«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Ռուստամ Կուրբատով

Միջին դպրոց: Դպրոց, որտեղ սովորողները կարող են քայլել դասերին և անել այն ամենը, ինչ իրենց հետաքրքիր է...

Սոլովեյչիկյան 13-րդ ընթերցումներից

Իր վարպետության դասը, որը նվիրված էր այնպիսի միջին դպրոցի կազմակերպմանը, որտեղ սովորողները կարող էին անել այն, ինչ հետաքրքիր է իրենց, Ռուստամ Կուրբատովը` «XXI դարի տապան» դպրոց-լիցեյի տնօրենը, սկսեց շվեյցարացի մանկավարժ Ադոլֆ Ֆերյերի խոսքով. «Եվ ստեղծեցին դպրոցն այնպես, ինչպես հրամայել էր սատանան: Երեխան սիրում է բնությունը, դրա համար էլ նրան պարփակեցին չորս պատի մեջ: Երեխային դուր է գալիս մտածել, որ իր աշխատանքն ինչ-որ իմաստ ունի, դրա համար էլ ամեն ինչ դասավորեցին այնպես, որ նրա ակտիվությունն անօգուտ լինի: Նա չի կարողանում առանց շարժման մնալ՝ նրան դատապարտեցին անշարժության: Նա սիրում է ձեռքերով աշխատել՝ նրան սկսեցին սովորեցնել տեսությամբ ու գաղափարներով: Սիրում է խոսել` հրամայեցին լռել: Ձգտում է հասկանալ՝ կարգադրեցին անգիր անել: Կուզեր ինքնուրույն որոնել գիտելիքը, բայց այն մատուցեցին պատրաստի վիճակում: Եվ այդ ժամանակ երեխաները սովորեցին այն, ինչ երբեք չէին կարող սովորել այլ պայմաններում: Սովորեցին ստել և կեղծել…»

Մեր առջև իսկական հակատիեզերքն է. արարման յոթ օրերը վերածվել են յոթ կործանիչ հանցանքների:

Ի դեպ, ցանկության դեպքում նույն տեքստում կարելի է գտնել նաև լավատեսական ծրագիր, եթե կարդանք յուրաքանչյուր արտահայտության միայն առաջին մասը: Պարզվում է` դպրոցը կարող է կատարյալ լինել: Իրականում երեխային դուր է գալիս գիտակցված գործելը, նա ուզում է հասկանալ և գիտելիքն ինքնուրույն փնտրել: Նշանակում է` առաջին խնդիրն է արթնացնել երեխայի հետաքրքրությունը: Բայց կարևորն արթնացումից հետո այդ հետաքրքրության հետ ինչ-որ բան անել կարողանալն է:

Մի քանի տարի առաջ, երբ «Տապան» դպրոցը նոր էր սկսել փոխվել, իրավիճակն այսպիսին էր. շաբաթը մի քանի ժամ մի  դասարանի երեխաները հավաքվում էին մեծ սենյակում և զբաղվում այն ամենով, ինչ հետաքրքրում էր իրենց: Մեկը ականջակալներով (որպեսզի չխանգարի մյուսներին) նոր պատմական կինոնկար էր դիտում, իսկ հետո նկարում` արտահայտելով իր վերաբերմունքը տեսածի վերաբերյալ: Մեկը հունական պատերազմների նյութերով սեղանի խաղ էր պատրաստում: Մեկը գիրք էր կարդում իր սիրելի կենդանիների կամ վիշապների մասին: Լինում էին նաև, ցավոք ոչ շատ, բարդ խնդիրներ լուծող կամ Գոգոլ կարդող ջանասերներ: Մանկավարժը չէր պարզում, թե ինչու է երեխան ուզում զբաղվել հատկապես այդ գործով: Կարևորվեց երեխայի ցանկությունն էր:

Շաբաթական այդ մի քանի ժամը մանկական հետաքրքրությունների անմիջական պատասխանն էր: Դրանք երեխային դպրոցի այլ զգացողություն էին տալիս. վայր, որտեղ քեզ չեն ստիպում ինչ-որ բան անել, այլ ընդհակառակը՝ թույլ են տալիս անել այն, ինչ ցանկանում ես: Իհարկե, բոլորին չէ, որ ազատության այդ ժամերը հեշտ էին տրվում: Լինում էին նաև հիստերիաներ.

- Ես այլևս այսպես չեմ կարող: Ասեք` ինչ պետք է անեմ, և ես կանեմ: Ախր ձեր այդ ազատությամբ բուհ չենք ընդունվի:

Եվ բուհի մասին խոսողները սովորում էին հինգերորդ դասարանում միայն…

Երեխաներին շաբաթը մի քանի ժամ իրենց իրական ցանկություններին հետևելու հնարավորություն տալով` խախտում էինք օրենքը՝ կրճատելով պետության կողմից նախատեսված պարտադիր առարկաների համար սահմանված ժամաքանակը: Այդ պատճառով, չնայած սովորողների և դասավանդողների խանդավառությանը (այդ ազատ ժամերը դարձան երեխաների ամենավառ տպավորություններն ամբողջ կյանքի համար), վերաորակավորումից առաջ դպրոցն ստիպված եղավ դիրքերը զիջել` վերադառնալով դասացուցակով նախատեսված դասաժամերին: Բայց ստացած ազատության փորձի շնորհիվ դասերը փոխվել են:

Այսօր դպրոցում գործում են արհեստանոցներ: Դա  առարկայական յոթ դասերի շարք է, որոնց ընթացքում սովորողն ինչ-որ նախագիծ է իրականացնում, ինչ-որ խնդիր է լուծում: Շարքն իր մեջ ներառում է գործարկում (սովորողներին պետք է հետաքրքրել), անհատական և խմբային աշխատանքներ: Այդ ամենը եզրափակվում է ուրիշներին արդյունքի պարտադիր ցուցադրությամբ:
Ինչո՞վ է նման աշխատանքը տարբերվում այն նախագծային աշխատանքից, որն այսպես թե այնպես կատարվում է շատ դպրոցներում: Առաջին հերթին նրանով, որ աշխատում է ամբողջ դասարանը` բոլոր սովորողները, ոչ թե ընտրյալ երեխաների մի խումբ: Աշխատում են դասի ընթացքում և ոչ թե դասից հետո (ֆակուլտատիվ, խմբակ…):

Կարելի է մեր արհեստանոցների և սովորական դասերի յոթ տարբերություն ձևակերպել: Առաջին՝ հիմնական նպատակը ոչ թե ծրագիրն անցնելն է, այլ նախագծի իրագործումը, գաղափարի իրականացումը: Ենթադրենք տրված թեման է` նախնադարյան հասարակությունը: Ի՞նչը կգրավի դասարանին: Միշտ չէ, որ սովորողներն են հարց տալիս: Մանկավարժը պետք է կարողանա շարժել ընդհանուրի հետաքրքրությունը: Փորձենք պարզել, թե ինչպես էին նախնադարյան մարդիկ դաստիարակում իրենց երեխաներին: Պատժո՞ւմ էին: Ո՞ր տարիքից: Պե՞տք է արդյոք երեխային խոսել սովորեցնել կամ ընդհանրապես ինչ-որ բան հատուկ սովորեցնել: Գուցե երեխան ինքը յուրացնի այն ամենը, ինչ իրեն կյանքում պետք է: Միաժամանակ մտովի պարզի, թե կյանքն ինչպիսին էր առաջ: Գործողությունների բավական գրավիչ սյուժե է տասամյա երեխաների համար:
Նախագծի արդյունքը նախնիների փորձի շարադրանքով և իրենց՝ սիրելիների, հետագա դաստիարակությանը վերաբերող խորհուրդներով նամակներն են սեփական ծնողներին:

Երկրորդ առանձնահատկությունը` ուսուցիչը համարյա ոչինչ չի բացատրում: Միայն մտորման նյութ է առաջադրում, հրահրում ինքնուրույն հետազոտության: Իսկ հետո որոնման տարածքը հարստացնում «գիտելիքի տարբեր աղբյուրներով»` գրքերով, կինոնկարներով, հավաքածուներով… 
Հետո՝ ուսուցիչը հարցում չի անում, որպեսզի ստուգի տնային առաջադրանքների կատարումը ու գնահատական նշանակի: Նա երկու կողմին էլ հավասարապես հետաքրքրող հարցեր է տալիս` ինչո՞ւ ինչպե՞ս, հրահրում մանկական «ինչպես»-ն ու «ինչու»-ն: Շարքն ավարտվում է ոչ թե ստուգողական աշխատանքով, այլ այցելություն-արշավանքով այլ դասարան՝ տարիքով ավելի ցածր են կամ ավելի բարձր՝ նախագծի արդյունքները ներկայացնելու:

Ուսուցիչներն հաճախ ասում են հյուրերին և իրար, որ դպրոցն իրականում երկու բանով է ապրում` յուրաքանչյուր ուրբաթ տրվող խմորի մեջ դրված նրբերշիկներով և ամենամսյա այցելություն-արշավանքներով: Հենց դրա համար երեխաներն առավոտյան պատրաստ են թողնել իրենց տաքուկ անկողիններն ու վազել դպրոց:

Հաջորդ առանցքային տարբերությունները` երեխաներն արհեստանոցում քայլում և զրուցում են: Դասաժամը բաժանվում է երեք մասի` տասը րոպե բոլորը լսում են ուսուցչին (սա արդեն օրինական ժամանակ է, և հաստատ ուշադիր լսում են), այնուհետև խմբային աշխատանք է, երբ կարող են շփվել, շարժվել, խոսել (մոտենալ դասընկերոջը, գրադարան գնալ): Դասն ավարտվում է անհատական աշխատանքով, որի համար պահանջվում է լռություն, կենտրոնացում:

Վերջին երկու առանձնահատկություններն են գնահատանիշների բացակայությունը և իշխանության փոխանցումն ուսուցչից սովորողներին (որոշ աստիճանի): «Տապան» դպրոցի կողմից առաջարկվող տարբերակն այնքան էլ արմատական չէ, բայց կենսունակ և իրատեսական է: Դա դասաժամերի ստանդարտ ցանցի ներսում կրթության բովանդակությունը փոխելու հնարավորություն է:

Կուրբատովի գործընկերները` «Տապանի» մանկավարժներ աշխարհագրության ուսուցչուհի Աննա Գարբուզենկոն, խոսքի մշակույթի դասավանդող Անաստասիա Չայկովսկայան, գերմաներենի ուսուցչուհի և դպրոցի փոխտնօրեն Նատալիա Խրուշը, պատմաբան Ալեքսանդր Գրեբենկինը, պատմում էին, թե ինչպես են իրենց առարկայական դասերին իրականացնում համադպրոցական հայեցակարգը:

Դասախոսությունը վարեցին Ռուստամ Կուրբատովը` «XXI դարի տապան» դպրոց-լիցեյի տնօրենը, և դպրոցի ուսուցիչները:

Պատասխաններ դասավանդողների առաջադրած հարցադրումներին…
- Հնարավո՞ր է արդյոք Ձեր դպրոցում սեմինար կազմակերպել այլ կրթական հաստատությունների հետաքրքրվող դասավանդողների համար:

- Իհարկե, այդ մասին կպայմանավորվենք:  Սակայն հիմա էլ, առանց սպասելու կազմակերպական խնդիրների լուծմանը, կարելի է ոչ մեծ հարցեր քննարկել մեր դպրոցի էլեկտրոնային կայքում՝ «Ամսագրեր հոգնած ուսուցիչների համար» հատուկ բաժնում (http://school.covcheg.org/), Педсовет.org կայքի իմ անձնական «Դպրոց Թոմ Սոյերի և Երկարագուլպա Պեպիի համար» բլոգում (http://kurbatov.pedsovet.org/):

- Ե՞րբ եք սովորողներին բարոյա-հոգեբանական կողմնորոշիչներ ներարկում: Ինչպե՞ս եք վարում դաստիարակչական աշխատանքը:

- Կյանքը ճիշտ կազմակերպելու դեպքում ոչ մի առանձին դաստիարակություն էլ պետք չէ: Իսկ եթե երեխաների ազատությունը մշտապես ճնշվում է, այդ նրանք բոլոր դեպքերում անդաստիարակ և ագրեսիվ կմեծանան:

- Ձեր դպրոցում պատիժների համակարգ կա՞: Պատիժները երեխաների հետ քննարկվո՞ւմ են:

- Դպրոցում արդարների խորհուրդ կա: Նա քննարկում է միայն էական «մեղքերը»: Ամենամեծ պատիժը մեկ օրով դպրոց հաճախելուց զրկելն է:

- Հարց դպրոցի ուսուցիչներին: Ձեր մասնագիտական զարգացման գործում ի՞նչ դեր ունի տնօրինությունը:

- Երեխաներին կատարելության «սադրում» են ուսուցիչները, իսկ մեզ համար այդ դերն ստանձնել է նախ և առաժջ դպրոցի տնօրենը: Նրա առաջադեմ հայացքները, «նորարարական» առաջարկությունները զարմացնում են (ո՛նց առաջ չէինք մտածել), երբեմն անգամ զայրացնում են (ո´չ մի դեպքում): Անվերջանալի քննարկումներ (այդպես ծնունդ են առնում ոչ թե ճշմարիտը, այլ ընդհանուր լեզուն, փոխըմբռնումը), տարբերակների փորձարկում, արդյունքների համեմատում, հաղթանակների և պարտությունների փորձի քննարկում. հենց սա էլ հավանաբար երեխաների ճանաչողական հետաքրքրության և մանկավարժների մասնագիտական հետաքրքրության վրա հիմնված դպրոցն է:  

Գրի է առել Լյուդմիլա Պեչատնիկովան:

Թարգմանեց Մարգարիտ Սարգսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.