«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ալեքսանդր Լոբոկ
Դպրոց՝ հումանիտար չափանիշներով

Կրթական իրադարձության փորձաքննության խնդիրները
Դպրոցական հավերժական հարցերից մեկն այն է, թե ինչպես գնահատենք կրթության որակը։ Եվ ամեն դարաշրջան տալիս է գնահատման իր չափանիշներն ու ուղղորդումները։

Այսօր մենք ապրում ենք մանկավարԺության հերթափոխի դարաշրջանում։ Ֆունկցիոնալ, գրագետ մարդ կրթելու իդեալը մնում է անցյալում։ Փոխարինելու է գալիս այլ իդեալ՝ կրթությունը՝ որպես ազատության և մարդկայնության ընդունակություն։

Իսկ ունե՞նք այսօր այն գործիքները, որ թույլ կտան հասկանալ, գնահատել, թե ինչ չափով են մեր ջանքերն ուղղված կրթական այդ նոր իդեալի իրականացմանը։ Ուսուցչի տրամադրության տակ կա՞ն արդյոք իր գործունեության հումանիտար փորձաքննության գործիքներ։ Դասի ավանդական փորձաքննությունն ուղղված է գլխավորապես պարզելուն, թե ինչքանով է ուսուցիչն արդունավետ լուծում այս կամ այն ուսումնական խնդիրը, և ի վերջո որքանով է աշակերտը պատրաստ լինում հասարակական աշխատանքի բաժանման ֆունկցիոնալ պարտականությունների կատարմանը…

Հումանիտար փորձաքննության իմաստն սկզբունքորեն այլ է։ Նրա նպատակն է կրթական գործունեության մեջ բացահայտել մարդկային բովանդակությունը, որոշել, թե ինչ աստիճանի է այդ գործունեությունը մարդու մեջ մարդկայինը ստեղծող ու բացահայտող, ինչ աստիճանի է այն զարգացնում մարդկային հիմնական պահանջմունքները։ Հումանիտար ջանքը ոչ ֆունկցիոնալ վերաբերմունք է ենթադրում ուրիշ մարդու նկատմամբ։ Այսինքն՝ վերաբերմունք է այն տեսակետից, թե մարդն իր անհատականությամբ, իր՝ մյուսներին նման չլինելով է մարդ։

Հետևաբար հումանիտար կրթությունն այն չէ, որ տալիս է հումանիտար գիտլիքներ՝ ինչպես երբեմն ենթադրում ենք, այլ այն, որի ժամանակ ձևավորվում և զարգանում են մարդկային ճշմարիտ հարաբերություններ և որակներ։ Հարաբերություններ, որոնց առարկան և նախապատվությունը մարդն է՝ իր մարդկային բովանդակությամբ։

Քննարկման ենք ներկայացնում փորձաքննական-դիագնոստիկ երեք փաթեթ, որոնք կօգնեն որոշելու, թե որքանով է այս կամ այն կրթական իրադարձության, այս կամ այն կրթական գործունեության մեջ արտահայտված հումանիտար ուղղությունը, որքանով է այդ գործունեությունն ուղղված ուսումնառության ընթացքի մասնակիցների հումանիտար ներուժի զարգացմանը։ Այդ տեսանկյունից կարելի է դիտարկել սեփական, ինչպես նաև գործընկերների դասը կամ կրթական գործունեության ցանկացած այլ տեսակ։

Կրթական գործի հուզա-զգացական բաղադրիչը
Ապրումներ ունենալու, զգալու, ինչպես նաև ուրիշին կարեկցելու և ապրումակցելու ընդունակությունն առաջինն է, որ մարդուն մարդ է դարձնում։ Կրթական գործի հումանիտար փորձաքննության հարց կարող է դառնալ այն, թե որքանով են այդ ընթացքում գործադրվում ու զարգանում ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցչի խոր հուզական ընդունակությունները։ Զգացմունքից և ապրումից օտարված գիտելիքը ժամանակակից կրթության ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է։ Խոր գիտելիք, բայց իջեցված ապրումային-հուզականության շեմ ունեցող մարդը սոցիալապես վտանգավոր մարդ է։

Տվյալ չափանիշով կրթական գործն ուսումնասիրելու և քննարկելու օրինակելի հարցեր.
- Դասն ի՞նչ աստիճանի է հուզակորեն տարաբնույթ և հագեցած։
- Որքանո՞վ է դասի ուսումնական բովանդակությունը հուզականորեն գունավորված։ Դասի առարկան ինքը ինչքա՞ն է նպաստում ուսուցչի և աշակերտների հուզական հարաբերություններին։
- Ուսուցիչը նկատո՞ւմ է արդյոք սովորողների անհատական խոսքի հուզական շեշտադրման երանգները։ Պատրա՞ստ է դրանց արձագանքելու։ Խրախուսո՞ւմ է արդյոք հուզական ինքնարտահայտումը։ Աջակցո՞ւմ է աշակերտների հուզական անկեղծությանը։ Դասն անցնո՞ւմ է կարեկցելու և ապրումակցելու մթնոլորտում։
- Դասին ստեղծվա՞ծ է արդյոք երեխայի՝ հոգեբանորեն ապահովվածության մթնոլորտ։
- Որքա՞ն հաճախ են պատահում ուսուցչի հուզական ոչ ճիշտ արձագանքներ։

Կրթական գործի երկխոսական բաղադրիչը
Ուրիշ մարդու կամ մշակութային տեքստը հասկանալու ընդունակությունը և այդ հասկացածի հիման վրա երկխոսության ու համագործակցության մեջ մտնելու ընդունակությունը մարդու կարևորագույն հումանիտար ընդունակությունն է։ Առանց դրա անհնարին է նորմալ միջմարդկային հարաբերությունը, հնարավոր չէ սոցիումի և մշակույթի լիարժեք զարգացումը։ Ուրիշ մարդու կամ մշակութային տեքստ լսելու ընդունակության ձևավորումը, ուրիշ մարդու կամ մշակութային տեքստի հետ երկխոսության և համագործակցության ձգտելու ցանկությունը զարգանում է, եթե ինքը՝ ուսուցիչն է ցուցաբերում ուրիշներին լսելու և հասկանալու արվեստ, եթե նա ինքն է ցուցադրում երկխոսելու և համագործակցելու ձգտում։ Չհասկանալուց դեպի ըմբռնում տանող շարժման գործընթաց է ծավալում, ձևավորում փորձ, որ ըմբռնումը հնարավոր է, որ այն ծագում է երկխոսության, համատեղ ջանքերի ընթացքում։ Ճիշտ այդպես էլ երկխոսությունն ու համագործակցությունն են ձևավորվում համատեղ ջանքերի արդյունքում։

Տվյալ չափանիշով կրթական գործն ուսումնասիրելու և քննարկելու օրինակելի հարցեր.
- Ուսման ընթացքում որքանո՞վ է առկա շարժումը չհասկանալուց դեպի ըմբռնում ։
- Փորձո՞ւմ է արդյոք մեծը հատուկ կազմակերպել հասկանալու գործընթացը, թե՞ երեխայից պահանջում է ուսումնական տեղեկատվության պարզ մտապահում և արտաբերում։
- Որքանո՞վ են ուսուցիչն ու աշակերտները պատրաստ վիճելի հարցերի քննարկման ժամանակ մեկը մյուսին հասկանալու ունակությունը զարգացնել։ Փոխադա՞րձ են արդյոք ջանքերը, թե՞ միակողմանի։
- Ունե՞ն արդյոք աշակերտները միմյանց հետ համագործակցելու ձգտում։
- Աճո՞ւմ է արդյոք ուսումնական պրոցեսին միանալու դինամիկան։
- Որքանո՞վ է արտահայտված երեխաների խոսքային ակտիվությունը։ Երեխան սխալ արտահայտվելուց վախենո՞ւմ է։
- Երեխաները ուսուցչին հարցեր տալի՞ս են իրենց չհասկացածի մասին։
- Փորձո՞ւմ են բացատրել՝ հատկապես ինչ չեն հասկացել։
- Մանկական չհասկանալը արժե՞ք է արդյոք ուսուցչի համար։ Պատրա՞ստ է ուսուցիչը բովանդակալից արձագանքելու։ Լսո՞ւմ է երեխաների ռեպլիկները։ Տալի՞ս է ճշտող հարցեր։
- Պատրա՞ստ է ուսուցիչը երեխաներին ցուցադրելու՝ ինչպես է ընթանում հասկանալու իր անձնական գործընթացը։ Ուսումնական նյութը տալիս է պատրաստի ձևո՞վ, թե՞ վերաիմաստավորում է այն։
- Իր դիրքորոշումը բացատրելու համար ջանք թափո՞ւմ է։
- Երեխայի չհասկանալուց ելնելով՝ ջանո՞ւմ է արդյոք ուսուցիչն իր խոսքն ավելի հասկանալի դարձնել։
- Դասի ժամանակ մանկան հասկանալու կամ չհասկանալու ժամանակ կա՞ն արդյոք աշխատանքի ինչ-որ հատուկ ձևեր։ Դասի ընթացքում ուսուցիչն արդյո՞ք սկսում է ավելի լավ հասկանալ ուսումնական նյութը, ավելի լավ լսել ու հասկանալ իր աշակերտներին։
- Ինչպե՞ս է արձագանքում ուսուցիչը նրան, որ երեխան դուրս է մնում դասից։ Մեղադրում է երեխայի՞ն, թե՞ ընդունում է դա իբրև ազդանշան իր համար։

Կրթական գործի պրոդուկտիվ-մտային բաղադրիչը
Հումանիտար ընդունակությունն այն է, որ մարդը չի կլանում պատրաստի տեղեկությունը, պատրաստի գիտելիքը, այլ ձգտում է ունենալ իր սեփական տեսակետը շուրջը կատարվող բոլոր իրադարձությունների և գործընթացների մասին, ընկալելու սեփական, անհատական եղանակը, սեփական գիտելիքն աշխարհի և իրեն հասանող տեղեկություննների մասին։
Տվյալ չափանիշով կրթական գործը ուսումնասիրելու և քննարկելու օրինակելի հարցեր.
- Որքանո՞վ է ուսուցիչը պատրաստ տեսնելու մանկան վարքի հոգեբանական դետալները։
- Պատրա՞ստ է արդյոք դասը կառուցել՝ ելնելով այդ դետալներից, ոչ թե նախօրոք պատրաստված դասի սխեմայից։
- Ի՞նչ չափով են դասին առկա աշակերտների սուբյեկտիվ կարծիքն ու դիրքորոշումը, և ինչքա՞ն են դրանք արտահայտվում։
- Որքանո՞վ աշակերտի սուբյեկտիվ հայացքը (տեսակետը, կարծիքը) կարող է դառնալ դասի կազմակերպման առանցք, թե՞ դասի բովանդակությունը որոշվում է միայն դասագրքի բովանդակությամբ։
- Որքանո՞վ է ուսուցիչը նախաձեռնում և խրախուսում սուբյեկտիվ դիտարկման և առարկայի մասին սեփական գիտելիքի դուրս բերման աշխատանքը։
- Որքանո՞վ է խրախուսվում երեխայի՝ ուսումնասիրվող առարկայում անսպասելի դետալներ տեսնելու ընդունակությունը։
- Արժեքավո՞ր է ուսուցչի համար մանկական մտածողության յուրօրինակությունն ու անկախությունը։
- Որքանո՞վ է ուսուցիչը շահագրռված, որ երեխան կառուցի ուսումնասիրության սեփական համակարգը և ստեղծի սեփական գիտելիք։ Աշակերտի սեփական գործունեությունը ենթադրող ի՞նչ առաջադրանքներ է նա տալիս։
- Որքանո՞վ են դասի ժամանակ ձևավորվում ինչպես ուսուցչի, այնպես էլ աշակերտների սեփական մտածողությունը խթանող խնդրահարույց իրավիճակներ։

ՙ1 սեպտեմբերի՚, 2006թ., թ. 4
Թարգմանեցին Հասմիկ Ղազարյանը, Մարինե Ամիրջանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.