Ինչպես ենք մտածում. գլուխ 8
Primary tabs
Ութերորդ գլուխ: Դատողություն. փաստերի մեկնաբանություն
1. Դատողության երեք գործոնները
Մարդը, որ որոշակի ոլորտում ճիշտ դատողություններ ունի, որոշակի աստիճանի դաստիարակված է, կարգապահ, ինչպիսին էլ որ լինի նրա կրթությունը: Եթե մեր դպրոցներն իրենց սովորողների մտքի այնպիսի վիճակ ստեղծեն, որ ուր էլ սովորողն ընկնի, բոլոր հարցերում ճիշտ դատողությունների բերի, ավելի շատ բան արած կլինեն, քան եթե ավարտեցնեն սովորողներ, որ ուղղակի տեղեկությունների լայն պաշար ունեն կամ հատուկ բնագավառներում լավ կարողություններ: Որպեսզի իմանանք` ինչ է ճիշտ դատողությունը, նախ պետք է իմանանք, թե ինչ է դատողությունն ընդհանրապես:
Դատողության և եզրակացության կապի գոյությունը բավարար ակնհայտ է: Եզրակացության նպատակը դրույթի մասին համապատասխան դատողության արտածումն է, և դա ընթանում է մասնակի և փորձնական դատողությունների շարքով: Ի՞նչ են ինքնին այդ մասերը, մտահանգման այդ անդամները: Դրանց բնորոշ գծերը կարելի կլինի բացահայտել` դիտարկելով մի գործողություն, որ ի սկզբանե նշանակվել է դատել բառով՝ մասնավորապես խնդրի լուծումը օրենքի հիման վրա, դատավորի գործունեությունը դատարանում: Այդ գծերը երեքն են. 1) տվյալ օբյեկտիվ դրույթի նկատմամբ հակադիր վերաբերմունքներից առաջացած հակասությունը, 2) այդ վերաբերմունքները որոշելու և մշակելու ընթացքն ու դրանց աջակցել կարողացող փաստերի դիտարկումը, 3) վիճահարույց մասնավորությունն ավարտող և, այսպիսով, հետագա դեպքերը լուծելու կանոն կամ սկզբունք դարձող վերջնական որոշումը կամ դատավճիռը:
1. Եթե կասկածելի բան չկա, իրադրությունն առաջին հայացքից լուծվում է, տեսքից հասկացվում, ուրեմն դա միայն կարծիք է, ընկալում, ճանաչում, այլ ոչ թե դատողություն: Եթե գործն ամբողջությամբ կասկածելի է, եթե լրիվ մութ է և անթափանց, անլուծելի գաղտնիք է, և նորից դատողություն չի ստացվում: Բայց եթե, որքան էլ անորոշ, տարբեր հասկացություններ, հնարավոր հակամարտող մեկնաբանություններ է առաջացնում, այսինքն` ելման կետ, ճանապարհի ուղեցույց, կասկածը վեճի, մրցակցության տեսք է ընդունում. տարբեր կողմերը մրցակցում են իրենց օգտին ավարտելու համար: Դատավորի կողմից վերլուծվող դեպքերն այդ հակադիր մեկնաբանությունների պարզ և ուղղակի օրինակ են տալիս, իսկ կասկածելի իրավիճակը մտովի պարզելու ցանկացած փորձ նույն հատկություններն է ցուցաբերում: Հեռվում շարժվող բիծը մեր ուշադրությունը գրավում է, ինքներս մեզ հարցնում ենք. «Ի՞նչ է սա: Ի՞նչ է՝ ամպ, թե պտտվող փոշի: Ճյուղերը տատանող ծա՞ռ: Նշան անող մա՞րդ»: Ինչ-որ բան ընդհանուր առմամբ առաջացնում է այս հնարավոր հասկացություններից յուրաքանչյուրը: Հավանաբար դրանցից միայն մեկը կարող է ճիշտ լինել, գուցե ոչ մեկն էլ իրականությանը չհամապատասխանի, բայց առարկան ինչ-որ նշանակություն, իհարկե, ունի: Ծագած տարբեր ըմբռնումներից ո՞րն է ճիշտ: Իրականում ի՞նչ է նշանակում զգացողությունը: Ինչպե՞ս պետք է մեկնաբանվի, գնահատվի, ինչպե՞ս դրան վերաբերել: Ցանկացած դատողություն սկսվում է նման վիճակից:
2. Վեճը լսելը, գործը քննելը, այսինքն` տարբեր հարաբերությունները գնահատելը, բաժանվում է երկու ճյուղի, որոնցից յուրաքանչյուրը տվյալ դեպքում կարող է մյուսից ավելի ակնհայտ լինել: Իրավական քննարկման դեպքում այս երկու ճյուղերն էլ դիտարկում են ապացույցներն ու ընտրում կիրառվող կանոնները. դրանք տվյալ դեպքի «փաստերն» ու «օրենքներն» են: Դատողության դեպքում դա` ա) տվյալ դեպքի համար կարևոր փաստերի որոշումն է (համեմատիր ինդուկտիվ պրոցեսի հետ), և բ) մերկ փաստերի առաջացրած հասկացությունների և գաղափարների զարգացումը (համեմատիր դեդուկտիվ պրոցեսի հետ): ա) Մեկնաբանության ձևավորումը վերահսկելու համար վիճակի ո՞ր մասերն ու կողմերը նշանակություն ունեն: բ) Ամբողջությամբ ի՞նչ իմաստ ունի և ի՞նչ տեսակի է հասկացությունը, որը գործածում են որպես մեկնաբանման մեթոդ: Այս հարցերը սերտորեն կապված են. մեկի պատասխանը կախված է մյուսի պատասխանից: Սակայն, հարմարության համար, կարող ենք դրանք առանձին դիտարկել:
Ա. Յուրաքանչյուր իրական դեպք շատ հանգամանքներ ունի, որ ամբողջական պատահարի մաս են կազմում, բայց չնայած դրան, նշանակություն չունեն սկզբնական կետի համար: Փորձի բոլոր մասերը հավասարապես առկա են, բայց բոլորը չեն, որ հատկության կամ ապացույցի հավասար նշանակություն ունեն: Նաև` յուրաքանչյուր հատկանիշի վրա «կարևոր է» կամ «կարևոր չէ» գրությամբ պիտակ կամ տոմսակ չկա: Ոչ էլ ինտենսիվությունը, աշխուժությունը կամ ցայտությունն են ճշգրիտ չափում մատնանշող կամ ապացուցող նշանակության համար: Փայլը տվյալ դեպքում կարող է ոչ մի նշանակություն չունենալ, իսկ ամբողջ գործը հասկանալու բանալին կարող է շատ համեստ և թաքնված լինել: Նշանակություն չունեցող հատկանիշները շեղում են, փորձում որպես ցուցում կամ մեկնաբանության նշան համարվելու հայտ ներկայացնել, մինչդեռ էական հատկանիշները բոլորովին չեն երևում մակերևույթին: Այդ պատճառով էլ դատողություն է պահանջվում նաև զգայարանների տված վիճակի կամ երևույթի նկատմամբ. պետք է լինի բացառում, մերժում, ընտրություն կամ լուսաբանում: Քանի դեռ չեն հանգել վերջնական լուծման, ընտրությունը և մերժումը պետք է փորձնական կամ պայմանական լինեն: Ընտրում ենք իրեր, որոնք, ինչպես հույս ունենք կամ կարծում ենք, հասկացության հատկանիշներ են: Բայց եթե դրանք իրենց ճանաչող և ընդգրկող իրավիճակի պատկերացում չառաջացնեն (տես VII գլուխը), նորից գործին վերաբերող փաստեր և տվյալներ ենք հավաքում. ընդ որում գործի հետ կապ ունեցող փաստեր ասելով` մտավոր պրոցեսի ժամանակ հասկանում ենք այն հատկանիշները, որոնցից, որպես ապացույց, օգտվում են եզրակացություն անելիս կամ լուծումը ձևավորելիս:
Ընտրելու և մերժելու կամ փաստերը հաստատելու համար չի կարելի տալ ամուր հաստատված, մշտական կանոններ: Լավ դատավոր լինել` կնշանակի կասկածելի իրավիճակի տարբեր հատկանիշների հարաբերական նշանակությունը որպես դրա հատկանիշ և մեկնաբանություն որոշելու զգացողություն ունենալ, իմանալ` ինչը որպես նշանակություն չունեցող բաց թողնել, ինչը որպես ոչ էական հեռացնել, ինչը որպես լուծման հանգեցնող պահել, ինչ որպես դժվարությունը ցույց տվող ընդգծել:
Առօրյա գործերում այս կարողությունն անվանում ենք հմտություն, տակտ, ճարպկություն. ավելի կարևոր գործերում՝ խորամտություն, խորաթափանցություն: Դա մասամբ բնազդով կամ բնածին է, բայց նաև անցյալում նման գործողությունների հետ երկարատև շփման կուտակված արդյունք է: Ապացուցողական կամ նշանակալին վերցելու և մնացածը բաց թողնելու հմտությունը բոլոր գործերում փորձագետի, գիտակի, դատավորի հատկանիշ է: Միլը հետևյալ դեպքն է բերում, որը ցույց է տալիս, թե ինչը կարող է նշանակություն ունենալ որպես ոչ ավելի, քան որպես ծայրագույն նրբության և ճշգրտության օրինակ, միչև ուր կարող է զարգանալ իրավիճակում էական գործոնները վերցնելու կարողությունը: Շոտլանդացի ֆաբրիկատերը Անգլիայից շատ մեծ վարձով շատ լավ ներկեր պատրաստելով հայտնի մի ներկարար բերեց` մտածելով, որ նա մյուս բանվորներին էլ կսովորեցնի: Բանվորը եկավ, իսկ բաղադրիչները խառնելու նրա մեթոդը, որտեղ թաքնված էր տպավորություն թողնելու նրա գաղտնիքը, այն էր, որ նա դրանք բռերով էր վերցնում, մինչդեռ, սովորաբար դրանք կշռում էին: Ֆաբրիկայի տերը փորձեց նրան ստիպել, որ իր բռերի համակարգը փոխակերպի կշիռների համապատասխան համակարգի, որպեսզի պարզի նրա հատուկ հնարքների ընդհանուր սկզբունքները: Բայց մարդը բացարձակապես ի վիճակի չէր դա անելու, ինչի պատճառով չկարողացավ որևէ մեկին փոխանցել իր հմտությունը: Սեփական փորձի մասնավոր դեպքերից նա ներկող նյութեր վերցնելիս շոշափման զգացողությունների և գունավորման գեղեցիկ էֆեկտների միջև կապ էր հաստատել իր մտքում և յուրաքանչյուր մասնավոր դեպքում այդ զգացողություններով կարողնում էր եզրակացություն անել օգտագործվող միջոցների և ստացվող արդյունքների մասին»: Պայմանների մասին երկար մտորումները, ուժեղ հետաքրքրվածության պատճառով շատ շփվելը, փոխկապակցված բազում փորձերում խորանալը հանգեցնում են դատողությունների, որ ենթագիտակցական ենք անվանում, բայց դրանք իրական դատողություններ են, քանի որ հիմնված են մտավոր ընտրության և գնահատման վրա, ընդ որում վերահսկող հատկանիշը լինում է խնդրի լուծումը: Այս կարողությամբ է արտիստը տարբերվում է մտավոր գրչակից:
Իր կատարյալ ձևով այսպիսին է դատողության հատկությունը` որպես լուծման փաստ, որ պետք է ընդունել: Բայց յուրաքանչյուր դեպքում ճանապարհ ցույց տվող որոշակի զգացողություն է հայտնվում, որոշակի հատկությունների փորձնական մշտապես առանձնացում` տեսնելու համար, թե ինչ նշանակություն պետք է դրանց տրվի, վերջնական ընտրությունը ուշացնելու և գործոնները ամբողջովին դեն նետելու կամ ապացուցման սխեմայում նրանց ուրիշ տեղ հատկացնելու համաձայնություն, եթե այլ հատկանիշներ ավելի կարող ենթադրություն ներկայացնեն: Կենդանությունը, ճկունությունը, հետաքրքրասիրությունը էական նշանակություն ունեն. դոգմատիկությունը, անշարժությունը, նախապաշարումը, քմահաճույքը, շաբլոնին հետևելուց բխող կիրքը և շատախոսությունը կործանարար են:
Բ. Տվյալների այդ ընտրությունը կատարվում է, իհարկե, առաջացած հասկացության զարգացումը և մշակումը հսկելու համար, որի լույսի ներքո դրանք պետք է մեկնաբանվեն: Հասկացությունների զարգացումը, այսպիսով, փաստերը որոշելու հետ միաժամանակ է ընթանում. մեկը մյուսի հետևից մտքում առաջանում են հնարավոր հասկացություններ, դիտարկվում են փաստերի հետ կապված, որոնց կցվում են, զարգանում փաստերի նկատմամբ ավելի մանրամասն հարաբերություններում, դեն նետվում կամ պայմանականորեն ընդունվում, օգտագործվում են: Ոչ մի խնդրի չենք մոտենում լրիվ միամիտ և կուսական մտքով, մոտենում ենք արդեն հասկանալու որոշակի սովորական ձևեր յուրացրած, նախօրոք կայացած հասկացությունների որոշակի պահուստով կամ գոնե փորձով, որից հնարավոր կլինի հասկացություններ ստանալ: Եթե պայմաններն այնպիսին են, որ սովորական պատասխանն ուղղակի երևում է, ապա անմիջապես առաջանում է հասկացությունը: Եթե սովորույթը հապաղում է, կամ նրա հեշտ օգտագործելուն խոչնդոտ կա, առաջանում է տրված փաստի համար հնարավոր հասկացություն: Հաստատաված ոչ մի մշտական կանոն չի որոշում` ճիշտ է արդյոք առաջացած հասկացությունը, և պետք է դրան հետևել: Ղեկավարում է անհատի ճիշտ (կամ սխալ) դատողությունը: Որևէ գաղափարի կամ սկզբունքի վրա պիտակ չկա, որ ինքնիրեն ասի. «տրված իրավիճակում օգտվիր ինձանից», ինչպես հրաշքների աշխարհում կախարդական կարկանդակների վրա էր «կեր ինձ» գրված: Մտածողը պետք է որոշի, ընտրի, և այստեղ միշտ ռիսկ կա, այնպես որ զգուշավոր