«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա

Ինձ բախտ է վիճակվել ընդհանուր հաշվով 6 ամիս լինել Միացյալ Նահանգներում (2002թ. և 2005թ.), տեսնել-ուսումնասիրել-փորձել հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկյան դպրոցը, որն է նրա գլխավոր ձեռքբերումը։
Վերադարձից հետո գործընկերներս, մտերիմներս ու ընկերներս ինձ հաճախ են հարցրել, թե ինչու ենք ուզում անպայման նմանվել ամերիկացիներին։ Տարիներ շարունակ խորհրդա¬յին դպրոցը (ուրեմն նաև՝ մերը) աշխարհում լավագույններից մեկն է եղել։ Այդ մասին ասել են նաև իրենք՝ ամերիկացիները։ Ուրեմն ինչո՞ւ մենք պետք է սովորենք նրանցից կամ նմանակենք նրանց։ Եվ երկրորդ՝ ամերիկյան դպրոցը, եթե անգամ այն շատ լավն է, միևնույն է, ամերիկացիներինն է, մեզ ի՞նչ. հային այն ի՞նչ կարող է տալ։

Երկու հարցադրումներն էլ, կարծում ենք, ճիշտ չեն ձևակերպված կամ գոնե չեն առնչվում այն նպատակին, որ ուներ մեր խումբը ԱՄՆ-ում։ Մենք մի խնդիր ունեինք՝ հասկանալ, թե որն է ամերիկյան դպրոցի գլխավոր ձեռքբերումը, փորձել այն տեղափոխել Հայաստան և չկրկնել այն բացթողումները, որոնք, որպես ուղեկցող արդյունք, հաճախ հանգեցնում են անցանկալի հետևանքների։ Ա՜յ, այսպիսի ձևակերպմամբ խնդիրը շատ իրատեսական լուծում ունի։

Ամերիկյան դպրոցները շատ բազմազան ու բազմաբնույթ են։ Այնտեղ իրարից տարբեր լուծումները ոչ միայն խրախուսվում են, այլև գոյության միակ ճանապարհն են։ Մրցակցություն կա նաև դպրոցներում, ուստի յուրաքանչյուրն աշխատում է ինչ-որ բանով առանձնանալ-առաջ անցնել-մրցունակ մնալ։ Եվ սա տալիս է իր դրական արդյունքը։ Սակայն մի բան հատուկ է բոլոր դպրոցներին. աշակերտն է ուշադրության կենտրոնում, նրա կրթական կարիքները։ Նախ հանգամանորեն ուսումնասիրվում են այդ կարիքները, ապա կրթությունը կազմակերպվում է դրանց շուրջ։ Եվ քանի որ կրթական կարիքներ ասելով՝ Ամերիկայում նկատի ունեն ոչ միայն աշակերտներին կոնկրետ գիտելիքներ հաղորդել, այլ նրանց սովորել սովորեցնել, ոչ մի¬այն տեղեկություններ հայթայթել սովորեցնել, այլ սովորեցնել դրանք դասակարգել-համեմատել-եզրակացություն անել, ոչ միայն օգտվել պատրաստի ուսումնական նյութերից, այլ ինքնուրույն ստեղծել դրանք, իսկ ուսումնական գործընթացն էլ ընկալվում է որպես ստեղծագործական-հետազոտական անընդհատ աշխատանք՝ ինչպես խմբերով (հատկապես կրտսեր և միջին դպրոցներում), այնպես էլ անհատական (ավագ դպրոցում), արդյունքում ստեղծվում է մի այնպիսի դպրոց, որն ունի հարուստ գրադարան ու ընթերցասրահներ, թատրոն ու հեռուստաստուդիա, հարուստ լաբորատորիաներ ու փորձասենյակներ, երգչախումբ ու նվագախումբ, մարզադահլիճներ ու համերգասրահներ, իսկ դասերը կազմակերպվում են նաև թանգարաններում, որտեղ ցուցանմուշները նույնպես ծառայում են որպես հետազոտության նյութեր։

Հենց սկզբից ուզում եմ կանխել իմ հնարավոր ընդդիմախոսներին, թե այդ ամենը պայմանավորված է նյութատեխնիկական մեծ հնարավորություններով, ինչպիսիք Հայաստանում գրեթե չկան։ Այսպես մտածել նշանակում է հենց սկզբից ամեն տեսակ բարեփոխումները դատապարտել անգործության։ Այո՛, նյութատեխնիկական բազան կարևոր է, սակայն ամերիկյան դպրոցներում դա միջոց է նպատակին հասնելու համար։ Նպատակը երեխաների ստեղծագործական երևակայությունը զարգացնելը, նրան ինքնուրույն գործելու կարողություն և հմտություն հաղորդելն է, ինքնաարտահայտման, ինքնադրսևորման հնարավորությունների ընձեռումը։ Ինձ համար սա է ամենակարևորը։ Եվ ես ուրախ եմ, որ այս ամենն աստիճանաբար կարևորվում-արժևորվում է նաև մեզանում։

Ամերիկյան դպրոցում շատ խիստ է դրված ուսուցանվող առարկաների և թեմաների ընտրության հարցը, ընդ որում որպես ամենակարևոր չափանիշ դիտարկվում է ՙինչո՞ւ է այս գիտելիքը (կարողությունն ու հմտությունը) անհրաժեշտ աշակերտին, և որտե՞ղ նա կարող է դա օգտագործել՚։ Ինքնանպատակ ոչինչ չի արվում. դա համարվում է ժամանակի անտեղի կորուստ։ Շատ է կարևորվում ուսումնական առողջ միջավայրի ստեղծումը։ Եվ դրա համար պատասխանատու են բոլորը՝ ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտներն ու ծնողական համայնքը։ Գրեթե մինիմումի է հասնում այն աշակերտների թիվը, ովքեր դպրոց են գալիս, բայց սովորել չեն ուզում։ Այնտեղ չկան «դաս խանգարող աշակերտներ», և յուրաքանչյուր աշակերտ պատասխանատվություն է կրում իր ուսման համար, իսկ ծնողը մշտապես տեղյակ է իր երեխայի առաջընթացին։ Երեխային գնահատում են սեփական առաջընթացի, գործադրած ջանքերի ու կարողությունների համեմատ, նրա ուսումնառությունն էլ կազմակերպվում է հենց այդ ամենի հաշվարկով։ Դպրոցներում շատ են գիտաշխատողներն ու տղամարդ ուսուցիչները, ուսումնական գործընթացը զանգից զանգ ռեժիմով չի կառավարվում։ Մեծ տեղ է տրվում առանձին առարկաների ինտեգրված ուսուցմանը։ Կիրառվում են գնահատման բազմաբնույթ միջոցներ, ընդ որում չնայած գնահատման մեթոդների բազմազանությանը, դրանք բոլորն էլ նախևառաջ ուսուցողական նպատակ են հետապնդում։ Այս ամենն անշուշտ դրական ազդեցություն է գործում։

Ի դեպ, մեր երկրում իրականացվող կրթական բարեփոխումների հիմնական շեշտադրումները հենց վերը ասվածին են առնչվում, իսկ այդ նշանակում է, որ այս ամենի կարևորությունը գիտակցվում է նաև մեր դպրոցում։ Հենց որ ցավը իրեն զգալ է տալիս, անպայման գտնվում է նաև ելքը։ Բարեբախտաբար հայաստանյան դպրոցներում աստիճանաբար ավելանում է փորձարարական ծրագրերի, հետազոտական աշխատանքի ծավալը։ Դա բարեփոխումներ իրականացնելու ճշմարիտ ճանապարհն է։

Անահիտ Զոհրաբյան
թ. 181 դպրոց
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.