Կղզի, բայց ոչ երբեք կղզիացած

Հեղինակ: 

Կրթահամալիրի տնօրենի բլոգի օրագրից

Բաց կրթական համայնքի մեր՝ սեբաստացիների մոդելը բացառիկ է ոչ միայն հայաստանյան իրականության համար. կարդում ենք, շփվում ենք, արձագանքներ են գալիս... Տեսական մոդելների և հիմնավորումների մակարդակի մասին չէ իմ խոսքը, այլ լուծում-իրագործումների։ Մեր բաց կրթական համայնքը մշակում-լուծում-իրագործում է։ Բաց, մինչև վերջ բաց, որ ... պաշտպանված լինի։ Մենք կղզի ենք այսպիսով, բայց ոչ երբեք կղզիացած հայաստանյան կյանքից. ավելին՝ մենք շարունակ նոր կամուրջներ ենք հաստատում մեր ժամանակի գործիչների (անհատներ, խմբեր, հաստատություններ) և նրանց գործի միջև, հետևողական խորտակում դրվող-առաջացող-դեռ գոյություն ունեցող-փոխանցված պատերը՝ մեկուսացման-անհաղորդության անջրպետները։ Ու գիտակցումը, որ յուրաքանչյուր սեբաստացի պաշտպանն է իր այս հայրենյացի, որ շարունակ բաց ու բաց դարձող համակարգը՝ ինչպես հուսալի հսկվող-սարքերի-ազդանշանների ցանց, մեր տան պաշտպանության, ներքին ու արտաքին անվտանգության ամենագործուն միջոցն է հաստատ: Իսկ վտանգները միշտ կան, քանզի որպես կղզի ենք շարունակում լինել, քանզի հայաստանյան իրականությունը՝ կյանքն ու պատվիրատուի վիճակը վիճակ չեն. ներկայի ու ապագայի կամուրջները այրված են-այրվում են-չեն կառուցվում: Ու այսպես երկար-երկար…

Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», որ այս տարի հոբելյանական էր, նվիրված կրթահամալիրի ստեղծման 25-ամյակին և հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական յուրօրինակ հաստատություն-փորձարարական կրթահամալիր ծնած թիվ 183 դպրոցի 30-ամյակին, անցկացվում է 1994-ից, բայց ընդհատումներով: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին, այս օրերին: Որպես ուսումնական նախագիծ, այն ամենածավալունն է՝ ընդգրկուն մասնակիցների, աշխարհագրության առումով… Մեկնարկը այս հոբելյանական տարում տրվեց, հիշում եք, 2014-ի հունիսի 20-ին, Ա. Բաբաջանյանի անվան համերգային պատվավոր դահլիճում «Մոբիլ ու ստեղծական 25 տարի» հոբելյանական հաշվետու համերգ-ներկայացում-ցուցադրությամբ: Տարին կավարտենք մի այլ համերգ-ներկայացումով, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, դեկտեմբերի 16-ին… Համերգ-ներկայացման պատրաստությունը թափով սկսելու առաջարկը ահա ես արեցի, սեբաստացիներ, լսում եք: Թող ամեն սովորող-ուսուցիչ-դասարան-խումբ իր բլոգում ամփոփի իր մասնակցությունը այս շարունակվող ուսումնական նախագծին, թող տա իր գնահատականը, իր առաջարկներն անի: Ես դա անում եմ տևական ժամանակ, գիր առ գիր և կշարունակեմ ուսումնական նախագծի կարևոր փուլի ամփոփման, արդյունքների վերլուծման, առաջարկների ներկայացման փուլը. առանց սրա ի՞նչ զարգացում և ամբողջականություն, առանց այս սկզբունքային նշանակություն ունեցող աշխատանքի մենք չենք ունենա-զարգացող, առաջադիմող ավանդույթ, որպես պատվիրատու ու մեր իրական կյանքի կազմակերպիչ: Այստեղից էլ այն մեծ ուշադրությունը, որ մենք արժանացնում ենք կրթահամալիրի ուսումնական օրացույցին և նրա կազմակերպման ծիսականացմանը:

