Անկեղծ, բաց ու անդավաճան
Primary tabs
«Մոբիլ ու ստեղծական 25 տարի» հոբելյանական հաշվետու համերգ-ներկայացում-ցուցադրության մեկնարկի առթիվ
Սիրելի ներկա և բացակա: Միանգամից ասեմ՝ մենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 25-ամյակը չենք նշում՝ ո՛չ հիմա, այս հոյակապ ու պատվավոր դահլիճում, չենք նշելու նոյեմբերին, երբ կրթահամալիրի տոնացույցով «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնն է: Չե՛նք նշելու որպես հոբելյանական միջոցառում. երբ բեմ է դուրս բերվում արվածը, նրա ետևից բեմ է բարձրանում ստեղծողը, ու այնքա՜ն գործ է մնում չարված: Իսկ մենք գործում ենք, անընդհատ. մոբիլ ու ստեղծական ենք նաև հիմա: Հոբելյանականը տարին է՝ 2014-ը. հանենք նրանից 1989-ը՝ կրթահամալիրի ստեղծման՝ իրավակազմակերպման տարին, ու կստանանք 25: Մոբիլ ու ստեղծական 25 տարի անընդհա՞տ՝ հարցնում եմ: Այո՞։ Ահա ինչու մենք սրանով մեկնարկում ենք մեր հրապարակային հաշվետու գործունեությունը 2014 հոբելյանական տարում՝ համերգ-ցուցադրությունների, ամենատարբեր պարապմունքների, նախագծերի, միով բանիվ՝ նախաձեռնությունների տեսքով՝ խմբային ու անհատական՝ այո, ընտանեկան՝ այո, հանրային՝ իհարկե: Ինչ-որ մի պահից հաստատվեց գիտակցումը, որ սեբաստացի լինում-դառնում են ընտանիքով կամ չեն լինում, քանզի լավն է այն դպրոցը, որտեղ սովորում ես դու, քո երեխան, երեխայի երեխան: Ահա ինչու՝ մենք կանք որպես աշխարհ, որպես կյանք ու հասարակություն՝ բոլոր տարիքի՝ սկսած 2-ից, 5-ից, 6-ից, 14-ից..., քմահաճ անհատի կրթական պատվերի, նրա ընտրության իրական ապահովությամբ, մոբիլ ու ստեղծական:
Երեք բան, այո, որպես Բան, որ ի Սկզբանէ է, որպես ճիգ ու ջանք:
- Մենք անկեղծ ենք՝ մեր անկումների ու ոգևորությունների պահին և առօրյա: Կեղծիքն է կամ անկեղծության պակասը, որ 25 տարի փչացնում է հայաստանյան կյանքը: Մեջբերում Կտակարանից՝ վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կուզենայիք, որ ձեզ հետ վարվեն։
- Մենք բաց ենք, առանց արհեստականության սահմանների՝ որպես կազմակերպություն, որպես գործունեություն ու ծրագիր, ներառվող ու ներառող, բաց այլոց՝ մարդկանց, գաղափարների թե ջանքերի առաջ, դրանց ազատ շրջանառության համար: Ապրել-գործել բաց՝ այսօրվա բաց աշխարհում՝ այն է, ինչից համառորեն վախենում ու ընկրկում են Հայաստանում շուրջ 25 տարի, բոլոր մակարդակներում: Մեջբերում` Կտակարանից՝ արդ կատարյալ եղիր շարունակ, ինչպես իմ Ուսուցիչն է կատարյալ:
- Մենք կարողանում ենք փոխել մեզ, մենք այլ ենք ամեն պահի... Փոխելով մեզ՝ կարող ենք ազդել մեր միջավայրի վրա ու ստեղծել նոր միջավայր: Ահա ինչու կարողության՝ որպես անձի ողջ ներուժի դրսևորման, և զուբրիտի՝ որպես անձի ողջ ներուժի մսխման, երկընտրանքի լուծումը մեր անդավաճանությունն է Ստեղծականությանը: Եթե հայ մարդը այս 25 տարին զբաղվեր արարչությամբ.... Մեջբերում Կտակարանից՝ ճակատիդ քրտինքով վաստակիր օրվա քո հացը:
- Բացվել է 1653 անգամ