«Եղծ աղանդոց» կամ ո՞ւմ համար են կրթական բարեփոխումները
Primary tabs
Դժվար է ասել՝ երբ մարդու մտքով անցավ հատուկ կրթություն կազմակերպել իր երեխայի համար։ Սովորաբար բնության մեջ տեսակն իր տեսակի ավագ սերնդից է սովորում վարքուբարքի կանոնները, որոնք բխում են կենսական անհրաժեշտությունից։
Հոգատարության մարդկային զգացումը սիրում է մանրակրկիտ մտածված լինել, բայց զարգանում է (եթե դա զարգանալ կոչենք)՝ մանրամասներում խորանալով որոշակի, խիստ սահմանափակ միջակայքում։ Այդպես է և կրթության խնդիրը։
Սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակների փոփոխության հետ փոխվում է նաև այդ «հոգատարության» դրսևորումը։ Ժամանակակից կրթությունը, գաղտնիք չէ, սկիզբ է առնում արդյունաբերական դարաշրջանից ու դրա թելադրանքով՝ սերնդի կրթության խնդիրը ընտանիքից (ծնողներից) տեղափոխելով պետության վրա։ Այսինքն՝ լավագույն դեպքում որոշակի պետություն ստանում է որոշակի՝ իրեն հարմար տիպի քաղաքացիներ ու դա անում է բոլորի համար հավասար պայմաններով, համընդհանուր ծրագրերով, կոնկրետ բովանդակությամբ ու համապատասխան արտադրանք–շրջանավարտ տալու միտումով։ Նման դեպքերի համար Ալբեր Քամյուն կասեր, «Համընդհանուրն այլ բան չէ, քան պատմության բազմադարյան ոտնձգությունը անհատականության դեմ…» («Ընդվզող մարդը»)։ Այսօրվա անհատին նման մոտեցումը չի կարող բավարարել։ Դրա հետևանքներն արդեն հասարակության լայն շրջաններում էլ զգալի են, ու մարդիկ մասնավոր լուծումներ են փորձում գտնել։ Սակայն պաշտոնական կրթության համընդհանրությունն այնքան հիմնավոր է ներծծվել հասարակական գիտակցության մեջ, որ այսօր նույնիսկ ոլորտի պատասխանատուները (եթե չասեմ՝ ամենաշատը նրանք) կրոնավորի երկյուղածությամբ երկրպագում են ամենը, ինչ օրենք է եղել իրենց դպրոցական տարիներին։
Ավելի լավ օրինակ, քան կրթական բարեփոխումներն են, դժվար է բերել՝ ի ապացույց ասվածի։ Մասնավորապես այս առումով հետաքրքիր է ««Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների 10 -12 -րդ դասարանների չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ» տեղեկանքը։ Ծրագիրն իր բովանդակությամբ ու մոտեցումներով, հիշեցնեմ, առանձնապես չի հեռացել խորհրդային ժամանակներում եղածից։ Բայց փոփոխության մասին ակնարկը խոստումնալից էր։ Ի՞նչ է, ուրեմն փոխվել ծրագրում։ Ըստվերոհիշյալ տեղեկանքի՝ կատարվել է.
1. բաժինների և թեմաների հստակեցում,
2. թեմաների բեռնաթափում և կրճատում,
3. թեմաների միավորում,
4. ձևակերպումների հստակեցում և պարզեցում,
5. անհարկի կրկնությունների վերացում,
6. թեմաների ժամանակագրական և թեմատիկ խմբավորում։
Փոփոխությունները շատ չեն ու մանավանդ հեռու են արմատական լինելուց։ Այնինչ ինչ-որ բան մեր կյանքում ու սերունդների մտածողության մեջ փոխելու համար գոնե կրթական ծրագրերում արմատական փոփոխություններ էին պետք։ Վաղուց պարզ է, որ ո՛չ Պռոշյանը, ո՛չ Մուրացանը, նույնիսկ ոչ էլ Շիրվանզադեն այսօրվա մարդու ճանաչողական, զգացմունքային և մտածողական պահանջներին չեն բավարարելու։ Ընդհանրապես գրականության պատմությունը՝ որպես դպրոցում ուսումնասիրվող առարկա, չի նպաստում սովորողի մտածողության զարգացմանը։ Սա պարզապես հարմար է (հեշտ չափելի), որովհետև պահանջվում է տեղեկությունը անգիր անել և վերարտադրել։ Եթե տեղեկությունը գրված է, մանավանդ եթե գրված է պաշտոնապես ընդունված (նախարարության կողմից հաստատված) ձեռնարկում, ուրեմն «բացարձակ ճշմարտություն է», հետևաբար՝ դա անգիր անողը գերազանց է գնահատվում։ Մի՞թե սա հաստատուն արգելակում չի ամեն մի մտածողության։ Ամբողջ աշխարհն «այլ լեզվով» է խոսում, և մենք մեզ «չհասկացվածների» շարքում պահելու վտանգին ենք ենթարկում, եթե աճող մարդուն ստիպում ենք անգիր անել նեղ-ազգային հեղինակներին, այն էլ՝ նրանց մասին տեղեկությունները, ոչ թե ստեղծագործությունները, միայն նրա համար, որ սրանք հայ են։
Համաշխարհային մտածողությանն առնչվելու մասին, կարծես թե, պատկան մարմինները մտածել են. հրապարակված է ավագ դպրոցում «Արտասահմանյան գրականություն» առարկայի ծրագիրը հաստատելու մասին նախարարի հրամանը, ինչպես նաև այդ ծրագիրը։ Թվում է՝ վերջապես արված է անհրաժեշտը։ Բայց անդավաճանությունն այստեղ արդեն մոտեցմանն է վերաբերում. էլի ժամանակագրություն, գրականության պատմություն՝ այն, ինչ ձանձրացնում է սովորողին նաև հայ գրականության առնչությամբ։
Տարբեր դարերում տարբեր գրական մեթոդներն են ընդունելի եղել (կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ և այլ), քանի որ մարդկության հետաքրքրությունները համապատասխանել են հենց այդ մեթոդներին։ Այսօր, երբ մարդն անդրադառնում է իր անհատականությանը, փորձում է իրեն գտնել հանրության շարքերում՝ առանց բարոյական ճնշման ենթարկվելու, կամ այդ ճնշումից գլուխ հանելու խնդիր ունի, նրանից պահանջում ենք հին հունական ու հռոմեական առասպելաբանություն սերտել։ Շեշտն էլի դնում ենք իմանալու վրա՝ մոռանալով, որ ինտելեկտը հասկանալով է զարգանում։ Շատ նման է նրան, երբ ծարավից տոչորված մարդուն սպունգով քացախ են հրամցնում։
Հունա-հռոմեական առասպելաբանությանն ու դիցաբանությանը, համաձայն եմ, պարբերաբար անդրադարձ են անում արվեստի այլ ճյուղերը՝ կերպարվեստ, երաժշտություն, բեմարվեստ, ժամանակակից գրականություն…. Դրանք հասկանալու համար հարկավոր է իմանալ, թե խոսքն ինչի (որ առասպելի կամ հերոսի) մասին է։ Բայց փաստ է նաև, որ արվեստի տարբեր ճյուղերի՝ միմյանց արված հղումները հետաքրքրություն են առաջացնում արծարծված նյութի նկատմամբ՝ այդպիսով մոտիվացնելով այդ նյութի ուսումնասիրումը։ Օրինակ՝ Քամյուի «Սիզիփոսի առասպելը» էսսեն ընթերցողի մեջ հետաքրքրություն է առաջացնում «իսկական» Սիզիփոսի նկատմամբ։ Քամյուն ժամանակային առումով մոտ է այսօրվա մարդուն, իր տաղանդի և ստեղծագործական մեթոդի շնորհիվ՝ նաև արդիական։ Քամյուն ժամանակակից մարդու տեսանկյունից է վերլուծում առասպելական հերոսի կերպարն ու ճակատագիրը, համեմատում հիմա ապրող, գործող մարդու կյանքի ու տրամադրության հետ։ Ի դեպ, վերոհիշյալ ծրագրում Ալբեր Քամյուից ներառված է «Ժանտախտը» վեպը՝ դպրոցականի համար ամենադժվար ընթեռնելին ու ամենադժվար հասկանալին։ Սա Քամյուից հիասթափեցնելո՞ւ համար է արված։ Ընդհանրապես այդ ծրագրի ձևական լինելը հուշում է արդեն ժամաքանակը՝ տարեկան ընդամենը 34 ժամ, որից 8-ը՝ գրավորների ու ամփոփման համար։ Ծավալը, օրինակ՝ 10-րդ դասարանի համար՝ հունական առասպելաբանությունից, անտիկ գրականությունից մինչև Շեքսպիր (մեծ մասամբ՝ 1-ական ժամով), հիմնականում ակնարկային թեմաներ։ Դա նպաստելո՞ւ է ընթերցանությանը։ Որքա՞ն է նպաստելու տեղեկացված լինելուն։ Դա նպաստելո՞ւ է մտավարժանքին։ Ուրեմն՝ ինչի՞ համար է այդ ծրագիրը։
Թվում է՝ ամեն ինչ տեղը կընկնի, ցանկացած նյութ սովորողների համար հետաքրքիր կդառնա, եթե ուսուցիչը լավը լինի, տիրապետի միջազգայնորեն ճանաչված ծրագրերին ու մեթոդներին, վերապատրաստվի՝ ըստ եվրոպաներում ընդունված չափանիշների…
Եվ փաստաթութն էլ, ահա, պատրաստ է՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»։ Ինչպես հավաստում է այս փաստաթուղթը, «ԱԲ-ը (Արարատյան բակալավրիատ-Հ.Ղ) նպատակ ունի դառնալու միջազգայնորեն ճանաչված գերազանցության հարթակ (Քեմբրիջի Ա մակարդակի և Միջազգային բակալավրիատի նման)»։ Այս հիրավի տարողունակ ծրագրի համար հեղինակները նախատեսում են յոթ տարի, այն էլ՝ 2016 թվից սկսած։ Տարեցտարի փոփոխվող այս աշխարհում մարդկությունը նորանոր խնդիրների առաջ է կանգնում։ Նոր ի հայտ եկած խնդիրներն ուրիշ մոտեցում են պահանջում և պարտադրում մարդկությանը։ Այս պայմաններում Քեմբրիջն ու Միջազգային բակալավրիատը տեղո՞ւմ են մնալու։ Ի՞նչն ենք վերցնում միջազգային ծրագրերից` այն, ինչից իրենք արդեն հրաժարվո՞ւմ են։
Փաստաթղթի հեղինակները հավաստիացնում են. «Միջազգային գործընկերը խորհրդատվական ծառայություն կտրամադրի հավաստագրման ծրագրի զարգացման վերաբերյալ: Այն նաև կվավերացնի Կրթության գերազանցության ազգային ծրագրի կողմից շնորհված հավաստագիրը՝ հաստատելով դրա համապատասխանությունն իր կրթական չափանիշներին»:
Իմ երկրի ու իմ ազգության քաղաքացին որոշակի խնդիրների առաջ կանգնած ու որոշակի մենթալիտետով մարդն է։ Ո՞ւմ չափանիշներին պիտի համապատասխանի իմ երկրի կրթությունը։
Ընդհանրապես հանրակրթությունը եղած պայմաններում մարդու կենսունակությունն ապահովելու համար է։ Այդպես է նաև բնության մեջ. ոչ մի արջ չի կարող աղվեսների, անգամ նապաստակների հասարակությունը կրթել։ Սրանք իրե՛նց հնարավորություններն ունեն և իրենց կենսական խնդիրները։ Մի բան է հասկանալ աշխարհի տրամադրությունները, գտնել նրա հետ քո ընդհանրությունները և հաղորդակցվելու միջոցներ փնտրել, այլ բան՝ կրթվել ու ապրել ուրիշի որոշած կանոններով։
Այստեղ չեմ քննարկի «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հավակնոտ դրույթները սովորողի կամային հատկանիշների կամ սպասվելիք բարձր արդյունքների մասին։ Բայց անպայման ուզում եմ մեջբերել ծրագրի հիմնական ուղղությունները՝
- ուսուցիչների ազգային հավաստագրման երկաստիճան ծրագրի զարգացում և իրագործում՝ միջազգային հեղինակավոր կրթական կազմակերպության հետ համատեղ,
- տեղական ռեսուրսների ստեղծում՝ ուսուցիչների նոր սերնդին համաշխարհային դասավանդման լավագույն փորձով և գիտելիքով զինելու համար,
- գիտելիքի և լավագույն փորձի փոխանակման արդյունավետ հարթակի հիմնում,
- լավագույն ուսուցիչների համար պատշաճ և մրցունակ բարձր վարձատրությամբ համակարգի ապահովում:
Լավագույն… Լավագույն… Լավագույն… Իսկ ո՞րն է այդ «լավագույնը», ո՞վ է որոշում. Միջազգային կազմակերպություննե՞րը, որ իրենց սկզբունքներով իրենց մշակույթն են տարածում հաճախ տեղական մշակույթի հաշվին. ՀՀ Կրթության նախարարությո՞ւնը, որ սրբապղծություն է համարում հանրակրթության մեջ ինչ-որ բան փոխելը. դպրոցների տնօրեններն ու ուսուցիչնե՞րը, ովքեր իրենց կենսապայմաններով կախում ունեն հասարակությունից ու նախարարությունից. համա՞յնքը, հասարակությո՞ւնը, ծնո՞ղը, ում համար կրթական ծրագիրը «փորձած թանից» ավելին չէ… Գուցե սովորո՞ղը։ Իսկ ե՞րբ կամ ումի՞ց է նա սովորել լավն ու վատը տարբերել։ Ուրեմն՝ ի՞նչ ենք հասկանում «լավագույն» ասելով։
Եվ ընդհանրապես, ո՞ւմ համար է կրթական բարեփոխությունը մեր երկրում։
- Բացվել է 1503 անգամ