Միշտ սովորողի հետքերով
Primary tabs
Տեսա-փերֆորմանսի փորձ
Եվ հետքեր, հետքեր, հետքեր մարդկային.... Փնտրենք միասին մեր կողմից իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մարդկային հետքերը սովորողների, ուսուցիչների գործերում։
Թումանյան Հովհաննեսից եմ լսել՝ հա, ես էս երկրի պահապան շունն եմ։ Հետո, երբ կրթության գործը դարձավ իմ կյանքը, և հայրենագիտությունը՝ կրթական ծրագիր, ես տարատարիք սովորողների հետ «մանրամասն սիրում էի» «մի քանի սար ու ձոր իմ հայրենիքը»։ Եվ ամենուր պետք էր ընտրություն կատարել՝ հաշտվենք խոզի վիճակի հե՞տ, թե՞ բնության յուրաքանչյուր կտորը մաքրենք... Ես այս երկրի հավաքարարն եմ՝ բարձրաձայնեցի ես։ Հետո իմ մանկավարժությունը պահանջեց իմ սաների հետ Բանգլադեշի քարուքռից պարտեզ ստեղծել, կրթահամալիրի տարածքներում հողը ազատել ասֆալտից և եզրաքարերից։ Կրթահամալիրը՝ կրթական պարտեզ, որ մենք մեր կրթական ծրագրով անընդհատ ընդարձակում ենք։ Ես այս երկրի պարտիզպանն եմ նաև։ Ահա Ձեզ մեր հեղինակային կրթական ծրագրի երկու անուն։ Ստեղծողի մոբիլ դպրոց և հավաքարար, պարտիզպան, պահապան՝ հայրենատիրոջ դպրոց։ Ինձ համար սրանք հոմանիշներ են։ Կասեք՝ բառեր, բառեր, բառե՜ր... Երբ հարգում ես քո կրթական ծրագրի սովորողին, քո երեխային, քո գործընկերոջը, քո ընտանիքի անդամին, հարգում նրա ջանասիրության և հայտարարված գաղափարին հավատարիմ գործունեության համար, սա ավելի է, քան երեխային, մարդուն սիրելը։ Դիտեք այս տեսանյութերը, որ մեր 2014թ. հունիսյան ուսումնական ճամբարների առօրյայից են։
Հունիսի 2-ից 5-ը մեր կրթահամալիրի 2-5 տարեկան սաները, 6-18 տարեկան սովորողները մաքրում էին մեդիան՝ «Անտիվիրուս Կոմիտաս 2014- ավանդական նախագծի (մեր խոնարհումը քեզ, Արթուր Շահնազարյան) շրջանակում։ Երգում, խաղում, ապրում էին Կոմիտաս։ Տեսեք՝ ինչպե՞ս.
Իսկ հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի միջազգային օրը, նրանք նույն ձևով խաղալով իստակում էին Երևանը։ Օրվա վերջում ես մեկ ժամ քայլում էի մեր 5-ից 15 տարեկանների հետքերով.... Այսպես մաքուր Բանգլադեշը չի եղել։ Ես հարգանքով լցվեցի իմ սաների նկատմամբ։
Մայիսի 23-ին՝ 12-րդ դասարանցիների ուսումնական վերջին պարապմունքի օրը, ես «Սեբաստացի» TV-ի Միշոյի և Անիի հետ որոշեցի գնալ նրանց հետքերով։ Տեսեք, թե ինչ ստացվեց...
Ինչու միայն շրջանավարտների հետքերով։ Ես առաջարկում եմ հետևել նաև կրթահամալիրի նախակրթարանների, հանրակրթական դպրոցների, քոլեջի տարատարիք սաների և սովորողների, մանկավարժական աշխատողների ամառային գործունեությանը։ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբին, որ սկսել է ամառային կրթամշակութային արշավ-հեղինակային կրթական ծրագրի տարածումը, այս անգամ՝ Լոռու մարզից՝ Ստեփանավանից։
Հետևենք մեր հունիսյան բաց ու տեղծական ստուգատես-փառատոներին՝ թարգմանական, թատերական, կինո-ֆոտո, երաժշտական, «Ուսումնական ամառ»։ Անհոգնել, անդադար, ստեղծական... Այսպիսին են սեբաստացիները՝ բոլոր տարիքի, որտեղ էլ որ նրանք լինեն։ Եվ այսպես, 25 տարի՝ 1989-ից, մեր ստեղծման օվանից։
Ի դեպ, հունիսի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում (Խ. Աբովյան 2) մենք կազդարարենք մեր հոբելյանական հանդիսավոր հանրային հաշվետվությունների մեկնարկը։ Ուրիշ տարի կլինի։ Սա մենք Ձեզ խոստանում ենք։