Երբ գալիս է… հունվարը

Ե՞րբ են ամփոփվում արդյունքները: Շատերը միամտաբար կարծում են, թե տարեվերջին: Սիրելինե՛րս, արդյունքներն ամփոփվում են, երբ ցանկանում են երկրորդ եսդ, այն գերանդիավորը և վերջապես՝ ղեկավարությունը:

Ահա եկավ «Ես կարողանում եմ» ստուգատեսը: Որպես սկիզբ` սահմանում եմ «Կարողություն» և «Հմտություն» հասկացությունները: Մասնակի համընկնումն այլ ձևակերպումների հետ էութենական պատահականության արդյունք է:

Ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր գործողություն կատարելու մարդու իմացաբանական-կամային քայլը կոչվում է կարողություն: Ցանկացած ոլորտում և իրավիճակում կարողության մշտական ու արդյունավետ կիրառումը կոչվում է հմտություն:

Իսկ ի՞նչ պետք է կարողանան և ինչո՞ւմ հմտանան 6-9-րդ դասարանցիները «Պատմություն» առարկայի ուսումնական պարապմունքների արդյունքում: Միանգամից ընդգծեմ, որ գիտելիքը լոկ միջոց է հմտության ձևավորման մացառոտ (այդ մացառները հաճախ մեր կենսոլորտի հարազատ անկյունում են ծլում ծաղկում զորանում) կածանում: Հիմնարար կարողությունների, օրինակ` լսելու (ավելի ճիշտ` սոցիալական լսողության), առկայության կամ բացակայության բացահայտումը մանուկ ստուգատեսի ատամների համար կարծր է: Իսկ միջնորդավորված, անուղղակի դրսևորումներն առկա են հաջորդ աստիճանի կարողություններում, առավել ևս` հմտություններում:

Խոսենք ավելի պարզ: Համեմատելու կարողություն: Յուրաքանչյուր անհատ ծննդյան օրվանից մինչև մահվան մահիճ, կամա, թե ակամա, այս դաշտում է: Կենցաղային մակարդակում կարծես թե բոլորն ունեն այս կարողությունը: Իսկ այ հանրակրթական մակարդակում… համեմատել իրադարձությունները և պատմական անհատներին չորսամսյա վարժանքներից հետո կարողանում են ոչ բոլորը: Էլ չեմ խոսում երևույթների համեմատության մասին: Ինչո՞ւ: Երջանիկ կլինեի, եթե միայն ես մեղավոր լինեի իմ «բարդ խոսքով» (չակերտների արանքում բազմիցս լսված, ավելի հաճախ` ոչ երեխաների շրթերից, մեջբերում է):

Միայն պատմությանն առնչվող միակ կարողությունը, որի ներարկմանը ես համառորեն հետամուտ էի` ժամանակագրության կազմումն էր, ավելի ճիշտ` տեքստերից իրադարձությունների կամ կենսագրականների տարեթվերի կանոնակարգված դուրսգրումը: Սրան էլ անդրադարձել էի լոկ Պատմահոր հորդորով` չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության, չնայած նրա մեկ չարչրկված ասույթ «փոքր ածու»-ի մասին, մեր այսօրվա իրականության էթնոհոգեբանական գլխավոր պատճառներից է:

Միջանկյալ մի միտք հայտնեմ. «Հանրակրթական առարկաների դասավանդումը որպես համապատասխան գիտությունների պատմություն արդյունավետ կլինի»:

Հաջորդ կարողությունը, որի արմատավորումն իմ սևեռուն գաղափարն է, հասկացությունների սահմանումն է: Կարող եմ որպես իմ մոտեցման հիմնավորում դիմել Եռամեծարի հեղինակությանը, բայց կբավարարվեմ նրանով, որ մարտահրավեր կնետեմ. «Թող ինձ քարկոծի նա, ով իր կյանքում չի տուժել հասկացության թյուրըմբռնումից, կամ էլ օր է անցկացրել առանց որևէ մեկին, կամ հենց ինքն իրեն որևէ բան հասկացնելու փորձի (օրինակ` ով է ընկերը, ինչ բան է սերը, կամ ինչ է նշանակում խաշ ուտել)»:

Ի տարբերություն նախորդի, քչերը չեն համաձայնի ապացուցելու կարողության անհրաժեշտության հետ: Այստեղ լոկ ընդգծեմ, որ սովորողին որևէ բան ապացուցելու դրդելու արդյունավետ մեթոդ է սադրանքը: Ձևակերպել վիճելի (մեղմ ասած) միտք և տալ հակառակն ապացուցելու իրավունք:

Նկարագրելու կարողությունն առաջին հերթին բառապաշարային հիմնախնդիր է: Սակայն պակաս կարևոր չէ այդ ճանապարհով վերաբերմունքի բացահայտումը: Եթե որևէ մեկը կարծում է, թե քաղաք կամ ճակատամարտ նկարագրելը միայն պատմության խնդիր է, թող իր կյանքից հեռացնի ամենաքիչը` խորապատկերներն ու նրբերանգները:

Ես համոզված եմ. «Եթե բնութագրելու կարողությունը չի վերածվել հմտության, անհատի օրակարգից անբաժան կլինեն հիասթափություններն ու կոնֆլիկտները, հեռանկարում` սոցիալական մենությունը (չեմ կարծում, թե շատերն իրենց հանճար համարեն)»:

Բնությունը (կամ Արարիչը, կամ ծնողական գեները) այնքան շռայլ չէ, որ հետազոտական աշխատանք կատարելը շարքային կարողություն լինի, սակայն հանրակրթության հիմնախնդիրներից մեկը հենց սովորողների այդ շերտի բացահայտումն ու օժտվածության այդ բաղկացուցչի զարգացումն է:

Ստուգատեսի ժամանակ սովորողների ցուցադրելիք կարողությունների թվարկում ավարտեմ թվարկելու կարողության հիշատակմամբ: Սկզբում ինձ թվում էր, թե այդօրինակ առաջադրանքներով, օրինակ` թվարկել նախնադարյան մարդկանց զբաղմունքները և գործիքները, ես կվիրավորեմ երեխաներին: Սակայն պարզվեց…որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:

Ստուգատեսներն անցողիկ են, կարողությունները` ապագայամետ, հմտությունները` ցմահ (եթե վերջինս կա):

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский