«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Չորրորդ գլուխ
Տարրական կրթության հոգեբանությունը
(Նախորդ գլուխը)

Բնական է, որ մարդկանց մեծամասնությունը դպրոցով հետաքրքրված է այնքանով, որքանով այն վերաբերում է այնտեղ սովորող իրենց երեխաներին: Սա ճշմարիտ է ծնողների տեսանկյունից, որոնք իրենց աղջիկներին ու տղաներին դպրոց ուղարկում են ոչ թե մանկավարժականան տեսությանը աջակցելու, այլ անձնական արդյունքների հասնելու համար: Ընդհանրապես սա ճիշտ է նաև դպրոց այցելողների տեսանկյունից, ովքեր այս կամ այն չափով ծանոթանում են, թե դպրոցում երեխաների հետ իսկապես ինչ է արվել, ինչը կարող են տեսնել սեփական աչքերով, և հազվադեպ է մեկը ցանկություն ու ժամանակ ունենում քննարկելու հիմնախնդրի ուղղությամբ արված աշխատանքը: Դպրոցը չի կարող իր աշխատանքի նկատմամբ այդպիսի հայացքն անուշադրության մատնել, քանի որ միայն դրա հետ հաշվի նստելով է հնարավոր պահպանել ծնողների վստահությունը և դրա հետ միասին պահել աշակերտներին:
Սակայն համալսարանի ֆակուլտետի կողմից ղեկավարվող դպրոցը կարող է ուրիշ դիրք գրավել: Սկզբունքային է, որ համալսարանի աշխատանքի ամենակարևոր մասը գիտականն է, այս դեպքում՝ մանկավարժական մտքի զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը: Մի քանի երեխաների կրթելու խնդիրը դժվար թե արդարացներ համալսարանի հրաժարվելն այն ավանդույթից, որ բարձրագույն դպրոցի մուտքը բաց է միայն միջնակարգ կրթությամբ անձանց համար: Համալսարանին տարրական դպրոց պահելու բավարար հիմքեր կարող են տալ միայն գիտական նպատակներն ու մյուս լաբորատորիաների գիտական աշխատանքների նման լաբորատորիական աշխատանքների կատարումը: Այդպիսի դպրոցը ծառայում է որպես հոգեբանության կարիքները բավարարող լաբորատորիա, այլ կերպ ասած՝ տեղ, որտեղ երեխայի մտքի դրսևորումն ու զարգացումն են ուսումնասիրվում, և հետազոտվում այն նյութերն ու շարժիչները, որոնք ամենահարմարն են բնականոն զարգացում ապահովող պայմանների ստեղծման ու հետագա ընթացքի համար:

Սա սովորական դպրոց չէ և ոչ էլ ուսուցիչներ պատրաստող ֆակուլտետ։ Սա նաև ցուցադրական դպրոց չէ։ Չի ձգտում նաև ինչ-որ մասնավոր գաղափար կամ ուսմունք ի ցույց դնելու: Նրա պարտականությունը կրթական խնդրի դիտարկումն է մտավոր գործունեության և զարգացման պրոցեսների՝ ժամանակակից հոգեբանության բացահայտած սկզբունքների լույսի ներքո: Խնդիրն իր էությամբ անսահման է: Այն ամենը, ինչին կարող է հասնել որևէ դպրոց, տարբեր նյութերի հավաքումն է և պահանջը, որ կրթությունն անհրաժեշտաբար դիտարկվի և՛ տեսականորեն, և՛ գործնականորեն՝ վերը նշված լուսաբանմամբ: Եթե այդպիսի նպատակ է դրվում, ապա դրան հասնելու համար անհրաժեշտ պայմաններ պետք է ապահովվեն: Իսկապես, անիմաստ է մտավոր զարգացման պրոցեսների և օրենքների հայտնաբերումը ձեռնարկել այնպիսի աննորմալ պայմաններում, որոնք կխանգարեն երեխայի կյանքի հիմնական ազդակներից շատերի հայտնաբերմանը:

Իր գործնական տեսքով այս լաբորատոր խնդիրն ուսումնասիրման այնպիսի ձև է ստանում, որը համապատասխանում է երեխայի փորձի և մտքի բնական աճին: Խնդիրը բովանդակությամբ ու քանակով ամենաշատը համապատասխանող բազմազան նյութի ընտրությունն է, որը երեխայի զարգացման տվյալ փուլին հատուկ բոլոր հարցերին կպատասխաներ ու կարիքները կբավարարեր, և այդ նյութի մատուցման այնպիսի ձևերի ընտրությունը, որոնք նպաստեին դրա հեշտ յուրացմանը: Չենք կարող նաև որոշակի ու հստակ ասել, թե այս ամենի մասին մեր գիտելիքը որտեղ է վերջանում, և որտեղ է սկսվում անգիտության անհունը: Ոչ մեկը երեխայի՝ նույնիսկ մի տարվա հոգեբանական իրողությունների մասին ամբողջական գիտական տեղեկություններ չունի: Հավակնելը, թե այդ աճին նպաստող ամենահարմար նյութն արդեն գտնվել է, սովորական ինքնավստահություն կլիներ: Կրթական գործում լաբորատոր մեթոդի կիրառումն ավելի շուտ վկայում է այն մասին, որ զարգացման պայմանների ու ձևերի հետ արդեն բավականին ծանոթ ենք, որպեսզի իրականացնենք մտածված հետազոտություններ, և աշխատելով միայն մեզ հայտնի նյութերի հետ՝ կարող ենք նոր հայտնագործություններ անել: Գլխավոր նպատակներից է նաև փորձարկումը, որը կհաստատեր մեր համոզմունքների ճշմարտացիությունը: Անհրաժեշտ է երաշխավորել այնպիսի պայմաններ, որոնք թույլատրեն և խրախուսեն հետազոտությունների ազատությունը, տան որոշակի վստահություն, որ կարևոր փաստերը մեր տեսադաշտից դուրս չեն մնա, հնարավորություն տան հետազոտությունների միջոցով ձեռք բերված մանկավարժական փորձն անմիջապես կիրառելու՝ առանց ավանդ ույթներից ու նախապաշարումներից կախված անհարկի աղավաղումների և կրճատումների: Այդ դեպքում նման դպրոցը կարող էր կրթական գործում փորձակայան դառնալ:

