Ուսումնական երեք տարի. էվոլյուցիա

Հեղինակ: 

Իմ կրթական ձեռքբերումները. արձագանք։ 

Բարի օր: Անունս Մերի է, Մերի Շարոյան: Ավարտում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վարժարանի 12-րդ դասարանը: Երկար դեգերումներից հետո՝ հուրախություն իմ մասնագիտության մասին խոսակցություններից զզված դասընկերներիս, որոշել եմ հետագա կրթությունս շարունակել կինոյի և հեռուստատեսության գծով: Ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ կարևորում եմ արվեստի դերը մարդու կյանքում, զարգացման մեջ: Արվեստի նախընտրածս ֆորմատը գրականությունն է: Ունեմ արտասահմանյան գրականությանը նվիրված բլոգ:

Ալլեն Գինզբերգ, Սեմյուել Բեքեթ, Ռեյ Բրեդբերի… այս և այլ անուններ բավականին հայտնի են 20-րդ դարի գրականության մեջ և այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունը: Կատարել եմ նրանց գործերի թարգմանություններ ռուսերենից և անգլերենից, որոնք վերածվեցին 70 էջանոց ժողովածուի.

 

Դիջիթեք 2014 միջազգային ստուգատեսի «Էլեկտրոնային գիրք» անվանակարգում ժողովածուն արժանացավ գլխավոր մրցանակի: Թարգմանությունների առկայությունից հետո ակումբիս ղեկավարը՝ Մարգարիտ Սարգսյանը, առաջարկեց դրանց ձայնագրությունների և ամերիկյան հին շարժանկարների համադրմամբ ստեղծել կինոպոեզիայի շարք: Կինոպոեզիան ստեղծական լուծում է, որ իր մեջ ներառում է գրական ստեղծագործության ընթերցում և շարժապատկեր: Կինոպոեզիա-շարքս հեռարձակվել է Youtube–ի իմ ալիքով.

Ուսումնառությանս ընթացքում գրել եմ մի շարք սցենարներ, հեղինակել տարբեր հայկական և միջազգային փառատոնների մասնակցած կարճամետրաժ ֆիլմեր, նկարահանվել ֆիլմերում, որոնցից ամենահայտնին և քննարկվողը, ամենայն հավանականությամբ, 2012 թ. ստեղծված «Զրույց մի վաղեմի դպրոցական կապի մասին» կարճամետրաժն է՝ հանրահայտ Տիգրան Ֆահրադյանի և իմ մասնակցությամբ:

Վերջին փառատոնը, որին մասնակցեցի, կայացավ մայիսին՝ Թբիլիսի քաղաքում: Այն նվիրված էր Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» էպոսին: Ստացանք պատվոգրեր: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2012թ. նույնպես մասնակցել էինք տվյալ փառատոնին, արժանացել «Լավագույն կոմպոզիցիա» մրցանակին:

Մասնակցել եմ նաև տարբեր սեմինարների` լրագրության, կինոռեժիսուրայի, սոցիալական մեդիաների, IT ոլորտի և մի շարք այլ սեմինար-վարպետության դասերի: Չեմ մոռանում սեպտեմբերյան հրաշագեղ օրը, երբ Մարգարիտ Սարգսյանը (նրան կտայի չկողմնորոշված և կողմնորոշված դեռահասների լավագույն խորհրդատուն և ընկերը որակումը, բայց երկբայում եմ՝ հաշվի առնելով, որ չի սիրում ցուցամոլությունը) առաջարկեց ինձ և լեգենդար Ավետիս Հարությունյանին մասնակցել «Մարդկային գործոն» հաղորդաշարին՝ որպես բանախոսներ: Ուրախությամբ համաձայնեցի, գնացի տուն և տասներկուսին մոտ հիստերիա սկսեցի, զանգեցի տիկին Մարգարիտին։ Հանգստացրեց՝ խորհուրդ տալով գնալ քնելու: Հաջորդ օրը գնացինք և նորմալ խոսեցինք: Այդ երջանկահիշատակ րոպեից հետո եթերին վերաբերում եմ ավելի քան հանգիստ: Կցանկանամ առանձնացնել հեղինակային հաղորդումս` «Արթ թայմս», որ հեռարձակվում է Սեբաստացի TV–ի եթերում: Շատերն են հարցնում՝ ինչ է արթ թայմսը, որն է նրա ֆորմատը: Արթ թայմսը բացահայտող հաղորդումների շարք է, որտեղ հյուրընկալվող արվեստի մարդիկ էլ ավելի հասանալի են դառնում լսարանին: Մեր առաջին հյուրը երիտասարդ արձակագիր Մերրի Մկրտչյանն էր, հաղորդումը կարող եք դիտել.

Հոդվածներս ու հրապարակախոսություններս տպագրվել ու հրապարակվում են տպագիր և էլեկտրոնային թերթերում: Լրագրողական գործունեության համար 2013 թ. ստացել եմ Տիգրան Հայրապետյան մրցանակ: Մոտ մեկ տարի թղթակցում եմ «Եթեր» շաբաթաթերթին՝ որպես երիտասարդական էջի լրագրող:

Մասնակցել եմ «Ուլիսես» պատմվածքի մրցույթին, որտեղ իմ երկու պատմվածքները («Հիկիկիմորի» և «Restart») ներգրավվել են շորթ-լիսթում, իսկ «Հիկիկիմորի» պատմվածքի համար ստացել եմ թեմատիկ գլխավոր մրցանակ: Այժմ մասնակցում եմ Ուլիսես-3-ին: Եթե ստացվի ընդգրկվել տասը լավագույն մասնակիցների ցանկում, ամռանը կկարողանամ մասնակցել գրական եռօրյա սեմինարի: Եթե ոչ, նույնպես ողբերգություն չէ, քանի որ արդեն իսկ ընդգրկվել եմ Ծաղկաձորի Գրողների միության տանն անցկացվող Արվեստի եռօրյա ակադեմիայի մասնակիցների ցուցակում:

Ավարտական երեկոյից հետո ինձ այցելում են նաև կասկածները: Ինչքա՜ն բան կարելի էր անել, որ չարվեց, ինչ է լինելու «արթ թայմսիս» հետ, կարելի էր, չէ՞, ավելի լավ օգտագործել կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները, այդ միջոցին ստեղծելով նոր հնարավորություն: Իսկ հետո հիշում եմ քննությունների մասին, ինստիտուտի, որտեղ ընդունվելու եմ, ուղեղումս պտտեցնում տարբերակներ, թե ինչպես է հնարավոր կիրառել կրթահամալիրի տված պոտենցիալն ու փորձն այնտեղ, և հնարավո՞ր է արդյոք:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский