Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմի ուսումնասիրումը նախագծային մեթոդով
Գրականությունն ու պատմությունը հաճախ այնքան են մոտենում իրար, որ մեկի ուսումնասիրումն առանց մյուսի դառնում է անհնարին։ Այդպես էր Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը, որ երկու դասավանդողներս՝ գրականության և պատմության, որոշեցինք ուսումնասիրել սովորողների հետ՝ համակցված դասերի միջոցով։ Չարենցյան օրերը առիթ էին, որ ընտրեինք Չարենցի գործերից, իսկ «Մահվան տեսիլ» պոեմն ընտրվեց, որովհետև այն լավագույնս է արտահայտում անցած դարասկզբի մղձավանջը՝ կապված Հայոց Մեծ ողբերգության, ժողովրդի դեգերումների, մտավորականության իղձերի ու հույսերի կործանման հետ: Պոեմն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ այլաբանորեն խտացվել են XΙX և XX դարերի Հայոց պատմության բոլոր կարևոր իրադարձություններն ու դեմքերը: Մեր Պատմության ու Գրականության լավ տիրապետումը միայն պոեմը կդարձնի հասկանալի ու հետաքրքիր, ինչը նախագծի նպատակներից մեկը դարձավ։
Պոեմի սկզբում պարզ է դառնում, որ Չարենցն իրեն ուղեկից է ընտրում Վերածննդի դարաշրջանի իտալացի բանաստեղծ Դանթեին. «Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով, Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը»: Ինչպես Վերգիլիուսը Դանթեին օգնում է դուրս գալ դժոխքից, այդպես էլ պոեմում Չարենցին ուղեկցում է Դանթեն: Նրանք միասին նստում են «Մտածումի նավը » և նավարկում « Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով»: Նրանք նավարկում են հայոց պատմության անցյալով դեպի ներկան, որի ընթացքում հեղինակը ևս մեկ անգամ վերանայում է Հայոց պատմությունը: Պոեմում ընդգրկված է 19-րդ դարը և 20-րդ դարի սկիզբը: Այստեղ իրար են հաջորդում պատմական դեպքեր, կերտված են ազգային գործիչների կերպարներ, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքի փրկությանը: Սակայն այս ամենը ներկայացվում է այլաբանորեն՝ առանց անվանելու տվյալ գործչի անունը կամ տվյալ պատմական իրադարձությունը: Հասկանալի չէ, Չարենցը ցանկացել է խուսափել գրաքննությունից, թե ընթերցողին է փորձել պատմության դասեր տալ: Պոեմն ունի բնաբան՝ Սիամանթոյի «Մահվան տեսիլք» բանաստեղծությունից. «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ» : Բանաստեղծը և նրա ուղեկիցը ձեռք ձեռքի բռնած մտնում են մի դժոխային անտառ, որտեղից լսվում է լաց, հառաչ, հեկեկանք, իսկ վերից «Գունատ մի մահիկ» մահ ու սարսափ է տարածում իր լույսով:
Առաջին բացահայտումը այդ մահիկն էր, որ խորհրդանշում է Օսմանյան պետության զինանշանը: Նախ սովորողներին հանձնարարեցինք կարդալ պոեմը։ Պոեմի ընթերցանությունը սկզբում ոչինչ չտվեց: Պարզապես սովորողները ոչինչ չհասկացան: Նույնիսկ մտավախություն առաջացավ, որ սխալ ընտրություն ենք կատարել: Բացատրեցինք ժամանակաշրջանը, որ ներկայացված է պոեմում, ժամանակաշրջանը, երբ գրվել է ստեղծագործությունը։ Բացահայտեցինք սովորողների համար երկու՝ Ալիշանի ու Րաֆֆու կերպարները: Դրանից հետո տիրեց համընդհանուր ոգևորություն, գործին միացան ծնողները, ծանոթ – բարեկամները, ընկերները: Արդյունքն ակնհայտ էր։ «Քրիստափոր Միքայելյանը`պոկված գլխով, հատյալ կմախքով , նրա սրտի փոխարեն դրված է պողպատյա զսպանակ:Նա կազմել էր հոծ մի բանակ, որպեսզի վրեժ լուծի:»,- գրում է Անահիտ Մարգարյանը։ «Անտառից նրանց ընդառաջ է գալիս «մի այր գլխաբաց», որը նման է մուրացիկի, սակայն վարդապետ է: Սպիտակ մորուքը հասնում է մինչև սրունքները՝ ծածկելով մերկությունը: Նա դիմում է «Վարպետին»՝ Դանթեին, ասելով, որ ապրել է նրա հայրենիքում, ստեղծագործել է այնտեղ, կղզում ապաստան է գտել, երգել է հայոց փառքը, սակայն իր սիրտը չի բուժվել հայրենյաց ցավից: Այս ծերուկը Ղևոնդ Ալիշանն է, որը ապրել և ստեղծագործել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնված Մխիթարյան Միաբանությունում»,- կարդում ենք Օֆելյա Օգտանյանի վերլուծությունում։
Ծովինար Սիմոնյանը գրում է. «Ահա մեր «պատմության գայլ» Աբովյանը, ում կերպարում շատ է չարենցյան շունչը. այս բարձրակետում մի պահ հեղինակն ու կերպարը ասես նույնանում են `
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը…
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերը – բյուր գազանների կողմից,-
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին»։
Ամեն նոր կերպարի բացահայտում դիտվում էր որպես նոր հաղթանակ, մանավանդ, որ լավագույն բացահայտողների համար մրցանակ էր խոստացված: Նկարիչների խմբից որոշ սովորողներ փորձեցին նկարել տեսարաններ պոեմից: Ընտրեցինք մեր կարծիքով ամենահաջողվածը. ահա ինչպես է պատկերացրել Արթուր Շահվերդյանը պոեմից Գրիգոր Արծրունուն վերաբերվող դրվագը.
Նախագծի արդյունքում «ի լուր աշխարհի» բացահայտեցինք պոեմում նկարագրված կերպարներից, դեպքերից ու տարածքներից շատերը, ինչպես՝
- Պատկանյանինը՝ «Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.
Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.
Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ»: - Արարատ լեռանը՝ «Այդ մռայլ բացատի մեջտեղում, հրաշքի նման բարձրացած,
Ցցվել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև բլուր»: - Աբդուլ Համիդինը՝ « Եվ ո՛չ մի կաթիլ չխմած արյունից այն Հրեշ-Արքայի՝
Ես կյանքից ընդմիշտ հեռացա… Եվ չունե՜մ հանգիստ ու դադար» - Սիամանթոյինը՝ «Նրանից ավելի տարեց, փառահեղ ճակատով և ճաղատ.
Նա տավիղ ուներ արծաթե և շեփոր պղնձե — ու հերթով
Նվագում էր կամ սիրո տաղեր, կամ հնչում ռազմի աղաղակ»: - 16, Սան – Ստեֆանոյի պայմանագրինը՝ Հայաստանին վերաբերող հոդվածով՝
«Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սևասև մազեր,
Ծածկել էր թավիշե գլխարկ, և ուներ փողկապ փառահեղ,
Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,
Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել», և բազմաթիվ այլ դեպքերի և դեմքերի գաղտնագրված նկարագրություններ։
Բացահայտումները շարունակվում են։
Ամփոփումը կատարվեց բաց դասով՝11 և 12 – րդ դասարանցիների մասնակցությամբ: Շատ սովորողներ ու դասավանդողներ էին ներկա: Արտասանվեցին պոեմի այն դրվագները, որ սովորողները բացահայտել էին ինքնուրույն: Սովորողներից երկուսը՝ Սիմոնյան Ծովինարը և Հոկտանյան Օֆելյան լավագույն բացահայտումների համար արժանացան խրախուսանքի: Նկարներից խրախուսված լավագույն աշխատանքը Շահվերդյան Արթուրինն էր:
Արդյունքների հիման վրա որոշվեց ֆիլմ ստեղծել, որն էլ նախագծի շոշափելի-տեսանելի արդյունքը կլինի։ Այստեղ ակնկալում ենք կինո – ֆոտոյի խմբի սովորողների աջակցությունը:
- Բացվել է 7179 անգամ