Թբիլիսիի՝ Վիրսալաձեի անվան գեղարվեստի դպրոցը

Հեղինակ: 

Հունվարի 20-ին այցելեցի Թբիլիսիի քաղաքապետարանի Ս. Վիրսալաձեի անվան N 1 գեղարվեստի դպրոց: Սա Թբիլիսիի հայտնի դպրոցներից է՝ հիմնադրված  1955թ.-ին Կոնստանտին Կիկնաձեի կողմից: Դպրոցն արտաքինից նման չէ մյուսներին, ինքնատիպ է, յուրօրինակ դիզայնով: Առաջին տպավորությամբ դպրոցի պատերը, կահավորվածությունը, փոքրիկ ու հարմարավետ դասարանները կարծես շնչում են արվեստով: Ծանոթացա և զրուցեցի մի քանի աշակերտների հետ, հետաքրքիր և հարուստ ներաշխարհ  ունեին, երազանքներ ու նպատակներ, որոնց իրականացումը կապում էին նաև իրենց կրթության հետ: Զրուցեցի դպրոցի տնօրեն Քեթևան Բարնաբիշվիլու հետ: Տիկին Քեթևանը պատմեց դպրոցի պատմությունից, դասավանդման մեթոդների, դպրոցի կարիքների, իրենց նպատակների ու ծրագրերի մասին: 

Ամեն տարի այս դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցում են միջազգային, հանրապետական, միջքաղաքային ցուցահանդեսների և արժանանում զանազան մրցանակների՝ դիպլոմներ, մեդալներ։ Ինչ վերաբերում է արտասահմանյան ցուցահանդեսներին, դպրոցի ներկայացուցիչները եղել են Ճապոնիայում, որտեղ նրանք հաղթել են «Պատերազմ և խաղաղություն» մրցույթում, Ժնևում, Իրանում, Հարավային Աֆրիկայում, Եգիպտոսում և այլուր: 
Վրաստանի մշակութային ժառանգությանն ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով անցկացվում են դաս-դասախոսություններ բաց երկնքի տակ: Երիտասարդ նկարիչներն աշխատում են Հին Թբիլիսիում, Սիգնախիում, Թելավիում, և այլուր: 

Այստեղ ուսում են ստացել նաև հայտնի քանդակագործներ, գեղանկարիչներ, ովքեր, արվեստի ներկայացուցիչներ լինելուց բացի, հասարակական ակտիվ գործիչներ են եղել, քանի որ այս դպրոցում բացի արվեստ ուսուցանելուց, յուրաքանչյուր անդամ` սովորող թե դասավանդող, զբաղվում է նաև այլ հասարակական գործունեությամբ: Դպրոցի սովորողները ոչ միայն գիտելիքներ են ստանում գեղարվեստի վերաբերյալ, այլև մասնակցում են հասարակական-կազմակերպչական տարբեր բնագավառների գործունեությանը, քանի որ ժամանակակից աշխարհում ոչինչ՝ ոչ մի արտաքին միջավայրի ձևավորում, հագուկապ, դեկորացիա, առանց նկարչի տեղի չի ունենում։ Այդ իսկ պատճառով դպրոցի գերխնդիրներից է կրթել մտածող անհատների` վառ երևակայությամբ, ստեղծագործական հմտություններով, ինքնուրույն ու ակտիվ: 

Վրաստանյան հանրակրթական դպրոցներում պարտադիր առարկաներից բացի 2006 թվականից ուսուցանվում են լրացուցիչ դասընթացներ` սովորողների ընդհանուր զարգացման նպատակով: Օրինակ, լուսանկարչության և վիդեոգրաֆիայի դասընթացներն օգնում են ընդարձակելու սովորողների մտահորիզոնը, կինոյի և թատրոնի պատմություն, հռետորական արվեստ, կիրառական արվեստ` աշխատանք մետաղի, փայտի, կտորի ու գոբելենի հետ: Շաբաթը մեկ անգամ սովորողներն այցելում են ցուցահանդես-սրահներ, թանգարաններ. նրանք պետք է տեսնեն բնօրինակները, որպեսզի տեսքով տպավորվեն և կարողանան արտացոլել ըստ իրենց ընկալման: 
Տարվա ընթացքում դպրոցն ունենում է մեկշաբաթյա հայրենագիտական ուղևորություններ Վրաստանի տարբեր շրջաններում` դեպի Սվանեթի, Ալվանի, Մարտխոփի, Սագարեջո, Ծվերովանի և այլն: Այս ուղևորությունների ընթացքում սովորողները հասցնում են ծանոթանալ տեղի ավանդույթներին, մշակույթին: 
Դպրոցում սովորում են նաև կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող ունեցող երեխաներ, որոնք առանձին չեն կրթվում, այլ ընդհանուր խմբի հետ, և դպրոցի կոլեկտիվի հաջողությունն է, որ այդ երեխաներն իրենց հիանալի են զգում` ստանալով ջերմ վերաբերմունք թե՛ ուսուցիչների, թե՛ սովորողների կողմից: 

Ուսուցման ընթացքում այս դպրոցն աշխատում է հնարավորինս օգտվել ՏՀՏ միջոցներից. նրանք ունեն ֆոտոլաբորատորիա, որը ուսուցման շատ հետաքրքիր միջավայր է: Նկարները և տեսանյութերը թույլ են տալիս երեխաներին  ցուցաբերելու իրենց բոլոր հնարավորություններն այս բնագավառում: Ժամանակակից կյանքի պահանջներն այնպիսին են, որ պետք է երեխային պատրաստել, որպեսզի նա կարողանա իր մտքերն արտահայտել ինչպես խոսքով, այնպես էլ տեխնոլոգիայի միջոցով: Փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաների օգտագործումն ուսուցման ընթացքում միայն և միայն արդյունավետություն է ապահովում, աշակերտները միշտ կարող են խորհրդակցել էլեկտրոնային հասցեների միջոցով: Լավագույն աշխատանքները ցուցադրվում են վիդեո փառատոնների ժամանակ. դա ինքնուրույն աշխատանքի փորձ է, որը հեռանկարային ուղղություն է գեղարվեստական կրթության և սովորողների ստեղծագործական զարգացման համար: 

Խոսելով ապագայի ծրագրերի մասին` տիկին Քեթևանը շեշտեց դեպի Սվանեթի իրենց ուղևորության մասին, որին հրավիրված են նաև իրենց հայաստանցի գործընկերները: Մանավանդ որ գործընկեր դպրոցները նպատակ ունեն համատեղ նոր պլեներ և ցուցահանդես անելու, հետաքրքիր նախագծեր քննարկելու: 
«Անսպասելի և պատահական էր հանդիպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և նրա տնօրեն Ա. Բլեյանի հետ, և երկուսիս բարի կամքի շնորհիվ է, որ շարունակում ենք մեր ընկերությունն ու համագործակցությունը», -նշեց տիկին Քեթևանը: 
Այդ գործընկերությունն է խթանում, որ արդեն երկու տարի է, դպրոցում ուզում են հայոց լեզու սովորել, սովորողների ընտրությամբ խումբ բացել, գոնե շաբաթական 2 ժամով:

Հավելված: 
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский