Կոտրենք տապանաքարը

Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել է հիշողության մեջ: Հենրի Շոուշ
 
2009թ-ից անցել է հինգ տարի: Ուղիղ հինգ տարի առաջ ես ոտք դրեցի դասարան՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ: Անցնող հինգ տարիներին ես մեծապես զբաղված եմ եղել պատմություն դասավանդելով (դպրոցական և բուհական միջավայրում): Ուստի, ստորև ներկայացվող մտքերը, որոնք վերաբերվում են այդ առարկայի դասավանդման հայաստանյան հայեցակարգին և դրա այլընտրանքին, կարելի է ասել արդյունքն են անցնող տարիների: 

Չափորոշչի և այլ խնդիրների չեմ անդրադառնա, քանզի դրանց մասին արդեն խոսել եմ իմ նախորդ հոդվածներում և հաղորդումներում: Այս անգամ ավելի շատ կկենտրոնանամ սովորողների պահանջմունքների և մատուցվողի համապատասխանելիության, ինչպես նաև ելքերի վրա: 

Այսպես, հինգ տարի առաջ, սովորողների մի խումբ կարդում էր տեքստը և մտապահում: Այսինքն` կարողանում էր անգիր անել պատմության դասը, և համարվում էր, որ նա լավ գիտի (ինչո՞ւ չէ, սա հիմա էլ գերիշխող կարծիք է հայաստանյան կրթական համակարգում): Բայց վերջին հինգ տարիների արագ ընթացքը, փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում` մասնավորապես մեդիա դաշտում, սովորողին զրկեցին և շարունակելու են զրկել այդ «պատեհությունից» կամ այդ հատկության առավելությունից, ինչպես կուզեք: Ամեն դեպքում, խորհրդային իրականությունն էր այդպես կառուցված (հաջող էր, թե ոչ, պատասխան կտա ժամանակը), որ դա էր պահանջում: Նույնը, որպես կրողներ կամ որպես հավատարիմ զավակներ, շարունակում ենք մենք պահանջել: Բայց սա, որպես ռեսուրս, սպառվել է: «Սպառվել» բառն, ի դեպ, այս դրվագում մեղմ է օգտագործված. սովորողն այսօր չի ուզում դա և չի անելու: 

Խոսենք 10-11-րդ դասարանների մասին: Տեքստը անգիր անելուն հատկապես ցցուն է դրսևորվում այն սովորողների մոտ, որոնց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում պատմությունը ներառված չէ, իսկ նրանք, իհարկե, մեծամասնություն են: Ավելին` ժամանակակից դասագիրքն «օգնում է» նրանց չսիրել պատմության առարկան:

Ի դեպ, քանի խոսք եղավ դասագրքի մասին, ապա ասեմ. լույս է տեսել 2014թ.-ի պատմության նոր դասագիրքը: Թվում էր, թե կլինեն որոշ խմբագրումներ և փոփոխություններ, բայց արի ու տես, որ կա ընդամենը երեք էական տարբերություն. հիմնավորում չունեցող թեմաների վերաբերյալ հեղինակները փորձել են լրացուցիչ նյութ խցկել դասագիրք, որն էլ ավելի է խճճել, երեք գունավոր նկար է ավելացել, և վերջում հեղինակների և խմբագրակազմի անունները գրված են ռուսերեն, ինչը, կարծում եմ, ՀՀ Սահմանադրության և լեզվի մասին ՀՀ օրենքի խախտում է: Այս մասին ավելի ուշ, առանձին հոդվածով: Դասագիրքը սովորողին ներկայանում է որպես տապանաքար. ծնվեց այս թվին, մահացավ այս թվին... Եվ բավ չէ հայ մեռելների հիշատակումը («մեռել» բառը բացասական երանգով չհասկանաք, այն ունի ուղիղ իմաստ, նրանք են մեր տեսակի կերտողները, բայց դասագրքի հեղինակները նրանց դարձրել են մեռել, և մենք բնավ մեղավոր չենք դրա համար), մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայել՝ այլոց մեռելների տապանաքարերը ևս խցկելու հայոց պատմության դասագիրք: Մնում էր, թերևս, պատկերել Հուստինիանոսին Թեոդորայի մերկապարի ֆոնին, կամ էլ Ներոնին ու Տրդատին՝ գինովցած, «Լավ ախպերներով»  մակագրությամբ: Եթե սրանք լինեին, ապա դասագիրքը ավելի նման կդառնար ժամանակակից հայակական գերեզմանոցի։ Ինչևէ: Սովորողին չի գրավում դասագիրքը, և նա չի էլ ուզում դրանից կարդալ: 

Անցյալի մշուշում

Խորհրդային կամ իննսունականների սերնդի բոլոր լավ սովորողներին եմ դիմում. քանի՞ մարդ է այսօր հիշում Գրյունվալդի ճակատամարտի թիվը կամ Աղբյուր Սերոբի ծնննդյան ու մահվան թվերը: Քչերը կամ ոչ մեկը, եթե հատուկ հետաքրքրություն չունի դրանց նկատմամբ: Այսօր էլ դա կիրառելի չէ: Սովորողը վաղը չի հիշելու դա: Դա ուսումնական գործի հետ դա կապ չունեցող, զուտ տեխնիկական աշխատանք է, որ կարելի է կատարել միայն մեկ տարի, ինչ-ինչ քննական շեմերը հաղթահարելու համար: Այստեղ իհարկե չի սահմանվում այն հանգամանքը, թե ինչու է, ասենք, քննական նվազագույն շեմը 8 միավորը, ինչպե՞ս և ով է դա որոշում: Մեկ այլ հանգամանք ևս. անգամ 20` առավելագույն բալ ստացած սովորողը, դեռ չի ենթադրվում, որ լավատեղյակ է պատմությունից, կարող է վերլուծություններ անել, փաստեր համադրել և ինչ-որ եզրահանգումների գալ: Սա ուղիղ զուգահեռ է անգլերենի օրինակին, երբ 20 բալ ստացած դիմորդը տարրական կենցաղային միտք չի կարողանում ձևակերպել անգլերեն, քանի որ դա շտեմարանում չի եղել: Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ այս արհեստական շեմերը բացարձակ կապ չունեն դասընթացի, դրա յուրացման կամ տիրապետման հետ:  

Շարունակենք: Տարածված կարծիք կա, որ այսօր սովորողները քիչ են կարդում: Ընդհակառակը՝ նրանք կարդում են, ու կարդում ավելի շատ, քան մենք կպատկերացնենք: Մեդիա դաշտը տալիս է այդ հնարավորությունը տարատեսակ սոցիալական ցանցերի և կայքերի միջոցով: Պարզապես պարզել է պետք, թե ի՞նչ է կարդում սովորողը: Իսկ նա կարդում է գրեթե ամեն ինչ և տեղեկացված է կյանքի կենցաղային կողմի բազմաթիվ մանրուքներին: Այս հանգամանքից ելնելով՝ կրթական գործը պետք է գա սպասարկելու այդ իրողությանը:  Այսինքն` առօրյան, կենցաղը, դրա դրսևորումները պետք է կապակցված լինեն կրթական գործի հետ: Ասել կուզե` կրթությունը պետք է տա արդիական կիրառելի հմտություններ: Սակայն  իրականությունը ցույց է տալիս, որ այն օտարված է դրանից: Լացի սերունդն առայժմ հաղթող է: Բայց առայժմ: 

Իրականությունը փորձից

Պատմության պարապմունքին, երբ անդրադառնում ես օրվա դասագրքային թեմային, պարզում ես, որ կոմպետենտ է սովորողների 10-15 տոկոսը: Դա էլ՝ ոչ թե պատմությունն իմանալու բուռն ցանկությունից, այլ պարզապես սովորած լինելու, գնահատվելու համար: Ու տիրում է դաժան, խորը լռություն: Սա այն լռությունն է, որը քանդում է ամեն ինչ, փոխարենը տալու ան չունի: Ի վերջո կրթության հիմնական նպատակն ինչ-որ բան տալն է: Իսկ երբ սովորողն ունենում է հարցեր տալու ու պնդումներ անելու հնարավորություն, պարզվում է, որ նրան հետաքրքրում է ամեն ինչ: Անգամ պատմությունը: Բայց ոչ այն մոդելը, որը ներկայացված է ստանդարտ ձևաչափով՝ միջին վիճակագրական դասագրքում: Սովորողին հատկապես հետաքրքում է ներկան, գործընթացը շարժման մեջ, որն ունի իր պատմական կենսափորձը և օրինաչափությունը: Ահա այս տեսանկյունից է, որ նա սկսում է հետաքրքրվել, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ: 

Ներողություն, պարոն Խորենացի

Խորենացին պնդում է. «Ոչ է պատմութիւն ճշմարիտ առանց ժամանակագրութեան»: Միգուցե: Բայց: Ժամանակագրությունն ըստ իս,  սովորողին պարզ պատկերացում պետք է տա դարաշրջանների, դրանցում առկա իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Սելջուկ թուրքերի չորս արշավանքների թվերը տասը տարվա կտրվածքով պարտադրել սովորողներին, առ ոչինչ է նրանց պատկերացրած արդի ժամանակագրական խնդիրների համար: Դա ոչինչ չի տալիս, առավել ևս, որ Պապ թագավորին վերաբերող թվերը պարբերաբար տատանվում են 369-370-374-ի տիրույթում` կախված դասագիրք գրողի ճաշակից: Սովորողը Պապի պատմությունից թերևս պետք է իմանա այն, թե ինչու հիմա Հայաստանում կուսանոցներ չկան, կամ սոցիալական քաղաքականության ո՞ր բաղադրիչն է, որ կարող է կիրառելի լինել մեր օրերում, ու սրան գումարած՝ այն, որ Պապը չորրորդ դարի գործիչ է, կարծում եմ, լիովին բավ է: Իսկ եթե ուզի մանրամասներ, ապա կարող է պարզապես մատերի մի քանի հպումով իմանալ դրանք: 

Լուծումը

«Զրույցներ պատմության մասին» նախագծի մասին արդեն խոսել եմ: Կարծում եմ, ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում, դա լիովին կիրառելի է: Դասավանդողը սովորողների հետ կազմում է դասընթացի ծրագիրը, որը ճկուն է և կարող է շատ արագ փոխվել` օրվա իրադարձություններին համահունչ: Սովորողներն իրենք են ներկայացնում այն թեմաները, որոնց նկատմամբ իրենց համարում են կոմպետենտ և ուզում են խոսել: Այստեղ, իհարկե, դասավանդողի դերը չի նսեմանում, քանզի նա ևս հանդես է գալիս առաջարկներով, և ծրագրի վերջնական մշակողը նա է: Այս փուլից հետո գալիս է աշխատանքի բաժանման փուլը: Առաջարկ ներկայացնողը դասավանդողի հետ համատեղ կամ ինքնուրույն ներկայացնում է այն թեման, որն ընտրել է: Ու այսպես, ցանկացած թեմայի դեպքում կարելի է կիրառել պատմության կենսափորձը` առօրյան բխեցնելով պատմությունից կամ հակառակը: Սա արդյունավետ է: Սովորողն ակամա սկսում է հետաքրքրվել տարբեր ժամանակաշրջաններով՝ ուսումնասիրելով այն, ինչն իրեն հետաքրքրում է, ոչ թե այն, ինչ իրեն պարտադրում են: Այս նախագիծն արդեն մեկնարկել է, այն կարող է լիարժեք այլընտրանք դառնալ շիրմաքար-դասագրքին, եթե դասավանդողն ունակ է այն իրականացնելու: 

Քննական շեմեր

Անցյալ տարիների փորձը ցույց տվեց, որ 12-րդ դասարանում իրականացվող նախապատրաստական ծրագիրը լիովին բավարար է եղած ավարտական կամ միասնական քննությունների որոշակի շեմեր հաղթահարելու համար, ավարտականի դեպքում՝ միջինի շեմը, իսկ միասնականի դեպքում՝ 18 և ավելիի շեմը: Ուստի կարիք չկա, պատմության նման հզոր գիտությունը, որն ինքնին մեր կյանքն է, յոթ տարի շարունակ ծառայեցնել այն գիտելիքին, որն հնարավոր է ստանալ մեկ տարում: Կարելի է և պետք է վեց տարիներն օգտագործել առավել արդյունավետ աշխատանքների համար:

Հ. Գ. Կինոյի միջոցով հիշեցում խորհրդային ուսուցման փորձից և իմ նկատառումը այդ առթիվ 

«Մեր մանկության տանգոն», 1985թ.: Ռեժիսոր և սցենարիստ` Ալբերտ Մկրտչյան:
Դրվագ ֆիլմից.

- Ներողություն արտահայտությանս, Կուռսկը որտե՞ղ է գտնվում: Կուռսկը, այ տղա:
Հուշում են դասարանից.
- Վերև, վերև, Տուլայի մոդն է, Տուլայի մոդը:
-Է, հեդո՞: Կուրսկը, այ տղա: Դո՜ւռը: Այ տղա՜, աբրի՜ս: Մինսկը՞: Աբրիս: Վարշավան: Աբրիս: Իսկ հիմա Բեռլինը, այ տղա, Բեռլի՜նը:

Սրա համար google.maps.com  կա:

Կտոր մը երկինք, 1980թ.: Ռեժիսյոր` Հենրիկ Մալյան
Տեսարան դասարանում

- Հաշվե': Ձեռքե՛րդ (հարված ցուցափայտով): Նստե:
- Այբ, Բեն, Գիմ, Դա...Գիմ, Դա...

Տերթոդիկյան դպրոցը չէ՞ սա: 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский