտարկել, և այդ անհրաժտությունը բխում է ոչ թե մեր ունեցած տեղեկությունները շատացնելու ձգտումից, այլ մեր հետաքրքրությունների և գործերի համար այդ փաստերի կարևորությունից: Քաղաքացիական պաշտոնատար անձը, զինվորական ղեկավարը, նավաստին, բժիշկը, հողագործը ստիպված են գնահատել այդ ապացույցները և հաշվի առնել դրանք: Դա լավ կամ վատ անելով` մարդիկ իրենց կոչումից բխող պարտականությունները կատարում են համապատասխան ձևով: Միայն այդ զբաղմունքից նագիի[1] ոգին երբեք չի ազատվում»:

2. Այդ արժեքների իրականացման համար ուղեցույցի նշանակությունը

Այն, ինչ մարդը պետք է անի ոչ միայն ամեն օր և ամեն ժամ, այլ նույնիսկ ամեն րոպե, ինչ-որ հատուկ կամ անհասկանալի բան չէ, մյուս կողմից, դա անկարևոր և աննշան չէ: Այդ ֆունկցիան պետք է բնորոշ լինի մտքին և չվնասված մտքում պետք է գործի յուրաքանչյուր հարմար դեպքում: Հենց այն պատճառով, որ դա եզրահանգում կատարելու, այն փորձով հիմնավորելու և անողղակի ճանապարհով վստահության հասնելու պրոցես է, այն կարող է նաև սխալ ընթանալ, և այդ պատճառով էլ կարիք ունի պահպանվելու և դաստիարակվելու: Ինչքան մեծ է նրա նշանակությունը, այնքան ավելի մեծ է վնասը այն բանից, որ այն վատ է կատարվում:

Միլից ավելի վաղ գրող Ջոն Լոկը (1632 — 1704) հետևյալ բառերով բացահայտում է մտքի նշանակությունը կյանքի համար և դաստիարակելու անհրաժեշտությունը, որպեսզի իրականացվեն կյանքի լավագույն, այլ ոչ վատթար հնարավորությունները: «Երբեք ոչ մի մարդ որևէ բան չի անում առանց նպատակի, ինչը հիմք է ծառայում այդ գործողության համար, և ինչ կարողություններից էլ նա օգտվի. գիտակցությունը նրան մշտապես առաջնորդում է լավ թե վատ ուղղված այն լույսով, որ ունի, և այդ լույսը` ճշմարիտ թե կեղծ, ուղղորդում է նրա բոլոր գործնական ուժերը... Տաճարներում սրբապատկերներ կան, և տեսել ենք, թե մարդկության մեծ մասի վրա դրանք ինչ ազդեցություն են ունենում:

Բայց իրականում մարդկանց մտքում եղած գաղափարներն ու պատկերներն են այն անտեսանելի ուժերը, որ մշտապես նրանց ուղեկցում են, և որոնց ամենուր և միշտ բոլորը ենթարկվում են ամբողջությամբ: Այդ պատճառով վերին աստիճանի կարևոր է, որ գիտակցության մասին շատ հոգ տանեն` ճիշտ ուղղորդելով այն գիտելիք փնտրելիս և դատողություններ կազմելիս»: Եթե մտքից է կախված ինքնակամ ամբողջ գործունեությունը և այն կիրառությունը, որ անում ենք մեր այլ կարողություններով, ապա Լոկի պնդումը, թե վերին աստիճանի կարևոր է նրա գործունեության մասին հոգալը, շատ չափավոր դիրքորոշում է: Եթե մտքի ուժն ազատում է մեզ ստրկաբար բնազդին, ախորժակին և առօրյային ենթարկվելուց, այն միևնույն ժամանակ թյուրընմբռնման և սխալվելու հնարավորություն և առիթներ է տալիս: Մեզ կենդանիներից վեր բարձրացնելով` անկման այնպիսի հնարավորություն է տալիս, մինչև ուր չի կարող ընկնել բնազդներով սահմանափակված ոչ  մի կենդանի:

3. Մշտապես կարգավորման կարիք ունեցող միտումներ

Բնական և հասարակական կյանքի մինչև որոշակի աստիճանի սովորական պայմանները մտահանգումների պրոցեսը կարգավորելու համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծում: Կենսական կարիքները հարկադրում են հիմնավոր և մշտական կարգապահություն, որին չեն կարող փոխարինել ամենախորամանկ մտածված արհեստական հնարքները: Այրված երեխան վախենում է կրակից. տանջալից հետևանքը ճիշտ եզրակացության շատ ավելի ուժգին պահանջ է առաջացնում, քան կարող էր դա անել ջերմության հատկությունների մասին խելացի խոսքը:  Հասարակական պայմաններն էլ են առավելությունը ճիշտ եզրակացությանը տալիս, որտեղ ճիշտ մտքի վրա հիմնված գործողությունը հասարակական նշանակություն ունի: Ճիշտ մտածողության այս պատժամիջոցները կարող են ազդել կյանքի կամ, գոնե մշտական անհանգստությունից ազատ խելամիտ կյանքի վրա: Թշնամու, պաշտպանության կամ սննդի, կարևոր հասարակական պայմանների նշանները պետք ճիշտ ընկալվեն: Բայց այս կարգապահական դաստիարակությունը, ինչքան էլ այն գործում է որոշակի սահմաններում, մեզ սահմանափակ շրջանից հեռու չի տանում: Մի բնագավառում տրամաբանական ճանաչողությունն արգելք չէ մեկ այլ բնագավառում անհեթեթ եզրակացության համար: Իր որսած կենդանիների գտնվելու վայրի և տեղաշարժի նշանների մասին դատողության փորձ ունեցող վայրենին կհավատա և կարևոր տեսքով դրանց սովորությունների առաջացման և կառուցվածքի մասին ամենաանհեթեթ պատմությունները կսկսի պատմել: Եթե եզրակացության վրա կյանքի պահպանման և բարօրության համար անմիջական գնահատող ռեակցիա չկա, ապա չկա նաև բնական ուշացումը սխալ կարծիք կազմելու համար: Եզրակացությունները կարող են առաջանալ փոքրագույն փաստից միայն այն պատճառով, որ պատկերացումները կենդանի են և հետաքրքիր. տվյալների մեծ քանակությունը կարող է ճիշտ եզրակացության չհանգեցնել, որովհետև գոյություն ունեցող սովորույթները հակված չեն այն թույլատրելու: Դաստիարակությունից անկախ` կա «պարզունակ դյուրահավատություն», որը հակված է չտարբերելու այն, ինչը կարգապահը ուղեղը անվանում է միտք, նրանից, ինչ անվանում է մտահանգում: Ամպերում երևացող դեմքը համարվում է յուրատեսակ փաստ միայն այն պատճառով, որ պայծառ է պատկերացվում: Բնածին միտքը` սխալների տարծման, մեծ, բայց ոչ կագապահ փորձն էլ ընդունված սխալ կարծիքների հավաքման համար արգելք չեն: Սխալները միմյանց կարող են աջակցել և մեծ քանակությամբ  ավելի ամուր հաստատված սխալ պատկերացումներում միահյուսվել: Երազը, աստղերի դիրքը, ձեռքի գծերը`լուրջ նշաններ, իսկ խաղաքարտերի դասավորությունը անխուսափելի կանխատեսում կարող են համարվել, մինչդեռ բնության երևույթները, որպես իրենց նշանակությամբ ավելի ակնառու, աննկատ են մնում: Տարբեր տեսակի նախանշաններին հավատալը, որ հիմա միայն գավառական սնահավատություն է, մի ժամանակ համընդհանուր էր: Դա հաղթահարելու համար Ճշգրիտ գիտությունների վրա հենված երկարատև դաստիարակություն պահանջվեց:

