Երկարացված օրը՝ լրացուցիչ կրթության կազմակերպում

2014-2015 ուստարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրվա կազմակերպումը որակապես փոխվեց, ամենշաբաթյա սեմինարների միջոցով աշխատանքն ավելի համակարգված դարձավ: Այս սեմինարները շատ արդյունավետ են դարձնում կազմակերպիչների գործունեությունը. խորհրդակցում ենք միմյանց հետ, փորձի փոխանակում անում, քննարկում ենք երկարացված օրվա ծրագրի ավելի արդյունավետ կազմակերպման ձևեր, մեթոդներ, ստեղծում  և իրականացնում ենք երկարացված օրվա նախագծեր:

Երկարացված օրվան ուղղված ծնողի պահանջները նախկինի համեմատ զգալի փոփոխվել են: Եթե առաջ ծնողն այն դիտարկում էր որպես տնային աշխատանքները կատարելու և սնվելու հնարավորություն, ապա այժմ նա ավելին է ակնկալում՝ հետաքրքիր, բազմազան ծրագրային գործունեություն, երեխայի բազմակողմանի զարգացում, որպես լրացուցիչ կրթության կազմակերպում, կարևորելով նաև երեխայի հանգիստը, լիցքաթափումը:

Երկարացված օրը լրացուցիչ կրթություն է՝ իր անհատականացմամբ: Այս դեպքում սովորողները միատեսակ կամ պասիվ գործունեությամբ չեն զբաղվում, յուրաքանչյուրն ունի իր անհատական պլանը: Երկարօրյա խմբի դաստիարակը համագործակցում է կրտսեր դպրոցի բոլոր դասավանդողների հետ: Նման համագործակցության օրինակներից մեկը եղավ երկարացված օրվա խմբի կողմից ստեղծված «Ռադիոթատրոնը», որի ստեղծման ժամանակ համագործակցեցինք երաժշտության դաստիարակի հետ:

Խմբերը լիարժեք մասնակցում են կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսերին, տոներին, նախագծերին: Կարող եմ առանձնացնել «Զատկական ծեսը», որի ժամանակ սովորեցինք տարբեր ասույթներ, շուտասելուկներ, թխեցինք մեր զատկաթխիկները, տեխնոլոգիական աշխատանք կատարեցինք, մեկ շաբաթ անընդմեջ քննարկեցինք և դիտարկեցինք ծեսին վերոբերող մանրամասները: Մասնակցեցինք մարզական ստուգատեսին, Դիջիթեք 2015-ին:

Վերջինի համար ընտրեցինք հեքիաթը, ձայնագրեցինք, պատրաստեցինք հերոսներին ու մեդիահեքիաթը պատրաստ էր: Երբ միասին դիտեցինք մեր Մեդիաներկայացումը, խմբի ոգևորվածությանը չափ չկար: Որպես լրացուցիչ կրթության կազմակերպում` կարող եմ նշել նաև ընթերցանությունը, որի ընթացքում սովորողներն իրենք են ընտրում գիրքը, հեքիաթը, պատրաստվում են, և իրենք էլ ընթերցում են իրենց ընկերների համար:

Երկարացված օրվա խմբի  առավելությունն այն է, որ ազատ է աշխատաժամանակը, դասացուցակ և այլ սահմանափակումներ չկան: Երկարացված օրվա ուսուցման կազմակերպման մեթոդները, իրականացվող նախագծերը պետք է հատուկ խնամքով ընտրել: Պետք է հաշվի առնել, որ սովորողը մինչ այդ 5-6 ժամ աշխատել է, զբաղվել է ուսումնական գործունեությամբ: Սովորողի ֆիզիկական, մտավոր վիճակն արդեն այնպիսին է, որ երկարօրյա խմբում նրա գործունեությունը չի կարող շարունակվել նույն կերպ՝ նույն խնդիրներով, գործունեության նույն ձևերով: Երկարացված օրվա կազմակերպիչը պետք է հասկանա, որ գործունեությունը, որքան էլ շարունակությունը պիտի լինի կրթական ծրագրի, ամբողջովին այլ կազմակերպում պետք է ունենա, որ նպաստի սովորողների լիցքաթափմանը, հանգստի կազմակերպմանը (երաժշտության ունկնդրում, ֆիլմի մուլտֆիլմի դիտում, զրույց քննարկումներ, բակային խաղեր), նրա նախասիրությունների բավարարմանը և լրացուցիչ կրթության կազմակերպմանը (կերպարվեստ, դաշնամուր, մարմնամարզություն, պար և այլն), որոնք հնարավորություն են տալիս նաև փոխել ֆիզիկական միջավայրը: Սովորողը   ստանում է այն, ինչ չի կարող կամ պարազապես չի ստացել օրվա առաջին կեսին,  բավարարում է իր անձնական հետաքրքրությունները, նրա օրն ավելի հետաքրքիր ու բազմազան է դառնում: Սովորողը հնարավորություն ունի իր լրացուցիչ կրթությունն իրականացնել, իր հետաքրքրությունները բավարարել կրթահամալիրում, որտեղ դրա համար կան բոլոր պայմանները: Ինքն է որոշում օրվա իր գրաֆիկը, անելիքները, միջավայրը՝ լաբորատորիա, երաժշտության, մարզական  սրահներ, ընթերցարան, խաղադաշտ:

Սովորողները կազմում են իրենց անհատական պլանները, որտեղ յուրաքանչյուրը  նշում է, թե որ ժամին նա ինչ զբաղվածություն ունի: Դրանք հրապարակվում են բլոգում, և ծնողներն էլ ունեն հետևելու հնարավորություն:

Սրանով իրականացվում է սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպումը,  գործունեությունն ավելի անվտանգ և վերահսկելի է դառնում:

Երկարացված օրվա գործունեության միջոցով մի շարք անձնային, ուսումնական ու կրթական խնդիրներ են լուծվում՝

  • Սովորողների ինքնուրույնություն ու ինքնակազմակերպում
  • Համագործակցային գործունեություն
  • Ժամանակի, տարածության յուրացում, ժամանակի ճիշտ պլանավորում

Այժմ կցանկանայի մի փոքր ներկայացնել նաև կազմակերպչի աշխատանքի առանձնահատկությունները:

Կազմակերպիչը պետք է իմանա ու յուրացնի կրտսեր դպրոցում գործող «Իմացումի հրճվանք» ծրագիրը, անհրաժեշտ չափով տիրապետի մեդիատեխնոլոգիաներին, լինի մարզական, երաժշտական, ստեղծական:

Երկարացված օրը որպես կրթության կազմակերպման լրացուցիչ եղանակ, գործունեության առանձնահատուկ տեսակ է նաև կազմակերպչի համար: Ինչպես սովորողի աշխատանքն է տարբերվում երկարօրյա ուսուցման ժամանակ, այնպես էլ փոփոխություններ են կրում երկարօրյայի կազմակերպչի գործառույթները. նա չի առաջնորդվում որոշակի ուսումնական պլաններով և ծրագրերով, հստակ սահմանված չեն դասարանների բաշխման սկզբունքները, ֆիքսված աշխատաժամանակը: Երկարացված օրվա ժամանակ խմբերը կազմվում են տարբեր տարիքի երեխաներից, ընդգրկվում ամենատարբեր աշխատանքներ: Ուստի ուսուցման կազմակերպման այս եղանակը հատուկ պահանջներ է ներկայացնում կազմակերպչին: Վերջինս մշտական որոնողական գործունեություն է իրականացնում՝ հաշվի առնելով երկարացված օրվա դասարաններում ընդգրկված երեխաների անհատական հետաքրքրություններն ու նախընտրությունները: Նա գտնվում է մշտական ստեղծարարության պրոցեսում՝ կազմակերպելով և իրականացնելով աշակերտների լրացուցիչ կրթության բաղադրիչները: Երկարացված օրվա կազմակերպչին այն մի կողմից հնարավորություն է տալիս ազատ և ստեղծագործ լինել, մյուս կողմից անհամեմատ ավելի մեծ ջանքեր են պահանջում, որպեսզի կարողանա գտնել և իրականացնել այնպիսի առաջադրանքներ, որոնք միաժամանակ կմոտիվացնեն խմբում ընդգրկված բոլոր երեխաներին, կզարգացնեն նրանց համագործակցային հմտությունները, ստեղծագործական կարողությունները, մրցակցային ոգին, ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը: Այս առումով, երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքը խիստ բարդ, ուսուցչի աշխատանքից տարբերվող, յուրահատուկ ուսումնական գործունեություն է:

Այսպիսով, երկարացված օրը որպես կրթության կազմակերպման լրացուցիչ եղանակ, իր առանձնահատկությունների շնորհիվ կարողանում է առաջադրել և լուծել այնպիսի խնդիրներ, որոնք բուն ուսումնառության ընթացքում մասամբ կամ ամբողջությամբ բաց են մնում: 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский