«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Կլոր սեղանի հարգելի մասնակիցներ, «Դպիր» մանկավարժական պարբերականի սիրելի ընթերցողներ ու ստեղծողներ

Ինձ հատուկ բավարարում է պարգևում մեր մանկավարժության ծրագրերի մի խումբ հեղինակների և այն արժևորող պաշտոնյաների, լրագրողների, հասարակության ներկայացուցիչների, մանկավարժությամբ զբաղվողների և կրթությունը կարևորողների այս հրապարակային կոնսիլիումը: Բարով եք եկել մեր կրթական Տուն: Լավ է, որ մեզ չնկատելու, մեզ հալածելու, մեզ հանդուրժելու փուլերից հետո սկսվել է մեզ հետ համագործակցելու շրջանը, մեր հեղինակային մանկավարժության ծրագրերի իրագործմանը պետականորեն աջակցելու շրջանը:

Կրթության նախարարի, փոխնախարարի ճանաչողական այցից հետո` այսօր հոկտեմբերի 27-ին (շառից-փորձանքից հեռու), Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախարարությունը նախաձեռնել է» Հեղինակային մանկավարժության ծրագրերի իրագործման արդյունքներ և խնդիրներ» օրակարգով այս հավաքը:

Մեր հեղինակած մանկավարժական ծրագիրը, որ մշակվում է շուրջ 20 տարի, լինենք շիտակ, պետական համարվող մանկավարժության հետ համառ պայքարում ապացուցեց իր կենսունակությունը, արդիականությունը: Կրթակարգը վկա, մենք չենք կարող այլևս այլընտրանք կոչվել պետականին. հեղինակային մանկավարժության ծրագրեր` խնդրեմ: Ես ուրախ եմ, որ շարունակ ունենալով կրթությամբ հեշտ ապրելու, անուն և նյութական վաստակ ձեռք բերելու մեծ հնարավորություն` մենք ի վերջո դիմացանք գայթակղությանը` ընտանիքների, ծնողների աշխատանքը, երեխաների բնածին ընդունակությունները մեզ վերագրելու կամ այլոց աշխատանքի արդյունքներին տիրելու, հանրապետության ուսումնատենչ և ակնհայտ ընդունակ երեխաներին հատուկ դպրոցում հավաքելու, այդ երեխաների դափնիներով մեր ճակատը զարդարելու: Ես ակադեմիկոս Կապիցայի մոտ եմ առաջին անգամ հատուկ դպրոցի առաքելության ճշգրիտ ձևակերպումը կարդացել: Մեջ եմ բերում իմ թարգմանությամբ.» Հատուկ դպրոցների առաքելությունն է ուսուցման և դաստիարակության առաջավոր մեթոդների ուսումնասիրությունն ու մշակումը: Հատուկ դպրոցները պիտի ունենան լավ ընտրված մանկավարժական կադրեր և օրինակելի կազմակերպում: Երկրի մասշտաբով ուսուցման մակարդակի բարձրացումը հենց պիտի դառնա հատուկ դպրոցների հիմնական խնդիրը: Այս դպրոցների կազմակերպման բնույթը, դասավանդողների և սովորողների ընտրությունը պիտի համաձայնեցվեն այս խնդրի հետ»: Հարկադիր դադար... Ուզում եմ հավատալ, որ մենք մեր կրքով, տաղանդով, ջանքերով փորձել ենք լինել և կանք այսօր` որպես կրթության և գիտության նախարարության փորձարարական-հետազոտական միավորում` հատուկ դպրոց` Կապիցայի ձևակերպմամբ: Կլոր սեղանի նախապատրաստական ընթացքում մեր կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի տնօրենն առաջարկեց օրակարգ, որը լավագույնս է սահմանում կրթահամալիրն այսօր. «Կրթահամալիրը` երեխայի անհատականության համակողմանի զարգացման, մասնագիտական կողմնորոշման և պատրաստվածության ապահովման, մասնագիտական ուսուցման և մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման համակարգ»: Կրթահամալիրի կրտսեր դպրոցը` երեխայի համակողմանի զարգացումն ապահովող ենթահամակարգ: Կրթահամալիրի Ավագ դպրոցը` սովորողի քաղաքացիական ու մասնագիտական ապագան կանխորոշող ենթահամակարգ: Կրթահամալիրը` ներդրումային կրթական ծրագրերի մշակման և իրականացման արդյունավետ համակարգ. ահա մեր տաղանդին արժանի խնդիր, որը հետևողական և հաջողությամբ լուծում ենք, որն ապահովում է ակտիվ համագործակցություն պետական մարմինների, համայնքների, կրթական ողջ համակարգի, մեր բոլոր սովորողների և նրանց ծնողների, հայաստանյան ու միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների որակյալ կրթության բոլոր շահառուների` իրավական հասարակության բոլոր պատվիրատուների հետ:

Ինձ մնում է ավելացնել` և այս ամենը` որպես սովորողի և ուսուցչի տաղանդի դրսևորման ու զարգացման միջոց: «Կլոր սեղանի» մասնակցի փաթեթում 2006թ. կրթահամալիրում իրականացվող ծրագրերի սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքների ցանկերը, կարծում եմ, խոսում են:  Մենք  սովորական երեխաների դպրոց ենք մղել միշտ, այսօր էլ կանք, բայց միայն երեխաների, ում ծնողները ճանաչում և ընտրում են ուսումնական գործի մեր կազմակերպումը, մեր մանկավարժությունը: Քանակը մեզ չի կարող շեղել մեր դավանած մանկավարժությունից, պարզապես մենք պիտի մատչելի դառնանք ոչ միայն ողջ Երևան քաղաքի, այլև հանրապետության սովորողների համար: Մենք եղել ենք ու կանք բաց կրթական համայնք` բաց դռներով բազմածրագիր ուսումնական հաստատություն, որն իրականացնում է կրթություն բոլորի համար, առանց որևէ խտրականության: «Կրթական ավտոբուս» ծրագիրը` սովորողների ապահով ու հարմար տեղափոխումը քաղաքի տարբեր ծայրերից` ահա խնդիր, որ ունենք մենք` որպես հատուկ դպրոց:

Մանկավարժական աշխատողների զարգացման ենթահամակարգը մենք ձևավորում ենք որպես կրթահամալիրի ներկան հաստատող և ապագան կանխորոշող կառույց: Իսկական եռուզեռ է մեր նորաստեղծ մասնագիտական ուսուցման կենտրոնում և գրադարանում. յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի` կրթահամալիրի կրտսեր դպրոցների ուսուցիչները, չորեքշաբթի և շաբաթ` մեր նախակրթարանների դաստիարակները, հինգշաբթի` վարժարանի ուսուցիչները, ուրբաթ` արհեստագործական դպրոցի ուսուցիչները հատուկ պատրաստություն են անցնում» «Կրթության որակի և համապատասխանության» միջազգային վարկային ծրագրով վերապատրաստում ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, ծրագիր, որի իրագործմանն ակտիվ մասնակցում են կրթահամալիրի 2 տասնյակ առաջատար ուսուցիչներ, մեր իրականացրած` նախակրթարանների հանրապետական ծրագրով սկսել ենք վերապատրաստել մայրաքաղաքի նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին, ՀՀ նախագահի դրամաշնորհի «Ծնողի դպրոց» ծրագրով սկսել ենք կրթել 1-ին դասարանցիների ծնողներին... Ենթահամակարգ, որի մասնագիտական ու նյութական բազան, հավատացնում եմ, կբավարարի արդի մանկավարժական բակալավրիատի ստեղծման համար: Այսուհետ միայն անընդհատ սովորող, հետազոտական-ինքնուրույն որոնողի գործունեությունից գիտնականի բովանդակություն ստացող մասնագետները կարող են աշխատել կրթահամալիրում: Ոչ թե կրթահամալիրի ղեկավար աշխատողների կամայականությունը կբաժանի հատուկ դպրոցի մշակին և ոչ հատուկ դպրոցի սպառող դասատուին, այլ գործունեության բնույթը: Հետազոտող ուսուցչի նոր` հավակնոտ աշխատակարգի ներդրումը հնարավոր է դարձնում 2-3 տարում յուրաքանչյուր սովորողի և մանկավարժի տաղանդը դրսևորել ու զարգացնել իրական, հանրօգուտ և ստեղծագործական աշխատանքներում: Երբ ասում ենք «հատուկ դպրոցում օրինակելի կազմակերպում», նկատի ունենք նախ և առաջ սովորողների, սովորողների և աշխատողների փոխադարձ հարգանքի ապահովումը վերից վար ու բոլոր մակարդակներում: Խնայել սովորողի ժամանակը, ջղերը, առույգություն և հավես հաղորդել սովորողին և ուսուցչին, նրանց բոլոր տարիքներում և ուսումնական բոլոր բնագավառներում ստեղծագործելու (հետազոտելու, ինքնուրույն հայտնաբերելու) հնարավորություններ ընձեռել, նյութապես, մանկավարժորեն և տեխնիկապես ապահովել իմացումի հրճվանքը` որպես սովորողի և ուսուցչի իրավունք: Մեզ համար սա է կրթելը, կրթության կազմակերպումը: Առանց հետազոտողի (գիտափորձի մասնակցի) կրքի առաջ չենք գնա: Մեր վաստակը արժանի է հարգանքի, բայց մենք, եթե թոշակառու չենք, եթե շարունակում ենք գործել որպես մանկավարժ-հետազոտողներ, պիտի ամեն օր բազմապատկենք իմացումի սիրահարի մեր գործունեությամբ այդ վաստակը, պարտավոր ենք ստեղծել ավելին, քան ծախսում ենք: Եթե ոչ, պիտի թողնենք այս հատուկ դպրոցը` սկսած ինձանից:

Ուխ, երկարատև հանգստից ինտերնետ հեծած վերադարձավ վերջապես իմ սիրելի «Դպիրը» ու ես նրան հանձնեցի իմ սրտում կուտակվածը:

Միշտ ձեր` Աշոտ Բլեյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.