Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԽՍՀՄ փլուզումից հետո

«Քաղաքագիտություն» առարկայի այլընտրանքային մեդիափաթեթի հերթական հոդվածը 

1990-ական թթ. միջազգային հարաբերությունների մեջ տեղի ունեցան մի շարք դարակազմիկ տեղաշարժեր, որոնք գալիս էին սահմանելու աշխարհաքաղաքական նոր կարգեր ու փոխելու նախկինում գոյություն ունեցող աշխարհակարգը: Նախ և առաջ` Խորհրդային Միության զորքերը դուրս բերվեցին Արևելյան Եվրոպայից և երկրորդ` վերջ դրվեց Սառը պատերազմին: Մյուս կողմից, ԽՍՀՄ փլուզմամբ ի հայտ եկան մի շարք հակամարտություններ, որոնք նրա գոյության շրջանում ժամանակավորապես սառեցված էին:[1]  Այդ հակամարտությունների մի մասը բաժին ընկան նախկին խորհրդային հանրապետություններին, օրինակ` արցախյան հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, աբխազական և հարավօսեթական հակամարտությունները Վրաստանի հետ և այլն: Էթնո-քաղաքական հակամարտություններից բացի` միջազգային հարաբերություններում ի հայտ եկան նոր, ավելի լուրջ վտանգներ: Խոսքն այն մասին է, որ միջազգային բեմահարթակում տեղի ունեցավ ուժերի հարաբերակցության փոփոխություն: Սառը պատերազմում հաղթանակած ԱՄՆ-ը ցանկանում էր հաստատել իր անվերապահ հեգեմոնիան ամբողջ աշխարհում: Դրա անմիջական ապացույց կարող է լինել միջազգային տարբեր հակամարտություններում ԱՄՆ-ի ներգրավվածությունը, Մերձավոր Արևելքում պատերազմական չդադարող օջախները և այլն:[2]  Ուստի, կարելի է եզրակացնել, որ ԽՍՀՄ փլուզումը և Սառը պատերազմի ավարտը իր հետ բերեց ինչպես կայունություն, այնպես էլ անկայունություն ամբողջ աշխարհում: Այն պատճառ հանդիսացավ հակամարտությունների նոր օջախների բռնկմանը,  որոնցից շատերը ցայսօր լուծման կարոտ են:

Նման իրավիճակում Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կրկին հայտնվեցին Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում:  Խորհրդային Միության գոյության տարիներին Թուրքիան դիտվում էր որպես կայսրության թշնամի, ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից ու բարեկամ: Ավելին, Թուրքիան համարվում էր Խորհրդային Միության վրա «կապիտալիստական ճամբարի» հարձակման գլխավոր պլացդարմը: Նման պայմաններում խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին ավելորդ էր:

1991 թ. հետո Թուրքիայի համար ստեղծվեցին բավական նպաստավոր պայմաններ, որպեսզի նա կարողանա թափանցել Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա: Այդ պայմաններն էին` ԽՍՀՄ թուլացում ու փլուզում, ինչպես նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում թյուրքալեզու պետությունների առկայություն: Բացի այդ, Թուրքիան հավակնություններ էր ներկայացնում ոչ միայն թափանցելու, այլև լուրջ դերակատար դառնալու վերոնշյալ տարածաշրջաններում: Անկարան հավակնում էր այս գործում ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը, մի հանգամանք, առանց որի անհնարին կլիներ պատկերացնել տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի դերակատարության  բարձրացումը: Մյուս կողմից, Անկարան մտավախություն ուներ, որ Խորհրդային Միության փլուզմամբ և Սառը պատերազմի ավարտով Թուրքիան կորցնելու է իր ունեցած կարևորությունն ու նշանակությունը Արևմուտքի համար: Այդ մտահոգությունը պատահական չէր: Ինչպես հայտնի է, 1987 թ. ապրիլի 14-ին Թուրղուտ Օզալի կառավարությունը պաշտոնապես հայտ ներկայացրեց  Եվրամիություն` ցանկանալով դառնալ համայնքի լիիրավ անդամ:[3]  Եվրոպական հանձնաժողովը պատասխանեց միայն 1989 թ. դեկտեմբերի 18-ին:[4]  Թեև հանձնաժողովը հնարավոր էր համարում հետագայում Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական համայնքին, սակայն այդ հարցը չէր կարող քննարկվել 1993 թվականից շուտ:[5]  Դրան գումարած, 1990 թ. ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց Թուրքիային հատկացվող օգնության չափը ` կրճատելուորոշում։ :[6]  Դրանով, փաստորեն, Թուրքիան միանգամից երկու ապտակ ստացավ Արևմուտքի կողմից: Նախ՝ Եվրամիությունը հստակ հասկացրեց Թուրքիային, որ առաջիկա տասնամյակում նա չի կարող դառնալ Եվրոպական Համայնքի անդամ: Երկրորդ` Թուրքիան կորցնում էր իր կարևորությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:[7]

Աշխարհաքաղաքական այս փոփոխությունների համատեքստում Թուրքիան կարիք ուներ վերանայելու իր արտաքին քաղաքականությունը, ճշտելու դրա գերակա ուղղությունները: Այս հարցում Թուրքիայի քաղաքական շրջանակներում առավել հստակ առանձնանում էին երեք հիմնական հոսանքներ: Նրանք, ովքեր կողմնակից էին երկրի արդիականացմանն ու Եվրոպական Համայնքին ինտեգրմանը, նայում էին Արևմուտք: Այս առումով, 1990 թ. Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Թուրքիայի՝ ԱՄՆ-ին ցուցաբերած օգնությունը նպատակ էր հետապնդում վերականգնելու Թուրքիայի՝ որպես ռազմավարական գործընկերոջ[8] կարևորությունը Արևմուտքի համար:  Ծայրահեղ իսլամիստները հակված էին դեպի Մերձավոր Արևելք և մահմեդական թյուրքալեզու համայնքները, ուստի նայում էին դեպի Հարավ: Անդրադառնալով պատմությանը՝ ազգայնականները Թուրքիայի նոր դերակատարությունը տեսնում էին Կասպիական ավազանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:[9]

Իրականում, մենք հակված ենք կարծելու, որ Արևմուտքը Թուրքիայի համար այլ դերակատարություն էր նախատեսում: Թուրքիայի առջև փակելով Եվրամիության դռները՝ Արևմուտքը ինչ-որ առումով ուղղորդում էր նրան ծավալվելու դեպի Արևելք, մասնավորապես՝ հետխորհրդային տարածաշրջան: Հատկանշական էր, որ այս հարցում Արևմուտքը անվերապահորեն աջակցում էր Թուրքիային: Դրա անմիջական ապացույցը ԱՄՆ-ի կողմից Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների համար առաջ քաշված «թուրքական մոդելն» էր, որին կանդրադառնանք ստորև: Փաստորեն, Թուրքիան սկսեց հանդես գալ որպես գործիք Արևմուտքի ձեռքերում՝ հետխորհրդային տարածաշրջանից, մասնավորապես` Կենտրոնական Ասիայից ու Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար:

Այսպիսով` Թուրքիայի՝ հետխորհրդային տարածաշրջանում իր ազդեցության մեծացնելը, առաջին հերթին, դիտարկվում էր որպես Ռուսաստանի հնարավոր ազդեցության թուլացում: Դրա հետ մեկտեղ, Արևմուտքը թուրքական խաղաթուղթը օգտագործում էր նաև այս տարածաշրջանում Իրանի, ինչպես նաև Չինաստանի հնարավոր ազդեցության կանխման համար: Արևմուտքը հատկապես անհանգստացած էր Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների վրա Իրանի Իսլամանկան Հանրապետության ազդեցության հնարավոր մեծացումից: Եթե նորանկախ այդ երկրների համար Իրանը՝ որպես իսլամական հանրապետություն, դառնար զարգացման մոդել, ապա Արևմուտքը Առաջավոր Ասիայում կունենար իսլամիստական պետությունների մի նոր օջախ՝ իր ընդգծված հակաարևմուտքային քաղաքական կուրսով: Այդ վտանգը կանխազգալով՝ դեռևս 1990-ական թթ. սկզբներին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը և ԿՀ վարչությունը հայտարարում էին , որ ԱՄՆ չպետք է կրճատի իր օգնությունը Թուրքիային: Մասնավորապես, 1992 թ. նախկին պետքարտուղար Պ. Հեյնը հայտարարեց, որ Թուրքիայի աճող հեղինակությունը բարենպաստ է տարածաշրջանի ապագայի համար, և նրա կողմից պետք է ներդրումներ արվեն հետխորհրդային թյուքալեզու երկրների տնտեսությունների մեջ:[10]

