«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


ՍԵՄՅՈՆ ՍՈԼՈՎԵՅՉԻԿ
Սովորում եմ ամերիկյան դպրոցում

Սովորում եմ ամերիկյան դպրոցում և միանգամից պետք է ասեմ, որ եթե ամերիկյան սուպերմարկետներում կարելի է անսովորությունից ուշաթափվել, եթե ամերիկյան բուժհիմնարկներում մեր հիվանդանոցների մասին ավելի լավ է չհիշես, եթե ամերիկյան համալսարանում միայն հոգոց կհանես ու ձեռքդ թափ կտաս, ապա դպրոցի դեպքում ավելի բարդ է:
Դպրոցը, կարելի է ասել, ամերիկյան կյանքի ամենաթույլ օղակն է: Իսկ գուցե ամենաուժե՞ղն է: Ժողկրթության համակարգը քայքայող հակասություների մեջ ամերիկյան մանկավարժները խորհրդայինի ճիշտ հակառակ ընտրությունն են կատարել. մարդ իսկապես գլուխը կորցնում է՝ չիմանալով, թե որ կողմն է ավելի առողջ դատում:

Անկախ նրանից, թե մեզ մոտ ինչ են կարծում, ամերիկյան դպրոցները հրաշք-տեխնիկայով լցված չեն, և ուսուցման տեխնիկական միջոցների ետևից այնպես ընկած չեն, ինչպես մեզ մոտ:

Հեռուստացույց, ձայնարկիչ, տեսամագնիտոֆոն, համակարգիչ. սրանք հազվադեպ են սովորական դասարաններում։ Ոչ մի անգամ չհանդիպեցի լինգաֆոնային կաբինետի կամ սովորեցնող ինչ-որ մեքենայի: Հավանաբար միայն ԽՍՀՄ-ից գնացած բարձրաստիճան հյուրերին են դիտավորյալ ցուցադրում դրանք, որպեսզի քայքայեն մեր դպրոցական բյուջեն, քանի որ այդ հյուրերը հայրենիք են վերադառնում տեխնիկայի մասին սնանկացնող երեզանքներով:

Իսկ ամերիկյան կրթությունը տեխնիկայով չէ, որ հետաքրքիր է:
Ահա Քլիվլենդի դպրոցներից մեկի տնօրենի՝ Բոբի Մաքդաուելի հետ շրջում ենք իր դպրոցի դասարաններով՝ մի դասարան, մյուսը, իսկ այստեղ, ասում են, մսուր է: Մսո՞ւր։ Մսո՜ւր։ Կարելի է մտնել: Երկու մեծ, մթնեցրած սենյակներում մոտ քառասուն մահճակալ կա, և յուրաքանչյուրին՝ մի փոքրիկ՝ սև կամ սպիտակ: Բոլորը քնած են, հանգստի ժամ է: Մի քանիսի մոտ մայրերն են՝ այդ դպրոցի աշակերտուհիները: Եթե աշակերտուհին երեխա է ունենում, դպրոց է գալիս փոքրիկի հետ, նրան թողնում մսուրում, իսկ ինքը գնում է դասի: Ոչ մի արտակարգ բան:
- Երբ իմանում եք, որ 14-ամյա աշակերտուհին հղի է, ի՞նչ եք անում,- հարցրի տնօրենին՝ մարմնեղ, սև տղամարդուն:
Նա ուսերը թոթվեց.
- Ոչինչ: Խորհուրդ եմ տալիս, որ բուժքրոջը դիմի:

Այս դրվագում ամբողջ ամերիկյան դպրոցն է: Անչափահաս մայրերը երկրում մեծ անհանգստություն են առաջացնում, նրանց մասին գրում և խոսում են ամբիոններից, բայց աշակերտների իրավունքները, այնուամենայնիվ, խստորեն պահպանվում են:

Դպրոցներից մեկում տնօրենին խնդրեցի, որ մի աշակերտի քարտ ցույց տա, որպեսզի հասկանամ գնահատման համակարգը։ Տնօրենը շփոթվեց. ամերիկացիները խնդրանքը մերժել չեն սիրում: Պարզվում է՝ օրենքն արգելում է սովորողի գնահատականներն ուրիշին հայտնել առանց ծնողի գրավոր համաձայնության: Գրավո՜ր:

Հարյուրներով մետաղյա նեղ, կապույտ պահարաններ են դրված ամերիկյան դպրոցների միջանցքներում (այնտեղ հանդերձարաններ չկան): Պահարանները փակված են ծածկագիր կողպեքներով։ Երեխաներն իմ խնդրանքով բացեցին. իսկական քաոս։ Իրեր, խաղալիքներ ու գրքեր էին լցված խառնիխուռն: Հետո ի՞նչ: Յուրաքանչյուրի անձնական գործն է: Մեզ մոտ իսկույն լավագույն պահարանի մրցույթ կկազմակերպեին, բոլոր հանձնաժողովները պահարանների մաքրությունն ստուգելն իրենց գործը կդարձնեին: Իսկ այստեղ ԱՄՆ Սահմանադրության IV լրացման համաձայն արգելված են բոլոր խուզարկություններն ու ստուգումները, միակ բացառությունն այն է, որ անձնական պահարանը կարելի է նայել, երբ ոստիկանը շան հետ թմրանյութ է փնտրում: Վերադառնալուց հետո այդ մասին պատմեցի մեր ուսուցիչներին: Անմիջապես հարցրին. ՙԻսկ եթե պահարանում սատկած մուկ լինի՞՚: Ամերիկացիները սատկած մկներից չեն վախենում: Նրանց համար երեխայի հոգեկան վիճակն ավելի կարևոր է:

Նաև ուսուցիչն է պաշտպանված: Ահա աննշան թվացող, բայց դպրոցը հիմքից փոխող մի մանրամասն: Մեր ուսուցչին վճարում են ըստ նրա ծանրաբեռնվածության՝ շաբաթվա ընթացքում ունեցած ժամերի քանակի, մեկին՝ 18 ժամի համար, մյուսին՝ 30: Այդ ծանրաբեռնվածությունը, դրա հետ էլ, բնական է, աշխատավարձը, բաշխում են գարնանը: Քանի՛ անքուն գիշերներ, ինչքա՛ն վեճեր են լինում մեր դպրոցներում, նվաստացումներ, արցունքներ: Ուսուցիչն ամբողջությամբ կախված է տնօրենից:

Ամերիկյան ուսուցիչը մի քանի տարվա պայմանագիր ունի, և դասաժամերի քանակը չի ազդում նրա վրա: Ամերիկյան ուսուցիչներն իրենց գիտելիքներով ու մանակավարժական վարպետությամբ մերոնցից լավը չեն, նրանք էլ մերոնց նման տասնհինգ տարվա անընդհատ դասավանդումից սպառվում են և մերոնց նման խոսում են բյուրոկրատիայի ճնշման մասին։ ՙՊատկերացնո՞ւմ եք, քսանի չափ մաթեմատիկայի դասագիրք կա, իսկ մեր դպրոցի խորհուրդը թույլատրում է ընտրություն կատարել միայն յոթից՚,- ամենայն լրջությամբ բողոքում էր մի ուսուցչուհի: Բայց ուսուցիչներն Ամերիկայում ավելի լավ պայմաններում են և այդ պատճառով էլ երեխաների հետ ավելի լավ են վարվում: Նրանց չեն անհանգստացնում, չեն ստուգում, նրանք դասը վարում են առանց լարման, անշտապ՝ չձգտելով բոլորին նույն գիտելիքները հասցնել. ով սովորում է, սովորում է, ով չի ուզում սովորել՝ ի՞նչ արած: Ծրագիրն ուսուցիչն ինքն է կազմում, իր հայեցողությամբ, դրա համար էլ չի շտապում անցնելիս: Ամերիկայում համարում են, որ սեփական ծրագրով ուսուցիչն ավելի լավ է դասավանդում, եթե նույնիսկ դա բացահայտորեն ավելի աղքատ է մեծ գիտնականների կազմածից: Գրականության ուսուցիչները պատադիր ցուցակ չունեն՝ ո՜չ գրքերի, ո՜չ հեղինակների: ՙԻսկ եթե մի աշակերտ Շեքսպիր չիմանա՞՚։ ՙՆա էլ չի իմանա՚,- պատասխանեցին ինձ:

Ամերիկայում գրանցում չկա, բոլորը մշտապես տեղափոխվում են, որոշ դպրոցներում տարվա ընթացքում աշակերտների քառորդ մասը փոխվում է. և ոչինչ: Ոչինչ, ոչ մի սարսափելի բան չկա. ա՜յ, թե ինչ հասկացա Ամերիկայում: Մեզ դիտավորյալ վախեցնում են: Այստեղ ոչ մի բան մյուսի հետ չի կապվում, յուրաքանչյուրը սովորեցնում և սովորում է իր ձևով, յուրաքանչյուր ուսուցիչ իր կանոններն ունի. նա ուսուցիչ է, ոչ թե մեխի գլուխ: Սան-Ֆրանցիսկոյի դոկտոր Բ. Քոբի անվան դպրոցում հանդիպեցի ՙ14-րդ սենյակի կանոններին՚, իսկ Սիեթլի Սամանթա Սմիթի անվան դպրոցում՝ ՙՄիսս Բերնեյբի կանոններին՚. վերջինս Վաշինգտոնի նահանգի լավագույն ուսուցչուհին էր (այդպիսին էր նրա պաշտոնական կոչումը): Միսս Բերնբեյի կանոնները հինգերորդցիների համար այսպիսի տեսք ունեին. ՙԵղե՜ք բարի, հարգալից և հոգատար: Լսե՜ք միմյանց: Երջանկությունն այն չէ, որ ունենաս՝ ինչ ցանկանում ես, այլ այն, որ սիրես՝ ինչ ունես՚։ Ամբողջ դպրոցական Ամերիկայում փակցված են տարբեր տեսակի ասույթներ, կանոններ, նշանաբաններ, խրատական ասացվածքներ. երեխային վարժեցնում են այն մտքին, որ բարոյական կանոններն անհարժեշտ են մարդուն, բայց դրանք պետք է բացահայտել, ընտրել, ինքնուրույն հայտնաբերել, քանի որ անձի բարոյականության աղբյուրը հենց իր մեջ է: Ուսուցիչներին սովորեցնում են. ՙԿրթության սիրտը սրտի կրթությունն է՚: Նաև նրանց կոչ են անում ոչ միայն հարգել բազմազանությունը, այլ նաև ստեղծել: Ուսուցչի աշխատանքը միմյանցից տարբեր մարդիկ կերտելն է։ Ուսուցչանոցներից մեկում հանդիպեցի այսպիսի ցուցապաստառի՝ ՙԲազմազանությո՜ւն ստեղծիր՚, մյուսում՝ ՙԳնա՜ և բազմազանությո՜ւն ստեղծիր՚: Մեծ քանակով մանկավարժական պլակատներ են տպագրվում, որոնք կոչ են անում յուրաքանչյուր երեխայի ընդունել՝ ինչպիսին կա, հարգել նրա ուրիշ լինելու իրավունքը, տարբեր լինելու, այսինքն՝ ինքն ինքը լինելու իրավունքը:

Իսկ ամերիկյան դպրոցների դասասենյակները (հատկապես տարրական՝ 6-11 տարեկանների), ուրախ են, զարդարված, խնդալից: Սեղանները հիմնականում շարքերով չեն, ինչպես մեզ մոտ, այլ կիսաշրջանաձև. ամերիկացիներին չի հուզում, թե լույսը որ կողմից է ընկնում, միևնույն է, ձախլիկին ճիշտ չես նստեցնի, իսկ Ամերիկայում ձախլիկներն ավելի շատ են, քան մեզ մոտ, նրանց չեն վերավարժեցնում:

Որպեսզի երեխաներին բացատրեմ՝ որտեղից եմ եկել, վերցրի գլոբուսը և դասարանում ցույց տվեցի՝ ահա Ամերիկան, ահա Խորհրդային Միությունը՝ երկու հսկայական երկրներ: Մի փոքրիկ տղա ձեռք բարձրացրեց: ՙԱյո՞՚,- հացրեցի ես: ՙԿոստա-Ռիկա էլ կա՚,- ցածր ձայնով ասաց նա, և ես ամոթ զգացի: ՙԻհարկե,- ասացի ջերմորեն,- և Կոստա-Ռիկա՚: Հավանաբար երեխաները նկատել էին իմ շփոթմունքը, քանի որ դասի ավարտից հետո ինձ մոտեցավ մի շատ փոքրիկ, սև աղջնակ, վճռականորեն ձեռքն ինձ մեկնեց և հստակ ասաց իր անունը: Նա ինձ խրախուսում էր: Օտարականը, ում առաջին անգամ էր տեսնում, նրա կարծիքով իրեն հավասար մարդ էր՝ իր աջակցության կարիքն ունեցող:

Հավասար իրավունքներով, հասարազոր մարդկանց այս ամուր ձեռքսեղմումը ամերիկյան դպրոցի ըմբռնման բանալին դարձավ:
Հիշո՞ւմ եք հանրահայտ առաջին հեռուստակամուրջներն Ամերիկայի հետ: Նրանցից մեկին դպրոցականներ էին մասնակցում. հաղորդման հաջորդ օրը բոլորը խոսում էին միայն այն մասին, թե ամերիկացի աշակերտներն իրենց ինչպես էին դրսևորում: Մերոնք ավելի դմբո չեն, ավելի քիչ չգիտեն և զարգացած են. բայց կաշկանդված էին, ճնշված, փակ: Իսկ նրանց անդրօվկիանոսյան հասակակիցները հանգիստ էին, անկաշկանդ: Անկաշկանդ էին, բայց ոչ կապկտրած՝ դաստիարակված էին:

Հնարավոր է՝ խնդիրն այն է, որ մենք ասում ենք ՙդժվար երեխաներ՚, իսկ Ամերիկայում՝ ՙդժվարություն ունեցող երեխաներ՚: Մեզ մոտ պրոբլեմային երեխաներ են, նրանց մոտ՝ պրոբլեմներ ունեցող երեխաներ։ Մեր ամբողջ մանկավարժությունն ուղղված է նրան, որ ծնողների և ուսուցիչների համար հեշտ լինի երեխաների հետ, դրա համար էլ հետո մեծերի հետ է դժվար լինում: Մեր դաստիարակության ամենակարևոր բառը ՙչի կարելի՚-ն է: Ամերիկական դաստիարակության կարևոր բառը՝ ՙկարելի է՚: Գործի՜ր: Ահա, իմ առջև դպրոցի տնօրենի նամակ է. նա սովորողներին և ծնողներին հայտնում է, որ նշանակվել է դպրոցի տնօրեն, տեղեկացնում է, թե առաջ որտեղ է աշխատել և գրում է, որ բոլորի համար չորս կանոն ունի՝ ՙԱյստե՜ղ եղիր: Միացի՜ր: Գործի՜ր գիտակցաբար և պատասխանատվությամբ: Ամեն օր ինչ-որ նոր բան իմացի՜ր՚։ Ամերիկյան ամբողջ մանկավարժությունը դրական գործողության ոգով, դրական վերաբերմունքով է լցված:

Ես ամերիկյան դպրոցում եմ սովորում: Ինչպիսի՞ն է հիմա իմ աշխարհահայացքը: Կապիտալիստակա՞ն է դարձել:
Իմ այցելած մանկավարժական վեց քոլեջներից ոչ մեկում քաղաքական դաստիարակության ամբիոն չկար: Ամերիկացիներն աշխարհայացք չեն ձևավորում, նրանք դժվարությամբ են հասկանում այդ բառը, որն ամենակարևորն է մեր դաստիարակության մեջ: Բայց նրանք շատ են աշխատում բնավորության ձևավորման վրա (հատկապես սպորտի միջոցով) և ձգտում են դաստիարակել (ձևավորել) լավ քաղաքացի, հասարակական շարժումների գործուն մասնակից, ընտրող: Դասերից մեկի ժամանակ երեխաների հետ սենատորին նամակ գրել էի սովորում: Մեզ տվեցին նրա հասցեն, սովորեցրին նրան քաղաքավարի դիմել և հատկապես շեշտեցին, որ պետք չէ ներողություն խնդրել նրա ժամանակը խլելու համար, քանի որ օգնելը նրա պարտականությունն է:

Եվ ոչ հատուկ տեխնիկա է պետք, ոչ անհավանական միջոցներ, այլ ընդամենը պետք է, որ յուրաքանչյուր դպրոցի մուտքի մոտ լինի թեկուզ շատ փոքրիկ մի պլակատ, նման նրան, որ տեսա Վերջինիա նահանգի ՙԱզատ երեխաներ՚ փոքրիկ դպրոցում. ՙՄանկական տարածք: Ներս մտնենք սիրով և հոգատարությամբ՚: Պարզապես:

Սովորում եմ ամերիկյան դպրոցում, և ավելին՝ փայլուն աշակերտ եմ: Իմ շրջապատում բոլորը փայլուն են, ուրիշ որակի չկա: ՙՄենք առաջինն ենք՚,- գրված էր մի դպրոցի կրծքանշանների վրա: Մեր մանկավարժական գաղափարախոսությամբ դա անմտություն է, ամբարտավանների դաստիարակություն. իսկ ամերիկյան դպրոցի փիլիսոփայությամբ դա անհրաժեշտ է: Բոլոր հաջողությունների հիմքը սեփական անձի նկատմամբ հավատն է: Պետք է ինքս ինձ հավատամ, որպեսզի մյուսներին հավասար լինեմ, լինեմ մյուսներից ո՜չ վատ, ո՜չ ցածր: Ես լավ եմ զգում: Դուք լա՞վ եք զգում: Ամեն ինչ կարգին է։ Դու ՙօքե՞յ՚ ես։ Ես էլ եմ ՙօքեյ՚։ Մենք հավասար ենք: Եթե մարդն այդպես է զգում, նա պատասխանատու, հասուն վարք կունենա: Իսկ եթե մարդուն թվա, որ ինքը մյուսներից վատն է կամ լավը, կամ մնացած բոլորը վատն են, ապա ամբողջ կյանքում խնդիր ու անախորժություն կունենա, չի կարողանա հաղթահարել խոչընդոտները: Խնդիրներն իրականում լուծելու փոխարեն կմեծախոսի, կնեղանա ու կատի մյուսներին:

Բայց ինչպե՞ս, ներեցեք, կարող եմ ինձ փայլուն աշակերտ համարել, եթե ծույլ եմ, եթե վատ ընդունակություններ, թույլ հիշողություն ունեմ, իսկ երբ կանչում եմ գրատախտակի մոտ, երկու բառ չեմ կարողանում իրար կապել: Եվ դա բոլորն են տեսնում:

Սակայն Ամերիկայում երեխաներին գրատախտակի մոտ չեն կանչում: Ամբողջ երկրում ոչ մի տեղ ոչ մի անգամ աշակերտները դասը տեղից էլ չեն պատասխանում: Հաստափոր ձեռնարկում զետեղված են դասի ընթացքում կիրառվող աշխատանքների բոլոր հնարավոր ու անհնար ձևերը, բայց ոչ մի տեղ չի հիշատակվում, որ կարելի է աշակերտին կանչել գրատախտակի մոտ կամ բոլորի ներկայությամբ հարցնել երեկվա դասը: Ամերիկացի ուսուցիչներին դա անհնար, անհասկանալի է թվում.
- Ի՞նչ, ձեզ մոտ ուսուցիչն աշակերտից հարցազրո՞ւյց է վերցնում: Ամբողջ դասարանի ներկայությա՞մբ:
- Բա մյուսներն այդ ընթացքում ի՞նչ են անում:
- Տասնհինգ րոպե հարցման համա՞ր, քսա՞ն: Ինչպե՞ս կարելի է այդքան անիմաստ ծախսել ժամանակը:
- Կանչեմ գրատախտակի մո՞տ: Գժվե՞լ եմ, ի՜նչ է: Իմ դասարանում աշակերտների կեսից ավելին սևամորթ է։ Բա որ նրանցից մեկին կանչեմ դասը պատասխանելու, և նա դասը չիմանա... Ախր, նրա վրա կծիծաղեն: Եվ ինձ կմեղադրեն ռասիզմի համար:

Ինչքան փորձեցի ապացուցել, որ բանավոր հարցման ընթացքում ավելի լավ կարելի է աշակերտին ճանաչել, որ զարգանում է բանավոր խոսքը, որ ... ո՜չ։ Ոչ մի դեպքում:

Քսան տարի առաջ ՙԱշակերտական ժամը՚ գրքում նկարագրել եմ դպրոց, ուր առավոտյան աշակերտներն առանց վախի են վազում. նրանց անծանոթ են այն տանջալի րոպեները, երբ ուսուցչի գրիչը սահում է մատյանի ցուցակի վրայով, շունչները չեն պահում՝ ՙՄիայն թե ինձ չկանչի՚: Ինքս այդպիսի դպրոց չէի տեսել, գրական նյութերի միջոցով նկարագրել էի Լև Տոլստոյ ուսուցչի դպրոցը Յասնայա Պոլյանայում: Եվ ահա, պարզվում է, որ ոչ թե մեծ մանկավարժի փոքր ուսումնարանում, այլ հսկա երկրի բոլոր դպրոցներում կարելի է երեխաներին այնպես սովորեցնել, որ նրանք առավոտյան չվախենան դպրոց գալուց:
- Բայց ինչպե՞ս կարելի է սովորեցնել, եթե ոչ մեկը չի վախենում,- հարցնում էի Ամերիկայում:
- Իսկ ինչպե՞ս կարելի է սովորեցնել, եթե վախենում են,- անընդհատ պատասխանում էին ինձ:
Ամերիկյան դպրոցում հազար ու մի վատ բան կա, բայց մի բան չկա՝ երեխաների ծնկների դողը, չկա ուսուցչի ՙՆստի՜ր, երկուս՚-ից առաջացող դառը չարացածությունը, գետնի տակն անցնելու այդ ցանկությունը կամ, հակառակը, հոգին ունայնացնող այդ հոխորտանքը:

Ամերիկան սովորեցնում է թվանշաններով (այդ թվում՝ նաև վատ), բազում անախորժություններով, բայց առանց նվաստացնելու, առանց վախի, առանց պարտադրանքի:

Սովորում եմ ամերիկյան դպրոցում և սովորում եմ դպրոցական (և ոչ միայն դպրոցական) Ամերիկայի ամենակարևոր բառը՝ սելֆ-իստիմ: Վերջերս Կալիֆոռնիայում 357 հազար դոլար արժողությամբ մի հետազոտություն են կատարել և պարզել, որ այն ամենից, ինչը պետք է մարդուն, ամերիկացիներն առաջին տեղում դնում են ՙսելֆ-իստիմ՚-ը:
Շշմելու է: Կա այնպիսի մի բան, որը մի երկրում ամենաթանկն են գնահատում, իսկ մյուսում՝ մեր երկրում, միայն հազվադեպ են հիշատակում:

Բառարանում self-esteem թարգմանվում է որպես ինքնահարգանք, արժանապատվություն, բայց ռուսական ՙдостоинство՚ բառը երկու տարբեր նշանակություն ունի: Պայմանականորեն կարելի է այսպես ասել՝ անձի (կամ արտաքին) արժանապատվություն և սեփական (կամ ներքին) արժանապատվություն: Հենց վերջինն են արտահայտում սելֆ-իստիմ-ով:
Անձի արժանապատվությունը պահապանվում է օրենքով: Սեփական արժանապատվությունն ինքն է պահպանում մարդուն, հասարակությանը, օրենքը: Ինչպես ինձ ասաց լենինգրադցի գրող Նիկոլայ Կրիշչուկը, անձնային արժանապատվությունը վերաբերում է նրան, թե ինչ չի կարելի անել ինձ, իսկ սեփական, ներքին արժանապատվությունը՝ թե ես ինչ չեմ կարող անել: Անձի արժանապատվությունն անոթ է, որ չի կարելի կոտրել: Սեփական արժանապատվությունը ամանի պարունակությունն է՝ մարդու բարոյական էությունը: Դա ինքնագնահատական չէ, ինքնահավանություն չէ, ինքնագիտակցություն չէ, դա նույնիսկ իր մասին կարծիքը չէ (ՙԵս-հայեցակարգ՚), դա մարդկանց այն հավասարության վիճակն է (ոչ միայն իրավահավասարության), որն ինձ շշմեցրեց դասից հետո ձեռքն ինձ համարձակորեն մեկնած աղջնակի դեպքում: Դա միացումն է ինքդ քեզ հետ և աշխարհի, խղճին լսելը: Հավատն է սեփական անձի նկատմամբ, բայց ոչ ինքնավստահությունը: Հոգու հանգստություն է, բայց ոչ ինքնահանգստացում:

Եթե մանուկ հասակում դաստիարակված է սեփական արժանապատվություն, ապա պատանեկության ճգնաժամային շրջանից հետո այն ամրապնդվում է առհավետ և դառնում բարձր բարոյականությամբ պահվածքի աղբյուր: Ով սիրում է իր երեխային, թող նրա մեջ սելֆ-իստիմ դաստիարակի՝ ներքին արժանապատվություն, ազնվության հիմքը:

Եկենք մտածենք, թե ո՜րն է մեր ժամանակի պատմական զարգացման ընդհանուր միտումը: Ֆրանսիական մեծ հեղափոխությունից, հավասար իրավունքների մասին առաջին գաղափարներից սկսած՝ ՙբոլորի համար՚ բառերը դարձել են պատմություն վճռող բառեր: XVII դարի վերջից սկսած՝ ցանկացած բարօրություն գնահատվում է այնքանով, որքանով բոլորի համար է: Սկզբում՝ բոլորի համար հավասար իրավունքները: Հետո՝ մեր դարի կեսերից (նկատի ունի անցյալ դարը.- թարգմ.)՝ բոլորի համար բարեկեցությունը: Մոտավորապես նույն ժամանակ հայտնվեց բոլորի համար երրորդ բարիքը՝ երկարատև (10-12 տարուց ոչ պակաս) կրթությունը: Սկսվեց կրթական ՙբումը՚, որը վերջ չի ունենա:

Իրավունքներ բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար, կրթություն բոլորի համար. սրանք մեր ժամանակների երեք մեծ շարժումներն են:
Բայց մարդու ինչի՞ն են պետք իրավունքները: Ինչի՞ համար և ի՞նչ չափով լինի բարեկեցություն: Ինչի՞ համար և ինչպիսի՞ կրթություն է պետք:

Նրա համար, որ մարդը կարողանա գնահատել իրեն և իր կյանքը, իրեն երկրորդական չզգա: Մարդիկ ունեցվածքով չեն կարող հավասար լինել, իրավունքներով նույնպես բացարձակ հավասար լինել չեն կարող, չեն կարող միատեսակ սովորել. մարդկանց հասանելի միակ իրական հավասարությունը սեփական արժանապատվությանն է վերաբերում, երբ դպրոցականը ձեռքը հանգիստ մեկնում է նախագահին, իսկ փոքրիկ աղջնակը՝ օտարերկրացի հյուրին: Արժանապատվությունն իր մեջ ներառում է ամեն ինչ, քանի որ չի կարող լինել արժանապատվություն՝ առանց բարեկեցության, առանց իրավունքների և առանց կրթության. արժանապատվության մեջ սոցիալական բարիքները միանում են անհատական որակներին՝ զարգացմանը, դաստիարակությանը, ժառանգականությանը: Սեփական արժանապատվության զգացողությունը տրվում է բնությունից և պարգևվում է հասարակության կողմից, այն դաստիարակվում և ձեռք է բերվում մարդու կողմից՝ հոգևոր շատ լարումների արդյունքում: Սա մարդկայնության համընդհանուր, համապիտանի ցուցանիշ է, որն ընդգրկում է ամեն ինչ, և շատ հնարավոր է, որ XXI դարը դառնա, գոնե ձգտումներով, մարդկային համընդհանուր արժանապատվության դար, երբ երկրի վրա մարդկանց ցանկացած հավաքույթ կլինի Արժանապատիվ հավաքույթ։ Նոր ժամանակը սկսվեց մարդու իրավունքների համար, նրա անձնային արժանապատվության համար շարժումով, որը մեր աչքի առաջ վերափոխվում է, դառնում շարժում՝ հանուն մարդու սեփական արժանապատվության:

Պատմության իմաստը մարդկային արժանապատվությունն է:
Երեխաների մեջ սելֆ-իստիմ դաստիարակելով՝ ամերիկական դպրոցը շատ առաջ է անցել մերինից և դարձել իր հասարակության ամենապինդ հենասյուներից մեկը: ՙԵս փայլուն աշակերտ եմ՚-ը դառնում է ՙԵս երջանիկ մարդ եմ՚: ԱՄՆ-ում մարդկանց մոտ 80 տոկոսն իրեն համարում է երջանիկ, ինչը մի քանի անգամ գերազանցում է այդ ցուցանիշը մյուս զարգացած երկրներում՝ չխոսելով արդեն չզարգացած երկրների մասին: Այստեղ մանկավարժների մեծ մասը երեխաներին ինքնատիպ լինելու և երջանիկ լինելու գիտությունն է սովորեցնում:

Իրենց ա՜յ այսպիսի, արժանապատվության դպրոցն ամերիկացիները ժխտո՞ւմ են: Հայհոյո՞ւմ են: Հյուրերից մեկը՝ դեղագործության պրոֆեսոր, միանգամայն լրջորեն ասաց.
- Դե, դպրոցը, պարզ է... Դպրոցը պետք է սովորեցնի միայն նրանց, ովքեր ցանկանում են սովորել, մնացածները՝ գուդ բայ, Չարլի...
Ես հոգոց հանեցի: Ինձ տանն զգացի: Արժե՞ր այսքան երկար ճանապարհ կտրել, որ լսես սովորական ընտանեկան փիլիսոփայությունը, որը մեզ մոտ էլ այդքան շատ մարդ է կրում: Ինչի՞ համար բոլորին սովորեցնեն: Ինչո՞ւ բոլորը սովորեն: Գուդ բայ, Չարլի, ողջույն, Վանյուշա... Դպրոցը ձեզ համար չէ:
Իսկ ո՞ւմ համար է դպրոցը: Ի՞նչ է պատահել դպրոցին:

Սովորում եմ ամերիկյան դպրոցում ու համար-համար կարդում եմ մանկավարժական ՙՖի Դելտա Կապեն՚ փայլուն ամսագիրը և ամեն փաստի տակից, ամեն տողի ետևից լսում եմ ՙԳուդ բայ Չարլի՚ թեմայով ՙսովորեցնե՞լ, թե՞ ոչ՚ գաղտնի վեճը: Եվ եթե սովորեցնել, ապա բոլորի՞ն, թե՞ ոչ: Իսկ եթե բոլորին, ապա ինչպե՞ս:
Ա՜յ քեզ անախորժություն. դպրոցը, իմիջիայլոց, պետք է նաև սովորեցնի:

Իսկ դա, ամերիկացիների ընդհանուր կարծիքով, իրենց դպրոցը չի կարողանում: Ամերիկական ավտոմեքենաները դո՞ւրս են մղվում ճապոնականների կողմից: Ո՞վ է մեղավորը: Իհարկե դպրոցը: Դպրոցը կարծես քավության նոխազ է դարձել: Իսկ գուցե այդ ազատությունը երեխաներին պետք էլ չէ՞: Եվ ահա հասարակությունը երես է թեքում արժանապատվության իր դպրոցից և աչքը գցում սովետական ավտորիտար դպրոցին: Երկու հսկա պետությունների դպրոցական քաղաքականության մեջ նույնն է կատարվում, ինչ մեծ քաղաքանության մեջ՝ մանկավարժական ուրուրներն իրենց ղեկավարությանը վախեցնում են մյուս երկրի ձեռքբերումներով (թող որ հնարովի): Կրթության մրցավազքը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան սպառազինությանը: Արդեն վաղուց մեր դպրոցը կորցրել է գիտելիքի առավելությունը. ի՜նչ արած: Հիմա նույնը գրում են Ճապոնիայի մասին, հաշվում, թե քանի դասաժամ ունի ունի ճապոնացի աշակերտը, և քանիսը՝ ամերիկացի, ու մարդկանց՝ և՜ մերոնց, և՜ ամերիկացիներին, թվում է, թե ինչ-որ բան եթե շատ լինի՝ փող, դասաժամ, տարվա մեջ ուսումնական օր, ապա արդյունքներն էլ ավելի լավը կլինեն: Բայց իհարկե, այդպես չէ: Հաշվելու ենթակա համարյա ամեն ինչ երեխայի դաստիարակության և կրթության գործում երկրորդական նշանակություն ունի:

Ես սովորում եմ ամերիկյան դպրոցում. նա շատ մեղքեր ունի, բայց երեսպաշտության մեղք չի երևում. նա բաց է, բազմազան, կարծես համաշխարհային մանկավարժական ցուցահանդեսում լինես: Այդ պատճառով էլ համաշխարհային դպրոցի հակասություններն այստեղ ավելի լավ են երևում, քան մի այլ տեղ:

Ընթերցող, եթե չես ալարում, վերցրո՜ւ թղթի մի կտոր և վրան եռանկյո՜ւն գծիր: Դրա գագաթներում գրի՜ր ՙարժանապատվություն՚, ՙգիտելիք՚, ՙհամընդհանրություն՚: Մանկավարժական այս եռանկյունը նման է դասական սիրայինին, հակասություններից է կազմված...

Մանկավարժական եռանկյան բոլոր գագաթները հավասարաչափ կարևոր են, բայց այդ եռանկյունն աչքի առաջ քանդվում է: Մանկավարժները կարողանում են լավ սովորեցնել, առանց արժանապատվությունը վիրավորելու, բայց ոչ բոլորին, այլ միայն ընդունակ երեխաներին: Ամերիկայի մասնավոր դպրոցներում լավ են սովորեցնում ոչ թե այն պատճառով, որ շատ փող ունեն (հաճախ դրանք աղքատ էլ են լինում), այլ այն պարզ պատճառով, որ ծույլերին ու անընդունակներին հեռացնելու իրավունք ունեն: Մեր նորահայտ գիմնազիաներն էլ գերլավ արդյունքներ ցույց կտան, քանի որ ոչ բոլորին են ընդունում: Այստեղ ոչ մի խորամանկություն չկա. դա կարողանում էին անել և՜ հեղափոխությունից առաջ, և՜ նախնադարում: Մեր ընդհանուր դպրոցն էլ բոլորին չի սովորեցնում, այլ միայն ընդունակներին: Բայց միևնույն ժամանակ մյուսների արժանապատվությունն այնպես է վիրավորում, որ շատերի դպրոցա-ծննդյան վերքերն ամբողջ կյանում այդպես էլ չեն լավանում:

Այս անելանելի վիճակից յուրաքանչյուր երկիր իր ելքն է փնտրում:
Ես սովորում եմ ամերիկյան դպրոցում. նա էլ չի կարողանում բոլոր երեխաներին լավ սովորեցնել, բայց գոնե ընտրություն է կատարել՝ կարևորում է արժանապատվությունը և հիմա քաղաքակիրթ ձևեր է փնտրում, որ չսովորեցնի բոլորին: Սա վրիպում չէ՝ չսովորեցնի՜ բոլորին:

Չսովորեցնելու առաջին ճանապարհն այն է, որ ամերիկական օրենքներով դպրոցականը պարտավոր չէ յուրացնել ամբողջ նյութը, անցնել ամբողջ ծրագիրը և լավ թվանշաններով ատեստատ ստանալ, ինչպես մեզ մոտ, այլ պետք է միայն մինչև 16 տարեկանը լրանալը դպրոց հաճախի: Հենց որ 16 տարիդ լրացավ, կարող ես թողնել դպրոցը թեկուզ մարտին, ոչ ոք քեզ չի ստիպի սովորել. որոշ նահանգներում ավագ դպրոցականների կեսը դուրս է գալիս դպրոցից: Գուդ բայ, Չարլի: Հաճախելու, ոչ թե սովորելու մասին օրենքն սկզբունքորեն փոխում է վիճակը. ուսուցիչը մերոնց նման պարտավոր չէ բոլորին սովորեցնել, նա ուղղակի սովորեցնում է, իսկ հետո՝ ոնց կստացվի:

Բայց եթե դպրոցում երեխաներին չեն ստիպում սովորել, ինչպե՞ս են նրանց պահում դպրոցում թեկուզ մինչև 16 տարեկանը: Գոնե հենց այն պատճառով, որ դպրոցն ավելի էժան է, քան բանտը։ Դպրոցականը տարեկան արժե 5 հազար դոլար, իսկ կալանավորը՝ 14 հազար: Եվ լավ օրից կամ բարձր մանկավարժական գաղափարներից չէ, որ ամերիկյան ավագ դպրոցն ամենատարբեր պարապմունքներ է առաջարկում. ուղղակի այլ ելք չունի: Մաթեմատիկայի ժամին մաթեմատիկա չիմացող երեխաներին պահել չի լինի. ամեն ինչ կքանդեն: Ավագ դպրոցում դասարաններ չկան: Յուրաքանչյուրն ընտրում է իր պարապմունքները: Կարելի է ընտրել շատ բարդ առարկաների դասընթացներ, կարելի է նաև պարզագույններով յոլա գնալ: Ավագ դպրոցականների միայն 4 տոկոսն է ֆիզիկա անցնում, իսկ ամերիկացի ուսուցիչների աչքերը ճակատն է թռչում, երբ իմանում են, որ մեզ մոտ բոլորն են ֆիզիկա, քիմիա, բարդ մաթեմատիկա անցնում։ ՙԻնչպե՞ս եք կարողանում՚,- զարմանում են ազնիվ ամերիկացիները:

Կարողանում ենք, կարողանում... Մենք ամեն ինչ ենք կարողանում:
Չսովորեցնելու գլխավոր միջոցը հոսքն է: Երեխաներին մանկապարտեզից՝ հինգ տարեկանից, արդեն թեսթավորում են և բաժանում հոսքերի՝ բարձր, միջին, ցածր: Անգլերենի ժամին հարցնում եմ ուսուցչուհուն: ՙԻնչո՞ւ են աշակերտներն այսքան քիչ՚։ ՙՍա ընդունակների դասարանն է, իսկ Ջորջիա նահանգի օրենքներով այսպիսի դասարանում կարող է լինել մինչև 18 աշակերտ, նույնիսկ մի հոգի չի կարող ավելանալ՚։ ՙԲայց նրանք ինձ առանձնապես ընդունակ չթվացին, այս երեխաները...՚։ ՙԱյո՜, ընդունակները միայն երկուսն են՚։ ՙԲա ո՞ց կլինի՚։ ՙՄյուսները թեսթավորման ժամանակ բարձր արդյունք են ցուցաբերել, ոչինչ չենք կարող անել: Համարվում են ընդունակ: Օրենք է՚։

Թվում է՝ ազնիվ է, ընդունակներին ավելի լավ են սովորեցնում, ոչ ընդունակներին՝ ավելի պարզ բաներ: Բայց ցավն այն է, որ եթե երեխան մի անգամ ընկավ ցածր հոսք, այլևս չի կարող դուրս գալ: Ամերիկացի առաջադեմ մանկավարժներն աղմկում են՝ սա հանցագործություն է, երեխաներին տեսակավորել չի կարելի:

Եվ հատկապես այդ վտանգավոր, վնասակար, հանցավոր մեթոդն են հիմա փոխ առնում մեր դպրոցներում: Հազար ու մի հոյակապ հայտնագործություններ են արվում ամերիկյան դպրոցում, բայց ոչ մեկին պետք չեն: Մի այլանդակ բան կա, և բոլորը կառչում են դրանից: Ամբողջ երկրով հիմա սնկի նման աճում են ՙհավասարեցման դասարանները՚, որոնցում հավաքում են հետ մնացողներին, և դա համարվում է նոր, առաջադիմական: Մեկ-երկու տավա հավասարեցումից հետո երեխան ավելի է հետ մնում և այնքան է կորցնում հավատն իր նկատմամբ, որ նրան սովորական դասարան վերադարձնելն արդեն անհանար է դառնում: Ոնց որ ուղղակի իվանուշկա-հիմարիկներ լինենք՝ ողբում ենք հարսանիքի ժամանակ և պարում թաղմանը:

Ես սովորում եմ ամերիկյան դպրոցում. նա պատեպատ է խփվում հակասությունների մամլիչում: Ա. Փաուելի, Է. Ֆերարի և Դ. Կոենի ՙԴպրոցը՝ առևտրական հրապարակ՚ հայտնի գրքում ցույց է տրվում, որ անհնար է միաժամանակ և՜ պարտադիր ակադեմիական մակարդակը բարձրացնել, և՜ կրթություն տալ բոլորին: Սակայն ամերիկացիները չեն հաշտվում, նրանք ելք են փնտրում, ընդ որում՝ ամբողջ երկրով: Յուրաքանչյուր թերթում դպրոցի մասին մեկ-երկու հոդված կա, քանի որ համարվում է, որ Ամերիկան երեք դժբախտություն ունի՝ էկոլոգիան, թմրանյութերը, դպրոցը: Անընդհատ հաղորդում են ինչ-որ նոր հայտնագործությունների, հետազոտությունների, ծրագրերի մասին:

Ամերիկացիները շատ են ցանկանում դպրոցը մարդկային դարձնել: Աստվածորեն մարդկային:
Բայց հակասությունները լուծելու մեր հնարավորություններն ավելի մեծ են: Մենք դեռ այդքան չենք թաղվել հոսքերի ճահիճը, մեզ մոտ ուսուցիչներն ավելի շատ են սովորած, երեխաները վարժվել են սովորելուն, մեզ մոտ այնքան կարևոր հայտնագործություններ կան: Մեզ ընդամենը մի երկու խելոք մարդ է պետք ամբողջ ժողկրթության համար: Տե՛ր Աստված, ուղարկի՜ր նրանց հանուն մեր երեխաների:

ՙՆովոյե վրեմյա՚, 1990թ.
Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.