«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

Ներածություն

I. Նոր պայմաններում դպրոցի բարեփոխման ընդհանուր սկզբունքները

Այսպիսով, մեր հանրային դպրոցին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որպեսզի էլեկտրականության, ավիացիայի, կինեմատոգրաֆիայի, ռադիոյի և հանրային իրազեկման այլ միջոցների դարաշրջանում, աշխարհում, որտեղ, հուսով ենք, շուտով սոցիալիզմն է հաղթանակելու, 20-րդ դարի երեխաներին ժողովրդի կյանքի սոցիալական, հոգևոր, տեխնիկական և բարոյական պահանջներին համապատասխանող կրթություն տանք:

Այստեղ համառոտ հիշեցնենք այն հիմնական սկզբունքները, որոնցով վերակառուցման այդ գործընթացում պետք է առաջնորդվենք: Դրանց հոգեբանական հիմնավորումը չենք տա և մանկավարժական արժևորումը չենք ապացուցի. ընթերցողն այդ տեսանկյունների հետ կծանոթանա՝ համապատասխան գրքեր կարդալով:

Դաստիարակության նպատակները

Դաստիարակության նպատակներն իրենք ամբողջությամբ պիտի վերանայվեն։
Մեր երեխաներին ինչպիսի՞ն ենք ուզում տեսնել:

Երբ արդյունաբերողն իր արտադրությունն է հիմնում, իր առջև հարց չի դնում. «Հասարակության համար իմ արտադրանքն օգտակար կլինի՞»: Նրան այլ, իսկապես  եսասիրական հարցեր են հետաքրքրում. Իմ արտադրանքը լավ կիրացվի՞։ Թանկ և բավական մեծ քանակությամբ կկարողանա՞մ ծախել։ Ծախսերը կկարողանա՞մ այնպես կրճատել, որ էական եկամուտ ունենամ, իմ ձեռնարկությունն իր ծախսը կհանի՞»։

Ցավոք, շատ հաճախ մեր հանրային դպրոցի վերաբերյալ ծնողները և հասարակությունը դատում են այնպես, ինչպես շահամոլ կապիտալիստը:

Ծնողների մեծ մասի համար ոչ թե իրենց երեխաների անձի բազմակողմանի զարգացումն է կարևոր, այլ այն կրթությունը, որը բավարար է քննություն տալու, հեղինակություն ունենալու, ինչ-որ ինստիտուտ ընդունվելու կամ ինչ-որ հիմնարկում հաստատվելու համար: Այս դատողությունները մարդկայնորեն լրիվ հասկանալի են, և դրանց սահմանափակության պատասխանատվությունը միայն ծնողների վրա չի ընկնում. դա մշակույթի նկատմամբ հասարակության չափազանց օգտապաշտական վերաբերմունքի, գիտելիքների և հմտությունների ձևական ձեռքբերման ինքին արժեք լինելու նկատմամբ հավատի հետևանքն է։

Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, ապա նա չափից դուրս զբաղված է քաղաքական հրատապ հոգսերով և չի էլ մտածում, թե ինչ է լինելու տասը կամ քսան տարի հետո: Նրան անհանգստացնում է լոկ մոտակա ապագան, և նա դպրոցից պահանջում է, որ երեխաներին մոտակա նպատակներին հաջողությամբ հասնելուն նախապատրաստի: Այդ նպատակները կարող են ավելի խելամիտ և մարդկային չլինել, քան նրանք, հանուն որոնց արդյունաբերողը հասարակության համար ոչ միայն անպիտան, այլ գուցե և վտանգավոր ու վնասակար սերիական արտադրություն և արտադրանքի իրացում է կազմակերպում:

Ի հակակշիռ երեխաների հետաքրքրությունները հաշվի չառնող շահադիտական հայեցակարգերի` մենք դաստիարակության իսկական նպատակը պիտի ձևակերպենք՝ երեխայի անձի առավելագույն զարգացում խելամիտ կազմակերպված հասարակության մեջ, որը պիտի ծառայի նրան, և որին նա ինքը պիտի ծառայի: Այդ ժամանակ երեխան կիրականացնի իր կոչումը, արժանապատվություն և տոկունություն ձեռք կբերի, իսկ չափահաս դառնալով՝ առանց կեղծիքի ու շահի կարող է արդյունավետ աշխատել ներդաշնակ, ազնիվ հասարակության մեջ:

Գիտենք, որ դա է բարձրագույն նպատակը։ Սակայն ավելորդ չի լինի դա ձևակերպելը։ Իրական կյանքում դաստիարակներն ստիպված են լինում անընդհատ զիջումներ անել եսասիրությանը, հետաքրքրությունների կեղծ ընկալմանը, ոչ նպատակահարմար կազմակերպմանն ու անհեռատեսությանը, այսինքն՝ գործոնների, որոնք կարող են դաստիարակչական ողջ գործընթացը ձևախեղել։ Ավելի քան կարևոր է, որ լուսավորության աշխատողներն իրենց առաջ հստակ դնեն նպատակը, որին պիտի ձգտեն՝ երբեմն անգամ համախոհ չունենալով։

Երեխային ուղղված դպրոցը

Տեխնիկական տեսանկյունից՝ ավանդական դպրոցը կողմնորոշված էր դեպի ուսումնական առարկաները և ծրագրերը, որոնք բացահայտում, ճշգրտում և համակարգում էին այդ առարկաների բովանդակությունը: Դպրոցի կազմակերպումը, ուսուցիչներն ու աշակերտները ստիպված ենթարկվում էին այդ ծրագրերի պահանջներին:

Վաղվա դպրոցն ուղղված կլինի դեպի երեխան` հասարակության անդամը: Հասարակության պահանջներից կախված նրա հիմնական պահանջները  են որոշելու և´ ֆիզիկական, և´ մտավոր այն աշխատանքները, որոնցով պիտի զբաղվի, ուսումնական այն առարկաները, որոնք պիտի ուսումնասիրի, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համակարգը, ուսուցման ձևերը:

Դա մանկավարժության ամբողջական նորացում կլինի, մանկավարժությունն ավելի խելամիտ, արդյունավետ, մարդասիական կդառնա և կօգնի երեխային լիովին իրականացնելու մարդկային իր առաքելությունը:

Երեխան ինքն է կերտում իր անձը, իսկ մենք նրան օգնում ենք

Կարելի է բավականին ճիշտ որոշել հասարակության հիմնական գործառնական պահանջները, որոնց հիման վրա պետությունն իր պահանջներն ու սահմանափակումներն է շատ թե քիչ ազատ որոշում: Շատ ավելի դժվար է խորապես հասկանալ երեխայի հոգին, նրա հոգեբանությունը, նրա հակումները, հնարավորությունները, ձգտումները, նրա բնույթի հարստությունը: Սակայն մեր դաստիարակչական գործունեությունը պետք է կառուցենք հենց այդ գիտելիքից ելնելով: Իհարկե, վերջին կես դարում(1) երեխայի հոգեբանության ուսումնասիրության մեջ կան որոշակի հաջողություններ, սակայն դրանք մեզ համար հուսալի հիմք դեռևս չեն կարող համարվել: Դե, եթե գյուղացին իր քուռակների արագ աճի համար համապատասխան կեր չի կարողանում ապահովել, ավելի լավ բան չի կարողանում մտածել, քան նրանց մարգագետնում ազատ է արձակելը, որտեղ նրանք կարող են և՛ թռվռալ, և՛ համեղ խոտ գտնել, որից նրանց մարմիններն ուժեղ ու ճկուն կդառնան, իսկ մաշկը՝ հարթ ու փայլուն: Մենք ստիպված պետք է հենց այդպես վարվել:

Քանի որ դեռևս երեխաներին մեթոդաբար ու գիտականորեն ճանաչել և այդ գիտելիքից ելնելով՝ յուրաքանչյուր երեխային համապատասխան կրթություն տալ չենք կարող, պիտի բավարարվենք նրանով, որ նրանց համար անձի կայացմանը նպաստել կարողացող միջավայր և տեխնիկական միջոցներ ստեղծենք: Մենք նրանց համար ընդամենը ճանապարհներ ենք բացում, և յուրաքանչյուրն իր անհատական հակումներին, ճաշակին, պահանջմունքներին համապատասխանողն ընտրում է:

Ուստի ո՛չ նյութը սովորելը, ո՛չ այս կամ այն գիտության այբուբենին առնչվելը անկյունաքար չեն համարվում։ Մեզ համար գլխավորը հետևյալն է.

ա) երեխայի առողջությունը, նրա գիտելիքների ձգտումը, նրա ստեղծական կարողությունների զարգացումը, նրա բնույթին հատուկ՝  անընդհատ առաջ շարժվելու, առավելագույն ինքիրագործման ցանկությունը.

բ) բարենպաստ միջավայրը, որտեղ երեխան դաստիարակվում է.

գ) բնական, կենդանի և համակողմանի դաստիարակչական գործընթաց ապահովող սարքավորումները և տեխնիկական միջոցները:

Ապագայի դպրոցն աշխատանքի դպրոցն է

Դա չի նշանակում ո՛չ ֆիզիկական աշխատանքի օգտագործում՝ որպես մտավոր աշխատանքի ցուցադրական լրացում, ո՛չ սովորողների՝ արտադրական աշխատանքի նախնական կողմնորոշում, ո՛չ արհեստագործական-տեխնիկական ուսուցմամբ մտավոր աշխատանքի և գեղարվեստական ստեղծագործության դուրսմղում։ Աշխատանքը հիմնարար սկզբունք, հանրային դպրոցի փիլիսոփայություն ու շարժիչ ուժ կդառնա, այն գործունեությունը, որը մեր աշակերտներին անհրաժեշտ բոլոր գիտելիքների և հմտությունների յուրացումը կապահովի:

Այդպիսի նորացված և առողջացած դպրոցն անբաժանելի մասը կդառնա շրջապատող կյանքի, որից այժմ կտրված է:


Պայծառ գլուխն ու հմուտ ձեռքերն ավելի լավ են,
քան ոչ պիտանի գիտելիքներով ծանրաբեռնված միտքը

Եվ այսպես, ուսումնական գործընթացն աշխատանքի վրա պետք է հիմնվի: Դա նշանակում է, որ դպրոցը կրավորական և ձևական ուսուցման վաղուց արդեն դատապարտված միտումները վերջնականապես կմերժի: Անհատի կայացման տեսությունը և դրա հետ կապված՝ գիտելիքների յուրացման խնդիրը ամբողջությամբ կվերանայվեն, և դպրոցը կիրականացնի իր իսկական կոչումը՝ երեխային օգնել ստեղծական գործունեության միջոցով կերտել իր անձը:

Այդպիսի նորացման անհրաժեշտությունն այսօր տեսականորեն ընդունված է բոլորի կողմից, սակայն գործնականում հաճախ նորացումը հանդիպում է հնամոլ մանկավարժների սխոլաստիկական ուսուցման քարացած սովորություններին, ինչպես նաև հասարակության մեջ գոյություն ունեցող ընտրության համակարգին՝ մրցույթներին ու քննություններին, որն առաջվա նման լավագույն տեղերը հատկացնում է նրանց, ում գլուխներն անպետք գիտելիքներով են ծանրաբեռնված, իսկ պայծառ գլուխների և հմուտ ձեռքերի տերերն ստիպված են ոչ հեշտ պայքար մղել, որ կյանքում իրենց ճանապարհը հարթեն։

Գիտակից կարգապահությունը կազմակերպված
աշխատանքի արդյունք է

Մանկավարժական և հասարակական այս բարեփոխումն իր մեջ աշխատանքի և ուսման կազմակերպման խորությամբ գործառնական կարգուկանոն է պարունակում, ուսումնական գործընթացի բարձր արդյունավետություն, որը նրա հումանիստական բարելավումից և բխում: Այս ամենը նորացված հասարակության մեջ անհատի ներդաշնակ զարգացմանն է նպաստում:

Վաղվա դպրոցն անիշխանության թագավորություն երբեք չի դառնա, որտեղ ուսուցիչը զրկված կլինի անհրաժեշտ հեղինակությունից, ինչպես ցանկացած նորույթը վատաբանողներն են աշխատում ներկայացնել։ Ընդհակառակը, ավելի լավ կազմակերպված լինելով, նա ավելի կարգապահ է դառնալու: Միայն ցուցադրական, ձևական կարգապահությունը կվերանա, առանց որի այսօրվա դպրոցի հիմքերը կխորտակվեին։ Իսկ վաղվա դպրոցի կարգապահությունը դպրոցական կոլեկտիվի կյանքի և գործունեության ֆունկցիոնալ կազմակերպման բնական արտահայտությունն ու արդյունքը կդառնա:

Այսպիսով, կարգապահության խնդիրը երկրորդ պլան է մղվում, իսկ մեր ուշադրության կենտրոնում դպրոցական գործի նյութական, տեխնիկական, մանկավարժական կազմակերպումն է, որը ուսումնական գործընթացի կատարելագործման գլխավոր և որոշիչ գործոնը պիտի դառնա:

20-րդ դարի դպրոցը 20-րդ դարի մարդու համար

Նոր կյանքի ոգով համակված, հասարակական միջավայրի անբաժանելի մասը կազմող դպրոցը առաջընթացի նվաճումներին ոչ միայն դպրոցական շենքը, ուսումնական ծրագրերը, կյանքի կարգը պիտի համապատասխանեցնի, այլ նաև աշխատանքի գործիքներն ու տեխնիկական միջոցները: Այլևս չի կարելի հաշտվել այն դպրոցի հետ, որն իր ժամանակից 100 տարի հետ է մնացել, նրա դատարկաբանության, վերագրված ճշմարտությունների, անհուսորեն հնացած դասագրքերի, գրավոր աշխատանքների, անգիրի և դասերի թմբկահարման հետ: Եվ դա՝ լուսանկարչության, կինոյի, ձայնագրության, ռադիոյի, գրամեքենաների, երկաթուղիների, ավտոմեքենաների և ինքնաթիռների դարո՜ւմ:

Այս հակասությունը, որը, ինչքան էլ տարօրինակ է, չեն նկատում ո՛չ ուսուցիչները, ո՛չ ծնողները, ո՛չ իշխանությունները, ակնհայտ է դարձնում փոփոխությունների հասունացած անհրաժեշտությունը հանուն այն մարդասիրական նպատակների, որ մեր առջև դրել ենք:

Փոփոխությունները հիմք պետք էունենան

Այս վերափոխումները, այս արդիականացումը ինչ-որ մեկի քմահաճույքով, նորաձևության ազդեցությամբ կամ նույնիսկ իշխանության որոշմամբ չեն կատարվում:

Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ այն ամենը, ինչ անցյալում եղել է, ոչնչացվի, տագնապալի և անհանգիստ, մեքենաների և բարձր արագությունների իշխանությանը ենթակա ապագային զոհաբերվի: Փոփոխությունները հավասարակշռված և ներդաշնակ պիտի լինեն: Դա նշանակում է, որ դաստիարակությունն ընտանեկան ավանդույթների, անցած սերունդների նվաճումների վրա կհենվի: Չնայած իշխանությունների փոփոխություն անելու ամբողջ ձգտմանը՝ դրանք վերևից թելադրվել չեն կարող, դրանք հենց հագեցած ու բազմազան կյանքից են աճում։ Եվ միայն այդպիսի կյանքն է ի զորու նոր աշխարհի ապագա շինարարներին դաստիարակել, նոր աշխարհի, որ գալիս է փոխարինելու թղթե տնակի նման մեր աչքի առաջ փլչող հին աշխարհին։

Դպրոցի վերափոխումը և հասարակական խնդիրները

Մանկավարժության հիմնական խնդիրների այսպիսի ընկալումը մեզ ընդհուպ հանգեցնում է հասարակական խնդիրներին: Մենք դպրոցի սոցիալական կարիքներն անտեսել և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված ֆինանսական դժվարությունների առջև աչք փակել բոլորովին չենք ուզում: Մեր նոր մանկավարժությունն առկա խառնաշփոթի տառապանքներից է ծնվում. Ապագան ներկայից է աճում: Մենք պետք է ոչ թե պարտադրենք, այլ համոզենք, և համոզենք ոչ թե խոսքով, այլ փաստերով, ակնհայտ առաջընթացով, տասնապատկված իրականությամբ, խանդավառությամբ, որը վերափոխումների ուղիները բացող համարձակներին ոգևորում է:

Ժողովրդական դպրոցը չի կարող գոյություն ունենալ
առանց ժողովրդավարական հասարակության

Այո, մենք պնդում ենք անցյալի հետ մեր ապագա գործերի կապը: Բայց դա գործող քաղաքական և տնտեսական կարգերի պահպանման ձգտում չէ: Ընդհակառակը, մոլորյալ են նրանք, որ երկչոտաբար տարբեր կարգի պատրանքներ են տածում, թե իբր հասարակության մեջ տիրող քաոսի պայմաններում կարելի է ապագայի սոցիալական ձեռքբերումների մոդել դառնալու ընդունակ դպրոց կառուցել:

Փորձը հակառակն է ապացուցում: Հազվադեպ բացառություններով դպրոցը երբեք հասարակական առաջընթացի առաջատարներից չի եղել: Ճիշտ է, տեսականորեն դա հնարավոր է, բայց իրականում ընտանիքի, հասարակության, քաղաքական համակարգի հետ դպրոցի կապերն այնքան սերտ են, որ նա երբեք չի կարող դրանք խզել: Դպրոցը միշտ էլ հասարակության զարգացումից ինչ-որ չափով հետ է մնում: Մեր խնդիրն այդ տարանջատումը կրճատելն է, որն ինքնին արդեն մեծ հաղթանակ է:

Ֆեոդալիզմն ուներ իր ֆեոդալական դպրոցը, եկեղեցին` եկեղեցական կրթական համակարգ: Կապիտալիզմը դպրոց ծնեց, որում մարդասիրական ճամարտակումները քողարկում են հասարակական հետամնացությունը և տեխնիկական քարացածությունը: Իշխանության գալով՝ ժողովուրդն իր դպրոցն ու իր մանկավարժությունը կստեղծի: Նա իր պատմական առաքելությունն արդեն գիտակցել է: Այլևս չենք սպասելու, կրթական նոր համակարգ ստեղծելու ժամանակն է այն նոր աշխարհի համար, որը մեր աչքի առաջ ծնվում է:

(1) Նկատի ունի 20-րդ դարի 1-ին կեսը. գիրքն առաջին անգամ հրապարակվել է 1949թ. (ծանոթ.՝ խմբագրի)։

II. Դաստիարակության հիմնական փուլերը

Թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.