մտածողն զգույշ է ընտրում, այսինքն` ենթարկվելով հետագա փաստերը հաստատելուն կամ մերժելուն: Եթե մարդը չի կարող խելացի գնահատել, թե ինչը կապ ունի տրված անորոշ և կասկածելի արդյունքը մեկնաբանելու հետ, ապա քիչ նշանակություն ունի ջանասիրաբար ուսումնասիրելն այն, ինչը նրան հասկացությունների մեծ պահուստ է տվել: Քանի որ գիտենալն իմաստնություն չէ, տեղեկությունները ճիշտ դատողություն չեն երաշխավորում: Հիշողությունը կարող է որպես հականեխիչ սառնարան ծառայել, որտեղ կարելի է ամբարել հասկացությունների պահուստը՝ հետագայում օգտագործելու համար, բայց դատողությունն ընտրում և կիրառում է այն, ինչը պետք է տվյալ պատահականության համար, իսկ առանց պատահականության (որևէ մեծ կամ փոքր ճգնաժամի) դատողության կարիք էլ չկա:
Ոչ մի, նույնիսկ վերացական ձևով հիմնավոր և ամուր հաստատված հասկացություն չի կարող սկզբում ավելին լինել, քան մեկնաբանող հասկացության պաշտոնի թեկնածու: Միայն մութ տեղերը պարզաբնելու, խճճված հանգույցները քանդելու, հակասությունները հարթելու գործում հակառակորդներից ավելի մեծ հաջողությունը, ապացուցելը, որ ինքն այդ վիճակի համար հարմար գաղափար է:
3. Կազմված դատողությունը լուծում է, հանգեցնում հարցի վերջին (կամ եզրափակում է): Այդ լուծումը ոչ միայն վերաբերում է տվյալ դեպքին, այլև օգնում է հետագայում նման գործերը լուծելու համար կանոն կամ մեթոդ հաստատելուն, ինչպես դատարանում դատավորի վճիռը ոչ միայն ավարտում է վեճը, այլև նախադեպ է դառնում հետագա լուծումների համար: Եթե հաստատված մեկնաբանությունը չի ժխտվում հետագա երևույթներով, ապա նման մեկնաբանությանը նախապատվություն է տրվում ուրիշ դեպքերում էլ, որոնց հատկանիշներն այնքան էլ տարբեր չեն, որ այն ոչ պիտանի դարձնեն:
Այս ճանապարհով աստիճանաբար հաստատվում են դատողության սկզբունքները, մեկնաբանության որոշակի ձևը քաշ ու հեղինակություն է ձեռք բերում: Կարճ ասած` նշանակությունն ընդհանրացվում է, դառնում տրամաբանական հասկացություն:
2. Գաղափարների ծագումը և բնույթը
Սա մեզ հանգեցնում է դատողությունների հետ կապված գաղափարների հարցին[1]: Անհայտ մի բանը այդ վիճակում առաջացնում է մեկ ուրիշը` որպես իր մեկնաբանություն: Եթե այդ մեկնաբանությունն անմիջապես ընդունվում է, ռեֆլեկտիվ մտածողություն չկա, չկա իսկական դատողություն: Միտքն անմիջապես ընդհատվում է առանց քննադատության, առկա է դոգմատիկ մտածողությունը՝ իր բոլոր վտանգներով: Բայց եթե առաջացած հասկացությունը դիտարկման և ուսումնասիրման ընթացքում հետաձգվում է, ապա առկա է իսկական դատողություն: Կանգ ենք առնում և մտածում, հետաձգում ենք եզրակացությունը, որպեսզի ավելի հիմնավոր դարձնենք: Գործի այդպիսի ընթացքում միայն պայմանականորեն ընդունված, միայն քննարկման համար ընդունված հասկացությունները դառնում են գաղափարներ:
Այլ կերպ ասած. գաղափարը փորձելու համար ընտրված հասկացություն է, որը ձևավորվել և օգտագործվում է` կախված խճճված իրավիճակը պարզելու համար իր պիտանելիությունից, հասկացություն, որ ծառայում է որպես դատողության գործիք:
Վերադառնանք հեռվում շարժվող բծի մեր օրինակին: Կասկածում ենք, թե ինչ է, այսինքն` իրենից ինչ է ներկայացնում բիծը: Հնարավոր ենթադրություն է, որ ձեռքերը թափահարող մարդ կամ ողջունող ծանոթ է: Հնարավոր այլընտրանքներից մեկն ընդունելը կնշանակեր կանգնեցնել մտածողությունը: Բայց եթե ծագած ենթադրությանը վերաբերենք որպես ընդամենը ենթադրության, որպես հնարավորության, այն կդառնա գաղափար, որն ունի հետևյալ հատկությունները. ա) որպես սովորական ենթադրություն այն միտք է, գուշակում, որ ավելի կարևոր դեպքերում անվանում ենք վարկած կամ տեսություն: Այլ կերպ ասած, դա բացատրության հնարավոր, բայց դեռևս կասկածելի ձև է: բ) Նույնիսկ կասկածելի լինելով, այն պետք է կատարի դիտարկումը և հետազոտությունը ուղղորդողի պարտականություն: Եթե բիծը ողջունող ընկեր է թվում, ավելի մանրամասն դիտարկումը պետք է ուրիշ հատկանիշներ էլ պարզի: Եթե դա անհնազանդ հոտը քշող մարդ է, ուրիշ հատկություններ կպարզվեն: Միայն որպես կասկած ընդունված գաղափարը կկազմալուծեր հետազոտությունը: Որպես վստահություն ընդունվածը կկանգնեցներ հետազոտությունը: Որպես կասկածելի հնարավորություն ընդունվածը հետազոտության համար տեսակետ, հիմք, մեթոդ է տալիս:
Գաղափարները իրական գաղափար չեն, քանի դեռ խնդրի լուծմանը հանգեցնող ռեֆլեկտիվ քննարկման գործիք չեն դարձել: Ենթադրենք` խոսքը սովորողին Երկրի գնդաձև լինելն ընկալել տալու մասին է: Սա տարբերվում է նրան, որպես փաստ, Երկրի գնդոլորտային ձևի մասին հաղորդելուց: Նրան կարելի է ցույց տալ (կամ հիշեցնել) գնդակ կամ գլոբուս և ասել, որ Երկիրը նույնպես կլոր է, ինչպես այս առարակաները, հետո ամեն օր կարելի է նրան ստիպել կրկնել այս պնդումը, մինչև երկրի ձևը և գնդի ձևը նրա մտքում կմիավորվեն: Բայց այս ճանապարհով նա Երկրի գնդաձևության մասին ոչ մի գաղափար ձեռք չբերեց, լավագույն դեպքում մտքում որոշակի պատկերացում եղավ գնդի մասին, և նրան, վերջապես, հաջողվեց պատկերացնել Երկիրը՝ իր գնդակի պատկերացման նմանությամբ: Որպեսզի սովորողը գնդոլորտությունն ընդունի որպես գաղափար, սկզբում պետք է դիտարկվող փաստերում որոշակի դժվարություններ և անհասկանալի հատկություններ պարզի և գնդոլորտության այդ գաղափարն ընկալի որպես այդ երևույթները բացատրելու հնարավոր ճանապարհ: Գնդոլորտությունը գործուն գաղափար է դառնում միայն տվյալները մեկնաբանելու համար որպես մեթոդ կիրառելու դեպքում, այնպես, որ նրանց մասին ավելի ամբողջական գաղափար կազմի: Կարող է լինել վառ պատկերացում` և ոչ մի գաղափար, կամ կարող է լինել տատանվող աղոտ պատկերացում` բայց գաղափար, եթե այդ պատկերացումը դիտարկում գրգռելու և ուղղորդելու, փաստերը միավորելու գործառույթ ունի:
Տրամաբանական գաղափարները կողպեքը բացելու համար ստեղծված բանալիների նման են: Գայլաձուկը, որ ապակե միջնորմով առանձնացված է այն ձկներից, որ սովորաբար որսում է, ինչպես ասում են, գլխով այնքան կխփի ապակուն, որ բառացիորեն կծեփվի դրան, քանի որ չի կարողանա սնունդ ստանալ: Կենդանիները կսովորեն (եթե նրանք ընդհանրապես սովորում են) «կտրելու և փորձելու» մեթոդով, սկզբում պատահականորեն անելով մի բան, հետո մեկ ուրիշը և հիշելով այն, ինչը ստացվում է: Որպես փորձարարության համար ընդունված հասկացություն առաջացած գաղափարների կողմից ուղղորդվող գործունեությունը միակ այլընտրանքն է ինչպես եզի համառությանը, այնպես էլ ուրիշ ուսուցչից՝ պատահական փորձից գնված ուսուցմանը:
Բազմանշանակ է այն, որ մտքի մասին շատ արտահայտություններ առաջացնում են շրջանցիկ, խուսափողական ճանապարհի գաղափար, հաճախ` բարոյական անազնվության յուրատեսակ ակնարկով: Կոպիտ, պարզսիրտ մարդն ուղղակի (ենթադրվում է` անմիտ) անցնում է գործի: Խելացի մարդը ճարպիկ է, ընտրող, խորամանկ, նուրբ, հնարամիտ, հմուտ, նենգ, ենթադրվում է ոչ ուղղակիի գաղափարը: Գաղափարը մեթոդ է, թե ինչպես խուսափենք, շրջանցենք կամ ռեֆլեքսիայով հաղթահարենք խոչընդոտը, որի նկատմամբ հակառակ դեպքում պետք է կոպիտ ուժ կիրառեինք: Բայց գաղափարները կարող են կորցնել իրենց մտավոր հատկությունը սովորական կիրառման դեպքում: Երբ երեխան առաջին անգամ սովորեց կասկածելով տարբերել կատուներին, շներին, տները, խաղալիք գնդիկները, կոշիկները և ուրիշ առարկաներ, գաղափարները՝ գիտակցական և փորձնական հասկացությունները, նույնականացման մեթոդ դարձան: Հիմա, հիմնականում, առարկան և նրա մասին պատկերացումը այնպես են սերտորեն միավորվել, որ ո´չ դատողություն կա, ո´չ իրական գաղափար, այլ միայն մեքենայական ճանաչում: Մյուս կողմից, իրերը, որ մեծ մասամբ ուղղակի ընկալվում են և սովորական են, դառնում են դատողության առարկա՝ հայտնվելով անսովոր համատեքստում. ինչպես ձևերը, հեռավորությունները, չափսերը, դիրքը, երբ փորձում են դրանք շարժել, ինչպես եռանկյունները, քառակուսիները և շրջանները, երբ նրանք հայտնվում են ոչ թե սովորական խաղալիքների, կենցաղային և խոհանոցային պարագաների հետ, այլ որպես երկրաչափության խնդիրներ:
3. Վերլուծություն և համադրություն
Դատողություն միջոցով անորոշ տվյալները պարզվում են և, ըստ երևույթին, կապ չունեցող և անջատ փաստերը միավորվում են: Իրերը կարող են հատուկ զգացողություն առաջացնել, նրանք կարող են մեզ վրա աննկարագրելի հատուկ տպավորություն թողնել: Իրը կարող է կլորավուն զգացվել (այսինքն` առկա է հատկություն, որը հետո որպես կլոր կսահմանենք), արարքը կարող է կոպտավուն թվալ (կամ այնպիսին, որ հետո որպես կոպիտ կորակենք) և, սակայն, այդ հատկությունը կարող է կորչել, կլանվել, խառնվել իրավիճակի ընդհանուր իմաստի մեջ: Միայն եթե մեզ պետք է օգտվել սկզբնական վիճակի հատկապես այդ կողմից, որպես մեկ այլ վիճակում կասկածելի կամ մութ ինչ-որ բան հասկանալու համար, մենք այդ հատկությունը հեռացնում և ընդգծում ենք այնպես, որ այն առանձնացված դառնա: Միայն այն պատճառով, որ մեզ պետք է բնութագրել ինչ-որ նոր առարկայի ձևը կամ նոր արարքի բարոյական հատկությունը, նախորդ փորձում առանձնացվում է կլորության կամ կոպտության տարրը և ներկայացվում որպես առանձնացված հատկություն: Եթե նման ձևով ընտրված տարրը պարզաբանում է այն, ինչը նոր փորձում մութ էր, սահմանում այն, ինչ անորոշ էր, այդպիսով ինքն էլ շահում է հասկացության ճշգրտության և որոշակիության առումով: Այս կետին նորից կհանդիպենք հաջորդ գլխում, այստեղ դրա մասին կխոսենք այնքանով, որքանով այն վերաբերում է վերլուծությանը և համադրությանը:
Նույնիսկ երբ վերջնականորեն հաստատվել է, որ մտավոր և ֆիզիկական վերլուծությունները տարբեր տեսակի գործողություններ են, մտավոր վերլուծությունը դիտարկվում է ֆիզիկականի նմանությամբ. կարծես դա ամբողջը մտքում բաղկացուցիչ մասերի բաժանել լինի, այլ ոչ թե տարածության մեջ: Քանի որ ոչ ոք, հավանաբար, չի կարող ասել, թե ինչ է նշանակում մտքում ամբողջը մասերի բաժանել, այդ հասկացությունը բերում է ուրիշ պատկերացման, որ տրամաբանական վերլուծությունը հնարավոր բոլոր հատկությունների և հարաբերությունների պարզ թվարկումն ու գրանցումն է: Այս հասկացության ազդեցությունը դաստիարակության վրա շատ մեծ է եղել: Ցանկացած առարկա իր զարգացման ընթացքում անցնում կամ մնում է այն ձևում, որը կարելի է անվանել անատոմիական կամ ձևաբանական մեթոդի փուլ՝ այն աստճանին, երբ մտածում են, որ առարկայի հասկանալը հատկությունների, ձևերի, հարաբերություններ և այլնի բազմապատկումն է և յուրաքանչյուր տարրին առանձին անուն տալը: Նորմալ զարգացման դեպքում հատուկ հատկություններն ընդգծվում են և, այսպիսով, առանձնացվում միայն, երբ ծառայում են եղած դժվարությունը պարզելու համար: Դրանք վերլուծության համար շարժառիթ կամ կիրառություն են միայն այն դեպքում, եթե ներգրավվում են որևէ հատուկ վիճակի մասին դատողություններում, այսինքն` որպես հատուկ կարևոր` որևէ տարրի կամ հարաբերության առանձնացում են:
Սայլը ձիուց առաջ, արդյունքը գործողությունից առաջ դնելը բացահայտվում է գործողության հնարքների այն չափազանց բարեխիղճ ձևակերպումով, որն այդքան հաճախ հանդիպում է տարրական ուսուցման ժամանակ: Ռեֆլեկտիվ հետազոտության ժամանակ հայտնագործության մեթոդը չի կարող նույնական լինել նրա հետ, որ առաջանում է, երբ հայտնագործությունն արդեն արված է: Բացահայտման սկզբնական պրոցեսում միտքը փնտրելու, հետապնդելու, ենթադրելու, այս կամ այն փորձելու փուլում է. երբ եզրակացությունն արված է, փնտրտուքն ավարտվում է: Հույները քննարկելու սովորություն ունեին` ինչպե՞ս է հնարավոր գիտությունը (կամ հետազոտությունը): Քանի որ կա´մ գիտենք` ինչ ենք փնտրում, և այդ ժամանակ չենք սովորում ու չենք հետազոտում, կա´մ չգիտենք, և այդ դեպքում չենք կարող հետազոտել, որովհետև չգիտենք` ինչ փնտրենք: Այս երկընտրանքը առնվազն մղում է առաջ գնալ, քանի որ ճիշտ այլընտրանք է նշում. օգուտը` հետազոտության ընթացքում կասկած, փորձնական ենթադրություն, փորձարարություն: Եզրակացության հասնելուց հետո պրոցեսի հաջորդական աստիճանների վերանայումը, որպեսզի տեսնենք, թե ինչն էր օգտակար, ինչը՝ վնասակար, ինչը՝ անօգուտ, մեզ կօգնի հետագայում նմանատիպ իրավիճակներում ավելի արագ և արդյունավետ գործել: Այս ճանապարհով աստիճանաբար մշակվում է ավելի կամ պակաս ճշգրիտ մեթոդ: (Համեմատիր վերևում հոգեբանականի և տրամաբանականի վեճի հետ, V գլուխ):
Սակայն ընդունված է այն տեսակետը, որ եթե սովորողը հենց սկզբից գիտակցաբար չի ճանաչում և ճիշտ որոշում այն մեթոդը, որը տրամաբանորեն պարունակվում է ադյունքում, որին ինքը պետք է հասներ, ապա ոչ մի մեթոդ էլ չի ունենա, և նրա միտքը կաշխատի անորոշ և անկազմակերպ, բայց եթե նա իր գործունեությունն ուղեկցի որոշակի վարքի որևէ ձևի գիտակցական որոշումով (գծանկար, առարկայի վերլուծություն, վերնագրերի, ենթավերնագրերի թվարկում, ընդհանուր բանաձև), ապա նրա միտքը պաշտպանված և ամուր կլինի: Իրականում սկզբում պետք է հայտնվի չգիտակցված տրամաբանական դրվածքն ու սովորությունը: Նպատակին հասնելու համար տրամաբանորեն ընտրված մեթոդի գիտակցված իրականացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ արդյունքը արդեն ստացվել է ավելի շատ չգիտակցված և փորձնական մեթոդներով, մինչդեռ այն արժեքավոր է միայն, երբ տրված դեպքում հաջողության հասցրած մեթոդի վերանայումը կլուսաբանի նման ուրշ դեպք: Փորձի տրամաբանորեն լավ կողմերը պարզելու և առանձնացնելու (վերացարկել, վերլուծել) կարողությանը խանգարում է ճշգրիտ ձևակերպման վաղաժամ պահանջը: Կրկնակի օգտագործումը մեթոդին որոշակիություն է հաղորդում. իսկ եթե այդ որոշակիությունը կա, արագ ձևակերպված որոշումը կհետևի բնականորեն: Բայց քանի որ ուսուցիչները կարծում են` ինչը իրենք լավ են հասկանում, գտնված և սեղմ սահմանված է, ուստի մեր դասասենյակները ցուցադրում են այն նախապաշարումը, որ երեխաները պետք է սկսեն մեթոդի արդեն բյուրեղացած բանաձից:
Ինչպես վերլուծությունը ներկայացվում է յուրօրինակ մասնատման տեսքով, համադրումն էլ ենթադրվում է մասերի ֆիզիկական հավաքում, և նման տեսքով ներկայանալը նույնպես վեր է ածվում գաղտնիքի: Իրականում համադրությունն այնտեղ է, որտեղ եզրակացության և փաստերի հարաբերությունն ենք գտել կամ փաստերից՝ սկզբունքը: Ինչպես վերլուծությունն ընդգծում է, այդպես էլ համադրումը տեղի որոշում է. առաջինը ստիպում է առաջ քաշել հատուկ նշանակություն ունեցող ընդգծված փաստը կամ հատկությունը. երկրորդը ընտրվածին կոնտեստ է տալիս կամ կապ այն բանի հետ, ինչ ինքը նշանակում է: Ցանկացած դատողություն վերլուծական է, քանի որ ներառում է ճանաչում, տարբերում` մանրը կարևորից, ոչ էականը այն բանից, ինչ հանգեցնում է եզրակացության, և այն նաև համադրային է, քանի որ մտքում ընդգրկուն տեղ է թողնում, որտեղ տեղավորվում են ընտրված փաստերը:
Դաստիարակության մեթոդները, որ հպարտանում են, թե բացարձակ վերլուծական են կամ բացարձակ համադրական, այդ պատճառով էլ անհամատեղելի են (քանի որ դրանք իրականացնում են իրենց ակնկալիքները) դատողության նորմալ գործունեության հետ: Օրինակ, վիճում էին, թե երկրաչափության դասավանդումը պետք է վերլուծական, թե համադրական լինի: Ենթադրվում է, որ համադրական մեթոդը սկսում է երկրի մակերևույթի մասնակի սահմանափակ կտորից, որը արդեն լավ ծանոթ է սովորողին, և հետո աստիճանաբար ավելացնում է մոտակա շրջանները (մարզը, երկիրը, մայրցամաքը և այլն), մինչև կհասնեն ամբողջ երկրագնդի կամ այն ընդգրկող Արեգակնային համակարգի գաղափարին: Ենթադրվում է, որ վերլուծական մեթոդն սկսում է ֆիզիկական ամբողջությունից` արեգակնային համակարգից կամ երկրագնդից, և իջնում է դեպի նրա բաղադրիչ մասերը, մինչև կհասնի անմիջական շրջապատին: Սրա հիմքում դրված է ֆիզիզկական ամբողջության և ֆիղիկական մասերի հասկացությունը: Իրականում չենք կարող պնդել, որ երեխայի համար արդեն սովորական դարձած Երկրի մասը դարձել է այնքան մտովի որոշակի, որ նա կարող է հենց դրանից սկսել. նրա գիտելիքները մշուշոտ են և ոչ լրիվ: Դրա հետևանքով մտավոր առաջխաղացումն ընդգրկում է դրա վերլուծությունը՝ կարևոր հատկությունների ընդգծումն այնպես, որ դրանք հստակորեն առանձնանան: Դրանից բացի, նրա սեփական գտնվելու վայրը բավարար հստակությամբ որոշված, չշգրիտ սահմանափակված և չափված չէ: Վերջինիս վերաբերյալ նրա փորձը ներառում է Արեգակը, Լուսինը և աստղերը` որպես դիտվող բնապատկերի մաս. այն ընդգրկում է շարժման ժամանակ փոփոխվող հորիզոնի գիծը, այնպես որ նույնիսկ նրա սահմանափակ և տեղական փորձը պարունակում է առանձին փաստեր, որոնք նրա երևակայությունը տանում են հեռու, ակնհայտ է՝ իր սեփական փողոցից և գյուղից շատ հեռու: Արդեն ենթադրվում է մեծ ամբողջականի հետ հարաբերության կապը: Բայց այդ հարաբերությունների նրա ճանաչումն աղոտ է, ոչ համապատասխան, ոչ ճիշտ: Նա պետք է օգտագործի իրեն շրջապատող տեղանքի` իրեն հասկանալի գծերը, որպեսզի պարզաբանի և լայնացնի ավելի լայն աշխարհագրական բեմի մասին հասկացությունները, որին ինքը պատկանում է: Միաժամանակ, բայց ոչ ավելի շուտ, քան նա կընդգրկի ավելի լայն պատկեր, նրա համար հասկանալի կդառնան իր շրջապատի ամենասովորական կողմերը: Վերլուծությունը հանգեցնում է համադրման, մինչդեռ համադրումը կատարելագործում է վերլուծությունը: Եթե սովորողն աճում է լայնածավալ և բարդ երկրի և տարածության մեջ նրա տեղի ըմռնումով, ավելի որոշակի է տեսնում տեղական սովորական մանրամասների նշանակությունը: Ընտրության և դրա մեկնաբանման միջև այդ սերտ փոխազդեցությունն ամենուր է, որտեղ ռեֆլեքսիան նորմալ է գործում: Այստեղից՝ վերլուծությունը և համադրումը իրար դեմ հանելու փորձերի անմտությունը:
Լուսանկարը` Էմմա Իսախանյանի
աղբյուրը` mskh.am
[1] Գաղափար բառը սովորաբար օգտագործվում է ա) ուղղակի միտք, բ) ընդունված կարծիք և ինչպես նաև գ) բուն դատողություն նշանակելու համար: Բայց տրամաբանորեն այն նշանակում է դատեղության գործոն, ինչպես տեքստում է բացատրված:
- Բացվել է 2398 անգամ