Ներկայացնելու գործունեության համար տարբերություն չկա սնդիկի սյան բարձրության միջոցով անձրև կանխագուշակել կարողանալու և կենդանիների ներքին օրգանների ու թռչունների թռիչքի միջոցով պատերազմում հաղթանակ կանխագուշակել կարողանալու միջև: Սովորական կանխագուշակության տեսանկյունից թափված աղը նույն չափով է դժբախտություն կանխորոշում, ինչքան մոծակի խայթոցը՝ մալարիա:  Միայն դիտարկման պայմանների համակարգված կանոնավորումը և հաճելի պատկերացումների սովորույթի նկատմամբ խիստ կարգապահությունը կարող են համոզել, որ մի տեսակի կարծիքները կեղծ են, իսկ մյուսները՝ ճիշտ: Սնահավատ եզրակացությունների սովորույթի փոխարինումը գիտական եզրահանգումներով զգացողությունների սրության փոփոխությունից և պատկերացումների ֆունկցիայի բնական աշխատանքից չի եղել: Դա պայմանների կարգավորման արդյունք էր, որոնց դեպքում դիտարկում և եզրահանգում կային:

Օգտակար է մի քանի փորձ նշել, որ հասկացությունները կազմելիս սխալների գլխավոր աղբյուրները դասակարգելու համար արվել են: Օրինակ` Ֆրենսիս Բեկոնը ժամանակակից գիտական մտածողության առաջացման ժամանակ թվարկել է մի քիչ տարօրինակ անունով չորս այդպիսի դասեր` «կուռքեր» (հուն.` պատկերներ), տեսիլային պատկերներ, որոնք միտքը կեղծ ճանապարհներով են տանում:  Նա դրանք անվանել է` ա) տեսակի կամ ցեղի, բ) համաժողովի, գ) քարանձավի, դ) թատրոնի կուռքեր կամ ուրվականներ. կամ, նվազ փոխաբերաբար, նկատի է ունեցել` ա) մշտական սխալական մեթոդներ (կամ, գոնե, սխալվելու գայթակղություն), որոնց արմատները թաքնված են մարդկային բնույթում ընդհանրապես, բ) մարդկային փոխհարաբերությունների և լեզվի հետևանքով առաջացող, գ) առանձին անհատին բնորոշ պատճառների հետևանքով առաջացող, և վերջապես, դ) նորաձևությունից և դարաշրջանի ընդհանուր ուղղվածությունից բխող: Մի քիչ այլ կերպ դասակարգելով կեղծ պատկերացումների պատճառները` կարող ենք ասել, որ դրանցից երկուսը ներքին են և երկուսը՝ արտաքին: Ներքիններից մեկը հավասարապես բնորոշ է բոլոր մարդկանց (որպես ընդհանուր ձգտում` հաճույքով նկատելու այն փաստարկները, որոնք հաստատում են հավանած կարծիքը, քան նրանք, որոնք դրան հակասում են), մինչդեռ մյուսի արմատը անձի անհատական խառնվածքում և սովորություններում է: Արտաքիններից մեկն առաջանում է տեսակային սոցիալական պայմաններից, նման այն միտումին, որ համարում է «որտեղ բառն է, այնտեղ փաստը», և որտեղ բառագիտական տերմինը չկա, փաստ էլ չկա. մինչդեռ մյուսը բխում է տեղի և ժամանակի հասարակական հոսանքներից: Լոկի` կեղծ հասկացություններին բնորոշ ձևերի դիտարկման մեթոդը պակաս ձևական է և կարող է ավելի լավ լուսաբանել: Դժվար թե կարողանանք ավելի լավ բան անել, քան նրա ուժեղ և յուրահատուկ լեզուն մեջբերելը, երբ թվարկելով մարդկանց տարբեր դասերը` նա ցույց է տալիս տարբեր եղանակներ, որոնց վրա միտքը սխալվում է:

Նախ` ովքեր ընդհանրապես հազվադեպ են դատողություններ անում, բայց գործում ու մտածում են ուրիշների օրինակով` լինեն ծնողները, հարևան, մինիստր կամ էլ այլ մեկը, ում նրանք ընտրել են, որպեսզի նվիրեն իրենց ամբողջ վստահությունը և այդպիսով իրենց ազատեն ինքնուրույն մտածելու և խորհելու հոգսից»:  

«Նրանք են, որ կիրքը մտքի փոխարեն են ընդունում, և, որոշելով, որ այն կղեկավարի իրենց արարքները և փաստարկները, չեն օգտվում իրենց գիտակցությունից և ուրիշին էլ չեն լսում, քանի որ չի համապատասխանում իրենց տրամադրությանը, հետքրքրություններին կամ կուսակցությանը»: 

«Երրորդ դասը նրանք են, որ սիրով և անկեղծորեն հետևում են մտքին, բայց այն բանի բացակայության պատճառով, ինչը կարելի լայն, ճիշտ հայացք անվանել, ամբողջական պատկերացում չունեն հարցի մասին: Նրանք զրուցում են մարդկանց միայն մի տեսակի հետ, կարդում են մի տեսակի գրքեր, կլսեն միայն մի տեսակի դիտողություններ... Նրանք իրենց փոքր ծովախորշում լավ հարաբերությունների մեջ են հայտնի թղթակիցների հետ, բայց չեն համարձակվի գիտելիքների բաց օվկիանոս դուրս գալ»: Սկզբնական բնական հավասար տվյալներով մարդիկ կարող են, ի վերջո, հասնել գիտելիքի և ճշմարտության բոլորովին տարբեր աստիճանի, «երբ նրանց միջև ամբողջ տարբերությունը տարածության տարբերությունն էր, որը տրված էր նրանց գիտակցությանը, որպեսզի թափառի տեղեկություններ փնտրելու համար և գլուխը լցնի գաղափարներով, գիտելիքներով և դիտարկումներով, որոնց նկատմամբ կարող է միտքը կիրառել»:

Իր աշխատանքների մեկ ուրիշ մասում Լոկը նույն գաղափարները մի քիչ այլ ձևով է արտահայտում:

«Ինչը մեր սկզբունքներին չի համապատասխանում, մեզ այնքան անհավանական է թվում, որ չենք կարողանում ընդունել դրա հնարավորությունը: Այդ սկզբունքների հանդեպ հարգանքն այնքան մեծ է, և դրանց հեղինակությունն այնքան է գերազանցում մնացածներին, որ հաճախ մերժվում են ոչ միայն ուրիշների վկայությունները, այլև սեփական զգայարանների ցուցմունքները, երբ նրանք այնպիսի ցուցմունք են տալիս, որ հակասում է այդ ընդունված կանոններին: Շատ սովորական են երեխաները, ում ուղեղում … ծնողների, դայակի կամ մեծերի կողմից ներդրվում են դրույթներ, որոնք, վստահող և նախապաշարումներից զուրկ ուղեղին ներշնչելով և աստիճանաբար ամրանալով (ճիշտ կամ սխալ), սովորույթի և դաստիարակության շնորհիվ այնքան են արմատավորվում, որ անհնար է լինում դրանք վերացնելը: Իրենց կարծիքների մասին դատող մեծահասակները, համարելով դրանց մի մասը այնքան հին, ինչպես միտքը և հիշողությունը, քանի որ չեն նկատել դրանց առաջին դրսևորումները և ձեռքբերելու ճանապարհները, կարող են դրանք սրբացնել և թույլ չտալ դրանք գռեհկացնել, շոշափել, հարցնել դրանց մասին»: Դրանք դարձնում են իրենց դրոշակը, «համարում են ճշմարիտի և կեղծի անսխալական չափանիշը, դատավոր, որին պետք է դիմել տարբեր վեճերի ժամանակ»:

Երկրորդը` այդպիսի մարդկանց կողքին կան այնպիսինները, ում ուղեղները ձուլված են նույն ձևով և մոդելավորված որոշակի հիպոթեզով: Այդպիսի մարդիկ, շարունակում է Լոկը, չմերժելով փաստերը և փորձը, չեն կարողանում համոզվել այնպիսի վկայություններով, որոնք նրանց վրա կազդեին, եթե միտքը որոշակի կարծիքի նվիրված, փակ չլիներ:

Թող ագահի կշեռքի մի նժարին որքան հնարավոր է շատ հավանական բաներ լինեն դրված, իսկ մյուսին՝ փող. հեշտ է կանխատեսելը, թե որը կկշռի: Երկրային մտքերը հողե պատնեշների նման դիմակայում են ուժեղագույն հրանոթներին:

«Հեղինակություն: Ճշմարտանմանի չորրորդ և վերջին սխալ  չափը, որի մասին դեռ կնշեմ, և որը ավելի շատ մարդկանց է շփոթության մեջ պահում, քան մնացած բոլորը միասին, համաձայնությունն է ընկերների կամ կուսակցության, շրջանում կամ երկրում ընդունված կարծիքի հետ»:

Ինչպես Բեկոնը, այնպես էլ Լոկը ցույց են տալիս, որ բացի անհատի բնական հակումներում արմատացած սխալ կարծիքների աղբյուրներից (ինչպես հապճեպ և լայն եզրակացություններ անելու հակումը), հասարակական պայմանները ձգտում են հրահրել և ամրապնդել մտածողության կեղծ սովորությունները՝ հեղինակության, գիտակցական դաստիարակության և նույնիսկ ավելի նենգ միջոցով՝ լեզվի կիսագիտակցական ազդեցության, կրկնօրինակման, համակրանքի ու ներշնչման: Հետևաբար, դաստիարակությունը անհատին պետք է ոչ միայն նրան սեփական մտքի շփոթեցնող ձգտումներից պաշտպանի՝ կասկածների հապճեպություն, սեփական հետաքրքրությունների հետ համընկնողի նախապատվություն, օբյեկտիվ ակնհայտություն, այլև պեղի և քանդի դարերի ընթացքում հավաքված և ամրապնդված նախապաշարումները: Երբ հասարակական կյանքը ավելի խելամիտ դառնա՝ ավելի շատ հիմնված ողջամիտ համոզմունքների վրա, քան մերկ իշխանության և կույր կրքի, դաստիարակչական հիմնարկները կարող են ավելի դրական և ստեղծական դառնալ, քան հիմա են, որովհետև կգործեն մտքի և հասկացությունների անհատական սովորությունների վրա, այլ հասարակական երևույթների ակամա թողած դաստիարակչական հոսանքներին համահունչ: Ներկայումս դաստիարակման աշխատանքը պետք է ոչ միայն բնական միտումներն աստիճանաբար վերածի մտքի արմատավորված հմտության, այլև պետք է միտքն ամրացնի ոչ բանական միտումների հանդեպ, որոնք ընդունված են հասարակության մեջ, և օգնի արդեն գոյություն ունեցող սխալ հմտություններից ազատվելուն:

4. Կանոնավորումը եզրակացությունը դարձնում է ապացույց

Ինչպես արդեն տեսանք, մտածողությունը կարևոր է, քանի որ դա այն գործողությունն է, որտեղ տվյալները և հաստատված փաստերը ներկայացնում կամ ցույց են տալիս ուրիշները, որոնք անմիջապես տրված չեն: Բայց բացակայողի հասկանալու  պրոցեսը ներկայից ավելի է ենթակա սխալների. այն գրեթե անթիվ քանակով աննշան և անկանխատեսելի պատճառների ազդեցության տակ է՝ ունեցած փորձի, ժառանգած դոգմաների, եսասիրության ուժեղ ձայնի, առաջացող կրքի, ուղղակի մտավոր ծուլության, սովորույթների և կեղծ հույսերով ոգևորված  հասարակական միջավայրի և այլն: Մտավոր աշխատանքը, տառացի իմաստով, հետևություն է (inference). նրա շնորհիվ մի առարկան մեզ տանում է ուրիշ առարկայի մասին գաղափարի կամ վստահության: Այն ցատկ է, թռիչք, լավ իմացածից անցում դեպի ուրիշը, ինչը ենթադրվում է առաջինի վկայությամբ: Եթե միայն հիմար չէ, մարդն ուղղակի չի կարող զսպել իրեն, որպեսզի բոլոր առարկաները և երևույթները պատկերացում չառաջացնեն անմիջապես չտրված այլ բաների մասին, և չի կարող զսպել առաջինների հիման վրա վերջիններին իր հավատալու ձգտումը: Թռիչքի, ինչ-որ անհայտ բանի անցնելու անխուսափելիությունը միայն ընդգծում է ուշադրության անհրաժեշտությունը այն պայմանների նկատմամբ, որոնց դեպքում այն ընթանում է, որպեսզի նվազեցվի սխալ քայլի հնարավորությունը և ավելացվի ճիշտ անցում կատարելու հնարավորությունը:

Նման ուշադրության բովանդակությունը կանոնավորումն է`(1) պայմանների,  որոնց առկայությամբ գործում է պատկերացնելու գործառույթը, և (2) պայմանների, որոնց առկայությամբ առաջացած պատկերացումներին վստահություն է տրվում: Ապացույցը հենց այս երկու եղանակներով (որոնց ուսումնասիրությունը այս գրքի հիմնական առարկաներից մեկն է) փորձված եզրահանգումն է: Ապացուցել (prove)  որևէ բան` կնշանակի սկզբում փորձել, փորձարկել այն: Հարսանիք հրավիրված հյուրը ներողություն է խնդրում, քանի որ պարտավոր է փորձարկել իր եզներին. ասում են, որ բացառությունները ապացուցում են (prove) կանոնը, քանի որ դրանք այնպիսի ծայրահեղ դեպքեր են, որ շատ խիստ կերպով ստուգում են նրա պիտանելիությունը. եթե կանոնը դիմանա այդ փորձարկմանը, այլևս հիմք չկա կասկածելու դրան: Քանի դեռ իրը չի փորձվել, չի փորձարկվել, նրա իրական արժանիքը չգիտենք: Մինչ այդ այն կարող է լինել կա´մ սովորական ակնհայտության, կա´մ ուղղակի  աղմուկ: Բայց ուժեղ փորձությունից հաղթանակով դուրս եկած իրը պահպանում է իր նկատմամբ վստահությունը. այն ընդունված է, քանի որ ապացուցված է: Նրա արժանիքը պարզաբանված, ցուցադրված, այսինքն` ապացուցված է: Նույնը` եզրակացությունների մասին: Այն փաստը, որ եզրակացությունն ընդհանրապես անգնահատելի ֆունկցիա է, ոչ միայն չի երաշխավորում, այլև չի օգնում յուրաքանչյուր մասնավոր եզրակացության ճիշտ լինելու հարցում: Յուրաքանչյուր եզրակացություն կարող է կեղծ լինել, և ինչպես տեսանք, կան մշտական ազդեցություններ, որոնք միշտ պատրաստ են նրան կեղծ ճանապարհով տանելու: Կարևոր է, որ յուրաքանչյուր եզրակացություն ստուգված լինի. կամ (չնայած դա միշտ չէ, որ հնարավոր է) որ կարողանանք տարբերել ապացուցված փորձի վրա հիմնված կարծիքը նրանցից, որոնք այդ ձևով հիմնավորված չեն, և դրան համապատասխան բաշխենք դրանց ճանաչման հատկությունները և աստիճանը:

Բայց դաստիարակության գործը չէ յուրաքանչյուր պնդումը ստուգելը կամ ամենատարբեր մանրուքներ սովորեցնելը. նրա գործը խորը գնացող և գործուն հմտություններ դաստիարակելն է՝ ճշմարիտ հայացքները սովորական պնդումներից, ենթադրություններից և կարծիքներից տարբերել, իսկապես հիմնավորված եզրակացությունների նկատմամբ ջերմ, ճշմարիտ և բաց ենթադրություն զարգացնել և անհատական աշխատանքի հմտություններով արմատավորել հետազոտելու և դատողություններ անելու մեթոդները՝ առաջացող ամենատարբեր խնդիրներին համապատասխան: Կարևոր չէ, թե տվյալ անհատը լսելու կամ սովորելու արդյունքում որքան գիտի. եթե նա նման հնարքներ և հմտություններ չունի, նա մտավոր դաստիարակված չէ: Նրա մոտ բացակայում են մտավոր կարգապահության տարրական գծերը: Եվ եթե այդ հմտությունները տրված չեն բնության կողմից (միևնույն է, թե որքան ուժեղ է դրանք ձեռք բերելու կարողությունը), եթե բնական և հասարակական պատահական պայմանները բավարար չեն, որպեսզի հետագայում ավարտվի դրանց ձեռքբերումը, ապա դաստիարակության գլխավոր խնդիրը կլինի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն դրանց զարգացմանը: Այդ հմտությունների ձևավորումը հենց կլինի մտքի դաստիարակումը:




[1] Ճապոնացիների հավատալիքներում երկրի ոգին։

 

Թարգմանիչ: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский