«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 13

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան
«Հակաքաղաքացիական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն»

Յուլյա Բաբաևա
«Օժտված երեխաները և համակարգիչները
»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Հայարփի Տոնոյան
«Բնագիտություն. հայտնագործություն փորձի միջոցով»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Իրինա Դեմակովա
«Մանկական ազատությունների մեծ խարտիան»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կրթություն» թերթը 75 տարեկան է
Աշոտ Բլեյան
«Օգտվենք առիթից կամ շնորհավորանքի փոխարեն»


Մանկական ազատությունների մեծ խարտիան

Մանկավարժական գիտությունների դոկտոր Իրինա Դեմակովան պատմում է պայմանագրային հարաբերությունների միջավայրում մեծահասակների և երեխաների համագործակցության մասին:

Մեր մանկավարժական միջոցների զինանոցն ըստ էության հարուստ չէ: Երկու հիմնական ձևակերպում կա` արգել և թույլ տալ: Որոշ մեծահասակներ՝ ծնողներ, մանկավարժներ, ավելի բարեսիրտ են, պատրաստ են թույլ տալու: Մյուսները դաժան են. «Չի կարելի, և չենք քննարկում»:

Եվ երբեմն մտքներովս էլ չի անցնում, որ ուրիշ մոտեցումներ էլ կան: Փոխադարձ պայմանավորվածության ճանապարհը. երկար, ոչ հեշտ, սակայն, հավանաբար, ամենաարդյունավետ ճանապարհն է:

Ձեզ համար և ձեզ հետ

«Առանց երեխաների ոչինչ չի կարող կառուցվել»,- գրել է Յանուշ Կորչակը: Ցավոք սրտի, շատ չեն այն մանկավարժները, որոնք իսկապես այդ կարծիքին են:

Մեծահասակները վարժվել են մեկ այլ ձևակերպման. «Երեխաներ, ձե´զ համար ենք անում»: Բայց, ցավոք, հաճախ ոչինչ չի ստացվում: Հենց այն պատճառով չի ստացվում, որ «դա ձեզ համար ենք անում», ոչ թե ձեզ հետ միասին: Իհարկե, «համար» անելը նույնպես դժվար է, բայց միասին՝ անհամեմատ ավելի դժվար է: Այդ մասին արդեն շատ գրքեր են գրված, ըստ էության, համաշխարհային հումանիստ մանկավարժների բոլոր աշխատությունները:

Եվ դպրոցում, ճամբարում, մանկամեծական ցանկացած համակեցության մեջ ինչքա՛ն բան կարելի է անել, եթե երեխաների հետ անենք, այսինքն` խելամիտ:

Մանկավարժի մեջ, ըստ Կորչակի, կարծես երեք մարդ է ապրում` բռնակալը, կարիերիստը և խելամիտ դաստիարակը: Ինքներս մեզ խոստովանենք դա և աշխատենք այնպես, որ խելամիտ դաստիարակը մի քիչ ավելի շատ լինի, քան մյուսները:
 
Համատեղ գործունեության սկզբունքները

Համատեղ գործունեությունն ուսուցչի ինչի՞ն է պետք: Դա սեփական անձի պահանջվածության անգնահատելի զգացողություն է տալիս. ես հետաքրքիր եմ երեխաների համար, կարող եմ օգնել, որովհետև հասկանում եմ, զգում եմ, թե նրանց ինչ է պետք, որովհետև նրանք կընդունեն իմ օգնությունը:

Այդպիսի համատեղ գործունեության մեջ ընդհանուր օրինաչափություններ կան, որոնք մանկավարժը բոլորին լսելի հռչակել պարտավոր չէ, հատկապես փոքրատարիք սաներին, որոնք, սակայն, պարտավոր է միշտ հիշել.

1. Մանկության՝ ինքնին արժեք լինելու ընդունում: Այդ տարիներին է, որ, ըստ Կորչակի, «աճի դժվարին աշխատանք» է կատարվում: Մանկավարժի համար կարևոր է այդ աճի գաղտիքները գիտակցելը: Եթե այդ գաղտնիքի բանալին ունես, կարող ես հաջողակ լինել: Եթե ոչ, ուրեմն սպասելու հարկ էլ չկա:

2.Երեխայի իրավունքի ընդունում՝ սկսած մահանալու իրավունքից, որ Կորչակն է գրանցել: Դա ի՞նչ սարսափելի իրավունք է: Անձի ընտրության բացարձակ ազատության ընդունում: Իսկ որտեղ ընտրություն կա, այնտեղ կարող է նաև պայմանավորվածություն լինել:

Կորչակն իսկապես երեխաների հետ շատ էր զրուցում տարբեր թեմաներով, այդ թվում՝ մահվան: Նրա սաներից մեկը դժբախտ սիրո պատճառով պատրաստվում էր վերջ տալու իր կյանքին: «Այդպիսի մարդը, ինչպիսին դու ես, կնոջ պատճառով չի կարող վերջ տալ իր կյանքին»,- ասել է Կորչակը՝ դրանով ընդգծելով զրուցակցի հասունությունը և նրան հուզող խնդրի լրջության ընդունումը:

- Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք ինքնասպանության մասին,- հարցրել է հուսահատված դեռահասը: Շատերը մանկավարժական  նկատառումներով կասեին՝ երբեք:

- Շատ անգամ,- պատասխանել է Կորչակը:- Այդ մասին մայրիկիս մահվանից հետո էի մտածում, բայց ես չէի ուզում, որ փոքր քույրս ապրի այդ ամենը:

Կորչակի կարծիքով երեխան գաղտնիքի, սեփականության, խաղի իրավունք ունի, իր էության դրական կողմերը ցուցադրելու և վատը թաքցնելու իրավունք: Իսկ այդ ամենն ինչպե՞ս անի առանց մեծահասակի օգնության:

Պայմանագրի հիմքը բոլորի կողմից ընդունված և բոլորին բացատրված ընդհանուր գաղափարախոսությունն է: Ասում են՝ հիմա մեր կրթության մեջ ընդհանուր գաղափարախոսություն չկա: Իսկ հումանիզացինա՞ն: Երեխաների և սեփական կյանքի մարդկայնացումը, արժանապատվության դաստիարակման պայմանների ստեղծումը: Միայն այդ պայմաններում մյուս սկզբունքները ևս կարող են գործել:

Նախաձեռնող մանկավարժ

Շատ տարիներ առաջ շատ դժվար մի դասարանի դասղեկ էի: Դպրոցում չսիրված չբացահայտված մի դասարանի, որ այդ կարգավիճակով էլ հեռանալու էր դպրոցից: Երեխաները ոչինչ չէին ուզում քննարկել: Այդ ժամանակ ես շտեմարանային մի գորշ գիրք էի գնել: Նրանց առաջարկեցի իրենց ուսուցիչներին հրաժեշտի նամակներ գրել: Առաջին նամակը ինքս գրեցի: Հետո ևս մի քանիսը` ուսուցիչների մասին, որոնք այդ երեխաներին ընդհանրապես չէին հետաքրքրում, որոնց նրանք իրականում չգիտեին, ինչպես և ուսուցիչները՝ երեխաներին: Ի պատասխան լռություն էր: Այդ ժամանակ գնացի ուրիշ դասավանդողների մոտ՝ խնդրելով, որ իրենց աշակերտներին նամակ գրեն: Ուսուցիչները մերժեցին. ինչի՞ համար: Իսկ հետո այնուամենայնիվ համաձայնեցին: Շտեմարան-գիրքն այդ ողջ ընթացքում իմ սեղանին էր և քիչ-քիչ ավելի անհրաժեշտ էր դառնում, որովհետև աշակերտները կամաց-կամաց սկսում էին կարդալ: Հետո սկսեցին գրել՝ իրենց մասին պատմել, համադասարանցիների և ուսուցիչների հետ երկխոսության մեջ մտնել: Այդպես մինչև դպրոցի վերջը գրեցինք: Երբ ավարտական երեկոյի նախօրեին երեխաներին վերջին նամակն էի գրում, հասկացա, որ ինքս էլ սիրում եմ նրանց:

Ուսուցիչը շատ բան պիտի հորինի: Հաճախ ասում ենք՝ եկեք այս կամ այն բանն անենք: Իսկ մեր առաջարկությունները երեխաներին չեն հետաքրքրում: Հարկավոր է գտնել, թե երեխաներին իսկապես ինչ է պետք, նախաձեռնություն ցուցաբերել, ցանկություն առաջացնել՝ հավատալով, որ տարիներ անց այդ ընդհանուր հետաքրքրությունը կարձագանքի:

Բազմազանություն և մշտականություն

Նպատակին հասնելու համար պարտադիր չէ ամբողջ ավանդականից հրաժարվել՝ կա´մ ընդհանուր գործողություն, կա´մ անհատական զրույց: Ե´վ մեկի, և´ մյուսի համար կարելի է տեղ գտնել: Ընդհանրապես խելացի մանկավարժության մեջ դոգմատիզմը տեղ չունի: Կրթության մեջ ազատությունը և դեմոկրատիան միշտ հարաբերական են: Ազատ դպրոցը միշտ էլ հարաբերականորեն է ազատ: Դեմոկրատականը` հարաբերականորեն դեմոկրատական: Ի՞նչ է դպրոցում ազատությունը: Գուցե ուղղակի պայմանագիր այն մասին, թե ինչպես ենք ապրելու միասին:

Դե, հիմա բոլորն են ուսուցման ընթացքում երեխայի սուբյեկտ լինելու մասին խոսում: Հիանալի է: Բայց եթե որպես ձեր գործի գիտակ, փորձառու մարդ՝ երեխաներին ինչ-որ բան եք սովորեցնում, նրանց վրա ազդում, նրանք այդ պահին ձեր մանկավարժական գործունեության առարկան են դառնում: Եվ դա նույնպես անհրաժեշտ է:

Փոքր ազատ դասարան

Ամերիկյան մի հսկայական դպրոցում ինձ ցույց տվեցին իրենց միակ փոքր ազատ ժողովրդավարական դասարանը: Այնտեղ սովորում էին երեխաներ, որոնք ձևակերպել էին, թե ինչ են իրենք պահանջում ուսուցիչներից: Եվ աշխատում էին ուսուցիչներ, որոնք ձևակերպել էին, թե երեխաներից ինչ են ուզում: Ամբողջ սենյակում կախված էին թղթեր՝ փոխադարձ պահանջներով: Երեխաներն ուզում էին, որ «ոչ ոք չգոռար», «նախօրոք հայտնեին ստուգողականների մասին»: Այսինքն՝ երեխաները հուզական կայունություն էին ուզում: Նրանց համար կարևոր էր գիտակցել, որ իրենց ընդունում ու հարգում են, ո´չ գոռգոռոցով են վիրավորում, ո´չ էլ ծույլերին բռնացնելու նպատակով տրվող անսպասելի ստուգողական առաջադրանքներով: Ուսուցիչներն ըստ էության նույն բանն էին խնդրում՝ «մեզ մի´ նյարդայնացրեք», «դասին անհրաժեշտ բաները բերե´ք», «արտագրե´ք այն, ինչ գրատախտակին գրված է»: Ով չէր արտագրում, սովորում և աշխատում էր ուրիշ դասարանում: Դա մի փոքրիկ դասարան էր: Ամբողջ մեծ դպրոցում:

Պայմանագիրը խախտելու մասին

Տարօրինակ բան է՝ խելամիտ մանկավարժության մեջ ոչ մի պայմանագիր ամբողջությամբ չի իրականացվում: Նշանակում է՝ ի հայտ է գալիս խնդրահարույց իրավիճակը քննարկելու, նոր պայմանագիր կնքելու հնարավորություն: Դա նորից պետք է խախտվի:

Դա ի՞նչ է: Դա մանկավարժի դաստիարակչական աշխատանքն է:

Երեխաների հետ այս կամ այն առիթով պայմանագիր կնքելով` մենք պարտավոր ենք միշտ ելնել անվտանգության ըմբռնումից և մեր պահանջները դպրոցի իրական կյանքի հետ պիտի հարմարեցնենք: Աշակերտներին ասում ենք՝ դասամիջոցին միջանցքներում մի´ վազվզեք: Բայց նրանք, միևնույն է, վազելու են: Այդ ժամանակ ասում ենք՝ վազե´ք, բայց ոչ այդքան արագ: Ուրիշ երեխաների մի´ բախվեք:

Կորչակը սիրում էր գրազ գալ երեխաների հետ.

- Գրազ գանք, որ ավելի քիչ չես կռվի, քան այսօր:

- Քիչ կկռվեմ:

Պայմանը չէր վերաբերում նրան, որ ընդհանրապես չկռվեն: Կորչակը հասկանում էր, որ դա անհնար է: Դրա համար էլ առաջարկում էր կռվել ոչ հաճախ, ոչ ցավոտ:

Հետո ինչպե՞ս ստուգենք՝ արդյոք երեխան սկսեց ավելի քիչ կռվել: Ոչ մի կերպ: Ուղղակի աշակերտը կիմանա, որ իր խնդիրը մանկավարժին հետաքրքրում է:

Կորչակից եկող մի սկզբունք ևս՝ ներումը: Եթե չես ներել, էլ ինչպե՞ս եք հարաբերվելու: Ներել ես, ուրեմն կա երկխոսությունը շարունակելու հնարավորություն:

Երկխոսությունը հատուկ համատեղ գործունեություն է, ծագող բոլոր խնդիրների քննարկում երեխաների հետ, որպեսզի նրանք մեզ հետ, իրար հետ ամեն ինչ քննարկել ցանկանան և սովորեն:

Հնարավոր է, որ ինչ-որ մեկը պայմանավորվածությունը չպահի, և դա ընդհանուր խնդիր դառնա: Ոչ արտակարգ դրություն, բայց խնդիր: Այդ խնդիրը հնարավոր է լուծել՝ փոխելով պայմանները, որոնք մի երեխայի կամ ամբողջ հավաքանու նորմալ կյանքին խանգարում են: Երբեմն հաջողվում է հասկանալ, թե «պայման խախտողն» ինչ է ուզում, նրա ցանկություններին ընդառաջ գնալ: Պայմանագրի բոլոր փոփոխությունները հավաքանու, այլ ուսուցիչների հետ արժե քննարկել:

Եթե բազում փորձերից և զրույցներից հետո երեխան առաջվա պես ի վիճակի չէ ընդունելու պայմանագրի պայմանները, հաճախ ստիպված ես լինում բաժանվել, որպեսզի մյուս երեխաներին հանգիստ ապրելու հնարավորություն տաս: Կորչակի հայտնի դատական օրենսգրքում մի հոդված կա՝ հեռացման մասին: Եվ նրա համարյա երեսուն տարվա աշխատանքի ընթացքում դա գործադրվել է մեկ անգամ:

Կորչակն ընդգծում էր, որ երեխաներին իդեալականացնել չարժե: Նրանց մեջ, ինչպես և մեզանում, վատ մարդիկ կան:

Ցանկացած հանրության կյանքում ճգնաժամեր, անկումներ լինում են, երբ բոլոր պայմանավորվածություններն ու կարծես բոլոր նպատակները փլուզվում են: Այդ ճգնաժամի համար երեխաներն ակամա մեղադրում են մանկավարժին: Իսկ նրա խնդիրն այնպիսի ընդհանուր գործունեություն գտնելն է, որն անկումից հետո կօգնի ոտքի կանգնելու:

Իսկ հանրույթից անկախ կարելի՞ է լինել: Եվ երեխաների հետ պայմանավորվածությունները շարել՝ ուշադրություն չդարձնելով դրսի, երբեմն վիրավորական ու ոչ խելամիտ պահանջներին: Մինչև որոշ աստիճանը: Կորչակն իր Մանկան տան ներքին օրենքները նույնիսկ գետտոյի պայմաններում էր պահպանում. թատրոնը, խմբակներն աշխատում էին, սահմանադրությունն ու դատարանը գործում էին:

Իհարկե, երբ հանրույթի հետ պայմանավորվել չենք կարող, մանկավարժը ճշմարտությունն ասելու իրավունք ունի: Նա կարող է անկեղծորեն հայտարարել, որ տվյալ իրավիճակում պայմանավորվելն անհնար է:

Իրավունքները պարտականություններով են ամրանում: Երեխաների հետ հաճախ հենց դրանցից ենք խոսում: Այստեղ կարևոր է հավասարակշռությունը, չափը: Ինչպիսի՞: Դա անհատական է: Սկզբում և´ իրավունքների, և´ պարտականությունների մասին կանոններ շատ կունենաք: Դրանք աստիճանաբար կպակասեն, և ամենակարևորները կմնան: Դրանք, միևնույն է, ամեն տարի փոխվելու են: Ժամանակն է փոխվում, երեխաներն են փոխվում, փոխվում ենք մենք: Կենդանի ամեն ինչ փոխվում է: Պայմանագիրն այլևս չի գործո՞ւմ: Եկեք այլ բան մտածենք:

Համաձայնությունն անհնա՞ր է

Կան բաներ, որ մեզ համար դժվար է ընդունել` օտար մշակույթը, օտար սկզբունքները: Պատահում է` պայմանավորվել չի լինում: Ասում եմ. «Այս մասին տարբեր կերպ ենք մտածում»: Եվ խնդիրը առկախվում է: Կողմերը կարծես դադար են առնում: Իհարկե, ձգտում ենք հարգել զրուցակցի կարծիքը: Բայց չէ՞ որ իսկապես դժվար է այլ կերպ մտածել սկսելը: Նշանակում է` առայժմ հանդուրժում ենք տարակարծությունը: Ձգտում ենք չխախտել ուրիշների օրենքները: Սակայն ժամանակ առ ժամանակ, ըստ իրավիճակի, լեզվի ծայրին համարյա ծիծաղելի մի ձևակերպում է առաջանում՝ ցանկանու՞մ եք այս մասին խոսել: Եվ դա գործում է: Խոսակցությունը նորից ու նորից թարմանում է: Եթե մանկավարժության մեջ խնդիրը քննարկելու պատրաստ չես, կյանքում էլ ոչինչ չի փոխվի: Հրաշքներ չեն լինում:
 
Գիտելիքից և գնահատականից կարևորը

Այս տարի ինձ հասու դարձավ այդպիսի համատեղ գործունեության, իսկապես խելամիտ մանկավարժության պատկերը: Լրացավ «Մեր տունը» ճամբարի տասնհինգ տարին, որն այդպես է կոչվել ի պատիվ վարշավյան մանկատան, որի կյանքում դեր է ունեցել Յանուշ Կորչակը: Նշանավոր տարելից է: Եվ ճամբարի ծննդյան օրը բոլորը՝ և´ մեծերը, և´ փոքրերը, միասին հավաքվեցին, մի րոպե նստեցին, և յուրաքանչյուրը թղթիկի վրա գրեց մեկ երազանք: Մեկը: Դա դժվար է: Մենք երազանքներ շատ ունենք: Ամենակարևոր երազանքով թերթիկը փուչիկների մեջ դրեցինք, որոնք հելիումով էին լցված: Պատկերացրեք պայծառ երկինք, փայլփլուն թելեր, գույնզգույն փուչիկներ, և ամեն մեկում՝ երազանք: Իսկ հետո անհրաժեշտ է գտնել այն ընկերոջը, որին կուզես ասել երազանքդ, և մոտենալ նրան: Եվ այդ պահին տեսա, թե ինչպես երեխաները վազեցին մեծերի մոտ: Ջոկատավարներն ու երեխաները կանգնել էին կողք կողքի: Բոլորը միաժամանակ բաց թողեցին փուչիկները: Փուչիկները թռան ու հեռացան հեռու՝ դեպի վեր: Եվ դա այնքա¯ն գեղեցիկ էր:

Կապույտ երկնքում թռչող այդ բազմագույն փուչիկներում ինձ համար մարմնավորվել էր համատեղ գործունեության երջանկության մասին երազանքը: Եվ ես մտածեցի, որ երջանկությունը հնարավոր է: Եվ ոչ միայն ճամբարում, այլ նաև դպրոցում: Ուղղակի նրան կարևորություն չեն տալիս՝ համարելով, որ կարևոր ուրիշ շատ բաներ կան՝ գնահատականները, գիտելիքները: Դա տեղի է ունենում մեր մասնագիտության իմաստը պարզունակացնելու պատճառով: Համատեղ գործունեության երջանկությունը միակն է, որ երեխաների հիշողության մեջ մնում է բոլոր դպրոցական դասերից: Խելացի և ուրախ մեծահասակների հետ ինքնիրագործվելու երջակությունը:

Թարգմանեցին մանկավարժական քոլեջի 1-ին կուրսի ուսանողները

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.