«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 13

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան
«Հակաքաղաքացիական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն»

Յուլյա Բաբաևա
«Օժտված երեխաները և համակարգիչները
»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Հայարփի Տոնոյան
«Բնագիտություն. հայտնագործություն փորձի միջոցով»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Իրինա Դեմակովա
«Մանկական ազատությունների մեծ խարտիան»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կրթություն» թերթը 75 տարեկան է
Աշոտ Բլեյան
«Օգտվենք առիթից կամ շնորհավորանքի փոխարեն»


Մարգարիտ Սարգսյան

Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն

Ես ղեկավարել եմ բազմաթիվ ու տարատեսակ ուսումնական նախագծեր և հանգել եմ այն համոզմանը, որ նախագծերը ուսուցման ոչ միայն հետաքրքիր, այլև շատ արդյունավետ հնարք են: Դրանք իրեն հետաքրքրող թեման ընտրելու և իր ընտրած աշխատանքն անելու, սիրով ու ոգևորությամբ աշխատելու հնարավորություն են տալիս սովորողին: Խթանում են ստեղծագործելու և ինքնատիպ լուծումներ գտնելու ունակությունը, ավելի ուղղորդված աշխատելու և ավելի շատ սովորելու առիթ են դառնում: Ղեկավար դասավանդողի հետ հետազոտական-ստեղծագործական համատեղ աշխատանքից փոխվում են հարաբերությունները, սովորողն ավելի ինքնավստահ է դառնում, բարձրանում է ինքնագնահատականը: Երեխան սովորում է` չնկատելով, որ սովորում է: Սովորելը դառնում է հաճույք և հետաքրքիր գործընթաց: Նախագծերը հնարավորություն են տալիս վայելելու արարելու խորհուրդը և ստեղծածը հասարակությանը ներկայացնելու պատասխանատվությունը:

Սակայն նկատում եմ, որ այս մեթոդը երբեմն սխալ է ընկալվում, հետևաբար նաև սխալ կիրառություն գտնում: Չկան նաև հստակ չափորոշիչ-ուղեցույցներ այն մասին, թե որ աշխատանքը կարող է համարվել ուսումնահետազոտական նախագիծ, իսկ որը` ոչ: Կամ որ աշխատանքն է իրոք շատ հետաքրքիր և արժեքավոր, որն է պակաս արժեքավոր կամ պակաս հետաքրքիր: Կարծում եմ, որ շատ կարևոր է հաշվի առնել հետևյալ հանգամանքները:

Նախագիծն առաջին հերթին հետազոտական աշխատանք է. ոչ մի դեպքում նախագիծ չի կարող համարվել այն աշխատանքը, որտեղ բացակայում է որոնողական-հետազոտական տարրը: Նախագիծ, որում տեղադրված է ինտերնետային կամ գրքային որևէ նյութ՝ առանց համապատասխան մշակման (խմբագրում, թարգմանություն, սեփական մոտեցում և այլն), համարվում է մեխանիկական աշխատանք, որի իմաստը, սակայն, չի հասկացվում: Բնականաբար, ինտերնետը, գիրքը ուսումնասիրության լայն ոլորտ են բացում մեր առջև, սակայն այն, ինչ արդեն կա, չարժե «արտատպել», պարզապես իմաստ չունի արդեն եղածը «copy-paste» սկզբունքով ներկայացնել: Մի՞թե հետազոտական նախագիծ կարող է համարվել, ասենք, բնագիտական մի նյութ սարդերի մասին, որի բովանդակությունը պարզապես արտագրված է ինտերնետից ու հարստացված է ինտերնետային նկարներով: Ո՞րն է այսեղ երեխայի` հետազոտող երեխայի աշխատանքը կամ հետազոտող ղեկավարի մոտեցումն ու նպատակը, եթե սովորողները չեն նկարել, ասենք, իրենց տան, դպրոցի սարդին, չեն փորձել պարզել, թե նա սարդերի որ տեսակին է պատկանում և այլն: Կամ եթե ներկայացվում է աշխատանք Հովհաննես Թումանյանի կյանքի և գործունեության մասին…ու նորից գրքից «արտատպված» նյութ, աշխատող խումբը չունի սեփական դիտարկումներ, չի համադրում նյութերը, կասկածի չի ենթարկում այս կամ այն կենսագրականում նշված փաստերը, չի օգտվում տարբեր աղբյուրներից` մատնանշելով դրանք: Ներկայացվում է օտարալեզու որևէ հեղինակ, բայց դարձյալ բացակայում է սեփական մոտեցումը, փաստերի համադրումը, սեփական, թեկուզ փոքր, թարգմանությունը: Նախագծի նյութը պետք է անպայման մշակվի` թարգմանվի, խմբագրվի, հարմարեցվի աշխատանքի նպատակին ու բովանդակությանը: Կարևոր է հասկանալ, որ նախագիծը պետք է հնարավորություն տա համադրելու, համեմատելու, վիճարկելու այս կամ այն փաստը, կապ ստեղծելու ներկայի ու հասարակության կյանքի հետ (եթե, իհարկե, հնարավոր է): Ստեղծագործական մոտեցում չկա, չկա նաև նախագիծ:

Ուսումնահետազոտական նախագծի թեմայի (և վերնագրի) ընտրությունը նույնպես շատ կարևոր է. թեման պետք է իր մեջ հետազոտության խթան պարունակի: Այն պետք է մղի հետազոտելու և ստեղծագործելու, գրավիչ և հետաքրքրող լինի, չէ՞ որ պետք է ներկայացվի այլոց4 և պետք է այնպես անել, որ նախագծերի ծովում հենց քո նախագիծը հետաքրքրություն բորբոքի: Օրինակ, երբ հանդիպում եմ նախագծերի, որոնք ունեն, ասենք, «Ձիեր», «Պայուսակներ», «Զատիկ» և նմանատիպ այլ վերնագրեր, պարզապես չեմ կարդում, չնայած հնարավոր է, որ դրանք իրոք շատ հետաքրքիր աշխատանքներ են: Նախագծի վերնագիրը, բնաբանը պետք է գրավիչ, խորհրդավոր լինի այնպես, ինչպես լրագրական նյութի վերնագիրը. ծույլ ընթերցողը պետք է գրավվի թեմայով և չշրջանցի այն:

Անհրաժեշտ է հասկանալ, որ նախագծի աղը համագործակցային հմտությունների զարգացումն է: Նախագիծը համագործակցելու և միմյանց հետ աշխատելու լավ հնարավորություն և ձև է: Իհարկե, արժեքավոր են նաև անհատական նախագծերը, սակայն կարծում եմ, որ, այնուամենայնիվ, այս աշխատանքների դեպքում ղեկավար- ուսուցչի դերը հպանցիկ է: Նմանատիպ աշխատանքների ժամանակ ես բնավ էլ չեմ անտեսում ղեկավարի աշխատանքը, սակայն, եթե երեխան ընդունակ է ինքնուրույն հետազոտական աշխատանքի, ղեկավարին մնում է միայն ուղղորդել, օգնել, իսկ եթե աշակերտն ընդունակ չէ ինքնուրույն աշխատանքի, որքան էլ ղեկավարն օգնի, արդյունքը գոհացուցիչ չի լինի: Սովորողը պետք է սովորի աշխատել նախ խմբում, ընկերների հետ և հետո միայն անհատական աշխատանք կատարի: Բնականաբար, կան երեխաներ, որոնք ուզում են մենակ աշխատել և ունակ են աշխատել, այդ երեխաներին պետք է միայն խրախուսել և օգնել: Այդ դեպքերում ճիշտ կլինի, եթե երեխան ինքն իր համար ղեկավար ընտրի, նրան, որն իրոք կարող է օգնել իրեն: Շատ ավելի դժվար աշխատանք է, հատկապես ղեկավարի համար, խմբային նախագիծը, բայց այստեղ էլ ղեկավարի անձը շատ ավելի մեծ դեր ունի: Ղեկավարը դառնում է այն մարդը, որի շուրջ հավաքվում են: Համագործակցային նախագիծը ենթադրում է տարասեռ ու տարատարիք աշխատանքային խմբի առկայություն: Միևնույն նախագծի շրջանակում աշխատելով` երեխաները սովորում են համագործակցել: Սովորում են լսել, օգնել, խրախուսել և գնահատել միմյանց, պատասխանատվություն են զգում միմյանց հանդեպ և ընդհանուր շահ ունենում: Նման նախագծերի իրականացման գործընթացում էլ խիստ կարևորվում է ղեկավարի աշխատանքը: Ղեկավարի օգնությամբ և ներշնչանքով է ընտրվում թեման, ղեկավարն է սովորողներին մղում համագործակցության, օգնում բաժանել աշխատանքն այնպես, որ նախագիծը միայն շահի, փորձում համադրել բորորի մոտեցումներն ու ճաշակը և այլն: Նմանատիպ աշխատանքն արդեն, անկախ արդյունքից, որն, ինչ խոսք, շատ կարևոր է, արդեն հետաքրքիր է և ուսուցողական: Սովորողը նման նախագծի շրջանակում աշխատելիս ավելի է սովորում, քան սովորական դասի ընթացքում. սովորում է` չնկատելով, որ սովորելը տքնաջան աշխատանք է: Ավելի խորությամբ է ուսումնասիրում նյութը, քանզի նախ՝ այն իրեն հետաքրքիր է, հետո՝ ինքը չի ուզում, որ իր պատճառով տուժի իրենց խմբի աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող պարտավորվում է այնպես անել, որ աշխատանքը ներկայանալի լինի. մեծանում է պատասխանատվության զգացումը: Նախագծային մեթոդի նպատակն է սովորեցնել սովորել` աշխատել, հետազոտել և համագործակցել:

Վստահ կարող եմ ասել, որ նմանատիպ աշխատանքից հետո սովորողներն ավելի են մտերմանում, ճանաչում են իրար ու իրենց ղեկավարին: Որքան էլ կարևորվի անհատական հետազոտական նախագիծը, այն բոլորի համար չէ և չի կարող համարվել նախագծային մեթոդի հիմքը. այս մեթոդի հիմքը համագործակցությունն է: Մենք սովորեցնում ենք երեխաներին համագործակցել, շփվել իրենց շրջապատողների հետ, առնչակցվել հասարակական կյանքին, զարգացնել հետաքրքրությունները, հմտությունները, կարողությունները, գիտելիք տալ և չկտրվել իրականությունից:

Համագործակցային նախագծերի դասակարգման ու գնահատման փորձ

Իրական նախագիծ

Թերի նախագիծ

«Անիմաստ» նախագիծ

Հաջող իրականացված նախագիծն է, որն արժանի է բարձր գնահատականի

Նկատելի են բազմաթիվ բացթողումներ

Նպատակը չի հասկացվում

Հետազոտական աշխատանք

Թերի հետազոտական աշխատանք

Գործում է «copy paste» սկզբունքը

Համագործակցություն

Թույլ համագործակցություն

Չկա համագործակցություն

Ինքնուրույնություն

Ինքնուրույնության պակաս

Ինքնուրույնության բացակայություն

Ինքնատիպություն

Ինքնատիպություն բացակայություն

Կրկնվող նյութ է

Թեմայի նորովի լուսաբանում

Թեմայի լուսաբանման մեջ սեփական մոտեցում չկա

Թեմայի լուսաբանումը բացակայում է

Ստեղծված է կապ ներկայի հետ

Չկա կապ ներկայի հետ

Ուսուցողական չէ

Սեփական մոտեցում ու ճաշակ

Սեփական մոտեցումն ու ճաշակը չեն երևում

 

Աշխատանքը համապատասխան ձևավորում ունի

Այդքան էլ ներկայանալի չէ

Հեղինակները չեն կարևորել ձևավորման աշխատանքը

Շատ հետաքրքիր է

Ձանձրալի չէ

Անփույթ է

Տեքստային լավ աշխատանքի առկայություն

Տեքստային աշխատանքը քիչ է կամ վատը

 

Սովորողների կողմից թվային այլ տեխնիկայի (տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) կիրառում

Թվային այլ տեխնիկայի կիրառման բացակայություն

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.