Ես Նոր դպրոցի ռադիոյի հարցախեղդը լսեցի. «Ո՞վ է սեբաստացին… Ես եմ սեբաստացին… Իսկ ո՞վ է Մխիթար Սեբաստացին ու մյուս մխիթարյանները…»: Հեշտ չէ, երևի, 5-6 տարեկաններին ներկայացնել, իսկ 4-5-րդ դասարանցո՞ւն, 6-8-րդ միջին դասարանցո՞ւն… Ավելի հե՞շտ է դա անել ավագ դպրոցում… Իսկ ես ու դուք այդքան գիտե՞նք, ճանաչում, անհատապես արժևորո՞ւմ  ենք մխիթարյանների գործը, նրանց ներդրումը հայագիտության, հայոց կրթության, լուսավորության և գիտության մեջ… Այնքա՜ն ու այնպես գիտե՞նք, որ համակել է մեզ պատմելու-փոխանցելու աշխատանքը… Մեր տոնը, սիրելիներս, եթե ստուգատես չի դառնում, այսպիսի անընդհատ մի աշխատանք, պիտի մեկնարկը դառնա ամենատարբեր նախագծերի… մեզ կօգնեն, մեզ մենակ չեն թողնի այսօր գործող հայագետները… Որևէ լարում, արհեստական ջանքեր պետք չեն, իհարկե, եկեք ապավինենք բնական-կենդանի ուրախ ընթացքին։ Դրա համար անհատականացրեք, խնդրում եմ, տոնի պատրաստությունն էլ, անկախ տարիքից` Տոնին մասնակցությունը յուրաքանչյուրի անհատական գործը դարձրեք: Դրա համար պիտի կոնկրետ լինել. ո՞վ ասաց, որ Տոնն ինչ-որ մեկի գործը չէ, չի ուզում: Անհատական մոտեցեք, ու կոնկրետ յուրաքանչյուր սեբաստացի կմասնակցի, կունենա հնարավորություն մասնակցելու իր Տոնին: Իսկ այդ պատրաստությունը նաև ուրախություն պիտի բերի յուրաքանչյուրին: Այսպիսի ուրախությունն է, ըստ մեր օրերի բուդդայական լամայի, և՛ ցուցանիշը մեր ջանքերի, և՛ ուղեցույցը: 

Տոնի հնարավորությունները սպառենք, Տոնը, որպես խթան, յուրաքանչյուրս լիուլի օգտագործենք, ինչպես դա անում են Միջին դպրոցի Ադելն ու Մարգարիտը՝ իրենց անհատական ցուցադրություններով  (անդրանիկը՝ Մայր դպրոցում), այսօր մեկնարկող գրքի տոնը… Մարի Գաբանյանն անսպառ է՝   ակումբ-ընթերցարան, այն էլ՝ ինչպիսի՜, վարպետության դասեր, նոր գրքի վաճառք… Ես անհամբեր եմ բոլոր դպրոցներում միաժամանակ սկսվող, մշտական դարձող ցուցադրություն-վաճառքների այսօրվա մեկնարկով…Զարինե Պապոյանի 3-4-րդ և 5-6-րդ դասարանցիների մաթեմատիկական մրցաշարով, հաշվեցի՝ 37 խումբ (թիմ), 148 սովորող մասնակցության հայտ է ներկայացրել… Կկարողանա, իհարկե, Զարինեն, դասվարների, մաթեմատիկայի ուսուցիչների, տիար Գևորգ Հակոբյանի, Նառա Նիկողոսյանի աջակցությամբ՝ քաղաքային երևույթ դարձնել մրցաշարը, այնպես, որ Ավստրալիայի բոլոր կենգուրուները ողջունեն…

Ես հասցնում եմ արձագանքել Տոնի ծրագրով բոլոր նախաձեռնություններին… Երաժշտության ուսումնական կենտրոնն այսօր համերգ-նորամուտի է հրավիրում… Մարմարյա սրահում նոյեմբերի 11-ին գիտակների մրցաշարում ելույթ ունեցավ Կարեն Խաչատրյանի երաժշտության լաբորատորիան, նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.30, տեսեք, սեբաստացի շրջանավարտների համերգն է, իսկ նոյեմբերի 13-ին՝ ժամը 15.15, Նարեկացի Արվեստի միության նվագախմբի… Ինձ հիացնում է բազմազան-բազմաձև ստեղծական-երաժշտական ձևերի ու խմբերի այսպիսի խճանկարը. հաստատ է երաժշտական կյանքի, երաժշտական հանրակրթական ուրույն համակարգի առկայությունը կրթահամալիրում, իսկ հանրակրթական համակարգերի ներկայացումն իմ օրագրում՝ որպես հեղինակային մանկավարժության սյուներ, առջևում է…

Մարմարյա սրահի Վահրամ Թոքմաջյանի լսարանը տպավորիչ էր. գիտեք, ես հանգստանում էի, ինչպես, վստահ եմ, շատերը… Այս կոմֆորտի մանկավարժությունը գուցե խոչընդոտ է, ոչ թե խթանող, այլ «ցրող», շեղող, ընդարմացնող… Անհատին պատրաստի տրվում է. հատկապես դեռահասության շրջանում չեն ճնշում, հրահրում…

Պետք էր հասցնել կարգի բերել Հիմնական դպրոցի կացարանը. Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղը գալիս է մեծ խմբով. բարով գան, աու՜, Մարգարիտ Հարությունյան և ընկերներ, պատրաստվեք պատվով ընդունել… Պետք է հասցնել մեր ուսումնական մասնաշենքի տանիքային նորոգումները՝ ջրհորդաններով, կաթոցների բոլոր վերացումներով, հիմա, երբ ջեռուցվում են կրթահամալիրի բոլոր յոթ մասնաշենքերը… Եվ ո՞վ է վճարելու «Ռուսգազարդին»՝ խոր. մետրը 156 դրամի չափով, երբ մեր յոթ կաթսայատները սկսեն միասին անընդհատ ջերմություն արտադրել… 

Կրթահամալիրի mskh.am-ի օգտատերերի օրվա թիվը անցավ 7500-ը՝ սա 2014-ի սեպտեմբերից սկսած մեր ռեկորդն է և խոսում է, իհարկե, մեր Տոնի, մեր մանկավարժության նկատմամբ հանրային աճող վերաբերմունքի մասին. ակտիվ եղեք, մեդիայում, սիրելիներս, մեզ հետևում են, մեզ կարդում, լսում, տեսնում, և դա լավ է… Իմ բլոգի օրվա մուտքերի թիվն էլ սկսել է աճել… մոտենում է 500-ին…

Մեր Տոնական շաբաթում կարևորում և ուշադիր հետևում եմ ծնվող նախաձեռնություններին, Տոնի ներշնչանք՝ կրթահամալիրի զարգացումն ապահովող նոր գործերին, նախագծերին… Այսպիսին է հայագետ Մերուժան Կարապետյանի կոչը՝ կրթահամալիրի այսօրվա ողջ ներուժով, հմտություններով սկսել մեր ուսումնական գրականության մեդիականացումը… Մեդիագրադարանի Զառան ու իր ընկերները ոգևորվեցին, թողեցին հետոյին, թե՞ հենց այս նախագծի իրագործումն է տոն դարձրել նրանց աշխատանքը…

Գևորգ Հակոբյանը Վարժարանում ուսումնական գործի կազմակերպման մի նախագծով է ապրում, որի մի դրվագը խանդավառ ներկայացրեց Ավագ դպրոցի Վահրամ Թոքմաջյանը՝ իր երեկվա դաս-հանդիպումով… Կարո՞ղ է սա դառնալ 2015-ի ամանորյա նվերը  մեր ավագ դպրոցականներին, 9-րդ դասարանում սովորողներին….

Մի նախաձեռնությամբ էլ Միջին դպրոցի 9-րդ դասարանցի Տիգրան Աբրահամյանը և Աշոտ Տիգրանյանն են հանդես գալիս՝ կրթահամալիրի խաղարկային դատարանի գործունեությունը նորոգելու, այն վերսկսելու. արդեն երկու՝ լուծման ու հետևանքների առումով կարևոր, հայց ունենք՝ հունվարյան և հունիսյան ճամբարների ուսումնական լինելու և տրանսպորտային փոխադրումների մասին։ Հետևենք զարգացումներին։

Այս օրերին մեր Տոնի ծրագրով անցկացվեց նաև «Վահան Ասատրյան»  բասկետբոլի բաց առաջնությունը, որը երեկ ավարտվեց մրցանակաբաշխությամբ։

Մայր դպրոցի՝ Ավագ դպրոց-վարժարանի նորանորոգ 3-րդ հարկ մտա որպես օտար՝ իրավունքի դասընթացը պարապելու. անգամ կրթահամալիրի համար ամբողջական թարմ ու հետաքրքիր կրթական միջավայր է ստացվել՝ տրամադրող, թափանցիկ, արևոտ էր հարկը, Գեղարվեստի ավագ դպրոցի դիզայնի խումբը նոր ոճի տարբերանշան-ցուցանակներ էր փակցնում: Իսկ ո՞ւր են ծաղիկները, կոնֆետները, շնորհակալությունը, ինքնաբուխ կարող էի՞ն արտահայտվել վարժարանի սովորողները և ուսուցիչները… Սա ասում եմ մարդկության-երախտագիտության պահպանման համար. միևնույն է, 2015-ի իմ կարևոր գործերում Մայր դպրոցի 2000 քառ. մետրանոց տանիք-հարթակ-կրթական պարտեզի գերակայությունը կա…

Ուռա՜, «Սեբաստացի» ռադիոդեբյուտը և՛ հաջողված է, և՛ սպասված. ես հեռանկարային և ոգևորող եմ համարում ոչ վարչական (վերից վար) այսպիսի լուծումները. իրար ճանաչում ենք, իրար օգնում ենք, իրարով ուրախանում ենք՝ եկեք համատեղ նախագծի վերածենք: Նախագծի իրագործման ընթացքում լիդեր (լիդերներ) կառաջանա՝ նա, ով անձնային պատասխանատվություն կստանձնի նախագծի զարգացման համար: Ես շատ ուզում եմ և հետևելու եմ, որ մեր ջանքերը հասնեն իրական օգտատերին՝ կոնկրետ սովորողին և ուսուցչին, նրանց որոշակի խմբին, ծնողական հանրույթին, սրանց միջոցով՝ մնացածին… Հիմնական դպրոցի Թամար Մարիմյանի դասարան-թատրոնի նախաձեռնությունը ես «ուսումնասիրում էի» հենց այս հայացքով. ոչ մի արհեստական-ձևական-ցուցադրական տեսարան… Ապրի մեր Թամարը՝ իր դասարանով ու Հիմնական դպրոցով…

Ոգևորված էր մեր կրտսեր դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչ Զառան՝ տոնավաճառի եռուզեռը Դպրոց-պարտեզում արհեստական ո՞նց կստեղծես. ակտիվ-գործող սովորողը չի կարող անտարբեր թողնել իր ծնողին, հարազատներին, մեր հասարակությանը…

Շնորհակալ եմ «Դպիրին» իմ ու 3-1-ի հեռավար զրույցը պարբերականում ամբողջական՝ որպես մանկավարժական ինքնուրույն աշխատանք ներկայացնելու համար։ Ինքնին, որպես առաջին փորձ, կարևոր էր ինձ համար էլ, ահա, «Դպիրի» համար էլ։ «Դպիր» ամսագրին ես միշտ մոտեցել եմ ընդգծված հարգանքով՝ մանկավարժական առաջադեմ պարբերականի հարկի-դերի գիտակցմամբ։ Ովքե՞ր են «Դպիրի» հեղինակներն ու ընթերցողները։ Կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատո՞ղ։ Ինչպե՞ս են կարդում, ի՞նչ են կարդում, ի՞նչ է «Դպիրը» նրանց համար, նրանց մանկավարժական կյանքում։ Մեր սովորողներից կա՞ կայուն-աճող խումբ՝ «Դպիրի» ընթերցողներ։ Ի՞նչ տվեցին «Դպիրին» նրա օտարալեզու՝ անգլերենռուսերենվրացերեն  հավելվածները. թղթակցող-կարդացողների թի՞վը մեծացավ, առաջացա՞վ «Դպիրի» միջազգային համագործակցությունը իր տիպի մանկավարժական պարբերականների հետ։ Ինչպիսի՞ք կան։ Ինչո՞ւ «Դպիրը» իր էջերում չի անդրադառնում այլալեզու մանկավարժական էլեկտրոնային պարբերականներին։

***

Մեր Տոն-ուսումնական նախագծի 6-րդ օրը, հարիսայի ծեսը, խաղաղ-ուրախ-միաբանող եղավ. ո´չ մի լարում, ո´չ մի արհեստականություն չնկատեցի, չզգացի: Ստացվեց՝ ինչպես շաբաթն էր, այնպես և շաբաթ օրը: Սա ընդհանուրիս համակած տրամադրությունն էր ու միասնական գնահատականը:

Ժամը 09:00-10:00-ը եղա Հիմնական դպրոցում: Այստեղ, մեր կացարանում 3 օր է բնակվում են Հ. Սահյանի համագյուղացիները՝ Լոր գյուղի սովորողները և ուսուցիչները՝ իրենց տնօրենի հետ: Ի՜նչ լավ է, որ շատ գոհ են Տոնից, կրթահամալիրից, ընդունելությունից, ուզում են էլի մնալ: Մնացե՛ք, եթե ոչ` էլի եկեք, հետևե՛ք մեր օրացույցով ստուգատեսներին ու համեցեք… Ինչո՞ւ չեն հավատում էլի գալուն, երբ կացարանն անվճար՝ իր հյուրասիրությամբ, կա. մնում է Սիսիանից, միկրոավտոբուսով Երևան հասնելը… Առաջիկա երկուշաբթի, կրթահամալիրիմասնաժողովում ներկայացվելու են 2015-ի հունվարի ճամբարի, հանրակրթական Դիջիթեքբնագիտատեխնիկական ստուգատեսների ծրագրերը…

Հետո ես եղա Դպրոց-պարտեզում և Գեղարվեստում: Դպրոց-պարտեզում բակային աշխատանքների ծավալն ու ամբողջականությունն ինձ ոգևորում են. պիտի մինչև վերջ ունենալ նոր որակի բակային տարածք: Մեր գյուղացիական տնտեսության աշխատանքները ևս բուռն ընթացքի մեջ են. ես խոստացել եմ, Տոնի օրերին, 2015-ի մեր Տոնին, հարիսայի սեղանին մեր պատրաստած «Սեբաստացի» շշերով գինին կլինի, վեցը ձիով ձիանոց կլինի ու… էլի՜, էլի՜… Գեղարվեստում և Հիմնականում վթարներ ունենք, պիտի օրվա մեջ վերացնել. 30 տարվա շենքեր են՝ իրենց 30 տարվա կոմունալ տնտեսությամբ, 30 տարի չեն հիմնանորոգվել, ընթացիկ խնամք են պահանջում…

Ամենուր հարիսայի ծեսի, հարիսայի սեղանի պատրաստություն է՝ արևոտ, աշխույժ, առատ, սրտաբաց… Սուրբ Երրորդություն եկեղեցում, ժամը ուղիղ 11:00 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր հոգևոր-կոմիտասյան երգերի շարքով սկսում է ծիսական օրը… Եկեղեցու սրահը լեցուն է. իսկական համայնքային կյանքը այսպիսին է լինում… Վեհացած երգում են մեր ուսուցիչները. հիացած, խոնարհ լսում ենք… Հետո քահանան՝ կրթահամալիրի խորհրդի անդամ մեր տեր Եսային, կատարում է հարիսայի օրհնության արարողությունը… Ի՜նչ անաղմուկ, կլանված դահլիճ է եկեղեցում… Հետո օրհնված հարիսայով առաքելական սեբաստացիների ծիսական երթն է Մայր դպրոց… Նախկինում մենք այս բոլորը Մարմարյա սրահում էինք կատարում` և՛ հարիսայի օրհնությունը, և՛ երգչախմբի ելույթը. իզո՜ւր… Այսպես արդար է, պարզ. առաքելական սեբաստացին, որպես համայնք՝ իր եկեղեցում է…

Հարիսայի մեր համտես-ցուցադրությունն է ավանդական. ութ դպրոց՝ ութ սեղան, ութ ձևավորում, և միասնական համտեսում հարիսայի պարատնից առաջ… Ես կատակով չասացի.
- Չշփոթեք գրադարանի տեսադարանը պարատան հետ. պարատունը չպիտի ունենա պասիվ նայող-հետևող:
Միասին ուրախանում ենք՝ պարում ենք, երգում ենք, ցուցադրում… Ախր ամեն ինչ այնքա՜ն տրամադրող է, անարգել, միավորող…

Մեր ութ դպրոցում միաժամանակ սեբաստացին՝ իր սովորողով, ուսուցչով, ծնողով, շրջանավարտով, հյուրերով նստեց հարիսայի սեղանի և ծեսը ժամ-երկու ժամ՝ իր առանձնահատկություններով, շարունակվեց, ավարտվեց նույն գոհունակությամբ-ուրախ՝ ինչպես ամբողջ օրն էր, ինչպես մեր Տոնի շաբաթվա յուրաքանչյուր օրը…  Զարգացնող ավանդույթի ուժը այսպիսի կարողություն է դրսևորում…

***

Տոնական ուրբաթ-համերգի տպավորություններն ուժեղ են. հյուր-անծանոթներից մեկը, ով համառորեն ուզում էր, որ ես ճանաչեմ-հիշեմ (մեղավոր եմ, ու այդպիսի մեղավորության պահեր հաճախ, շատ հաճախ եմ ունենում), ոչ մի կերպ չէր հավատում, որ ասում էի՝ ամեն ուրբաթ, ժամը 15.15, համերգ-պարապմունք-հաշվետվություն է Մարմարյա սրահում: Ես խոստացա նրան անդրադառնալ իր քանի իր հարցերին իմ օրագրով: Դրանք, իմ նկատառումները, մանկավարժական են:

Մեր յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար մեդիաուրբաթը նաև սեմիար-պարապմունք է՝ կրթահամալիրի տարբեր օղակներում, խմբերով և անհատական իրականացվող կրթական գործունեության արդյունքների հրապարակային ներկայացում՝ հանրակրթական (ուսպլանով նախատեսված) գործունեություն, ինքնուսուցում, ինքնակրթություն, ինքնազարգարցում, ազատ ժամանց… Մեր բոլոր համերգ-ներկայացումներին սովորողները և ուսուցիչները՝ որպես մասնակիցներ, համերգային գործունեության կողմեր, հավասար են և՛ միասին հանդես գալու, և՛ ինքնուրույն ներկայանալու առումով։ Տեսեք «Շրխկանը», «Սեբաստացիներ» երգչախումբը, Նոր դպրոցի ուսուցիչների պարային-երաժշտական ելույթները, անհատական կատարումները ուսուցիչների.... Մեր համերգների ժամանակ տեսանելի է գործունեության զարգացումը. սովորողների նույն խմբի, ասենք՝ երաժշտական լաբորատորիայի, Միջին դպրոցի թատերական կամ կրտսեր դպրոցի խառը խմբերի ելույթները չեն կրկնվում, արգելված է կրկնելը՝ նոր ելույթ է, նոր համար, նոր գործիք, նոր կատարող, կատարում.... Սրանցով նրանք միշտ հետաքրքիր են, անձանձրույթ, գումարած գրավիչ մեդիան, մեծ էկրանի, իմպրովիզի իրական ազատությունը, Մարմարյա սրահը՝ որպես ամենագրավիչ կենտրոն-դահլիճ... Մեդիաուրբաթը նաև դասարան-համույթների ձևավորման պատվիրատու է, խթան ու կողմնորոշիչ։ Այս օրերին, տեսեք, Անահիտ Գրիգորյանի 3-րդ դասարան ու էլի շատերին հանդիպեցինք։

Կրթահամալիրի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 19-ին` կրթահամալիրի մանկավարժական աշխատողների միացյալ պարապմունքի օրը, ժամը 15.15, Մեդիակենտրոնում համերգ-նվերով հանդես է գալիս  «Կադանս» համույթը։ Սա արդեն երրորդ հայտնի խումբն է Con Alma ջազ խմբից և «Նարեկացի» համույթից հետո, որ շնորհավորում է մեզ: Եվ այդ համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ, ստանձնում են կրթահամալիրի ուսուցիչների-սովորողների խմբերը: «Կադանսի» համերգը, օրինակ, սկսել է կազմակերպել Կարեն Խաչատրյանի «Երաժշտական լաբորատորիա» ակումբը։

Մենք Հայաստանում ապրող մարդու կրթության իրավունքի ապահովողն ենք, հուսալի անդավաճան ենք մեր պատվիրատուի համար: Մենք չենք նեղանում, պատվիրատուի հետ վեճերի և տարաձայնությունների ժամանակ չենք մոռանում գլխավոր հերոսին՝ տարատարիք սովորողին, սանին, երեխայի ետդարձի-հաշտության դուռը միշտ բաց ենք պահում. միշտ կա կապող ճանապարհ: Խնդրեմ լրացուցիչ կրթությունը` արտադպրոցական մեր հաստատությունները, նախակրթությունը՝ նախադպրոցական կրթական ծրագրերը, ակումբները, ճամբարները, ստուգատեսները, mskh.am-ը իր մեդիագրադարանով... Ահա մի բաց դուռ էլ, որից օգտվեցին բազմաթիվ նախկին սովորողներ, Տոնի ծրագրով տոնական մեդիաուրբաթ-համերգը։ Սրանք բոլորը և՛ մեր դպրոցներում այսօր սովորողների, և՛ աշխատողների, և՛ նախկին`տարբեր պատճառներով տեղափոխվածների համար են: Լրացուցիչ կրթության ծրագրերը (երաժշտության, գեղարվեստի, տեխնիկական ստեղծագործության արտադպրոցական պարապմունքներ) ևս մենք ենք՝ մեր հեղինակային մոտեցմամբ, էլ չեմ ասում մեր 2-5 տարեկանների զարգացման և ուսուցման մասին։ Այդպիսին կարող է լինել և մեր երկարացված օրվա ուսուցման ծառայությունը։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский