«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Սեմյոն Սոլովեյչիկ

ԱՌԱՏԱՁԵ՞ՌՆ ԵՐԵԽԱՆԵՐ

«Տղաս մի տարեկան,երեք ամսական է: Վաղ հասակից ոչ միայն իր խաղալիքները ուրիշին չի տալիս, այլև ուրիշներինն է խլում: Ինչ ասես, որ չեմ փորձել. համոզել եմ, ձեռքից խլել եմ, բայց նա այնպե՜ս է ձայնը գլուխը գցումՊատկերացնո՞ւմ եք,նույնիսկ իմ ափսեն է խլում ճաշի ժամանակ, չնայած դիմացի ճաշով լի ափսեին: Խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես վարվեմ այդ ագահության հետ»։

Երևում է, որ խմբագրություն դիմած երիտասարդ մայրիկը լրջորեն է վերաբերվում որդու դաստիարակությանը: Բայց նամակում լիքը մանկավարժական սխալներ կան, ինչ միայն հնարավոր է կատարել… Խոսենք դրանց մասին…

Թվում է, ի՛նչ խոսք, ագահությունը զզվելի հատկություն է: Ժլատության համար բակում երեխաները վաղ են սկսում իրար ձեռ առնել։ Հավանաբար, բարոյախոսությունը մարդկային այս առաջին օրենքից էլ սկսվում է` տո՛ւր, մի՛ խլիր, մյուսների՛ն էլ թող, մտածի՛ր ուրիշի մասին: Եվ առաջին բանը, ինչին վարժեցնում են երեխային, սա է՝ մայրիկի՛ն տուր… Հայրիկի՛ն տուր… Ապերիկի՛ն տուր… Տո՛ւր տղային…

Եվ առաջին անհարմար իրավիճակը` չի տալիս: Եվ ծնողական փառասիրության առաջին փորձությունը՝ մայրը զբոսնում է փոքրիկի հետ, իսկ նա բոլորի աչքի առաջ խաղալիք է խլում. ա՜յ քեզ խայտառակություն: Ընդհանրապես, իմ կարծիքով, մանկական շատ թերությունների դեմ սկսում ենք պայքարել ոչ թե այն պատճառով, որ դրանք մեզ իսկապես տխրեցնում են, այլ որ ամաչում ենք մարդկանցից։ Եվ դա լավ է: Հաճախ դժբախտությունները սկսվում են նրանից, որ մարդկանց առաջ ամոթը կորչում է:

Թվում է՝ անհանգստանալու հարկ չկա. տղան մի քիչ կմեծանա և ագահություն էլ չի անի: Բայց ո՛վ չգիտի, որ մեկը մեծանում է և պատրաստ է վերջին շապիկն էլ տալու, իսկ մյուսից ձմռանը ձյուն ուզես` չի տա: Որոշ մարդիկ էլ ամբողջ կյանքում տառապում են իրենց ագահության պատճառով. չնայած որ շտապում են տալ՝ ինչ իրենցից ուզում են, բայց և տառապում են. ագահությունը կրծում է հոգիները:

Իհարկե, կարող ենք երեխային հետ վարժեցնել ուրիշի խաղալիքը խլելու վատ սովորությունից, բայց արդյոք դրանով թերությունն ավելի խորը չե՞նք տանի։ Արդյոք չե՞նք մեծացնի ագահ մարդու, որն իր ագահությունը կարողանում է թաքցնել: Գուցե և այդ թերությունը միայն ժամանակավորապե՞ս է քողարկվում, իսկ քսան, երեսուն տարեկանում, երբ մարդը շրջապատից ավելի քիչ կախված լինի, հանկարծ կբացահայտվի: Մենք էլ  կզարմանանք, թե որտեղի՛ց:

Բոլորս ցանկանում ենք, որ մեր երեխաների մեջ բարի զգացմունքները զարգանան և ոչ թե վատերը թաքցնելու կարողությունը: Ահա, առաջին սխալը սա է՝ մայրը խորհուրդ է հարցնում, թե ինչպե՛ս պայքարի ագահության դեմ: Այնինչ պետք է այլ հարցադրում անել՝ ինչպես առատաձեռնությո՛ւն դաստիարակի: Այս երկու հարցադրումների հիմքում սկզբունքորեն երկու տարբեր մոտեցումներ են դաստիարակության նկատմամբ:

«...Երեխայի սիրտը տանող ճանապարհն անցնում է ոչ թե հարթ արահետով, որը մանկավարժի հոգատար ձեռքն անընդհատ մաքրում է մոլախոտ-թերություններից, այլ մշուշապատ դաշտով, որտեղ զարգանում են բարոյական արժանիքների ծիլերը… Թերություններն իրենք իրենց են դուրս մղվում, երեխայի համար աննկատ անցնում, և դրանց ոչնչացումը ոչ մի ցավագին երևույթով չի զուգակցվում, եթե դրանց դուրս է մղում արժանիքների բուռն աճը»:

Շատերը, որպես կանոն, Վ. Սուխոմլինսկու այս հիանալի խոսքին, նրա մտքին, որ թերություններն «իրենք իրենց» արմատախիլ կլինեն, հավատալուց հրաժարվում են: Մենք յուրացրել ենք պահանջելու, պատժելու, համոզելու, խրախուսելու մանկավարժությունը` թերությունների դեմ պայքարի մանկավարժությունը. հաճախ այնպիսի ոգևորությամբ ենք պայքարում երեխայի թերությունների դեմ, որ նրա արժանիքները չենք էլ նկատում: Իսկ գուցե պետք չէ՞ պայքարել: Գուցե այնուամենայնիվ պետք է ա՞յլ կերպ վարվենք՝ երեխայի մեջ նկատենք ու զարգացնենք ամենալա՞վը: Թե չէ ստացվում է, որ սկզբում մեր անփութության, անկարողության կամ անբարյացակամության պատճառով չար ծիլեր ենք աճեցնում, իսկ հետո ազնիվ մղումներով այդ չարի դեմ պայքարի մեջ ենք մտնում: Սկզբում դաստիարակությունը տանում ենք կեղծ ճանապարհով, իսկ հետո նետվում ենք պայքարել:

Տեսեք, երբ երեխան չի ուզում խաղալիքը տալ, մայրը խլում է: Ուժով է խլում: Եթե ուժեղ մայրիկը խաղալիքն ինձանից՝ թույլիցս, խլում է, ապա ինչո՞ւ ես չեմ կարող, մայրիկին ընդօրինակելով, ինձանից թույլից խլել: Չի կարող երկու տարեկան երեխան հասկանալ, որ մայրիկը «չարին է հակառակվում», հետևաբար իրավացի է, իսկ ինքը՝ երեխան, չարություն է անում, դրա համար էլ ճիշտ չէ: Նման բարոյական նրբություններից, ցավոք, մեծերն էլ միշտ չեն գլուխ հանում։ Երեխան մի՛ դաս է ստանում, որ ուժեղը խլում է: Ուժեղին թույլատրվում է խլել:

Ուզում էին բարություն սովորեցնել, բայց ագրեսիվություն սովորեցրին: Չեմ ցանկանում ծայրահեղության հասցնել. մայրը խլեց՝ ոչինչ, ոչ մի սարսափելի բան էլ հավանաբար չեղավ: Դե՛, խլեց` խլեց, չեմ ցանկանում վախեցնել: Միայն նշեմ, որ այդ գործողությունն արդյունավետ չէր։

Բայց հիշենք՝ նամակի հեղինակ մայրը փորձել էր նաև ուրիշ ճանապարհ` համոզելը: Սովորաբար համոզելը հակադրում են պատժին: Իրականում դա նույնքան քիչ է օգնում, ինչքան պատիժը: Ի՞նչ միտք ունի համոզել երեխային, որը տարիքի կամ բարոյական զարգացման պակասի պատճառով ուղղակի չի հասկանում համոզելը:

Շատ լավ, ուժով՝ չէ, համոզելով՝ չէ, ապա ինչպե՞ս: Հնարավոր գործողությունների ցանկը մայրիկին սպառված է թվում… Սակայն դեռ առնվազն մեկ միջոց էլ կա ցանկալիին հասնելու համար: Մանկավարժական գիտությունն սկսել է ներշնչման օգուտների մասին ավելի բարձր խոսել: Իմիջայլոց, ինքներս, առանց ուշադրություն դարձնելու, ամեն քայլափոխի օգտվում ենք այդ մեթոդից: Ամեն քայլափոխի երեխայի ներշնչում ենք՝ փնթի ես, ծույլ ես, չար ես, ժլատ ես… Եվ ինչքան երեխան փոքր է, այնքան հեշտ է տրվում ներշնչանքին:

Բայց ամբողջ հարցն այն է, թե երեխային ի՛նչ ներշնչենք: Միայն մի, միշտ մի բան. ներշնչենք, որ նա բարի է, քաջ, առատաձեռն, արժանավոր: Ներշնչենք, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ինչ-որ հիմք ունենք այդպիսի հավաստիացումների համար:

Ինչպես բոլոր մարդիկ՝ երեխան գործում է իր մասին ունեցած պատկերացումներին համապատասխան: Եթե նրան ներշնչենք, որ ժլատ է, ապա հետո ոչ մի ուժով չենք կարող այդ արատից ետ կանգնեցնել: Եթե ներշնչենք, որ առատաձեռն է, առատաձեռն կդառնա: Միայն պետք է հիշենք, որ ներշնչանքը համոզել չէ, ուղղակի խոսք չէ: Ներշնչել` նշանակում է բոլոր հնարավոր միջոցներով օգնել երեխային՝ իր մասին լավագույն պատկերացումը կազմի: Դաստիարակության լավագույն ռազմավարությունը թերևս սա է. սկզբում՝ հենց առաջին օրերից՝ ներշնչանք, հետո՝ աստիճանաբար, համոզվածություն (և միշտ՝ գործնականորեն):

Փորձել ենք երեխային ստիպել խաղալիքները ուրիշին էլ տալ, փորձել ենք նրանից խլել այդ խաղալիքները, փորձել ենք ամոթանք տալ, փորձել ենք համոզել` չի օգնել: Փորձենք այլ կերպ, ավելի ուրախ.
- Իմ ափսեն էլ ես ուզո՞ւմ: Խնդրեմ, չեմ ափսոսում: Էլի լցնե՞մ: Մի՞ ափսե, երկո՞ւ: Ի՜նչ լավ տղա ունենք, հավանաբար հսկա է լինելու, եթե այսքան ճաշ է ուտում: Չէ՛, նա ագահ չէ, ուղղակի ճաշ շատ է սիրում:

Խաղալիքներն ուրշին չի տալի՞ս։

- Չէ, ամենևին էլ ժլատ չէ, ուղղակի ուշադիր է իր խաղալիքների նկատմամբ, չի կոտրում, չի կորցնում: Հասկանո՞ւմ եք, խնայող է: Եվ հետո, նա այսօ՛ր չի ցանկանում խաղալիքը տալ, իսկ երեկ տվել է և վաղն էլ կտա, ինքը կխաղա, հետո կտա. ժլատ չէ: Մեր տանը ժլատներ չկան. և՛ մայրիկը ժլատ չէ, և՛ հայրիկը ժլատ չէ, իսկ մեր տղան մեզանից ամենաառաձեռնն է:

Իսկ հիմա պետք է երեխային հնարավորություն տալ իր առատաձեռությունը դրսևորելու: Ժլատության, ագահության հարյուր դեպքը պետք է թողնենք աննկատ, չքննադատենք, իսկ առաձեռության մի դեպքը դարձնենք երևույթ: Օրինակ՝ նրա ծննդյան օրը կարող ենք կոնֆետներ տալ. «Մանկապարտեզում բաժանի՛ր երեխաներին, չէ՞ որ այսօր քո տոնն է…»։ Եթե երեխան բլիթը ձեռքին վազում է բակ` խաղալու, մի քանի հատ էլ տվե՛ք ընկերների համար. բակում երեխաները սիրում են ուտել, կարծես նրանց դարերով չեն կերակրել:

Ես տուն գիտեմ, որտեղ երբեք երեխային մի հատ կոնֆետ, մի հատ խնձոր, մի հատ ընկույզ չեն տվել, այլ միշտ երկուական: Նույնիսկ հացի կտոր տալիս կիսում էին, որպեսզի երկու կտոր լինի, և երեխան այն զգացողությունը չունենա, թե «վերջին կտորն» է, այլ միշտ նրան թվա, որ ինքը շատ ունի և այդ պատճառով կարող է ուրիշին էլ տալ: Եվ որպեսզի չառաջանա այն զգացողությունը, թե չարժե տալ, ափսոս է: Իսկ հյուրասիրել չէին ստիպում և չէին հրահրում. միայն հնարավորություն էին ստեղծում:

Երբ կասկածում ենք, թե երեխան ագահ է, մտածենք, թե ինչն է պատճառը: Միգուցե երեխային չափից շա՞տ ենք տալիս, իսկ գուցե չափից քի՞չ: Հնարավոր է՝ ինքներս ենք ժլատություն անում նրա նկատմամբ, իհարկե, դաստիարակչական նպատակներով:

Եվ, վերջապես, ամենապարզ պատճառը, ինչից և պետք էր սկսել: Հավանաբար մայրը՝ նամակի հեղինակը, չգիտի, որ որդին մտել է զարգացման կրտիկական փուլը՝ այսպես կոչված՝ «սարսափելի երկու տարին»՝ համառության, բացասման, ինքնակամության շրջանը: Հնարավոր է, որ տղան խաղալիքը չի տալիս ոչ թե ժլատության պատճառով, այլ ընդամենը համառության, որը շուտով կանցնի: Ցանկացած նորմալ երեխա այդ տարիքում ամեն ինչ վերցնում է, կոտրում, չի լսում, չի ընդունում ոչ մի «չի կարելի»: Սարսափելի է: Ի՞նչ կդառնա, երբ մեծանա:

Ախր, նա միշտ այդպիսին չի լինելու: Մարդը չի կարող հավասարաչափ ու սահուն աճել, ինչպես շաղգամը:

Այդ տարիքի մի աղջնակի էի ճանաչում՝ մի տարեկան ութ ամսական: «Գնդակը մայրիկի՛ն տուր». թաքցնում էր: «Մայրիկին կոնֆե՛տ տուր». աչքերը փախցնում էր և կոնֆետն արագ գցում բերանը, քիչ էր մնում՝ խեղդվի: Անցել է կես տարի, և հիմա, երբ մի կտոր խնձոր են տալիս, մեկնում է մորը` կծի՛ր: Եվ հայրիկին է առաջարկում: Եվ կատվի բերանն է խոթում: Նրան չես կարող բացատրել, որ խնձորը կատվին պետք չէ, և ստիպված ես դիմանալ այդ հիգիենիկ մղձավանջին. խոթում է կատվի բերանը, հետո` իր:

Իսկ, եթե երեխան չփոխվի՞: Այդ դեպքում ստիպված կլինենք առաջվա նման նրան ներշնչել, որ նա առատաձեռն է, ներշնչենք մի տարի, հինգ տարի, տասը տարի, տասնհինգ տարի, առանց հոգնելու, քանի դեռ այդ արատը չի փոխվել ինչ-որ օգտակար բանի, օրինակ՝ հոգատարության: Կամ նույնիսկ գիտելիքի, կյանքի նկատմամբ ագահության:

Այդպիսի ագահությունը բոլորս ենք ողջունում:

«Նեդելյա», 1980 թ., № 46
Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

 

 

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.