«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 13

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան
«Հակաքաղաքացիական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն»

Յուլյա Բաբաևա
«Օժտված երեխաները և համակարգիչները
»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Հայարփի Տոնոյան
«Բնագիտություն. հայտնագործություն փորձի միջոցով»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Իրինա Դեմակովա
«Մանկական ազատությունների մեծ խարտիան»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կրթություն» թերթը 75 տարեկան է
Աշոտ Բլեյան
«Օգտվենք առիթից կամ շնորհավորանքի փոխարեն»


Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

15-17-րդ նամակներ

Տասնութերորդ նամակ
Սխալվելու արվեստը

Հեռուստատեսային հաղորդումներ դիտել չեմ սիրում: Բայց կային հաղորդումներ` պարերը սառույցի վրա, որ միշտ դիտում էի: Հետո դրանցից հոգնեցի և դադարեցի դիտելուց. դադարեցի պարբերաբար դիտելուց, սակայն երբեմն նայում եմ:   Ինձ ամենաշատը դուր է գալիս, երբ հաջող են հանդես գալիս նրանք, ում թույլ են համարում, կամ ովքեր  «անվանիների» ցանկում դեռ չեն հայտնվել: Սկսնակների հաջողությունը կամ անհաջողակների հաջողությունն ավելի մեծ բավականություն է պատճառում, քան հաջողակների հաջողությունը:

Հարցը դա չէ: Ամենից շատ ինձ հիացնում է, թե ինչպես է «չմշկորդը» (հնում սառույցի վրա հանդես եկող մարզիկներին այդպես էին անվանում) պարի ընթացքում ուղղում իր սխալը: Ընկավ թե չէ՝ վեր է կենում, մտնում պարի մեջ, վարում այդ պարն այնպես, կարծես անկում չի էլ եղել: Դա արվեստ է, մեծ արվեստ:

Բայց չէ՞ որ կյանքում սխալներն անհամեմատ ավելի շատ են լինում, քան սառցադաշտում:  Եվ պետք է սխալից դուրս գալ կարողանալ. սխալներն ուղղել անմիջապես ու ... սիրուն։ Այո, հատկապես սիրուն:

Երբ մարդը համառորեն պնդում է իր սխալը կամ էլ չափազանց շատ է զղջում, կարծես թե կյանքն ավարտվել է, «ամեն ինչ կորած» է, շատ տհաճ է և´ իր, և´ շրջապատի համար:    Շրջապատողներն անհարմար են զգում ոչ թե բուն սխալի, այլ այն պատճառով, թե դա ուղղելիս սխալվողն ինչ անկարողություն է ցուցաբերում:

Սեփական սխալը ինքն իրեն խոստովանելը (պարտադիր չէ դա հրապարակայնորեն անել. դա կա´մ ամոթ է, կա´մ սեթևեթանք) միշտ չէ, որ հեշտ է, փորձ է պետք: Կատարված սխալից հետո հնարավորին չափ շուտ և հեշտ գործի մեջ մտնելու, այն շարունակելու համար պետք է փորձ ունենալ: Եվ պետք չէ, որ շրջապատողները մարդուն ստիպեն սխալն ընդունել, նրան սխալն ուղղելու պետք է մղել՝ արձագանքելով այնպես, ինչպես հանդիսատեսն է արձագանքում մրցումների ժամանակ. հարմար պահին նույնիսկ ընկածին ու սխալը հեշտությամբ ուղղածին երբեմն բուռն ծափահարություններով պարգևատրելով:

Տասնիններորդ նամակ
Ինչպե՞ս խոսել

Հագուստի փնթիությունը նախ և առաջ անհարգալից վերաբերմունք է շրջապատի և հենց սեփական անձի նկատմամբ: Հարցն այն չէ, որ պճնամոլի նման հագնված լինես: Հնարավոր է, որ պճնամոլության մեջ սեփական պերճաշուքության մասին չափազանցված պատկերացում կա, և, մեծ հաշվով, պճնանքը շատ մոտ է ծիծաղելիին: Պետք է մաքուր և կոկիկ հագնվեք, և այն ոճով, որն ամենից շատ է ձեզ սազում ու պատշաճ է ձեր տարիքին: Սպորտային հագուստը ծերուկին մարզիկ չի դարձնի, եթե նա չի պարապում: «Պրոֆեսորական» գլխարկը և պաշտոնական սև պիջակը հնարավոր չէ լողափում կամ սունկ հավաքելիս հագնել:

Իսկ ինչպե՞ս գնահատենք վերաբերմունքը լեզվի նկատմամբ, որով խոսում ենք: Լեզուն առավել, քան հագուստը, վկայում է մարդու ճաշակի, շրջապատի և հենց իր նկատմամբ նրա վերաբերմունքի մասին:

Մարդու լեզվում տարբեր տիպի փնթիություններ կան:

Եթե մարդը ծնվել ու ապրում է քաղաքից հեռու և խոսում է իր բարբառով, այդտեղ ոչ մի փնթիություն էլ չկա: Չգիտեմ՝ ուրիշներն ինչ կարծիքի են, բայց ինձ այդ բարբառները, եթե լավ պահպանված են, դուր են գալիս: Դրանց երգեցիկությունն է դուր գալիս, տեղական բառերը, տեղական արտահայտություններն են դուր գալիս: Բարբառները հաճախ ռուսաց գրական լեզվի հարստացման անսպառ աղբյուրներն են դառնում: Մի զրույցի ժամանակ գրող Ֆյոդոր Ալեքսանդրովիչ Աբրամովն  ասել է. «Պետերբուրգի կառուցման համար ռուսական հյուսիսից գրանիտ են տեղափոխել և բիլինաների, ծիսերգերի, քնարական երգերի բառ առ բառ կապակցված քարեղեն կառույցների տեսքով տեղափոխել են խոսքը...  Բիլինաների լեզուն «ուղղել»՝ ռուսաց գրական լեզվի նորմերին համապատասխանեցնել՝ կնշանակի փչացնել բիլինաները: 

Այլ բան է, երբ մարդը երկար ժամանակ ապրում է քաղաքում, գիտի գրական լեզվի նորմերը, բայց գյուղական ձևերն ու բառերն է պահպանում: Դա կարող է լինել այն պատճառով, որ դրանք գեղեցիկ է համարում և դրանցով հպարտանում է: Ինձ համար դա տհաճ չէ: Թող ինչքան ցանկանում է «օ»-ով խոսի, պահպանի սովորական երգեցիկությունը: Դա սեփական հայրենիքով՝ գյուղով, հպարտության արտահայտություն եմ համարում:  Դա վատ չէ, և դա մարդուն չի նսեմացնում:  Դա նույնքան գեղեցիկ է, որքան հիմա մոռացված շեղօձիք վերնաշապիկը, սակայն միայն այն մարդու հագին, ով մանկուց է հագել և դրան սովոր է:  Իսկ եթե մարդը դա հագել է միայն թիթիզանալու, ցույց տալու համար, որ ինքը «իսկական գյուղացի» է, ապա դա և´ ծիծաղելի, և´ ցինիկ է. «Տեսե´ք, թե ես ինչպիսին եմ. թքած ունենամ, որ քաղաքում եմ ապրում: Ցանկանում եմ բոլորիցդ տարբեր լինել»:

Խոսքի կոպտությամբ աքլորանալը, ինչպես շարժուձևի կոպտությամբ, հագուստի փնթիությամբ անտեղի խիզախելը, շատ տարծված երևույթ է և հիմնականում խոսում է մարդու հոգեբանական անպաշտպանվածության, նրա թուլության, բոլորովին էլ ոչ ուժի մասին:  Խոսողը ձգտում է կոպիտ կատակով, կտրուկ արտահայտությամբ, ծաղրանքով, ցինիկությամբ իր վախի զգացողությունը, երկյուղը, երբեմն նաև անհանգստությունը ճնշել:  Հատկապես կամքից թույլ աշակերտներն են, ուսուցիչներին կոպիտ մականուններ տալով, փորձում ցույց տալ, որ իրենք չեն վախենում:  Դա կիսագիտակցական մակարդակում է լինում: Էլ չեմ խոսում այն մասին, որ դա անդաստիարակության, ոչ մտավորականության, երբեմն նաև դաժանության նշան է: Բայց նույն պատճառն է նաև ամենօրյա կյանքի երևույթների վերաբերյալ ցանկացած կոպիտ, ցինիկ, հանդգնորեն ծաղրական արտահայտությունների հիմքում, որոնք խոսողին ինչ-որ բանով վիրավորում են:  Դրանով կոպիտ խոսող մարդիկ, կարծես, ցանկանում են ցուցադրել, որ իրենք բարձր են այն երևույթներից, որոնցից իրենք վախենում են: Ցանկացած ժարգոնային, ցինիկ արտահայտության, հայհոյանքի հիմքում թուլությունն է:   «Բառերով թքոտող» մարդիկ կյանքի` իրենց վիրավորող երևույթների նկատմամբ արհամարհանք են ցուցաբերում, քանի որ դրանք իրենց անհանգստացնում են, տանջում, հուզում, քանի որ իրենց թույլ, այդ երևույթներից անպաշտպան են զգում:

Իսկապես առողջ և ուժեղ, հավասարակշռված մարդն առանց անհրաժեշտության բարձր չի խոսի, չի հայհոյի և ժարգոնային բառեր չի գործածի:  Չէ՞ որ վհստահ է, որ իր խոսքը առանց դրա էլ արժեքավոր է (1):

Մեր լեզուն մեր ընդհանուր ամենօրյա կյանքի կարևորագույն մասն է: Եվ ըստ նրա, թե մարդն ինչպես է խոսում, արագ ու հեշտ կարող ենք դատել, թե ում հետ գործ ունենք. կարող ենք որոշել մարդու մտավորականության աստիճանը, նրա հոգեբանական հավասարակշռվածության աստիճանը, նրա հնարավոր «բարդութավորվածության» աստիճանը (որոշ թույլ մարդկանց հոգեբանության մեջ այդպիսի տխուր երևույթ կա, բայց ես հիմա դա բացատրելու հնարավորություն չունեմ, դա հատուկ և լուրջ հարց է): 

Լավ, հանդարտ, կիրթ խոսքը երկար և ուշիուշով սովորել է պետք՝ ունկնդրելով, մտապահելով, նկատելով, կարդալով և ուսումնասիրելով: Չնայած դժվար է, բայց դա պետք է. պե´տք է: Մեր խոսքը ոչ միայն մեր առօրյայի կարևոր մասն է (ինչպես արդեն նշել եմ), այլև մեր անհատականության, մեր հոգու, մտքի, միջավայրի ազդեցությանը, եթե նա «ձգում» է, չտրվելու մեր կարողության:

 1) Լեզվական կոպտության հոգեբանական խնդրին կարող եք ծանոթանալ «Ժամանակակից ռուսաց լեզվի ուղղագրության, բառապաշարի զարգացումը» գրքում՝«Ժարգոնային բառերը մասնագիտական խոսքում» իմ աշխատանքում, Մոսկվա, 1994, էջ 311-359 (Դ. Լ.):

20-21-րդ նամակներ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.