«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Լեոն` Ղազարոս Աղայանի մասին (1)

Ամեն անգամ, հանդիպելով Աղայանին, ես կարծում եմ, թե նա մեր ծաղկավետ հանդերից է գալիս, միշտ ձեռքում ունի մի նոր փունջ:
Լեո

Ղազարոս Աղայանի մասին կասկած լինել չի կարող: Դա տաղանդ է, բնածին, գյուղի տաղանդ:
Բայց ես այստեղ պարտք ունեմ վճարելու ճշմարտության: Մարդիկ, որոնք ոչինչ կապ չունեն գրականության հետ, որոնք բախտի բերմունքով են տպագրական խոսքը գործածելու իրավունք ստացել, Աղայանին էլ խունկ են ծխել, ասելով, թե նա և' հրապարակախոս է, և' քննադատ է, և' վիպագրող է, և' բանաստեղծ: Այս բանը ես թողնում եմ մի ուրիշ անգամի և կփորձեմ բացատրել, թե ինչ է Աղայանը մեր գրականության մեջ:

Առայժմ ես կբերեմ այն, ինչը անկասկած է, ինչը Աղայանի համար իսկական փառք է: Նա տվեց ժողովրդական դասագրքեր:

Երբ մի ազգ, նստած իր տեղը, պատմում է իր նիստուկացը, իր հավատալիքները, իր իդեալները, երբ նա խոսում է իբրև իր հողի վրա դարեր անցկացրած մի մարմին, երբ նա իր դարավոր փորձերն է մեզ ցույց տալիս, իր տունը, իր դաշտը, գոմանոցը, պարտեզը, այդ տեղերում ապրող իր երևակայական ծնունդ բարի ու չար ոգիներն է դնում մեր առջև` այդ դեպքում միայն նա տալիս է մեզ իսկական մայրենի լեզու:

Պետք էր ժողովրդի մարդ, պետք էր գյուղի տաղանդ, որ ժողովրդական աշխարհի դյութական ձայները հավաքեր, մշակեր, կարգ ու կանոնի  տակ դներ և տար երեխային: Այդ արավ Աղայանը, և ոչ ոք չկարողացավ նրան հավասարվել այդ բանի մեջ:

Մի անգամ էլ թերթեցեք Աղայանի դասագրքերը: Ի~նչ համ ու հոտ: Մեր դաշտերն են այդտեղ բուրում, մեր ծմակներն են օրորվում, մեր թռչուններն են երգում: Այդտեղ է ժողովրդի կյանքը փոքրիկ, սիրուն պատկերների մեջ. մանում է ճախարակը, սարի հովիվը քնած է լանջի վրա, պառավը կորած հորթուկին է որոնում, խոտ հարողը, հնձվորը, տավարածը, աքաղաղն ու ծիտը, խոզն ու դաշտում աշխատողի բրդոշը, մի խոսքով` ամեն ինչ ժողովրդական է և անթարգմանելի: Մանուկը ամբողջովին ողողված է հայրենի լույսերով, ամբողջովին իր բնության մեջ, իր տանը, իր հարազատների հետ: Նրան ժպտում է ներկան, նրա ականջին կախարդական հեքիաթներ է պատմում պառավ անցյալը: Ի~նչ դյութող պարզություն, պատմելու ի~նչ շնորհք:

Եվ այս գեղեցիկ գրքերի վրա կրթվել են հազարավոր երեխաներ: Եվ այդ գրքերը մրցակից չունեն հատկությունների կողմից, ո՞վ գիտե, կունենա՞ն երբևիցե: Գյուղի տաղանդ ամեն ժամանակ չի ծնվում: Կենդանի է, ապրում է ժողովուրդը, այդպես կենդանի, ապրող կմնա և նրա կյանքի ուղ ու ծուծից վերցրած դասագիրքը: Մեր մանկական գրականության մեջ Աղայանն առաջինն է: Ճիշտ է, նա ինքը շատ չէ ուշադրություն դարձրել իր այդ առաջնության վրա, ճիշտ է, հայ երեխաները կարող են տրտնջալ նրանից, որ իրանց շուտ է մոռացել: Բայց այն ամենը, ինչ տվել է Աղայանը, արդեն բավական է, որ մենք ամենքս ասենք նրան լիաբերան. «Շնորհակալ ենք». . .

Անցյալներում ես տեսա Աղայանին: Ծերացել է, այլևս նախկին, լեռնային գյուղացուն միայն հատուկ ժրությունը չունի: Կա ավելի տխրալին. հիվանդ է Աղայանը: Հիվանդությունը արգելում է նրան աշխատել: Դա դեռ մեծ ցավ չէր լինի, եթե այդ վաստակավոր ծերունին գոնե ունենար ապրուստի ապահովություն: Բժիշկները օգնում են նրան իրանց դեղերով, բայց բժիշկները չունեն մի բան էլ, ամենգլխավորներից մեկը, որ տան հիվանդին ապրուստի միջոցներ: Իսկ առանց այդ միջոցների ի՞նչ կարող է անել գիտությունը, որքան էլ նրա պաշտոնյաները անկեղծ պատրաստակամությամբ խնամեն հիվանդին:

Ո՞րտեղից վերցներ միջոցները գյուղից ոտով քաղաք եկած, գրաշարությունից կյանքի ասպարեզ մտած և ապա հայ ուսուցչի խաչը իր վրա կրած Աղայանը: Սեփական միջոցների, խնայողությունների վրա հույս չի ունեցել և չունի: Եվ նա, որ հայ երեխայի երկրորդ հայրն է եղել, նա որ հաճախակի երգով է սովորեցրել մեր երեխաներին, այսօր` շրջապատված իր մեծ ընտանիքով, ծերացած, հիվանդ, չգիտե, թե ինչ պիտի լինի վաղը, մյուս օրը:

1) Լեո, Երկերի ժողովածու, իններորդ հատոր, էջ 173-174, Երևան, 1989թ.:     

Ներկայացրեց Գևորգ Հակոբյանը   

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.