«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Լուսինե Փաշայան

Իմացումի հրճվանք

Ամեն նոր օր իր հետ բերում է նոր հարցեր, պատասխաններ, իրադարձություններ, մտքեր ու հայտագործություններ և դառնում թելադրող ներկայի ու ապագայի պլանավորման ու իրագործման գործում:

Այդ նոր օրը բոլորինս է` մեծինը, փոքրինը, ուսուցչինն ու աշակերտինը, սովորողինն ու սովորեցնողինը, և մենք բոլորս, պատասխանատու ենք այդ օրվա համար: Ինչպիսին կլինի այն, ինչ նոր բան կբերի իր հետ, ինչ կթողնի, երբ արդեն չի լինի ու կդառնա անցյալ, կախված է բոլորիցս` մարդուց, ընկերոջից և հատկապես` դասվարից: Այսօրը, որը մեկ օր առաջ դեռ ապագա է և որը դառնալու է անցյալ, պետք է դառնա նաև լավ հիշողություն, մանավանդ երեխաների կյանքում:Այս մտքերն են ինձ առաջնորդում, պարտավորեցնում և նաև սթափեցնում այսօր իմ վաղը դպրոցում պլանավորելու ժամանակ:

Իհարկե, հաճախ է պատահում այնպես, որ մտնում ես դասարան, և այսօրն է թելադրում այսօրը, սակայն միշտ չէ, որ այդպես է լինում, այդ պատճառով պետք է միշտ պատրաստ լինես դասարան մտնելուց առաջ:

Իսկ ինչ է նշանակում պատրաստ լինել: Նշանակում է իմանալ յուրաքանչյուր աշակերտի հաջողությունները, բացթողումները, հետաքրքրություններն ու ակնկալիքները: Իմանալ, որպեսզի կարողանամ հետաքրքրել, քանի որ ուսուցման փուլում հաջողության հասնելու գրավականը սովորողների հետաքրքրությունը շարժելն է (մոտիվացիա ստեղծելը):

Ինչ է նշանակում հետաքրքրել:
Ինչը կհետաքրքրի այսօրվա` 21-րդ դարի առաջին կամ հինգերորդ դասարանցուն… Այսօր նրանք անընդհատ տեղեկություններ են կլանում ընկերներից, մեծահասակներից, հեռուստատեսությունից, ինտերնետից և ամեն ինչից:
Կարծում եմ` պետք է նրանց ունեցած ինֆորմացիան օգտագործել` մաքրել, վերլուծել, տարանջատել, դասակարգել, քննարկել` դարձնելով ուսումնական նյութ, քանզի ինչը կարող է ավելի հետաքրքիր, տեսանելի ու կենդանի լինել, քան սեփական դիտարկումներն ու այն միջավայրը, որում ապրում ես:

2009 թ. նոյեմբերի սկիզբ
Ուսումնական տարվա սկզբում սովորել էինք «Մեղուն» ոտանավորը: Երեխաները այն անգիր արտասանելուց բացի բեմադրում են, իմպրովիզներ անում, նաև երաժշտություն են հորինում, ավելի շուտ «ռոդարիաբար» պատճենում այլ երգի մեղեդին այս ոտանավորի վրա և երգում:
Սովորել էինք «ղ» տառը, և պլանավորել էի ամրապնդան համար օգտագործել այս ոտանավորը` մեղուն ու մեղրը: Դասը շատ հետաքրքիր անցավ, քանի որ երեխաները բավականին ինֆորմացիա ունեին մեղուների մասին.
Մեղուները մեղր են պատրաստում` ծաղիկներից նեկտար հավաքելով:
Մեղուները փեթակում մե~ծ ընտանիքներով են ապրում:
Կա մայր մեղու կամ էլ նրան ասում են թագուհի, որը հսկում է մյուս մեղուներին:
Կազմեցինք բառեր «մեղու» և «մեղր» բառերով՝ մեղվանոց, մեղվապահ, մեղուներ, մեղրահամ:
Հեգեցինք դրանք, գտանք, թե որտեղ է «թաքնված» ղ տառը:
Կազմեցինք նաև այնպիսի բառեր, որոնք քիչ են գործածվում մեր բառապաշարում կան ընդհանրապես չկան՝ մեղվամեղր, մեղրահամ, մեղվատուն, մեղվաձայն, մեղրագույն, մեղվիկ ….
Երեխաներին հանձնարարեցի տանը մեծահասակներից հետաքրքրվել` նրանք ինչ գիտեն մեղուների մասին:
Տնային նմանատիպ հանձնարարությունները, որոնք ուղղված են ոչ միայն երեխային, այլ նաև տան մյուս անդամներին, ունեն մի քանի խնդիր:
Նախ` ընտանիքը տեղեկացված է լինում երեխայի դպրոցական առօրյայի մասին, իմանում է, թե ինչ է երեխան արել դպրոցում, հարկ եղած դեպքում կարողանում է օգնել և´ երեխային, և´ ուսուցչին:

Երկրորդ` երեխան նորովի է գնահատում ընտանիքի մեծահասակներին՝ կարևորելով նրանց կարողություններն ու հմտությունները: Ուրախանում-ինքնահաստատվում է, երբ իր հարցերը հետաքրքրում են մյուսներին: Համատեղ հետազոտական-ստեղծագործական աշխատանքը նրան ընտանիքի մեծերի հետ ընկերացնում է:

Հաջորդ օրը երեխաներից մի քանիսը բանավոր փոխանցեցին մեծահասակաների պատմածը,մյուսները եկան կոնկրետ աշխատանքներով: Գոհարիկը բերել էր պապիկի գրավոր պատմությունը մեղուների մասին (Գոհարիկ. «Պապիկին ասեցի՝ գրի, որ մի բան մոռանամ պատմել, ընկեր Լուսինեն գրածդ կարդա, որ ինձ օգնի»), Դավիթը եկել էր իր և հայրիկի պատրաստած նյութով. նրանք միասին ինտերնետից դուրս էին բերել մեղուների մասին նյութ. շարադրանքից պարզ էր, որ միասին այն պարզեցրել էին, նյութին կցել էին մեղուների նկարներ, տպել էին ու մի գեղեցիկ գրքույկ էին պատրաստել, Արփին պատմեց իր մայրիկի և մեղուների ընկերության մասին:

Հետաքրքիր օր անցավ, քանի որ շարունակեցին լրացումներ անել մյուս երեխաները, հետո ես լրացումներ արեցի և երեխաներին բաժանեցի առաջադրանքերի թերթիկ, որտեղ առաջադրանքերը թե´ բովանդակության, թե´ նկարների առումով ուղղակի կապ ունեին մեղուների հետ: Հետո հաշվեցինք մեղուներին, ներկեցինք, համեմատեցինք, դարձանք մեղուներ, շատացանք, քչացանք, մի մասը գնացին աշխատանքի, մյուսները տանը մնացին:

Հաջորդ օրը Նարեն եկավ դպրոց մեղուների նկարով. նա տանը համակարգչով մեղուներ էր նկարել:
Այն երեխաները, ովքեր տանը համակարգիչ ունեն, ավելի լավ են տիրապետում դրան և դառնում սովորեցնող, քանի որ երեխան երեխային ավելի լավ է հասկանում, քան մեծահասակը` երեխային: Դրանում կարծում եմ շատերն են համոզվել: Այսպիսով` ուսուցման գործի կազմակերպման մեջ կարևոր է սովորողների դերը՝ որպես սովորեցնող:

Սովորեցնելով սովորել

Գրային շրջանում, երբ երեխաները դեռ նոր են սովորել տառերը, հաճախ գրելիս մոռանում են այս կամ այն տառապատկերը: Այստեղ նրանց օգնականն ու ընկերը առաջին հերթին կողքին նստած դասընկերն է: Էլենը հարցնում է` ընկեր Լուսինե «ղ» տառը որն էր, ու մինչև ես կհասնեմ «օգնության» կողքի նստած երեխան ցույց է տալիս, ետևինը հուշում է` էն, որ շ-ի նման է, բայց քիթիկ ունի, մյուսն էլ` մեղրի ղ-ն և այլն:

Կամ մաթեմատիկական ինչ-որ առաջադրանք կատարելիս (իսկ այդ շրջանում այն հիմնականում համրանք է` գումարում, հանում, համեմատում) երեխաները տարբեր պատասխաններ ստանալու դեպքում սկսում են քննարկել, իրար բացատրել, համոզել սեփական պատասխանը` համոզվելով իրենց կամ միգուցե ընկերոջ ճշմարտացիության մեջ:

Փոքրիկ բանավեճեր են լինում կապված այս կամ այն բառի գրության հետ: Վարդի դ-ն «դ» է, թե՞ «թ», կամ չղջիկը «ջ» ունի, թե՞ «չ»…երկու երեխաների` Մարիամիկի և Սերգեյի երկխոսությանը հետևելիս նկատեցի, թե ինչպես Մարիամիկը  գիրքը բաց արեց և փորձեց գտնել իրենց վեճի առարկա դարձած բառը և գտավ… Ուրախացավ. և´ ինքը հիշեց, և´ Սերգեյը: Դա «Վագր» բառն էր: Նրանք կասկածներ ունեին ր-ռ տառերի հետ կապված: Իսկ Մարիամիկին  օգնության հասավ իր կազմած այբբենարանը:

Մարիամիկի այբբենարանը

Կրթահամալիրում իրականացվող մանկավարժության առանձնահատկություններից մեկը, որը բնորոշ է կրտսեր դպրոցին և, մասնավորապես, առաջին դասարանի տառուսուցման շրջանին, բառուսուցմամբ-տառուսուցումն է, որն անպայման ուղեկցվում  է անհատական այբբենարանների ստեղծմամբ: Հիմա արդեն ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային:
 
Դասարանում յուրաքանչյուր սովորող իր այբբենարանն է ստեղծում, որի առաջին էջում իր նկարն է ու իր անունը: Այնուհետև այբբենարանի յուրաքանչյուր էջ իր բառն ունի, որն ինչ-որ կերպ առնչվում է սովորողի առօրյայի և այն միջավայրի հետ, որտեղ նա ապրում է: Օրինակ` Գ տառը սովորեցինք  մեր դասարանի Գայանեի հետ, Է տառը` Էդուլիկի ու Էլենի, ը-ն` ընկեր բառով, յ-ն ու օ-ն` այսօր բառով, ձ-ն` ձմեռով ու Ձմեռ պապով, և -ը բարևով, բ-ն` Բլեյանի դպրոցով …Այսպես մեկ- մեկուկես ամսում սովորեցինք բոլոր տառերը, ստեղծեցինք մեր թղթային այբբենարանները, որոնք ինչպես արդեն նշեցի, անընդհատ երեխաների ձեռքի տակ են ու, փաստորեն, նաև որպես բառարան են հանդիսանում:

Այլ ու ավելի կարևոր է էլեկտրոնային այբբենարանների դերը: Մի խումբ երեխաների  էլեկտրոնային այբբենարանի էջերը ճիշտ հերթականությամբ դասավորելուց հետո ձայնագրման ստուդիայում ձայնագրեցինք ու ստացանք իսկական  ուսումնական նյութ` Էլեկտրոնային այբբենարան, որն ուղեկցվում է երեխայի ձայնով: Երեխան արտասանում է  համապատասխան բառը` օգնելով դեռևս ոչ տառաճանաչ «ընթերցողին» գլխի ընկնել և կարդալ բառը:

Այսպիսով`սովորողի ուսումնական աշխատանքը կարող է կիրառվել ուրիշների կողմից` տեղ գտնելով փոքրիկների տեսադարանում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.