Ուսուցումը առաջին դասարանում
Primary tabs
Դասավանդումն առաջին դասարանում դասվարի աշխատանքային գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:
Իմ համոզմամբ ուսուցումն արդյունավետ ու նպատակային է դառնում այն դեպքում, երբ երեխան հաճույքով է ներգրավվում այդ գործընթացի մեջ: Դրա համար կարևորում եմ մի շարք առանձնահատկություններ, որոնց շնորհիվ դպրոց ոտք դրած յուրաքանչյուր երեխայի համար ուսումնական գործընթացը կդառնա գրավիչ ու հետաքրքիր:
Միջավայրը: Դպրոցական միջավայրը պիտի լինի գրավիչ, հետաքրքիր, ուրախ, գունեղ ու հարմարավետ:
Շրջապատը: 1.Երեխան ինքնավստահություն է ձեռք բերում այն ժամանակ, երբ ուսուցիչն իր ընկերն է, ով իրեն լսում է, ոգևորում է ու վստահում: 2. Դասարանը, խումբը, որտեղ բոլորը համերաշխ են և աջակցում են իրար:
Խաղը: Կրտսեր դպրոցական տարիքում խաղն անընդհատ ուղեկցում է երեխային: Այն ամենը, ինչ նրան խաղով է տրվում, հեշտ է յուրացնում:
Ուսուցման նորագույն միջոցները: 21-րդ դարում անհնար է ուսումնական գործընթացի մեջ շրջանցել թվային միջոցների կիրառումը: Սակայն այն պետք է դառնա ոչ թե նպատակ‚ այլ միջոց՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:
Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը: Դասի ընթացքն արդյունավետ ու գրավիչ կազմակերպելու համար պետք է կիրառել ուսուցման ժամանակակից մեթոդներ: Ուսուցչից պահանջվում են որոշակի հմտություններ‚ որպեսզի նա՝ ելնելով ուսուցանվող թեմայից, պահի թելադրանքից‚ ուսումնական աշխատանքի ձևից‚ գործունեության տեսակից, կարողանա կիրառել այս կամ այն մեթոդը:
Համագործակցությունը ծնողական համայնքի հետ: Երբ ուսուցիչ-ծնող հարաբերություններում փոխադարձ վստահություն կա, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում:
Հենց այս մոտեցումներով էլ այս ուսումնական տարում սկսեցի աշխատանքս առաջին դասարանցիների հետ: Մենք շատ արագ մտերմացանք՝ ես, առաջին դասարանցին և իմ ու նրա նոր ուսումնական գործիքը` նեթբուքը:
6 տարեկան երեխային, ավելի ճիշտ` բոլոր երեխաներին էլ գրավում է յուրաքանչյուր թվային միջոց, լինի դա նեթբուք, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ կամ մի այլ բան: Դասվարի խնդիրն է այնպես անել, որ երեխան այդ միջոցն ընկալի նաև որպես ուսումնական գործիք, այլ ոչ միայն խաղալիք: Մեզ մոտ կարծես թե դա ստացվել է: Նեթբուքն այսօր սովորողի ընկերն է, գործիքն է, որով նա կարողանում է նկարել, մուտքագրել, խաղալ ուսումնական խաղեր, դիտել տեսանյութեր, աղյուսակներ գծել, նյութեր պատրաստել:
Աշխատել ենք նախագծերով: Յուրաքանչյուր նախագիծ իր մեջ ներառում է ուսումնական գործունեության գրեթե բոլոր ձևերը: Իրականացրել ենք մի շարք նախագծեր` «Խոսում են տիկնիկները», «Տիեզերք», «Ես սեբաստացի եմ», «Խնկոյանական օրեր», «Ամանոր», «Ձմեռային ճամբար», «Ուսումնական արձակուրդ», «Թումանյանական օրեր», «Աղայանական-ռոդարիական օրեր», «Զատիկ»:Զուգահեռ իրականացրել ենք մեր ամենամեծ նախագիծը` «Էլեկտրոնային այբբենարանները», որն իր մեջ ընդգրկել է նաև մյուս նախագծերը:
Ընդհանրապես, 6 տարեկան երեխան սիրում է խոսել: Եթե ուշադիր լինենք, հետևենք նրա խոսքին, կհասկանանք, որ այն շատ «լուրջ» է և միշտ մտորումների, նոր գաղափարների, մտահղացումների տեղիք է տալիս: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Առաջին շրջանում մենք անընդհատ խոսել ենք, պատմել ենք, երևակայել ու ստեղծագործել ենք: Դրան զուգահեռ սկսել ենք համակարգչային Paint ծրագրով նկարել, նկարը պահպանելու համար բառեր, տառեր մուտքագրել և միաժամանակ ընթերցել: Երեխան տառը մտապահում է հենց բառով, բառով է տառը կենդանանում, հնչում: Յուրաքանչյուր նախագծի շրջանակներում ընտրել ենք բառ, բառերի խումբ, խաղացել ենք այդ բառով, պատմություններ ենք հորինել, պատմել ենք այդ բառի մեջ ապրող տառերի աշխարհների մասին, ձայնագրել ենք այդ պատմությունները, նկարել ենք համակարգչային ծրագրով և մուտքագրել: Արդյունքում ստացվել է հետաքրքիր այբբենարանների շարք, որոնք և´ նման են, և´ տարբեր են միմյանցից: Դրանք ուղեկցվում են սովորողների խոսքով, երաժշտությամբ, նկարներով: Շարքը հնարավորություն է տալիս հետևելու ուսումնական գործունեության ընթացքին ու զարգացմանը: Եթե սկզբնական շրջանում սովորողը մուտքագրում է միայն բառը կամ տառը, հորինում է փոքրիկ պատմություններ բառի շուրջ, ապա աստիճանաբար նա սկսում է մուտքագրել բառակապակցություններ, նախադասություններ, խոսքի մեջ սկսում է օգտագործել առած-ասացվածքներ, ժողովրդական խաղիկներ, շուտասելուկներ, հետագայում անկաշկանդ պատմում է հեքիաթ` օգտագործելով արտահայտչամիջոցներ, զարգանում է նկարելու կարողությունը:
Տառուսուցման շրջանը մեզ մոտ շատ հարթ ու հեշտ անցավ: Սովորողներն արդեն կարողանում են բավականին արագ մուտքագրել բառեր, նախադասություններ: Մուտքագրելը նաև օգնեց կարդալու հմտությունների զարգացմանը:
«Զատիկ» ուսումնական նախագծի ընթացքում սովորեցինք գծել և աշխատել աղյուսակներով: Նեթբուքով աղյուսակ գծելը շատ հեշտ է. ավելորդ լարվածություն չի պահանջվում, ծուռ կամ ուղիղ գծելու, սխալվելու վախ չկա: Ընդամենը անհրաժեշտ է ընտրել հորիզոնական և ուղղահայաց սյունակների քանակը և սեղմել նեթբուքի համապատասխան հրահանգը: Կազմեցինք Ածիկի օրացույց, որի շնորհիվ սովորեցինք շաբաթվա օրերը, երկարության չափման միավորները /սմ/, աղյուսակի անհրաժեշտ վանդակում տվյալներ գրանցելու հմտություն ձեռք բերեցինք: Սովորողները շատ հետևողական էին, ամեն օր հաճույքով չափումներ էին անում և գրանցում արդյունքները: Մաթեմատիկան սովորողի համար գրավիչ է դառնում նաև Smartnotebook ծրագրի շնորհիվ: Գունագեղ, հետաքրքիր էլեկտրոնային առաջադրանքները նրանք կատարում են մեծ խանդավառությամբ: Այդ ծրագիրը նեթբուքների մեջ ներբեռնեցինք ուսումնական տարվա հենց սկզբից: Այն մեզ օգնեց արագ յուրացնելու համակարգչային մի շարք հմտություններ:
Ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցում են ծնողները: Էլեկտրոնային փոստի միջոցով ամեն օր հետևում են յուրաքանչյուր օրվա գործունեությանը, բլոգից ու կայքից տեղեկանում են բոլոր նորություններին: Ուսումնական արձակուրդների ընթացքում երեխաների հետ միասին ստեղծել են տարբերնյութեր, որոնք ներկայացված են դասարանական բլոգում:
Նախագծերում ընդգրկել ենք նաև տարբեր դիտարկումներ, փորձեր: «Տիեզերք» նախագծի շրջանակում սովորողները ծնողների օգնությամբ հետևել են լուսնի փոփոխություններին: Մի քանի օր շարունակ ֆոտոխցիկով նկարել են այն և համեմատել լուսանկարները: Աշնանը հետևել են բակի ծառերին, նկարել և գրանցել փոփոխությունները:
Մեր համատեղ աշխատանքը հաջողված եմ համարում: Հասցրել ենք նաև մրցանակներ ստանալ: «Էլեկտրոնային այբբենարաններ» նախագիծը Դիջիթեք 2014 ստուգատեսի գլխավոր մրցանակի արժանացավ: Այն հավանության արժանացավ նաև «Էդիտ Պրինտ» հրատարակչության կողմից և մեզ կրկին մրցանակ բերեց:
Մասնակցել ենք նաև «Էդիտ Պրինտի» կազմակերպած մեկ այլ մրցույթի, և մեր սովորողներից մեկը` Սվետլանան, «Իմաստուն հեքիաթներ» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի: