«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 25

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից

Դավիթ Մինասյան
«Նորից այդ կոտորակները»

Վահրամ Թոքմաջյան
«Սերիալային ենթամշակույթ. վիճակն ու ազդեցությունները»

Մեթոդական մշակումներ

Էնտոնի Դալման-Ջոնս «Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը»

Ռուստամ Կուրբատով «Միջին դպրոց»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

Դուման ՄՊՔ բարեփոխում է նախապատրաստում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Տիգրանյան Կրթությո˜ւն…աո˜ւ

Արմեն Հակոբյան, Քրիստինե Սահակյանց, Արտյոմ Բոյաջան
««Ֆիզկուլտուրա» առարկայի խնդիրները հատուկ բժշկական խմբերում ընդգրկված առողջության սահմանափակ կարողություններով սովորողների խմբում»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Տիգրանյան Համաժողով


Էնտոնի Դալման-Ջոնս (1)

Երեխայի ճանաչողական հետաքրքրության բնույթը

Սոլովեյչիկյան 13-րդ ընթերցումներից

Այսօր կխոսենք ինքնագնահատականի և ինքնահարգանքի մասին: Երբևէ լսե՞լ եք, որ ինչ-որ մեկն ասի, որ դա ամենևին էլ կարևոր չէ: Սակայն այսօր կպարզենք, թե իսկապես դա որքան կարևոր է:

Ինքնագնահատականը իմ կարծիքն է իմ մասին, ով եմ ինձ համարում: Արդյոք իրականում գիտե՞մ՝ ով եմ, իմ մեջ ինչ-որ բան կա՞, որ ինձ հայտնի չէ: Իսկ եթե դա ինձ հայտնի լիներ, ապա կզգայի՞ արդյոք, որ ամեն ինչ կարող եմ, որ շատ մեծ մարդ եմ:

Եթե դպրոցը սովորողին այդպիսի ներուժ ունենալու հնարավորություն չի ընձեռում, ապա ինչի՞ է պետք դպրոցը:

Ինձ համար իսկական ուսուցիչը նա է, ով օգնում է երեխաներին բացահայտելու սեփական կարևորությունը, օգնում է հասկանալու՝ որքան լավն են իրենք:

Երեխաները պետք է գիտենան, որ հոգ եք տանում իրենց մասին, որ իրենց նկատմամբ անտարբեր չեք. այդ դեպքում նրանք անտարբեր չեն լինի ձեր գիտելիքների նկատմամբ:

Վաղը կխոսենք մանկավարժի անձնային, արտիստիկ, ստեղծագործական բնույթի մասին, իսկ այսօր՝ ուսուցչի մասնագիտության գիտական բնույթի մասին: Սա շատ կարևոր իրողություն է:

Եվ հիմա ձեզ առաջարկում եմ ճամփորդության մեկնել՝ ճամփորդել ողջ մարդկային կյանքով: Մենք երեխայի կյանքը կդիտարկենք գիտության տեսանկյունից, որպեսզի որպես մանկավարժներ կարողանաք հասկանալ՝ երբ ազդում ենք երեխայի վրա, ապա ինչպես և ինչու համար ենք դա անում:

Այժմ ձեզ ցույց կտամ մարդու զարգացման սխեման՝  ծննդյան պահից սկսած: Սկզբնական շրջանում երեխայի համար ոչինչ գոյություն չունի, բացի ինքն իրենից. դա մաքուր, չպղտորված անհատականություն է: Այն ամենը, ինչ տեսնում եմ՝ ես ինքս եմ: Նորածնի անահատականությունն անվանում եմ «սկզբնական Ես», «սկզբնական անհատականություն»:

Երբ երեխան փոքր-ինչ մեծանում է, այսպես թե այնպես, նրա մոտ երկու հարց է առաջանում՝ ո՞վ եմ ես և ինչպե՞ս ես դառնամ ես:

Յուրաքանչյուր երեխա հազարավոր տարբեր հատկություններ ունի: Սակայն նրան դրանցից մի քանիսն է հայտնի: Եվ հատկապես այն, ինչի մասին մտերիմները, իր համար կարևոր մարդիկ են ասում: Հավանաբար լսել եք՝  երեխայի աչքերը մորն են, իսկ ականջներն այնպիսին են, ինչպես հայրիկինը: Կամ նրա մազերը շեկ են, ինչպես ամբողջ ընտանիքինը: Կամ  նրա ոտնաթաթերը չափազանց մեծ են: Երբեմն էլ նրան ասում են՝  դու շատ ես լաց լինում...

Ինչ-որ մեկը տեսե՞լ է «Ֆորեստ Գամպ» կինոնկարը: Հիշո՞ւմ եք այն հատվածը, երբ հերոսն իմանում է, որ տղա ունի: Եվ ինչի՞ համար է ամենից շատ անհանգստանում այդ պահին: Տղան հո «դմբո» չէ՞: Նրա համար սա չափազանց կարևոր է: Որովհետև մանուկ հասակում բոլորը նրա վրա ծիծաղում էին. նա «դմբո» էր...

Երբ երեխա է ծնվում, անմիջապես ուզում ենք իմանալ՝  տղա է, թե  աղջիկ: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր դա իմանալը:

Որովհետև, մենք իմանում ենք երեխայի սեռը, մեխանիկորեն հայտնվում է բնութագրումների մի ամբողջ ծավալ: Տղան և աղջիկը կյանքի տարբեր կողմերն են: Միանգամից կարողանում ենք առանձնացնել երեխային վերաբերող բնութագրումների ամբողջ հավաքածուն և դրանց միջոցով մեր տեսանկյունից բնութագրում նրան:

Ճիշտ նույն կերպ է երեխան ստանում այն հարցի պատասխանը, թե ով է ինքը. շնորհիվ այն հատկանիշների, որ շրջապատողներն իր մեջ բացահայտում են:

Հասկանալի՞ է, որ ուզում եմ ասել, որ մեր կողմից երեխայի շատ քիչ, ընդամենը մի քանի հատկություններն են առանձնացվում և որպես որոշիչ տրվում նրան: Հետո դա շատ կարևոր է դառնում երեխայի համար: Այդ բնութագրումների հիման վրա էլ կազմավորվում է այն, ինչ հոգեբանության մեջ կոչվում է Ես-ի ըմբռնում (կոնցեպցիա): Ես-ի ըմբռնումը մարդու՝  ինքն իր մասին գիտեցած հատկանիշների ամբողջությունն է: Ես ունեմ մեծ ոտքեր, շիկահեր եմ, այնքան էլ խելացի չեմ, բայց արագ եմ վազում: Եվ այսպես շարունակ:

Մինչև այժմ ուղղակի թվարկում էինք հատկություններ: Իսկ հաջորդ մակարդակն այն է, երբ այդ հատկությունները գնահատում ենք ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյունից: Շիկահեր է, ոչ այնքան խելացի, արագ է վազում: Լա՞վ է սա, թե՞ վատ:

Միևնույն ժամանակ, այն հինգ-յոթ-ութ հատկությունները, որոնց մասին բարձրաձայնում ենք, երեխայի համար դառնում են ելակետային, հիմնարար: Այդ պահից նա սկսում է զարգանալ դեպի այս կամ այն հատկությունը՝ հաշվի առնելով դրանք:

Պատկերացրեք, որ յուրաքանչյուր երեխայի մեջ կա խորհրդանշական կշեռք: Կշեռքի մի նժարին նրա դրական հատկություններն են, մյուսին՝  բացասականը: Ինչպե՞ս է նա իրեն տեսնում: Ո՞ր նժարն է ծանր: Երեխաներից մի քանիսին հաջողվում է հասնել հավասարակշռության: Բայց միևնույն է՝  այդպիսի կշեռք ունի յուրաքանչյուր ոք:

Այդ պատճառով վերադառնանք չափազանց կարևոր երկու հարցի:

Ո՞վ եմ ես: Այժմ երեխան ունի այդ հարցի պատասխանը: Ես մարդ եմ՝ օժտված միայն դրական հատկանիշներով: Արագ եմ վազում, դա շատ լավ է, խելացի եմ, ինչ խոսք՝ դրական է, բարեկազմ եմ, ունեմ երաժշտական տաղանդ, սրանք նույնպես առավելություններ են: Բայց երեխան կարող է և մտածել՝ հիմար եմ, դուրեկան չեմ, շատ դանդաղ եմ սովորում, ինձ ոչ ոք չի սիրում: Սա այն է, ինչ մենք անվանում ենք ինքնանույնականացում:

Ահա ինչպես է այն ձևավորվում:

Ես-ի ըմբռնումը պարզապես հատկությունների հավաքածու է՝ առանց գնահատականի: Ինքնանույնականացումը գիտակցումն է՝  ով եմ ես, և վատ է դա, թե լավ: Երբ լսում ենք՝ ինչպես է երեխան իր մասին ասում՝ ես դուրեկան եմ, ինձ սիրում են, ես անպայման կընդունվեմ համալսարան, իսկ մյուսն իր մասին ասում է՝ ես վատ եմ սովորում, ինձ ոչ մեկը չի սիրում, ես շատ խնդիրներ ունեմ, ապա պետք է հասկանանք, որ դա այն է, ինչով նրանք ապրում են, ինչ ունեն իրենց ներսում, այն, ինչին նրանք իսկապես հավատում են ավելի ու ավելի շատ: Հատկապես, երբ ուրիշները՝ իրենց համար կարևոր մարդիկ, հաստատում են այդ հատկանիշները: Պատկերացրեք խաչ, որը մատիտով վերագծում են և ավելի ու ավելի թավացնում:

Այս առիթով ուզում եմ հատկապես խոսել այն երեխաների մասին, ովքեր ռիսկային գոտում են: Երբ երեխաներն ընտանիքում ենթարկվում են բռնության, կամ նրանց ուշադրություն չեն դարձնում, երեխան այսպիսի վերաբերմունքից ի՞նչ եզրահանգման է գալիս: Ես վատն եմ: Եվ նա հավանաբար չգիտի, որ խնդիրն ինքը չէ, այլ այն մարդիկ, որ իր հետ այդպես են վերաբերվում:

Ահա այստեղ է, որ մոտենում ենք ամենակարևոր պահին՝ ինչպես է առաջանում ինքնագնահատականը: Գոյություն ունեն տարբեր տեսակի իրավիճակային ինքնագնահատականներ, սակայն այժմ խոսքը ընդհանուր ինքնագնահատականի մասին է:

Եկեք դիտարկենք, թե ինչպես հասանք դրան: Սկզբնական Ես-ից հետո հարց է առաջանում՝ ով եմ ես. հեղինակավոր մեծահասակները տալիս են այս հարցի պատասխանը՝  մեզ հաղորդելով մեր իսկ հատկությունները: Այնուհետև, մեծանալով մենք միանում ենք նրանց, ովքեր մեզ գնահատում են՝  ինքներս մեզ նույնպես գնահատելով: Ասում են՝  դու այսպիսին ես, և այո, իսկապես այդպիսին եմ: Եվ սկսում եք դրան հավատալ: Մինչդեռ դա կարող է և ամենամեծ սուտը լինել աշխարհում: Ընդհանրապես, դուք զարմանալի եք, բայց կարողացել են ձեզ համոզել, որ դուք երբեք ոչինչ չեք կարողանա: Սա պատահում է հատկապես այն երեխաների հետ, ովքեր ընտանիքում բռնության են երթարկվում: Գործնականում հնարավոր չէ հասնել բարձր ինքնագնահատականի, եթե ձեզ ամբողջ ընթացքում ասում են, որ ոչ մի բանի ընդունակ չեք:

Սակայն իսկական ուսուցչի համար նախքան ուսուցումը սկսելը շատ կարևոր է երեխայի հոգեվիճակը, կարևոր է, թե ինչ է զգում: Կարո՞ղ է ուսուցիչը փոխել երեխայի ինքնագնահատականը: Երբեմն թվում է, որ ոչինչ փոխել հնարավոր չէ. ինչ ստացվել է՝  ստացվել է: Մինչդեռ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է երեխային օգնել հասունանալ, ավելացնել հաջողության հասնելու նրա հնարավորությունները: Սա մեր մասնագիտությունն է ու պարտականությունը:

Այն, ինչ պետք է անենք՝ վերադառնալն է աստիճաններով ներքև և քայլ առ քայլ ընդգծել երեխայի այն գծերը, որոնք լավն են: Մեզ հարկավոր է ավելացնել ավելի շատ պլյուսներ այնտեղ, որտեղ մինուսները գերակշռում են: Ուսուցիչը կարող է երեխայի մեջ նկատել այնպիսի գծեր, որոնց մասին ինքը՝ երեխան չի էլ պատկերացնում: Եվ ամրապնդի դրանք: Եթե դուք ձեր սովորողներին մոտենաք որպես մանկավարժ գիտնականներ, ապա կարող եք ցանկացած երեխայի մեջ գտնել դրական հատկանիշներ, որպեսզի նա համոզվի, որ ինքը վատը չէ, որ լավ մարդ է, և հակառակը՝  նվազագույնի հասցնել նրա բոլոր բացասական գծերը: Սա կօգնի նրան բարձրացնելու ինքնագնահատականը, ինքնահարգանքը և դառնալ էլ ավելի հաջողակ:

Գրառեց Ալեքսեյ Օլեյնիկովը

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

1) Դոկտոր Էնտոնի Դալման-Ջոնսը Մարիանի (ԱՄՆ, Վիսկոնսի նահանգ) մանկավարժական համալսարանի պրոֆեսոր է:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.