Անդրադառնալով Պ. Հեյնի այս հայտարարությանը՝ անհրաժեշտ ենք համարում անել մի հետաքրքիր մեջբերում: Ինչպես նշում է Ֆերոզ Ահմադը, «Թուրքիայի արտաքին քաղաքականության կերտողները շարունակում են իրենց ուսերին կրել կայսերական անցյալի բեռը: Մինչև այսօր նրանք  այն մտավախությունն ունեն, որ օրերից մի օր քրդերը կարող են ստեղծել սեփական պետությունը Թուրքիայի տարածքում վերջինիս կողմից թեկուզ չնչին թուլություն ցուցաբերվելու դեպքում, միջազգային հանրության կողմից Թուրքիային կարող է պարտադրվել 1920 թ. կնքված, բայց իր վերջնական նպատակին այդպես էլ չծառայած Սևրի պայմանագրի պես որևէ իրավարար վճիռ»:[11] Այս մտավախությունները հատկապես խորացան ԽՍՀՄ թուլացման և փլուզման ժամանակահատվածում: Այնպես որ, Պ. Հեյնի  հայտարարությունը լուրջ ազդեցություն թողեց Թուրքիայի արտաքին քաղաքականության պատասխանատուների վրա: Այն անվստահությունը, որ նրանց մեջ առաջացել էր Եվրոպական ընտանիքից մերժվելուց և ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից իրենց պետությանը տրամադրվող ռազմական օգնության կրճատումից հետո, փոխարինվեց վճռականությամբ: Փաստորեն, ԱՄՆ-ը այս կերպ ուղղություն էր ցույց տալիս Թուրքիայի արտաքին քաղաքականության կերտողներին և մատնանշում էր այն տարածաշրջանը, որտեղ թափանցելու ու հաստատվելու համար Թուրքիան կստանա անվերապահ աջակցություն:

 

(շարունակելի)


[1] Huntington, Samuel P.   The Clash of Civilizations and the Remaking o f  World Order. New York: Touchstone, 1997.  

[2] Yılmaz M. E. The New World Order: An Outline of the Post-Cold War Era. Alternatives: Turkish Journal of International Relations, Vol. 7, No. 4, Winter 2008

[3] Özer M. A., Avrupa Birliğine Tam Üyeliğin Eşiğinde Türkiye, Yönetim ve Ekonomi, Cilt 16., Sayı 1., Ankara, 2009, s. 93.

[4] Եվրոպական հանձնաժողովի պատասխանը ավելի մանրամասն տես ` Türkiye'nin Avrupa Topluluğu'na Katılma Başvurusu İle İlgili AT Komisyonun Görüşü (18 Aralık 1989), http://www.belgenet.com/arsiv/ab/ab_rapor87.html

[5] î»ë` EC Commission, “Opinion on Turkey’s Request for Accession to the Community,” SEC (89) 2290

final, Brussels, Dec. 18, 1989,  ¨  Sevilay Elgun Kahraman, “Rethinking Turkey-European Relations,” Turkish Studies, Vol. 1, No. 1 (Spring 2000),  p. 1-20.

[6] Lawmakers Urged by Baker to Back Shift in Foreign Aid // The New York Times, 20/ 01/1990/

[7] Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին ավելի մանրամասը տես ` Nasuh Uslu, The Turkish-American Relations Between 1943-2003. The History of a Distinctive Alliance. New York, 2003.

[8] Коджаман О., Южный Кавказ в политике Турции и России в постсоветский период. Москва, 2004, с. 83.

[9] Արշակյան Գ., Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001 թթ., Ատենախոսություն, Երևան, 2008 թ., էջ 21:

[10] Турция между Европой и Азией: итоги европеизании ха исходе XX века // отв. ред. Киреев Н.Г. // ИВ РАН ИиИБВ, Москва, , с. 429.

[11] Feroz Ahmed, From Empire to Republic: Essays on the Late Ottoman Empire and Modern Turkey, volumes 2,  (Istanbul, 2008), p. 302.

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский