Ստեղծողի մոբիլ դպրոց
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացնում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը 2013-2014 ուսումնական տարվա վերջում, կրթական ծրագրի զարգացման ուղղությունները։
Առաջին տեսանյութը՝ «Շրջանավարտների հետքերով», ներկայացնում է «Սեբաստացի» TV-ն։ Տնօրենը գնահատում է կրթական ծրագրի մշակման և արդյունքների մեջ կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի, Արհեստագործական ավագ դպրոցի 2013-2014 ուստարվա շրջանավարտների ներդրումը։
Երկրորդը «Բուն TV»-ի 2014թ. մայիսի 31-ի հաղորդումն է կրթահամալիրի մասին։
Ազատության առաջին աստիճանն ինքնուրույնությունն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը, զարգացումը սկսվում է երկու տարեկանից: Մենք ունենք մոտ 300 երկուսից հինգ տարեկան երեխաներ: Մենք մեր առաջին քայլերը սկսեցինք երկու տարեկան երեխայի համար ինքնուրույնության ճանապարհին բոլոր արգելքները հանելուց. հանեցինք բոլոր դռները, բոլոր պատերը, բոլոր շեմերը վերացրինք: Երեխային ինքնուրույն, ազատ շարժվելու հնարավորություն տվեցինք: Այսինքն՝ ինքնուրույն ապրի՝ առանց խնամակալի, դայակի, դաստիարակի, մայրիկի: Հետո հասկացանք, որ մեծ պատնեշ կա դրսի և ներսի միջև: Երեխայի դուրս գնալը դառնում էր իրադարձություն: Մահճակալը դարձել էր երեխայի ստորացման մի գործիք, ինչպես աշակերտական անշարժ նստարանը: Մենք որոշում կայացրինք, որ մեր 200-ից ավել անշարժ մահճակալները պետք է լքեն մեր նախակրթարանները: Պարզվեց, որ դա ամենակենսունակ քայլերից մեկն էր, որովհետև մենք ինքնուրույն երեխայի համար կենսական տարածք ազատեցինք: Հաջորդ կարևոր քայլն այն էր, որ ուսուցիչը հայտնվեց երկրորդ պլանում:
Համոզվեցինք, որ պատերը խանգարող էին և դաս-դասարանային համակարգը հատուկ ստեղծված է, որ մարդկանց բաժանի խմբերի, վերացնի նրանց միջև հաղորդակցությունը ու հակադրի միմյանց: Այստեղից առաջացավ բոլոր տեսակի պատերը վերացնելու կարիքը: Պարզվեց, որ այդ դասղեկների ինստիտուտը վտանգավոր է, որ նրանք ստեղծված են հենց մի երեխային մյուսին հակադրելու համար: