«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին գլուխ
Դպրոցը և սոցիալական առաջընթացը

Մենք հակված ենք դպրոցը դիտարկելու անհատապաշտական տեսանկյունից, որտեղ ամեն ինչ միայն ուսուցչին ու աշակերտին կամ ուսուցչին ու ծնողին են վերաբերում: Բնական է, որ մեզ առավել հետաքրքրում են մեր հարազատ երեխայի հաջողությունները՝ նրա ֆիզիկական, գրելու, կարդալու, հաշվելու կարողությունների զարգացումը, աշխարհագրական և պատմական գիտելիքների աճը, վարքի դաստիարակումը, ջանասիրությունը, կարգի ու աշխատասիրության սովորույթը. ահա, թե որ տեսանկյունից ենք գնահատում դպրոցի աշխատանքը: Եվ դա ճիշտ է: Բայց այդ տեսակետն ընդարձակման կարիք ունի: Այն, ինչ ամենաուշադիր և խելամիտ ծնողը ցանկանում է սեփական երեխայի համար, հասարակությունն իրավունք ունի պահանջելու բոլոր երեխաների համար: Ցանկացած այլ մոտեցում մեր դպրոցների համար նեղ, անընդունելի կլիներ և կխաթարեր ժողովրդավարական կարգը: Այն ամենը, ինչ հասարակությունն ստեղծել է իր համար, դպրոցի միջոցով է տրամադրում իր ապագա անդամներին: Այդ եղանակով ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնց միջոցով հասարակությանն իր լավագույն իղձերն իրագործելու հույս ունի: Այստեղ անհատապաշտությունը և համայնապաշտությունը համահունչ են: Համենայն դեպս միայն հասարակությունը կազմող բոլոր անհատների լիակատար աճի դեպքում նա ինքն իրեն հավատարիմ մնալու հնարավորություն ունի: Առաջ քաշված այսպիսի կարգախոսի դեպքում ոչինչ ավելի կարևոր չէ, քան դպրոցը. ինչպես ասել է Հորացիոս Մաննը(1). «Որտեղ ինչ-որ բան է աճում, այնտեղ մի ստեղծողն ավելի լավ է, քան հազար շտկողը»։

Ամեն անգամ, երբ ձեռնամուխ ենք լինում կրթական գործում որևէ նոր ուղղության քննարկմանը, շատ կարևոր է այն դիտարկել ավելի լայն՝ սոցիալական տեսանկյունից: Հակառակ դեպքում դպրոցական կյանքի կարգի և ավանդույթների փոփոխությունները առանձին ուսուցիչների հորինվածքներ կլինեն. վատագույն դեպքում՝ հապճեպ երևակայությունների տեսքով, լավագույն դեպքում՝ միայն առանձին մանրամասների բարելավումների. հենց այս հարթությունում էլ դիտարկվում են դպրոցի բարեփոխումները: Սա նույնքան է խելամիտ, որքան եթե համարեինք, որ քարշիչներում կամ հեռագրում կատարվող փոփոխություններն ինչ-որ մեկի խորամանկ հորինվածքն են: Կրթության բովանդակության և մեթոդների շարունակվող ձևափոխությունները փոփոխվող սոցիալական վիճակի արդյունքն են, որոնք արտադրության և առևտրի ձևերի փոփոխությունների նման ձգտում են բավարարելու նոր կազմավորվող հասարակության պահանջները:

Խնդրում եմ հենց սրան ուշադրություն դարձնել. հասարակության մեջ ընթացող ավելի լայն փոփոխությունների տեսանկյունից փորձենք պատկերացնել այն, ինչ անվանում ենք «նոր կրթություն»: Կարո՞ղ ենք այդ «նոր կրթությունը» դեպքերի ընդհանուր ընթացքի հետ կապել: Եթե կարողանանք, նա իր մեկուսացված բնույթը կկորցնի և կդադարի այնպիսի աշխատանք լինելուց, որն առանձին առաջատար ուսուցիչների ջանքերի շնորհիվ է զարգանում: Գոնե գլխավոր գծերով նա անխուսափելի ընդհանուր սոցիալական զարգացման կարևոր մասը կդառնա: Թույլ տվեք սոցիալական շարժման կարևոր փուլերի ընդհանուր ակնարկ անել, հետո անդրադառնալ դպրոցին և նշել այն բացահայտ հայտանիշները, որոնք ընդհանուր դեպքերի մեջ դպրոցի տեղը գտնելու փորձերը կարդարացնեին: Քանի որ կրթական ամբողջ համակարգն ընդգրկելն անհնար է, կսահմանափակվեմ այսօրվա դպրոցական շարժումը բնութագրող մի երևույթով, որը հայտնի Է «ձեռքի աշխատանք» անունով: Վստահ եմ, որ եթե դրա և կյանքի սոցիալական փոփոխությունների միջև կապերը պարզվեն, ապա կարող ենք այդ դրույթները կրթության մյուս նորամուծությունների վրա ևս տարածել:

Չեմ փորձի արդարանալ, որ սոցիալական փոփոխությունների հարցն ամբողջությամբ չեմ քննարկում. այնքան շատ է գրված փոփոխությունների մասին, որոնք կհիշատակեմ, որ հետաքրքրվող ցանկացած մեկը կարող է գտնել գրքերում: Առաջին փոփոխությունը, որն ունի առաջադիմական նշանակություն և ինչ-որ տեղ ազդում է նաև մյուսների վրա, արդյունաբերականն է՝ բնության ուժերի հսկայածավալ օգտագործման համար գիտական մեծ հայտնագործությունների ներդրումը, համաշխարհային շուկայի առաջացումը՝ որպես արտադրության աճի հետևանք, այդ շուկայի ապահովման համար հսկայական ֆաբրիկային կենտրոնների ստեղծումը, շուկայի մասերի միջև արտադրանքի տարածման և կապի էժան ու արագ միջոցների ստեղծումը: Այս ամբողջ շրջադարձը կատարվել է, եթե հաշվի առնենք դրա սկզբնական ծիլերը, հարյուր տարվա ընթացքում: Մյուս կարևոր բնագավառներում փոփոխություններն ավելի երիտասարդ են՝ մինչև հիմա կենդանի սերնդի հասակակիցը:

Դժվար է հավատալ, որ աշխարհում այսքան արագ, այսքան հսկայական և ամբողջական հեղափոխություն կարող էր կատարվել: Նա անցնում է աշխարհով՝ փոխելով ֆիզիկական ձևերը. քաղաքական սահմանները ջնջվում և վերագծվում են այնպես, կարծես թղթե քարտեզի վրա էին գծված եղել, բնակչությունն աշխարհի տարբեր ծայրերից արագորեն հոսում է դեպի քաղաքները, կյանքի սովորույթները զարմանալի արագությամբ հիմնավորապես փոխվում են, բնության իսկական օրենքների հայտնագործումը խրախուսվում և հեշտանում է, ու դրանց ներդրումը ոչ միայն դառնում է հնարավոր, այլ անհրաժեշտ՝ առևտրային տեսակետից, նույնիսկ մեր «ես»-ի ամենախորը թաքստոցներում պահված ամենապահպանողական, բարոյական և կրոնական հայացքները ենթարկվում են փոփոխության: Անհավանական է, որ այսպիսի հեղափոխությունը միայն ձևական և մակերեսային ազդեցություն ունենա կրթության վրա:

Տնտեսության մանուֆակտուրային համակարգին նախորդել է տնային և համքարային համակարգը: Բոլորիս հայտնի է, որ բավական է՝ երկու, ամենաշատը երեք սերունդ ետ գնանք, որ հասնենք այն ժամանակներին, երբ տնային տնտեսությունն էր այն կենտրոնը, որի շուրջ խմբվում էին բոլոր տեսակի արտադրությունները: Զգեստները հիմնականում տանն էին պատրաստվում. տնային տնտեսության անդամները գիտեին և՛ ոչխար խուզել, և՛ բուրդ գզել ու մանել, և՛ գործող հաստոցի վրա աշխատել: Անջատիչը պտտելու և տունն էլեկտրական լույսով լցնելու փոխարեն տան լուսավորմանը հասնում էին հոգնեցուցիչ և երկար գործընթացով. պետք էր անասուն սպանել, ճարպ հալեցնել, պատրույգ պատրաստել, մոմ թափել: Ալյուր, ուտելիքներ, փայտյա իրեր, շինարարական նյութեր, նույնիսկ մետաղական իրեր, օրինակ՝ մեխ, դռան ծխնի, մուրճ և այլն, ապահովում էին անմիջապես հարևանությամբ գործող արհեստանոցները, որոնք միշտ բաց էին, և որտեղ հաճախ էին հավաքվում շրջանի բնակիչները:

Արտադրության ամբողջ գործընթացը՝ հում նյութի ստացումից մինչև գործածության ենթակա իրի պատրաստումը, բոլորի աչքի առաջ էր ընթանում: Տնային տնտեսության բոլոր անդամներն արտադրության մեջ մասնակցություն ունեին: Երբ երեխաներն ուժի և մտքի որոշակի զարգացման էին հասնում, աստիճանաբար սովորում էին առանձին գործողությունների գաղտնիքները: Ամեն ինչ կատարվում էր յուրաքանչյուրի անմիջական մասնակցությամբ:

Չենք կարող չնշել, որ այսպիսի ապրելակերպը նպաստում էր կարգապահություն հաստատելուն և կայուն բնավորություն մշակելուն. մարդիկ վարժվում էին կարգի և ջանասիրության սովորույթին, դաստիարակվում էին պատասխանատվության և ինչ-որ բան անելու՝ աշխարհում ինչ-որ բան ստեղծելու գաղափարներով: Այստեղ միշտ անելու գործ կար. տնային տնտեսության յուրաքանչյուր անդամ, մյուսների հետ համագործակցելով, աշխատանքի իր մասը կատարելու իրական անհրաժեշտություն էր զգում։ Այստեղ կոփվում էին աշխատելու ունակ, գործուն մարդիկ, ովքեր հենց աշխատանքով էին դաստիարակվում և փորձվում: Նորից չենք կարող չնշել, թե կրթական խնդիրների համար ի՛նչ հսկայական նշանակություն ուներ այն հանգամանքը, որ այս պայմաններում մարդիկ անմիջապես շփվում էին բնության հետ և ինքնուրույն ծանոթանում առարկաներին ու նյութերին, սեփական ձեռքերով իրեր պատրաստելու գործընթացին, ըմբռնում իրենց սոցիալական կարևորությունն ու անհրաժեշտությունը: Այս ամենն անընդհատ նպաստում էր դիտողականության, հնարամտության զարգացմանը, ստեղծագործական երևակայության, տրամաբանական մտածողության և իրականության զգացողության աճին, ինչը ձեռք էր բերվում իրականության հետ անմիջական շփումով: Տնային տնտեսության պայմաններում աշխատանքի (օրինակ՝ մանելու, գործելու, աղալու, հյուսնության, բրուտագործության, դարբնության և այլն) կրթական նշանակությունն անընդհատ գործուն էր:

Հայտնի փաստերի փոխանցման համար կազմակերպված տեսանելի դասերը մի փոքր անգամ չեն կարող փոխարինել բույսերի և կենդանիների հետ այն ծանոթությանը, որը ձեռք է բերվում դրանք անմիջապես աճեցնելու և խնամելու միջոցով: Դպրոցում զգայական օրգանների զարգացման համար կիրառվող վարժությունները, որոնք ներմուծված են հենց հանուն այդ վարժությունների, կենդանությամբ և կյանքի ամբողջականությամբ չեն կարող մրցել այն զգացողությունների հետ, որոնք ընտանիքի ամենօրյա կյանքին անմիջական մասնակցության ժամանակ են ձևավորվում: Խոսքային հիշողությունը կարելի է զարգացնել համապատասխան վարժություններով, տրամաբանական մտածողության կարողություն ինչ-որ չափով կարելի է ձեռք բերել բնագիտության և մաթեմատիկայի դասերին, բայց դրանք հեռավոր ստվերներն են ուշադրության և դատողականության այն կարողությունների, որոնք ձեռք են բերվում իրական առարկաների հետ աշխատելու միջոցով, որոնց ետևում իրական հիմք կա, և որոնցից կարելի է իրական հետևություն անել։

Արտադրության կենտրոնացումը և աշխատանքի բաժանումը փաստորեն արդեն վերացրել են տնային և համքարային արտադ‎րությունը (գոնե դրանց մանկավարժական ազդակները), բայց անօգուտ է հառաչել, թե երեխաների համեստության, ակնածանքի ու կուրորեն ենթարկվելու ժամանակները հավերժության գիրկն են անցել, և միայն թախանձանքով ու հորդորներով դրանք վերադարձնելու հույս փայփայել: Կյանքի պայմաններն արմատապես փոխվել են, և կրթության դրվածքն էլ դրանց համապատասխան պետք է արմատապես փոխվի:

Պետք է հաշվի առնել նաև մեր նվաճումները՝ կրոնական հանդուրժողականության աճը, սոցիալական դատողությունների ընդլայնումը, մարդու բնույթի մասին գիտելիքների ամբողջացումը, բնավորությունը կարդալու և սոցիալական վիճակը քննարկելու կենդանությունը, մարդկանց հետ հարմարվելու կարողության աճը, առևտրական ավելի մեծ գործերի հետ առնչությունը: Ժամանակակից քաղաքի երեխաների համար նշված արժեքները մեծ նշանակություն ունեն: Մյուս կողմից՝ մեր առջև կանգնած է իրական խնդիր՝ ինչպե՞ս պահպանենք այս ձեռքբերումները և միևնույն ժամանակ դպրոց ներմուծենք այնպիսի պարապմունքներ, որոնք երեխային կծանոթացնեն կյանքի մյուս կողմին՝ ֆիզիկական գործունեությանը, կպահանջեն անձնական պատասխանատվություն:

Եթե նայենք այսօրվա դպրոցին, կտեսնենք, որ խոսքն այնտեղ ձեռքի աշխատանքի ու արհեստների ներմուծման, երեխաներին տնային տնտեսության որոշ կողմերին՝ կար ու ձևին, խոհարարությանը, ծանոթացնելու մասին է:

Այստեղ որոշակիորեն նպատակ չկա, որ դպրոցը առաջվա նման բավարարի տնային տնտեսության հետ նախնական ծանոթացման կարիքը. ավելի շուտ փորձից բխող բնազդով եկել են այն եզրակացության, որ այդպիսի աշխատանքը կգրավի երեխային և նրան կտա մի բան, որին չենք կարող հասնել այլ ճանապարհով: Բայց այս աշխատանքի օգտակարության գիտակցումն այնքան թույլ է, որ հաճախ դա ներմուծվում է հենց այնպես, առանց համակարգի, կյանքից կտրված ձևերով: Այս նորամուծությունն արդարացնելու համար բերվող հիմնավորումները թույլ են, երբեմն՝ որոշակիորեն սխալ:

Եթե հարցնենք նույնիսկ այնպիսի մարդկանց, ովքեր հակված են ձեռքի աշխատանքը դպրոցական համակարգ ներմուծելուն, կարծում եմ՝ հիմնականում կլսենք այն փաստարկը, թե այդ աշխատանքները երեխաներին շատ հետաքրքրում են և ամբողջովին գրավում նրանց ուշադրությունը: Երեխաներն աշխուժանում և ակտիվանում են՝ մոռանալով սովորական կրավորականությունը և ընկալման միակողմանիությունը. այդ աշխատանքները երեխաներին ընդհանրապես ավելի պիտանի են դարձնում, ավելի ընկալող և այստեղից՝ հակված տանն ավելի պետքական լինելու, դրանք որոշ չափով պատրաստում են երեխային ապագայում իր պարտականությունները կատարելուն՝ աղջիկներին, եթե նույնիսկ խոհարար կամ դերձակ չդառնան, իրենց տնային տնտեսությունը վարելուն, տղաներին՝ իրենց ապագա կոչմանը: Այս փաստարկներին ես որոշակի կարևորություն եմ տալիս: Վերջիններիս մասին, հաշվի առնելով երեխաների վիճակի փոփոխությունը, հետագայում կխոսեմ, երբ խոսք լինի երեխայի վրա դպրոցի ուղղակի ազդեցության մասին: Բայց այս մարդկանց տեսակետը բավականին նեղ է: Փայտի ու մետաղի, գործվածքի, կարի, խոհարարության դպրոցական աշխատանքները պետք է դիտարկենք որպես կյանքի և ուսուցման մեթոդ, ոչ թե որպես առանձին ինքնուրույն ուսումնական առարկաներ:

Դրանց սոցիալական արժեքը պետք է գնահատենք՝ դիտելով որպես գործընթացներ, որոնցով շարունակում է շարժվել հասարակությունը, որպես երեխային հասարակական կյանքի պարզագույն կարողություններ հաղորդելու միջոցներ, որպես ճանապարհներ, որտեղ մարդուն խորամուխ լինելու և հնարամտության հարաճուն պահանջներն են հանդիպում. կարճ ասած՝ որպես միջոցներ, որոնցով ինքը՝ դպրոցը, ակտիվ հասարակական կյանքի ձև է ստանում, ոչ թե մնում է որպես կյանքից կտրված մի անկյուն, որտեղ դաս են սովորում:

Հասարակությունը սերտորեն միացած մարդկանց որոշակի քանակություն է, որոնց միավորում են աշխատանքի ընդհանուր գիծը, ընդհանուր ոգին և բոլորի համար ընդհանուր խնդիրները: Ընդհանուր կարիքներն ու նպատակները մտքերի փոխանակման և համակրանքի միասնականության՝ օրավուր աճող պահանջմունք են ծնում: Այդ ընդհանուրի և արտադրական գործունեության տարրի բացակայությունն է գլխավոր պատճառը, որ այսօրվա դպրոցը չի կարողանում կազմավորվել՝ որպես սոցիալական միություն: Սպորտային խաղերի ժամանակ հրապարակում սոցիալական կազմակերպումն առաջանում է անխուսափելիորեն և առանց պարտադրանքի: Այստեղ որոշակի աշխատանք պետք է կատարվի, պետք է որոշակի ակտիվություն ցուցաբերվի, ինչը հանգեցնում է աշխատանքի բաժանման, առաջնորդների և շարքային անդամների ընտրության, համագործակցության և նախանձախնդրության: Այս աստիճանի սոցիալական կազմակերպումը ցանկալի է նաև դպրոցական սենյակում: Ինչ վերաբերում է բարոյական տեսանկյունին, ապա մեր դպրոցների ողբերգությունն այն է, որ ձգտում են քաղացիական հասարակության ապագա անդամներ պատրաստել այնպիսի պայմաններում, որտեղ այդ քաղաքացիական ոգին համարյա չկա:

Այն փոփոխությունը, որն ի հայտ է գալիս, երբ դպրոցի աշխատանքի կենտրոնը դառնում է ձեռքի աշխատանքը, հնարավոր չէ բառերով նկարագրել. դա արտահայտվում է հիմքերի, ոգու և մթնոլորտի մեջ: Եթե խոհանոց մտնենք այն ժամանակ, երբ երեխաների խումբը կերակուր է պատրաստում, հոգեբանական փոփոխությունը՝ ամաչկոտության, առավել պասիվ կամ իներտ վիճակից անցումը կարծես էներգիայի աղբյուրի, այնքան ակնհայտ կլինի, որ կարելի է ասել՝ կդիպչի մտնողի դեմքին: Իհարկե, այս փոփոխությունները կցնցեն նրանց, ում մտքում դպրոցի կարծրացած կերպար է ձևավորված: Բայց հասարակության վիճակի փոփոխություններն էլ պակաս շշմեցնող չեն:

Միայն փաստերի և ճշմարտությունների կլանմանն ուղղված պարապմունքը բացարձակապես անհատական աշխատանք է, և բնական է, որ դա նպաստում է եսասիրության զարգացմանը: Այստեղ մաքուր գիտելիք ստանալու ոչ մի սոցիալական հիմք չկա, և դրա հաջող ընթացքի դեպքում սոցիալական ոչ մի օգուտ չի լինում: Իսկապես, այստեղ հաջողության չափման համարյա միակ գործիքը մրցակցությունն է, և այն էլ՝ այդ բառի ամենավատ իմաստով. համեմատում են սերտման արդյունքները կամ քննություն են կազմակերպում, որպեսզի պարզեն, թե ո՛ւմ երեխան է ամենահաջողակը, ո՛վ է տվյալների հավաքման և կուտակման գործում մյուսներից առաջ անցել: Այնքան գերիշխող է այստեղ այդ մթնոլորտը, որ դասի ընթացքում մի երեխայի օգնությունը մյուսին հանցագործություն է համարվում: Երբ դպրոցական աշխատանքը դասերի պարզ սերտումն է, փոխօգնությունը համագործակցության և համախմբման բնական ձև ունենալու փոխարեն դառնում է հարևանին պարտականություններից ազատելու թաքուն փորձ: Ակտիվ աշխատանքը կարևորելու դեպքում այս ամենը փոխվում է: Համագործակցությունը «բարեգործությունից», ինչն ավելի է աղքատացնում նրան, ով օգտվում է դրանից, վեր է ածվում ուղղակի օգնության, որը դիմացինին ազատում է կապանքներից և նպաստում նրա հետագա առաջընթացին: Ազատ հաղորդակցության ոգին, գաղափարների, մտքերի, եզրահանգումների, անցած փորձերի հաջողությունների ու անհաջողությունների փոխանակումը պատմությունների հիմնական բովանդակությունն են դառնում: Ինչ վերաբերում է մրցակցությանը, այն այս դեպքում էլ կա, բայց անհատի սերտած տեղեկությունների քանակը համեմատելու փոխարեն անհատականությունները համեմատվում են իրենց կատարած աշխատանքի որակով. ահա արժեքների հասարակական իսկական չափանիշը: Դպրոցական կյանքն ավելի վստահ է սկսել զարգանալ առայժմ չձևակերպված այս ճանապարհով:

Դպրոցի այսպիսի կազմակերպումը կարգի ու կարգապահության վրա է հենվում: Իհարկե, կարգն այնպիսի բան է, որ որոշվում է մեր դրած վերջնական նպատակով: Եթե դպրոցում վերջնական նպատակ եք համարում այն, որ քառասուն կամ հիսուն երեխա հանձնարարված դասն այնպես սովորի, որ ուսուցչին պատասխանի, ապա ձեր կարգապահությունը պետք է ձգտի այդ արդյունքն ապահովել: Իսկ եթե վերջնական նպատակ եք համարում սոցիալական համագործակցության և կյանքի ընդհանրության զգացողության զարգացումը, ապա կարգապահությունը պետք է այս նպատակից բխի և համապատասխանի դրված խնդրին: Այս դեպքում կարգապահությունը կդառնա այնպիսին, ինչպիսին լինում է այն տեղերում, որտեղ ինչ-որ բան են սարքում. կլինի որոշակի թափթփվածություն, ինչպես ցանկացած արհեստանոցում, որտեղ աշխատանք կա, չի լինի լռություն. այստեղ մարդիկ որոշված հաստատուն դիրքով նստած չեն, նրանք ձեռքերը սեղանին չեն դնում, գիրքն այս կամ այն կերպ չեն բռնում: Այստեղ տարբեր առարկաներ են պատրաստվում, այդ պատճառով եռուզեռ է, աղմուկ, ինչն ակտիվ աշխատանքի հետևանք է: Բայց այս աշխատանքը՝ համապատասխան արդյունքի հասնելու համար իրերի ստեղծումը, այդ առարկաները սոցիալական ճանապարհով, համագործակցությամբ պատրաստելը, ծնում է ի՜ր կարգապահությունը՝ նոր սեռի ու նոր տեսակի կարգապահություն: Դպրոցական կարգապահության մասին մեր բոլոր պատկերացումները փոխվում են, երբ մոտենում ենք այս տեսանկյունից: Դժվար պահերին ենթարկվում ենք այն կարգապահությանը, որը մեզ հարազատ է, օգտվում ենք գիտելիքներից, որ յուրացրել ենք փորձով կամ գրքերից ու ուրիշների պատմություններից, եթե միայն դրանք հիմնվում են փորձի վրա, ոչ թե արտահայտությունների. դրանք դառնում են մեր ենթագիտակցությունը, որ մշակում է կյանքը:

Սակայն դպրոցն առանձնացած է՝ կյանքի սովորական պայմաններից ու շարժիչներից այնքա՛ն մեկուսացած. այդ վայրը, ուր ուղարկում են երեխաներին հանուն կարգապահության, միակն է աշխարհում, որտեղ փորձը ամենից դժվար է ձեռք բերվում, իսկ բոլոր կարգապահությունների, որոնք արժանի են այդ անունը կրելու, մայրը փորձն է: Միայն դպրոցական այդ նեղ, քարացած-ավանդական կարգապահության իշխանության դեպքում է հնարավոր ավելի խորը և անսահման ավելի լայն այն կարգապահությունը չնկատելու վտանգը. կարգապահություն, որը բխում է կառուցողական աշխատանքներին մասնակցելուց, ինչը հասցնում է ոգով սոցիալական և ամենևին ոչ պակաս հստակ ու շոշափելի արդյունքի, ինչի համար կարելի է պահանջել պատասխանատվություն, և ինչը կարելի է անսխալ գնահատել:

Ամենակարևորը, որ պետք է հիշել, այն է, որ ակտիվ աշխատանքի տարբեր տեսակների ներմուծումը դպրոց կհանգեցնի դպրոցական ոգու ամբողջական նորացմանը: Դա դպրոցին կյանքին միանալու, երեխայի համար այն կացարանը դառնալու հնարավորություն կտա, որտեղ նա կսովորի առանց կյանքից կտրվելու, ոչ թե կմնա մի անկյուն, որտեղ կշարունակի սովորել իր չոր դասերը, որոնք շատ քիչ կապ ունեն այն ամենի հետ, ինչին հանդիպում է կյանքում: Դա դպրոցին համայնք, փոքր հասարակություն դառնալու հնարավորություն կընձեռի: Դա հիմքն է, և դրանից կրթության հարաբուխ ու ճիշտ գետեր կհոսեն: Եթե դպրոցը վերևում նկարագրված արտադրողական բնույթն ընդունի, ապա երեխան ընդհանուր աշխատանքին ի վերջո կմասնակցի, բայց ոչ թե ուղղակի մասնակցելու, այլ վերջնական արդյունքի համար: Այդ դեպքում կրթության արդյունքները, հավանաբար, իրական կլինեն, չնայած դրանք կարող են նաև պատահական և ոչ ինքնուրույն լինել: Սակայն դպրոցում այդպիսի աշխատանքները պետք է կիրառական տնտեսական ոչ մի խնդրի ուղղված չլինեն: Պարապմունքների արժեքը արդյունքների տնտեսական արժեքը չէ, այլ սոցիալական հզորության ու խորության զարգացումը: Սա կլինի հենց օգտապաշտությունից ազատագրում և մարդու ոգու զարգացման լայն հնարավորություն, որոնց միջոցով ակտիվ աշխատանքը դպրոցը արվեստի լաբորատորիա և կենտրոն կդարձնի, որտեղ գիտելիք է ստեղծվում, և պատմություն է կերտվում:

Դպրոցական ուսուցման բոլոր առարկաները միավորվում են աշխարհագրության մեջ: Աշխարհագրության կարևորությունը երկիրը՝ որպես մարդու գործունեության երկարատև կացարան, ներկայացնելն է: Մարդու ակտիվ աշխատանքի հետ կապ չունեցող աշխարհնբգբ¬ աշխարհ չէ: Հողում մնացած արմատներից կտրված մարդկային գործունեությունը և աշխատանքը ոչինչ են, փուչիկ: Երկիրը մարդու համար սննդի վերջնական աղբյուրն է, նրա պաշտպանն ու հովանավորը, բոլոր աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի մատակարարը, միևնույն ժամանակ այն կացարանը, որտեղ վերադառնում են մարդուն մարդկայնացող և իդեալականցնող բոլոր ստեղծագործությունները: Երկիրը հսկա դաշտ է, հսկա հանք, ջերմային, լուսային, էլեկտրական էներգիայի հսկայական աղբյուր, օվկիանոսների, գետերի, սարերի ու հարթավայրերի մեծ շտեմարան, և մեր բոլոր աշխատանքները՝ երկրագործական, լեռնամշակման, փայտամշակման, գործարանային արտադրությունը, բոլոր համակարգող մարմինները միայն երկրի մասնակի տարրերն ու գործոններն են: Միայն երկրի սահմաններում այդ զբաղմունքների շնորհիվ է մարդկությունը հասել իր պատմական ու քաղաքական առաջընթացին: Բնության մտավոր և զգայական մեկնաբանությունն իր զարգացումն ստացել է միայն այս պարապմունքների շնորհիվ: Միայն աշխարհ մտնելով և աշխարհում աշխատելով ենք հասկանում և չափում դրա նշանակությունը:

Այս ամենը կիրառել կրթության նկատմամբ նշանակում է, որ դպրոցում ամբողջ աշխատանքը պետք չէ հանգեցնել մտացածին գործնական միջոցառումների կամ հնամոլական պարապմունքների։ Խնդիրն այն չէ, թե ինչպես տեխնիկական բավարար գիտելիքներով խոհարար, հյուսն, դերձակ պատրաստենք. ո՜չ, դպրոցը նյութերի և բնական պրոցեսների ուսումնասիրման և գիտական խորացման կենտրոն պետք է դառնա, ահա այն ելակետը, որտեղից երեխաներին պետք է տանել մարդու պատմական զարգացման ըմբռմանը: Ասվածի իրական արժեքն ավելի պարզ կլինի, եթե ընդհանուր քննարկումների փոխարեն իրական դպրոցական կյանքից մի օրինակ բերենք:

Դպրոցի քիչ թե շատ մտավորական այցելուին ոչինչ այնպես չի զարմացնում, ինչպես գործելով ու կարելով զբաղված տասը, տասներկու, տասներեք տարեկան աղջիկների ու տղաների տեսքը: Նեղ ու օգտապաշտական կլինի այն տեսակետը, թե տղաներին նախապատրաստում ենք, որ նրանք հետո կոճակ կարեն կամ ուղեգորգ գործեն. դա դժվար թե հիմնավոր արդարացնի այն կարևորը նշանակությունը, որ դպրոցում տրվում է այդպիսի պարապմունքներին: Բայց եթե դրան նայենք ուրիշ կողմից, ապա կտեսնենք, որ այդպիսի աշխատանքը երեխայի համար ելակետ է դառնում, որից նա կարող է հասնել աղբյուրին, որպեսզի հետո հետևի մարդկության պատմական զարգացմանը՝ այդ ընթացքում ծանոթանալով օգտագործվող նյութերին ու կիրառվող մեխանիկական սկզբունքներին: Այս պարապմունքներում համառոտակի կրկնվում է մարդու պատմական զարգացումը: Դիտարկենք օրինակ: Երեխաներին ամենից առաջ տրվում է հում նյութը՝ վուշ, բամբակաբույս, բուրդ այն տեսքով, որ ստացվում է ոչխարից (եթե հնարավոր է նրանց տանել այնտեղ, որտեղ ոչխար են խուզում, ավելի լավ): Հետո բացատրվում է, թե ինչպես են այդ նյութերը կիրառվում այն օգտակար առարկաները պատրաստելիս, որոնց համար դրանք օգտագործվում են: Օրինակ՝ համեմատում են բամբակի թելիկները բրդի մազիկների հետ: Մինչև երեխաների ասելը չգիտեի, որ բամբակեղենի արդյունաբերությունը բրդինից ավելի ուշ է զարգացել, քանի որ շատ դժվար է ձեռքով բամբակի թելիկները սերմերից մաքրելը: Մի խմբում երեխաներն աշխատում էին մաքրել բամբակի թելիկները սերմերից ու կնգուղներից և աշխատանքի ընթացքում հասցրին մաքրել մի ունցիայից (29,86 գ - թարգմ.) էլ քիչ: Դրանից հետո նրանց համար հեշտ էր հավատալ, որ մի մարդը ձեռքով մաքրելու դեպքում կարող է մի օրում մաքրել մեկ ‎ֆունտ (գրվանքա՝ 409,5 գ, Անգլիայում՝ 456,6 գ - թարգմ.) բամբակաթել, և հասկանալ, թե ինչու էին իրենց նախնիները բրդյա հագուստը գերադասում: Երեխաների հայտնաբերած մյուս հատկությունն էլ, որ ազդում էր այդ նյութերի հարաբերական պիտանելիության վրա, բամբակի թելիկների կարճությունն էր բրդի մազերի համեմատ. բամբակի թելիկների երկարությունը հասնում է մեկ երրորդ դյույմի (մատնաչափ՝ 2,54 սմ), մինչդեռ բրդի մազերի երկարությունը հասնում է երեք դյույմի, նշում էին նաև, որ բամբակի թելիկները փափուկ են և դժվար են մանվում, իսկ բրդի մազերը որոշակի կոշտություն ունեն, ինչը հեշտացնում է մանելը: Երեխաներն իրենք են այս եզրակացություններն արել՝ աշխատելով իսկական նյութերի հետ. ուսուցիչը միայն հուշող հարցեր էր տալիս:

Հետո երեխաները հետևում էին թելից մահուդ ստանալու պրոցեսին: Նրանք կարծես նորից հայտնաբերեցին բուրդ գզելու գործիքը՝ երկշար սուր ասեղներով տախտակը (սանդերք - թարգմ.): Կարծես նորից բացահայտեցին բուրդ մանելու պարզագույն միջոցը՝ անցք ունեցող քար կամ այլ ծանր առարկա, որի անցքով անցնում է բուրդը, և որը պտտելիս ձգում է թելիկը։ Հաջորդ քայլը մանելու կատարելագործված ձևն էր հատակի վրա. մինչ երեխաները բռնել էին բուրդը, այն աստիճանաբար ձգվում և կծկվում էր: Հետո երեխաները պատմական առումով հաջորդ հայտնագործության հետ ծանոթացան՝ ստանալով այն փորձնական ճանապարհով և այդպիսով համոզվելով, որ դա անխուսափելի էր, ու նշելով դրա ազդեցությունը ոչ միայն արդյունաբերության այս մասնավոր ճյուղի վրա, այլև սոցիալական կյանքի ձևերի վրա։ Այս եղանակով նրանց ցուցադրվեց սկզբից մինչև գործող հաստոցը անցած ճանապարհը, և դրան զուգահեռ հաղորդվեցին ժամանակակից գիտական տվյալներ: Հարկ չկա խոսելու գիտական այն տեղեկությունների մասին, որոնք տրվեցին երեխաներին, և երեխաներն իրենք ձեռք բերեցին՝ ծանոթություն թելերի հետ, աշխարհագրական տեղեկություններ, ծանոթացում այն պայմաններին, որոնց առկայությամբ աճում են հում նյութերը, արտադրության ու բաշխման գլխավոր կենտրոնների մասին տեղեկություններ, արտադրության մեջ աշխատող մեքենաների աշխատանքը բացատրելու համար՝ տեղեկություններ ֆիզիկայից: Հարկ չկա ներկայացնելու նաև պատմական կողմը՝ այդ հայտնագործությունների ազդեցությունը մարդկության վրա: Կարելի է մարդ տեսակի ամբողջ պատմությունը կենտրոնացնել վուշից, բամբակից, բրդից կտոր ստանալու պրոցեսի զարգացման շուրջը: Չեմ կարծում, թե այդ կենտրոնը միակն է կամ ամենալավը: Չի կարելի հերքել, որ սրա միջոցով բացվեցին մարդկության պատմության մասին մտորելու իրական և կարևոր ուղիներ, որ երեխայի միտքը ծանոթացավ ավելի գործուն և հիմնարար ուժերի հետ, քան պատմություն ուսուցանելու համար օգտագործվող քաղաքական ու ժամանակագրական գրքերում բերվածները:

Այն, ինչ ճիշտ է ֆաբրիկաներում օգտագործվող թելային նյութերի հետ բերված օրինակում (իհարկե, միայն մի երկու պարզագույն փուլերի մասին խոսեցի), ճիշտ է նաև պարապմունքների ընթացքում օգտագործվող ցանկացած ուրիշ նյութի և դրա մշակման համար կիրառվող պրոցեսների համար: Նման պարապմունքը երեխային իսկապես խթանում է, նրան անմիջական փորձ է հաղորդում, իրական կյանքի հետ շփում է ստեղծում: Պարապմունքը նշված բոլոր արդյունքներին հասնում է, և դեռ ավելին՝ ավելի մեծ կարևորություն է ստանում այն պատճառով, որ երեխային այդ երևույթների գիտական, պատմական և սոցիալական կողմերի հետ էլ է ծանոթացնում, ցույց տալիս դրանց կարևորությունը:

Երեխայի մտքի զարգացմանն ու գիտելիքների աճին զուգընթաց՝ պարապմունքը դադարում է միայն հաճելի զբաղմունք լինելուց և ավելի շատ է վերածվում միջոցի, ձևի, գիտելիքների գործիքի ու համապատասխանաբար փոխում է նաև բնույթը:

Իր հերթին սա բարերար ազդեցություն է ունենում ուսուցման վրա: Կյանքի այսօրվա պայմաններում հաջող ընթացք ունենալու համար բոլոր ոլորտների ցանկացած գործունեություն (ակտիվ աշխատանք) ուղղորդվում է գիտնական փորձագետների կողմից. սա գիտության կիրառման օրինակ է: Այս կապը պետք է հաստատվի նաև կրթական գործում: Հարցը միայն այն չէ, որ դպրոցում աշխատանքային կամ արտադրական պարապմունքները հարմար առիթ են գիտություն ներմուծելու համար, ինչը դրանք ավելի կարևոր է դարձնում, իմաստ հաղորդում, դրանք դադարում են միայն աչքի ու ձեռքի աշխատանք լինելուց, այլ այն, որ այդ եղանակով ձեռք բերված գիտելիքներն այսօրվա սոցիալական կյանքին ազատ ու ակտիվ մասնակցելու անհրաժեշտ գործիք են դառնում: Պլատոնը իր աշխատանքներից մեկում ստրուկի մասին գրել է որպես էակի, որ սեփական միտք չի ցուցաբերում և միշտ ուրիշի մտահղացումներն է իրականացնում: Իսկ այսօր ավելի հրատապ, քան Պլատոնի ժամանակներում, սոցիալական խնդիր ունենք, որ ինչ-որ գործ անողի գիտակցությանը պարզ լինեն մեթոդը, նպատակը և աշխատանքի ըմբռնումը, որպեսզի նրա աշխատանքն իմաստ ունենա հենց իր համար:

Երբ դպրոցական պարապմունքները դուրս են գալիս լայն ու բարեբեր ճանապարհ, միայն զարմանքով կարող եմ վերաբերվել այն առարկություններին, որ հարկադրված եմ լսել, թե դպրոցում այդպիսի պարապմունքները պետք է տեղ չունենան, քանի որ դրանք նյութական, օգտապաշտական և նույնիսկ ցածր նպատակ ունեն: Հաճախ ինձ թվում է, թե այդպես առարկող մարդիկ պետք է ապրելիս լինեին մի այլ մոլորակում: Աշխարհում, որտեղ ապրում ենք, յուրաքանչյուրն իր զբաղմունքն ունի, յուրաքանչյուրն ինչ-որ բան է անում՝ մի մասը ղեկավարում է, մյուսները շարքային աշխատողներ են:

Բայց բոլորի համար լավ կլինի, եթե յուրաքանչյուր ոք կրթություն ստանա. դա ամենօրյա աշխատանքի խորը և մարդկային նշանակությունը տեսնելու հնարավորություն կտա: Մեր օրերում ինչքա՛ն շատ աշխատողներ են ուղղակի իրենց մեքենայի կցորդը: Մասամբ դա կարելի է վերագրել մեքենային կամ հասարակարգին, որն այդքան կարևորում է մեքենայով պատրաստած ապրանքները, սակայն դա ավելի շատ այն փաստի հետևանքն է, որ բանվորը հարմար առիթ չի ունեցել, որ զարգացնի իր երևակայությունը և սիրով ու լրջությամբ վերաբերվի իր կատարած աշխատանքի սոցիալական ու գիտական արժեքներին: Այսօր արտադրական համակարգի հիմքում դրված խթանները (իմպուլսները) դպրոցական ուսուցման ընթացքում կա՛մ բոլորովին անտեսում են, կա՛մ որոշակիորեն աղավաղում: Քանի դեռ ստեղծագործ և արդյունավետ աշխատանքի բնազդները համակարգված ձևով չեն խրախուսվի մանկության ու պատանեկության տարիներին, քանի դրանք չեն դաստիարակվի հատուկ ուղղությամբ, չեն հարստացվի պատմական պարզաբանումներով, չեն ստուգվի ու լուսաբանվի գիտական մեթոդներով, հավանաբար ի վիճակի չենք լինի ճշտելու մեր տնտեսական դժբախտությունների աղբյուրները՝ չխոսելով դրանց դեմ հաջող պայքարի մասին:

Եթե մի քանի դար ետ գնանք, գիտելիքի իսկական մոնոպոլիա կտեսնենք: «Գիտական կոչումներ ունենալ» արտահայտությունը երջանկավետ ինչ-որ բան է պարունակում: Այն ժամանակ գիտությունը հատուկ դասի մարդկանց գործն էր: Դա սոցիալական պայմանների անհրաժեշտ հետևանքն էր: Այն ժամանակ գոյություն չունեին այնպիսի միջոցներ, որոնք զանգվածերին հնարավորություն կտային ուղղվելու դեպի մտավոր ռեսուրսները: Այդ ռեսուրսները կուտակվում և պահվում էին հին ձեռագրերում: Դրանք շատ չէին, և բացի դրանից, երկարատև ու դժվարին նախապատրաստական աշխատանք էր անհրաժեշտ դրանցից օգտվելու համար: Այդ պայմանների անխուսափելի արտահայտությունն էր գիտության բարձրագույն քուրմերի հատուկ դասի գոյությունը։ Նրանք պահպանում էին ճշմարտության գանձերը և ժողովրդին շատ ժլատորեն էին մաս հանում: Բայց արտադրական հեղաշրջման (դրա մասին արդեն խոսել ենք) հետևանքով այս ամենը փոխվեց. հայտնագործվեց տպագրությունը և ստացավ առևտրային բնույթ: Գրքերը, ամսագրերը, թերթերը բազմապատկվեցին ու էժանացան: Գնացքի և հեռագրի երևան գալու հետևանքով առաջացավ մասնավոր արագ և էժան հաղորդակցություն՝ փոստով և էլեկտրականության միջոցով: Ճանապարհորդելը և տեղափոխվելու ազատությանն ուղեկցող գաղափարների փոխանակումը անվերջ հեշտացան: Արդյունքում մտավոր հեղափոխություն կատարվեց: Գիտությունը դրվեց շրջանառության մեջ: Դեռ գոյություն ունի (հավանաբար միշտ գոյություն կունենա) մարդկանց խումբ, որը հատկապես զբաղվում է գիտական հետազոտություններով, բայց ապագայում մյուսներից տարբեր, հատուկ գիտնականների դասակարգի գոյությունն անհնար է. սա կասկածի ենթակա չէ: Այդպիսի դասի գոյությունն անաքրոնիզմ է: Գիտելիքն այլևս կարծր և ամուր մի բան չէ, այլ դարձել է հոսուն: Նա ուժգին թափով տարածվում է հասարակության բոլոր շերտերում: Հեշտ է տեսնել, որ գիտելիքի աղբյուրների նկատմամբ այս հեղափոխությունն անհատի վիճակի զգալի փոփոխություն է առաջացրել: Ամեն ինչի ճանապարհին մտավոր ազդակներ են թափվում մեզ վրա: Աշակերտի ու գիտնականի բացառիկ մտավոր կյանքը փոխում է իր արժեքները: «Ակադեմիկոս» և «սխոլաստիկ» բառերը կորցրել են իրենց պատվավոր նշանակությունը և դարձել վիրավորական մականուններ:

Բայց այս ամենը ենթադրում է դպրոցի վիճակի փոփոխության անհրաժեշտություն. եղած փոփոխությունները դեռ հեռու են իրենց ամբողջական ավարտից: Մեր դպրոցական մեթոդները, նաև դպրոցական ծրագրերի (curriculum) մեծ մասը ժառանգել ենք այն ժամանակաշրջանից, երբ գիտունությունը և որոշակի նշաններից օգտվելու կարողությունը, որոնք իրականում միայն գիտությանը մոտենալու հնարավորություն էին տալիս, ամեն ինչ էին: Այդ ժամանակաշրջանի կատարելատիպերը մինչև հիմա էլ մեծ ազդեցություն ունեն նույնիսկ այնտեղ, որտեղ ուսուցման մեթոդները և ուսուցման բովանդակությունն արդեն արտաքուստ փոխվել են: Ձեռքի աշխատանքի, արվեստների, բնական գիտությունների՝ տարրական դպրոց և նույնիսկ դպրոցի երկրորդ աստիճան ներմուծելու դեմ հաճախ ենք լսում հանդիսավոր հայտարարություններ այն հիմնավորմամբ, որ այդ ներմուծման մեջ դպրոցը հատուկ տեսակի ուսումնական հաստատություն դարձնելու միտում են տեսնում, և որ դրանով նսեմանում է ազնիվ և ազատ մշակույթի գործող համակարգը: Այս առարկությունն ուղղակի ծիծաղելի կլիներ, եթե հաճախ հաջողություն չունենար. իսկ դա արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ ողբերգական: Ճիշտ հակառակը՝ ժամանակակից դպրոցն է վերին աստիճանի ՙհատուկ՚, միակողմանի ու նեղ, այնտեղ ուսուցումը համակված է գիտության միջնադարյան ընկալումներով, նա ձգտում է բավարարել մեր բնույթի միայն մտավոր պահանջմունքները, սովորելու ձգտումը (տեղեկություններ հավաքել և գիտական հասկացությունները տնօրինել), բայց բոլորովին չի բավարարում մեր ակտիվ աշխատանքի, ստեղծագործելու, ստեղծելու (օգտակար իրերի կամ արվեստի գործերի տեսքով) ձգտումներն ու հակումները: Ժամանակակից դպրոցական ուսուցումը մաքուր մասնագիտական նպատակներ է հետապնդում. լավագույն ապացույցն այն փաստն է, որ ձեռքի աշխատանքը, արվեստները, բնական գիտությունները դպրոցում մերժվում են՝ որպես տեխնիկական, նեղ մասնագիտականի հանգեցնող: Եթե ժամանակակից ուսուցումը թաքնված տեսքով չձգտեր միայն մտավոր նպատակների (գիտություն հանուն գիտության), ապա վերոհիշյալ բոլոր առարկաներն ու մեթոդները դպրոցում ցանկալի կլինեին և ուրախությամբ կընդունվեին:

