«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Աշոտ Բլեյան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Հանրակրթության դերը
հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում

ՄԻ՞ԹԵ  ԴԵՌ  ԺԱՄԱՆԱԿԸ  ՉԷ

15 տարի անց կամ առաջաբանի փոխարեն: 1992թ. աշնանը Բաքու կատարած իմ անմոռուկ այցից հետո «Ազգ» թերթը սրանից 15 տարի առաջ` 1992 թ. նոյեմբերի   19-ին հրապարակեց իմ «Պատերազմը մերժելով` խաղաղություն չի հաստատվում» ընդարձակ հոդվածը: Թույլ տվեք մի մեջբերում անեմ հոդվածից. «Մոռանանք «ելուզակ», «թշնամի», «բարբարոս» որակումները, չբորբոքենք ու շաղ չտանք թյուրիմացություն, չուրախանանք զոհված «թշնամիներով» ու սկսենք ցավել իրար համար ու ցավակցել իրար, ներկայացնենք հանրապետությունների ներքին կյանքը լրիվ սև, սպիտակ, կարմիր... բոլոր գույներով: Թող առաջին հեռուստամարաթոնը կայանա երկու հանրապետությունների դպրոցականների ու ուսանողների միջև. ի՞նչ են մտածում իրար մասին, ինչպե՞ս կարելի է հակամարտությունից անցնել համագործակցության: Ինչո՞ւ չի կարելի հրապարակումներ պատրաստել հարևան երկրի թերթի կամ ամսագրի համար, տրամադրել մեր եթերը մեր հարևաններին:  Ինչո՞ւ չեն կարող մեր քաղաքացիները հոդվածներով ու նամակներով հանդես գալ հարևան երկրի թերթերում: Պիտի սկսեն իրար նամակներ ու բացիկներ ուղարկել երկու հանրապետությունների դպրոցականներ և ուսուցիչներ, փոխայցելության նախապատրաստվեն երեխաների առաջին խմբերը...»:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլեր դեպի երկխոսություն» ծրագրի «Ադրբեջանի օրեր» նախագծով հայ-ադրբեջանական հակամարտության 20-րդ տարում խնդիր է դրվում հասկանալու հասարակական գործունեության մի տարողունակ ձևի՝ կրթության, ի մասնավորի՝ հանրակրթության դերը այդ հակամարտության հաղթահարման գործում: Ահա թե ինչու չէինք կարող այդ նախագիծը ոչ միայն չողջունել, այլև ակտիվ չմասնակցել այդ օրերին:

«Մի՞թե դեռ ժամանակը չի, որ իրար մոտենանք, ճանաչենք, ներենք, սիրենք» (Հովհաննես Թումանյան, Թյուրիմացության մութի մեջ, 1909 թիվ)։

Ինձ հուզեց այն լրջությունն ու պատրաստակամությունը, որով իմ գործընկերները և սովորողները փորձում էին ձևակերպել կրթության դերը մեր երկու հասարակությունների հակամարտության հաղթահարման գործում. ասել է թե սկսում ենք   անձնավորել, անհատականացնել այս ընթացքում և դրա շարունակման շրջանում կորուստներն ու ձեռքբերումները, ասել է, թե մեր կրավորական և անպատասխանատու վիճակը փոխարինում ենք յուրաքանչյուրիս գործուն ու պատասխանատու դերակատարումով: Գիտակցում եմ, որ մի շնչով, մի ծրագրով այս թեման չենք սպառի: Իմ գործընկերների ««Կրթական կամուրջներ» կրթա-տեղեկատվական և հետազոտական-ստեղծագործական ծրագիր 7-12-րդ դասարանցիների համար» նախագծի առաջարկը, «Հայաստան-Ադրբեջան. հակամարտության կարգավորման չօգտագործված հնարավորություններ և հաշտության ներուժը» խորագրով տպավորիչ Կլոր սեղանը, «Ադրբեջան՝ թշնամի՞, թե՞ բարեկամ» խորագրով սովորողների և ուսուցիչների նամակների անկեղծությունն ու անձնականությունը, կրթահամալիրի սովորողների  համար կինոֆոտոլրագրողի և իրավապաշտպանի դպրոցներում Ադրբեջանի և Հայաստանի մասնագետների արդյունավետ համագործակցությունը. ուսումնական աշխատանք դարձավ «Ադրբեջանի օրեր» նախագիծը:

Կկարողանա կրթությունն իր ազդեցությամբ ավելի զորեղ լինել, քան փողոցը: Մեր իրավապաշտպանի դպրոցի սաներն այս նախագծի շրջանակում մեկնարկային դասընթաց յուրացրին, ակտիվ ու ազատ տեսակետներ հայտնեցին շատ հարցերի վերաբերյալ, երբ, դատելով ըստ վերջին հետազոտությունների, հասարակության կեսից ավելին ազատ արտահայտվելու իր իրավունքից օգտվելուց վախենում է... Մեր սովորողներն ու ուսուցիչները մեր ադրբեջանցի գործընկերների օգնությամբ անաչառ փորձաքննության ենթարկեցին կրթահամալիրում խոսքի իրավունքի և ազատության վիճակը. կարևոր էր արձանագրել, թե կրթահամալիրը իրականում որքանով է բաց քաղաքացիական համայնք, որտեղ ապահովված է սովորողի և ուսուցչի՝ արտահայտվելու իրավունքը՝ անկախ քննարկվող հարցի բնույթից, անկախ հասարակական ամենասուր, հաճախ անթույլատրելի արձագանքներից:

«Երկար տարիների խեթ-խեթ հայացքները, ցեղական շահերի անունով բորբոքվող պայքարները, թշնամական երգերն ու կասկածելի փսփսոցները մարդկանց, ժողովուրդների հոգու մեջ ամբարվում են ժամանակի ընթացքում մի սև օր պայթելու` զարմացնելով բոլոր միամիտներին, թե էս ինչպես եղավ և որտեղից էր»:

Մեր ժողովուրդների համար բեկումնային շրջանում՝ խորհրդային պետության փլուզման և անկախ պետականության վերականգնման շրջանում, նաև կրթությունը ցույց տվեց իր ողջ սնանկությունը. փողոցն իր փսփսոցով ավելի զորեղ եղավ, քան պետական և հասարակական  բոլոր ինստիտուտները (նաև դպրոցն ու կրթական համակարգը) միասին վերցրած: 20 տարի ձգվող հակամարտության շրջանում ինչո՞վ է զբաղված հանրակրթական համակարգը, դպրոցը՝ իր ուսուցչով, դասով, դասագրքերով ու ծրագրերով, ամենատարբեր միջոցառումներով, երբ գոնե վերջին 2-3 տարում Հայաստան թե Ադրբեջան այցելած եվրոպական երկրների կամ կառույցների ղեկավարները (ներկայացուցիչները), որպես կանոն՝ իրենց միջնորդական առաքելությունն ավարտում են իշխանություններին ուղղված կոչով՝ ժամանակն է երկու հասարակություններին նախապատրաստելու արժանապատիվ փոխզիջումային լուծումների ու համաձայնությունների....

Կրթական համակարգը ներկայացնող կառույցների ղեկավարները, իհարկե, հրահանգներով ղեկավարվելու և ղեկավարելու սովոր՝ սպասում են... Եթե ուշանում է պետական իշխանության հրահանգը, այսօր հանրակրթական համակարգը հակամարտության կարգավորման առումով ի՞նչ է անում... Սա, համաձայնեք, հատուկ ուսումնասիրության նյութ է: Ինձ, օրինակ, ուրախացնում է, որ մեր հայաստանյան այսօրվա դպրոցի հասարակագիտական առարկաների դասագրքերում հարևան ժողովուրդների մասին թշնամական կամ անհանդուրժողական ձևակերպման այլևս չես հանդիպում: Սա՝ դասագրքերում, ծրագրերում, իսկ իրական դպրոցական կյանքում, մեր նորագույն պատմության հարցերը և հայ-ադրբեջանական առկա դիմակայության խնդիրները քննարկելիս, տեսակետներ հայտնելիս որքանո՞վ են կրթական համակարգի աշխատողներն իրավական, սահմանադրական, որքանո՞վ են հարգվում մարդու իրավունքներն ու ազատությունները, չէ՞ որ ըստ մեր Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով, և արգելված է ուսուցչի իրավունքների և ազատությունների օգտագործումը ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով: Ցավոք սրտի, մեր կայքում հայտարարված մրցույթին մեր կրթահամալիրից դուրս ոչ մեկը չմասնակցեց: Ուզում եմ հավատալ, որ այս նախագիծն իր շարունակությունը կունենա Ադրբեջանում և մեր հարևան գործընկերները ևս կլծվեն այս տարողունակ և հեռահար աշխատանքին:

Հաշտության ներուժը: Այսօր երկու հարևան ժողովուրդներին`  մեզ և ադրբեջանցիներին բաժանող հրադադարի շուրջ 200 կմ ձգվող գծի մոտ ի՞նչ վիճակ է. մեզ ի՞նչ է հայտնի: Շփման գծի մոտ միջազգային խաղաղապահներ չկան, և այն հսկվում է միայն ԵԱՀԿ հատուկ դեսպան Անջեյ Կասպերչիկի և հինգ դաշտային օգնականների կողմից: Սա այն դեպքում, երբ Եվրոպայի կենտրոնում` Կոսովոյում, հրադադարն ապահովում է ՆԱՏՕ-ի մի քանի հազարանոց զորամիավորումը: Մյուս կողմից՝ «Հիմնարար սկզբունքներ» կոչվող մի քանի էջանոց փաստաթղթի շուրջ, որը հետագայում, ենթադրվում է, պիտի ստորագրեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, կողմերը «համաշխարհային» համաձայնության գալու փորձ են անում հրադադարի կնքման պահից, շուրջ 14 տարի… Եվ մեր ուժերով շուտով 14 տարի պահվող հրադադարը, և ջերմությունը, որով իրար հետ հայ և ադրբեջանցի մարդիկ շփվում էին այստեղ, 1992-ին Բաքվում և այլուր. ահա և ներուժը՝ մեր մարդկանց միջև համատեղ կյանքով ստեղծված ու պահպանվող համակեցությունը, անհատական թշնամության բացակայությունը.... Իսկ ճակատային գծի մոտ միայն այս տարի տեղի ունեցած միջադեպերում 30 զինվոր է զոհվել:

«Մեզ չեն ճանաչում մեր հարևանները, բայց մի՞թե մենք նրանց ավելի ենք ճանաչում»:

Ինձ այս փուլում օգտակար և հասանելի են թվում մեթոդոլոգիական բնույթի մի քանի նկատառումներ, որոնք, որքան էլ խելքիս զոռ տվեցի, Հ. Թումանյանից գրագողության նման մի բան ստացվեց:  Ահավասիկ: «Իհարկե, գոյություն ունին տարաձայնության և իրական պատճառներ, բայց երբ մոտիկից ծանոթանում եք գործերին ու հանգամանքների խորքն եք նայում, ափաշկարա տեսնում եք, որ դժբախտության գլխավոր պատճառը թյուրիմացությունն է, իրար չճանաչելն ու իրար չհասկանալն է»: Վստահ եմ, որ մեր ուսուցիչների սկսած «Կրթական կամուրջներ» հետազոտական նախագիծը կարևոր խթան կդառնա իրար ճանաչելու և հասկանալու համար:

Մենք՝ երկու ժողովուրդների ներկայացուցիչներս (տնօրեն, ուսուցիչ, սովորող), պիտի անվերապահ հարգենք մեկմեկու: Թե չէ՝ արևմտաեվրոպացի է՝ ճառագում ենք, պատրաստակամ ենք, մեր հարևանն է՝ ադրբեջանցու, թուրքի թե վրացու տեսքով՝ այլ վերաբերմունք է՝ խռոված, պահանջատեր, մեղադրող... Անվերապաևհ հարգանք մեկմեկու նկատմամբ: Հետաքրքրվենք մեկմեկով, կներեք, մեզ իրար պարտադրենք, հրամցնենք, օգնենք իրար՝ բոլոր բնագավառներում և մակարդակներում իրար ճանաչելու: Հարգենք, հետաքրքրվենք, որ ճանաչենք միմյանց, և վստահ եղեք, որ կուժեղանա հարգանքն, ու կմեծանա հետաքրքրությունը: Վստահ եմ, որ մեր կրթահամալիրում ադրբեջանցի գործընկերների հետ կարճատև ճամբարային գործունեությունը այս «բումերանգն» ի ցույց դրեց: Անկեղծ ու բաց սրտով պիտի մոտենանք մեր հարևան ժողովուրդներին, բոլորին, իհարկե, նաև մեր դրկից ադրբեջանցիներին:

«Եվ երբ էսպես կմոտենանք նրանց թեկուզ հասարակ մարդուն, ավելի շատ բան կգտնենք հարգելու, սիրելու, քան երբ նախապաշարված մոտենում ենք նրանց մեծ մարդկանց»:

Մեր պատմական բեռը, մեր ժողովուրդների պատմությանն ուղեկցող «ռազբիրատը» թույլ չեն տալիս մեզ ժամանակակցի մեր կյանքով ապրելու և մեր՝ այսօրվա մարդու և հասարակության խնդիրներով զբաղվելու, ինչպես սերիալն է մղում իր հերոսների՝ չարի ու բարու անմիջական հուզական ընկալում ունենալու, որպես իր հետ իր մասնակցությամբ կատարվածի: Թոթափենք մեր պատմական բեռը, որպես ճամփորդն է թոթափում իր կոշիկների փոշին, այսօևր ապրող մարդիկ, ապրենք մեր անհատական կյանքը, լուծենք իրական խնդիրներ: Սրա համար մենք միասին մի ընդհանուր որոշում պիտի կայացնենք` ինչ ուզում է լինի, պահպանել խաղաղությունը, հաշտ ապրել և ստեղծել մի եղբայրական կապ մեր ու մեր ժողովուրդների միջև:

20 տարի անց կամ վերջաբանի փոխարեն։ Ղարաբաղյան շարժման մեկնարկի՝ 1988թ. փետրվարի անակնկալ ու բազմամարդ միտինգների մասնակիցներիս թվում էր, թե ահա, մի քանի օրում, «ոտքի վրա» կլուծվեն մեր արդարացի պահանջները, ու ամեն մեկս կանցնի իր գործին. հեղինակային մանկավարժություն իրականացնող Երևանի թիվ 183 դպրոցի երեք հայտնի Աշոտներն էլ (Դաբաղյան, Մանուչարյան, Բլեյան) կվերադառնան իրենց սիրելի գործին: Ավա¯ղ, ընդամենը մի քանի օրում խաղաղ շարժումը վերածվեց հայ-ադրբեջանական հակամարտության, հետո՝ նաև պատերազմի:  Իմ դուստրը` Լիլիթը, ով 1988-ին ընդամենը 10 տարեկան էր, այսօր որպես մասնագետ ներգրավված է այդ հակամարտության կարգավորման գործում: Եթե այսպես գնա, Լիլիթի 6-ամյա Արաքսիկը նույնպես կգործի այս` 1994թ. մայիսի 12-ի հրադադարով «սառեցված» հակամարտության պայմաններում… Թվում է՝ հակամարտությունը հատուկ էլ սառեցվել է, որ բոլոր սերունդներին բաժին հասնի…

17.12.07

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.