«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են….

«Քունը և քնի խանգարումները» հետազոտության հեղինակ Նատալյա Սունցովան
պատմում է դեռահասների քնի խնդրի պատճառների և դրանց հետևանքների մասին

Բրիտանական «Քնի խորհուրդ» բժշկական կազմակերպության մասնագետները լրջորեն զբաղվել են ժամանակակից դեռահասների քնի առանձնահատկությունների հետազոտությամբ։ Առաջին իսկ արդյունքներն արդեն անհանգստացնող են եղել։ Պատանիների քառորդ մասը միացրած հեռուստացույցի կամ երաժշտական կենտրոնի մոտ է նիրհում, քնում է ականջակալներով, որոնցից երաժշտություն է հորդում, գլուխը համակարգչի սեղանին հակած՝ նստած է քնում և միայն լուսադեմին հասնում անկողնուն։ Նրանց քնի ժամանակը բավարար չէ, քունն ընդհատուն է և անհանգիստ։ Բժիշկները քնի անլիարժեքությունն ու նման պայմաններում իսկական հանգստի բացակայությունն արտահայտող հատուկ եզր են հորինել անգամ՝ «կեղտոտ քուն»։ Բջջային հեռախոսները նույնպես գիշերային անսանձ ահաբեկիչների են վերածվել։ Դեռահասները դրանք միացրած են թողնում և պարբերաբար արթնանում եկող «SMS» հաղորդագրություններից։ Գիշերային հաղորդագրություն ուղարկելը նորաձև սովորություն է դարձել։ Ամեն գիշեր մի 2-3 անգամ վեր թռչող պատանիներն իրենց պարտքն են համարում ընկերներին հաղորդագրություն ուղարկելն ու նրանց էլ արթնացնելը։ Ոչ չարամտորեն, ուղղակի այդպես էը նդունված։

Նատալյա Վլադիմիրովնա, ըստ սահմանված չափի ավագ դպրոցականներն ինչքա՞ն պիտի քնեն։

– Պատասխանը միանշանակ չէ։ Ըստ քնի պահանջի երեխաներն իրարից շատ են տարբերվում։ Ընդհանուր կանոնը հետևյալն է՝ նրանք պետք է այնքան քնեն, որ առավոտյան ինքնուրույն արթնանան։
Եթե առավոտյան երեխային արթնացնելու հարկ է լինում, իսկ նա վեր կենալ չի ուզում, նշանակում է՝ ավելի տևական քնի կարիք ունի։ Քնի կարիքը ոչ միշտ է ցերեկային քնկոտության ծաղրանկարային տեսքով արտահայտվում։

Քնատ երեխաներից շատերի մեջ զարգանում են ախտանիշներ՝ գերակտիվություն, բռնկունություն, ագրեսիվություն, որոնք մեծահասակներին մոլորեցնում են։ Ընդ որում քնի տևողությունն ավելացնելը բավական է լինում, որ «դժվար» երեխաների շատ խնդիրներ իրենք իրենց լուծվեն։

-
Մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է։ Եվ դեռահասության խնդիրները կպակասե՞ն, եթե պատանիներն սկսեն շատ քնել։

– Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ մանկության շրջանի հետ համեմատած՝ դեռահասության տարիքում քնի կենսաբանական պահանջը չի պակասում և օրական 9,5 ժամից ավելի է կազմում։

Այնինչ մեր անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ քնի այդ մեծ պահանջի պայմաններում պատանիները բավականին քիչ՝ 7-7,5 ժամ են քնում։ Դա է պատճառը, որ 9-11-րդ դասարանցիների 62%-ը բողոքում է առավոտյան արթնանալու դժվարությունից և դպրոցում պարապմունքների ժամանակ հաճախ ննջելուց։

Քնատության բացասական հետևանքներն այնքան շատ են, որ թվելուց հոգնում ես՝ և՛ կենտրոնացման ու ուշադրությունը պահելու լուրջ խնդիրներ, և՛ կարճաժամկետ հիշողության թուլացում, և՛ շարժման հստակության ու ռեակցիայի արագության պակասում։

Քնատությունն ավագ դպրոցականների հուզական վիճակի վրա էլ է շատ ազդում։ Քնի ժամանակի և տագնապի ու ընկճվածության սանդղակի ցուցիչների միջև սերտ կապ կա։ Հուզական անկայունությունն աճում է, բռնկունություն և ագրեսիվություն են առաջանում։ Որպես կանոն՝ նախաձեռնողականությունը պակասում է։ Չքնած պատանու ձեռբերումը ծուլությունն ու անտարբերությունն են։

– Հավանաբար առաջադիմությո՞ւնն էլ է ընկնում։


– Քնի պակասը, իհարկե, նաև առաջադիմության վրա է ազդում։ Իսկ ուսումնական և զգացմունքային խանգարումները դեռահասի՝ դժվարությունները հաղթահարելու կարողությունն են թուլացնում, հասակակիցների մեջ դիրքը կորցնելու պատճառ դառնում։

Ցերեկային քնկոտության աճի հետ կոֆեինի, նիկոտինի, ալկոհոլի և նարկոտիկի չարաշահման վտանգն է մեծանում։ Եվ, բնականաբար, կտրուկ աճում է դժբախտ պատահարների հավանականությունը։

Բայց ամբողջ մեղքը միայն դեռահասների՝ իրենց առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի վրա դնելն էլ սխալ կլինի։ Երեխաների քնատության պատճառները մեծերը պիտի ճիշտ հասկանան։ Դա ինչպես դեռահասի կենսակերպի առանձնահատկություններից կարող է լինել, այնպես էլ քնի խանգարումից։

– Իսկ կենսակերպի ո՞ր առանձնահատկություններն են դեռահասներին շարունակական քնատության հանգեցնում։


– Գաղտնիք չէ, որ սովորական օրերին շատ պատանիներ մինչև խոր գիշեր ընկերախմբի հետ են անցկացնում։ Իսկ հանգստյան օրերին, երբ բոլոր նորմալ մարդիկ քնի՝ աշխատանքային շաբաթվա ընթացքում կուտակված պակասը ձգտում են լրացնել, ավելի շատ են զվարճանում անքուն խնջույքներում։ Հանգստյան օրերին ծնողները նրանց թույլ են տալիս ուշ պառկել՝ պայմանով, որ աշխատանքային օրերին ժամանակին կքնեն։

Այսպիսի մոտեցումը հղի է լուրջ հետևանքներով. եթե ուսումնական օրերին երեխան ժամը 22-ին է պառկում քնելու, իսկ հանգստյան օրերին արթուն է մինչև գիշերվա 2-ը, ապա հնարավոր չէ խուսափել կենսաբանական ժամացույցի «վերահաստատումից», որը մոտ երեք օր է տևում։ Իսկ հետո, երբ շուտ քնելու հարկ լինի, ռիթմի խանգարման պատճառով քունը ժամանակին չի տանի։ Եվ ուսումնական հինգից երեք օրը դպրոցականը քունն առնել չի կարողանում։

Իսկ դեռահասների քնի ինչպիսի՞ խանգարումներ են ավելի հաճախ հանդիպում։

– Սեռական հասության շրջանում պատանիների մեծ մասն զգում է այսպես կոչված «փուլային հապաղման ախտանիշը», այսինքն՝ քնի ռիթմի խանգարում է լինում։ Խոսքն ահա թե ինչի մասին է, քնելու ընթացքն է կտրուկ դժվարանում։ Կարծես թե պատանիների քունը միացնող «ներքին ժամացույցը» օրվա ուշ ժամերի վրա է լարված լինում։

Հաճախ մինչև գիշերվա ժամը 2-ը, նույնիսկ 3-ը չեն կարողանում քնել։ Դրա պատճառով էլ նրանք գերադասում են ուշ պառկել քնելու, որ չտանջվեն, իզուր անկողնում շուռումուռ չգան։ Հետևաբար հետո ուշ էլ արթնանում են։

Այդ ռիթմը և ցերեկային դպրոցի ծրագիրն ուղղակի հակասում են իրար։ Ստիպված վաղ արթնանալով՝ քնատ պատանիները դժոխային տանջանք են զգում։ Նրանք բոլոր դասերին դանթում են։ Բայց ահա գալիս է երկար սպասված երեկոն, ու քունը նորից չքանում է։

Ճիշտ է, առավոտյան և ցերեկային ժամերի քնկոտությունը հաճախ միայն քնի պակասի հետ չէ, որ կապվում է, այլ նաև քնկոտության օրական ռիթմի հետ։ Գիշերվա կեսը սովորաբար այն ժամանակն է, որ քնելու ցանկությունն ավելի ուժեղ է դառնում։

Բայց եթե կենսաբանական ժամացույցն ստիպում է պատանուն նիրհել գիշերվա ժամը 3-ին և արթնանալ կեսօրին մոտ, նրա «անհատական» գիշերվա կեսը լինում է միայն առավոտյան ժամը 8-ին։

Դա նույնն է, թե չափահաս մարդուն արթնացնեն գիշերվա ժամը 4-ին և անմիջապես աշխատանքի դնեն։ Զարմանալի չէ, որ քնի փուլային հապաղման ախտանիշով դեռահասները տառապում են ճնշվածությունից։

Եվ այնուամենայնիվ մինչև կեսգիշեր դպրոցականները զվարճանում են։

– Եթե ուշ քնելն ու ուշ արթնանալը երիտասարդության մեջ այնքա՜ն տարածված յուրօրինակ կենսակերպի արդյունքը չեն, անհրաժեշտ է հիվանդության հատուկ ախտորոշում։ Քանի որ ցերեկային չափազանց քնկոտությունը կարող է լինել նաև ախտանիշը քնի այլ, ոչ պակաս տարածված խանգարումների, ինչպիսիք են լուսնոտությունը, նարկոլեպսիան և մղձավանջները։

Այդ մասին ավելի մանրամասն պատմեք, խնդրում եմ։

– Լուսնոտությունը քնի մեջ քայլելն է։ 5-12  տարեկանում երեխաների 18%-ին քնի մեջ քայլելու եզակի դեպքեր պատահում են։ Երեխաների 6%-ն ամեն գիշեր է այդ նոպան ունենում։ Լուսնոտությունից առավել հաճախ տղաներն են տառապում։

Վաղ տարիքում հիվանդ երեխաների մեծ մասի քնած քայլելու նոպաները սեռական հասունության շրջանում դադարում են։ 

Բայց եթե լուսնոտության առաջին դեպքերը լինում են 9 տարեկանում և հետո, քնի այդ խանգարումը հասունության շրջանում սովորաբար չի անցնում և հոգեախտաբանական փոփոխությունների առկայության նշան կարող է լինել։

Քնի մեջ քայլում են սովորաբար գիշերվա առաջին երրորդում։ Երեխան կարող է վեր կենալ անկողնուց ու քայլել սենյակում, կարող է նաև տարբեր բարդ գործողություններ կատարել։ Նոպայի ժամանակ արթնացնելը դժվար է։ Իսկ արթնանալով՝ նա չի հիշում, թե ինչ է եղել։ Ուստի պետք է շատ զգույշ վերաբերվել երեխայի զգացմունքներին։ Նրա գիշերային վարքի մասին պատմությունները լավ բանի չեն հանգեցնի, միայն ինքնագնահատականը կիջեցնեն։

Իսկ ինչ-որ հատուկ բուժում պե՞տք է։

– Երեխաների ու պատանիների դիպվածային լուսնոտությունը բուժման կարիք չունի։ Պետք է միայն հոգ տանել նրանց քնի որակի համար։ Պետք է խիստ հետևել քնի հիգիենայի կանոններին՝ սթրեսի ազդեցությունից խուսափել, քնից առաջ հեղուկ խմելը սահմանափակել, երեխայի սենյակից վտանգավոր բոլոր առարկաները հեռացնել, պատուհանը կամ դուռը բացելու հնարավորությունը բացառել։

Ծանր դեպքերում, երբ քնի մեջ քայլելու նոպաները հաճախ են լինում և ֆիզիկական տրավմայի, չափազանց քնկոտության, արթունության խանգարումների կարող են հանգեցնել, մասնագետի օգնությունը՝ հոգենյարդաբանի խորհուրդն է անհրաժեշտ, նաև ամրապնդող ընդհանուր միջոցառումներ և մեդիտացիայի և ռելաքսացիայի վարժություններ։

Ի տարբերություն լուսնոտության՝ նարկոլեպսիան բնորոշելն ավելի դժվար է։ Իրենք հիվանդները միայն երկու ախտանիշ են նկատում՝ գիշերը հաճախ արթնանալը, որից հետո դժվար են քնում, և ցերեկային անակնկալ կարճատև քունը։ Վերջինս բավական վտանգավոր է, չէ՞ որ պատանին որտեղ ասես կարող է «անջատվել»։ Ոչ միայն աշակերտական նստարանին, այլ նաև փողոցում, տրանսպորտում, լողավազանում։

Առանց կենսակերպը կարգավորելու նարկոլեպսիայի բուժումն անհնար է։ Հարկ է անշեղորեն հետևել քնի և արթնության ռեժիմին։ Եթե անհրաժեշտ է, ցերեկը պետք է մեկ կամ երկու անգամ քնել։ Պետք է ֆիզիկական ակտիվությունը մեծացնել։ Հոգնեցնող, ձանձրալի գործերից, վտանգավոր հրապուրանքներից պետք է հրաժարվել։ Ծնողներն ուսուցչին պիտի զգուշացնեն երեխայի հիվանդության բնույթի մասին։

Գիշերային մղձավանջները և ճիչ ու լացով, սրտխփոցով, հաճախացած շնչառությամբ և սարսափի այլ դրսևորումներով վեր թռչելը երեխաների 4,4%-ի մոտ 4-12 տարեկանում են հանդիպում և, որպես կանոն, տարիքի հետ անհետանում են։ Երեխան սովորաբար հետո այդ մասին ոչինչ չի հիշում։

Գիշերային մղձավանջները չպետք է շփոթել սարսափելի երազների հետ, որոնք առավոտյան կողմ են երեխային անհանգստացնում և հոգեբանական հիմք են ունենում։ Արթնանալով՝ երեխաները շատ լավ հիշում են դրանց բովանդակությունը։ Դրանք երեխայի հուզական վիճակն են արտացոլում և մասնագիտական օգնություն են պահանջում։

Ի՞նչ է պետք անել, որ երեխան ժամանակին պառկի, երկար և խորը քնի։

– Քնի հիգիենայի կանոնները պարզ են, սակայն դրանք վաղ մանկությունից պետք է մշակվեն։

Պետք է նկատել այն ժամը, երբ երեխան քնկոտություն է դրսևորում, և դա դարձնել նրա քնելու գնալու մշտական ժամանակը։

Պետք է քնելու ծես մշակել, որը կօգնի երեխայի ռելաքսացիային։ Կրտսեր դպրոցականների համար դա կարող է լինել ընթերցանությունը, լողանալը, օրորոցային երգի կամ հանգիստ երաժշտության ունկնդրումը։ Մի քանի տարի այդ ծիսակարգը պիտի պահպանվի։ Դա շատ ձգձգված կամ շատ բարդ չպիտի լինի։

Կոֆեին պարունակող մթերքից կամ ըմպելիքից երեկոյան մոտ պետք է հրաժարվել։ Եվ ընդհանրապես քնելուց առաջ հեղուկ խմելը սահմանափակել։

Մահճակալը որպես խաղի, տնային աշխատանք կատարելու կամ հեռուստացույց նայելու տեղ չպիտի օգտագործվի։
Պետք է հոգալ, որ երեխայի ննջարանում լռություն և հարմար ջերմաստիճան պահպանելու համար։

Ոչ մի դեպքում քունը պատժի վերածել չի կարելի։

Բարձր դասարանցիներին ուղղված պատվիրաններն ավելի պարզ են, այն է՝ քնելու պառկել՝
–  մոտավորապես նույն ժամին,
– ոչ թե երաժշտության կամ հեռուստացույցի աղմուկի տակ, այլ լռության մեջ,
– անկողնում և ոչ թե բազկաթոռին կամ սեղանի մոտ,
– անջատելով բջջային հեռախոսը։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.