Քանի դեռ գիտնականի մասնագիտություններին նախապատրաստվելը կհամարվի մշակույթի տեսակ և ազատ կրթություն, մեխանիկի, իրավաբանի, երաժիշտի, բժշկի, ֆերմերի, առևտրականի, երկաթգծի կառավարիչի և մյուսների պատրաստումը կդիտվի որպես մաքուր տեխնիկական և նեղ մասնագիտական: Արդյունքում ստացվում է այն, ինչ տեսնում ենք մեր շուրջն ամենուր՝ մարդկանց դասակարգում «մտավորականների» և «գործարարների», տեսության օտարում գործնականից: Դպրոցական երեխաների հազիվ մեկ տոկոսն է հասնում այնտեղ, ինչն անվանում ենք բարձրագույն կրթություն, միայն հինգ տոկոսն է հասնում ժողովրդական բարձրագույն դպրոցի մատույցներին, աշակերտների կեսից ավելին թողնում է դպրոցը՝ չավարտելով հնգամյա տարրական կրթության դասընթացը: Պարզ ու ակնհայտ է, որ մարդկային էակների գերակշռող մեծամասնության համար մտավոր հետաքրքրությունները չեն գերիշխողը: Մի մասը, այսպես կոչված, գործնական հակումներ ունի: Մտավորի նկատմամբ ընդգծված հետաքրքրություն ունեցող շատերին սոցիալական պայմաններն են արգելում դրանք բավարարել: Այս պատճառով աշակերտների մեծ մասը թողնում է դպրոցը, հենց որ սովորում է այնքան կարդալ ու հաշվել, որ կյանքում կարողանա կիրառել: Մինչ լուսավորության ղեկավարները խոսում են մշակույթի, անհատի զարգացման և այլնի մասին՝ որպես կրթության վերջնական նպատակի, դպրոցի հովանու տակով անցնողների մեծամասնությունն ուսուցումը դիտում է նեղ, գործնական տեսանկյունից՝ դրա նպատակը համարելով հաց աշխատելը, իր խեղճ կյանքը լավացնելը: Եթե մեր կրթության վերջնական նպատակը բացառիկ չհամարենք, եթե կրթական գործընթացներում ակտիվություն ներմուծենք, որ բավարարի նրանց, ում գերակա խնդիրն ինչ-որ տեղ աշխատելն է, ինչ-որ բան անելը, ապա կհասնենք նրան, որ դպրոցի ազդեցությունն իր անդամների վրա ավելի կենսական, ավելի երկարատև ու քաղաքակիրթ կլինի:

Բայց ի՞նչ հարկ կար այս տագնապալի, ծանր առաջարկությունն անելու: Բոլորին ակնհայտ է, որ մեր սոցիալական կյանքն ամբողջական և արմատական փոփոխությունների է ենթարկվել: Եթե մեր կրթությունը ձգտում է կյանքի համար գոնե ինչ-որ նշանակություն ունենալ, նույնպես պետք է բազմակողմանիորեն վերածնվի, բայց այդ վերածնունդն այնպիսի մի բան չէ, որ կարող է հանկարծ հայտնվել, շատ գիտակցորեն և որոշված ծրագրով մեկ օրում կատարվել: Այն արդեն կատարվում է: Մեր դպրոցական համակարգի ձևափոխությունները, որոնք նույնիսկ դպրոցի հետ ակտիվորեն կապված մարդկանց (էլ չեմ խոսում բոլորովին կողմնակի մարդկանց մասին) միայն մանրամասների փոփոխություն, դպրոցական մեխանիզմների բարելավում են թվում, իրականում սկսված զարգացման բացահայտ նշաններ են: Ակտիվ պարապմունքների, բնագիտության, գիտության հիմքերի, մշակույթի, պատմության ներմուծումը, վերացարկված ձևական գիտելիքների երկրորդ պլան մղվելը, ուսուցիչների և աշակերտների փոխհարաբերություններում բարոյական մթնոլորտի փոփոխությունը, կարգապահության փոփոխությունը, ակտիվության, ինքնագործունեության մեծացումը պատահական երևույթներ չեն. սրանք ավելի խորը սոցիալական զարգացումների անհրաժեշտ հետևանքներն են: Մնում է միացնել այդ բոլոր ազդակները, ամբողջությամբ գնահատել դրանց նշանակությունը և այնտեղ եղած գաղափարներն ու նպատակներն ավարտուն, ամբողջական տեսքով ներմուծել դպրոցական համակարգ: Այսպես վարվելը կնշանակի մեր դպրոցներից յուրաքանչյուրը վերածել սոցիալական կյանքի մի սաղմի, այնտեղ ստեղծել ակտիվ աշխատանք, որ կարտացոլի ավելի լայն հասարակության կյանքը և ամբողջովին համակված կլինի մշակույթի, պատմության, գիտության ոգով: Երբ դպրոցը մեր հասարակության յուրաքանչյուր երեխայի դաստիարակի և դարձնի մի փոքր համայնքի անդամ, նրա մեջ արթնացնի հասարակությանը ծառայելու ոգին և նրան ապահովի ստեղծագործական ինքնագործունեության միջոցներով, այդ ժամանակ կունենանք ամենահաստատուն և ամենալավ երաշխիքը, որ լայն հասարակությունն էլ կդառնա ավելի արժանավոր, ավելի հաճելի և ավելի ներդաշնակ:

(1) Հորացիուս (Օրիս) Մաննը ԱՄՆ հանրակրթության ներկա համակարգի հիմնադիրն է համարվում (ծանոթ.՝ թարգմ.)։

(Հաջորդ գլուխը)

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.