Իսկ որո՞նք են հոգեբանությունից փոխառած հիմնական աշխատանքային վարկածները: Մանկավարժությունը ո՞ր մասերում է համաքայլ գնում ընդունված հոգեբանության հետ:
Այս հարցերի լուծմանը կարելի է մոտենալ՝ նշելով ժամանակակից և նախկին հոգեբանությունների տարբերությունները: Տարբերությունները երեքն են: Նախկին հոգեբանությունը գիտակցությունը դիտարկում էր որպես մաքուր անհատական երևույթ, որն ուղղակի և անմիջական շփման մեջ էր արտաքին աշխարհի հետ: Լուծման կարիք ունեցող համարվում էր միայն մի հարց՝ ինչպե՞ս էին աշխարհն ու գիտակցությունն ազդում միմյանց վրա: Ըստ տեսության, ճանաչողության պրոցեսն այդպիսին կլիներ նույնիսկ այն դեպքում, եթե ամբողջ տիեզերքում մի կենդանի մտածող գիտակցություն լիներ: Ներկայումս միտում կա ընդունելու անհատական գիտակցության կախվածությունը սոցիալական կյանքից՝ որպես մի բան, որն ինքնին ունակ չէ որևէ գործողության ու զարգացման, այլ մշտական սոցիալական ազդակներ է պահանջում և սնվում է սոցիալական միջավայրից: Ժառանգականության տեսությունը բոլորի համար ընդունելի դարձրեց այն դրույթը, որ անհատի մտավոր և ֆիզիկական հատկությունների ամբողջությունը ցեղի սեփականությունն է, մի կարողություն, որ ժառանգել է անցյալից, և որը նրան վստահված է ապագայի համար: Էվոլյուցիայի գաղափարը հանրահայտ դարձրեց այն դրույթը, որ գիտակցությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անհատական, մենաշնորհային սեփականություն, այլ որպես ամբողջ մարդկության ջանքերի ու մտքերի միասնական արդյունք, որը զարգացել է մի միջավայրում, որը նույնքան սոցիալական է, որքան և ֆիզիկական, և որ սոցիալական կարիքներն ու խնդիրները դրա ձևավորման ամենաուժեղ ազդակներն էին, որ վայրենու և քաղաքակրթված մարդու տարբերությունը վայրի բնությունը չէ, որի առաջ երես առ երես կանգնած է և՛ մեկը, և՛ մյուսը, այլ սոցիալական ժառանգականությունն ու սոցիալական միջավայրը:

Մանկական տարիքի մեր հետազոտությունները հանգեցրին անվիճելի եզրակացության, որ սոցիալականորեն ձեռք բերված ժառանգությունը միայն սոցիալական խթանով է ազդում անհատի վրա: Իհարկե, բնությունը պետք է նրան ապահովի լույսի, ձայնի, տաքության և այլ ֆիզիկական ազդակներով, բայց դրանց իմաստը, դրանց մեկնաբանումը կախված է այն միջոցներից, որոնցով հասարակությունը, որում երեխան ապրում է, ազդում և հակազդում է դրանց: Լույսի մերկ ֆիզիկական խթանը չէ ամբողջ իրականությունը. անմիջական սոցիալական գործունեության և մտքի միջոցով տրվող մեկնաբանությունը դրան հաղորդում է իր նշանակության ամբողջ հարստությունը: Միայն կրկնօրինակման միջոցով, հուշելու, ուղղակի ուսուցման և ավելի շուտ անուղղակի, ոչ գիտակցական դաստիարակման օգնությամբ է երեխան սովորում գնահատել մերկ ֆիզիկական ազդակները և վարվել դրանց հետ: Նա սոցիալական ազդեցությանն է պարտական նաև այն բանի համար, որ մի քանի տարվա ընթացքում կրկնում է զարգացման այն ճանապարհը, որն անցնելու համար ցեղից հարյուրամյակների դանդաղ աշխատանք է պահանջվել:

Գործող մանկավարժությունը գերակայող հին հոգեբանության նկատմամբ անգիտակցական հարմարվողականություն է ցուցաբերում և նրա հետ ներդաշնակ է. և՛ մեկը, և՛ մյուսը աճել են նույն հիմքից: «Խելքն ավելանում է արտաքին աշխարհի հետ անմիջական շփման միջոցով» պնդման համաձայն համարում էին, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է կրթության համար, կարելի է ստանալ, եթե երեխայի միտքն անմիջական հարաբերությունների մեջ դնենք բազմազան արտաքին ազդակների բովանդակությունների հետ՝ դրանց վրա տարբեր պիտակներ կախելով՝ աշխարհագրություն, թվաբանություն, քերականություն և այլն: Չէին նկատում, որ այդ դասակարգված փաստերը պարզ ընտրություններ էին անցյալի սոցիալական կյանքից, աչքաթող էին արել նաև, որ դրանք առաջացել էին սոցիալական պայմաններից և միայն վերարտադրում էին սոցիալական կյանքի պահանջների պատասխանները: Սոցիալական ոչ մի տարր չէին գտնում ո՛չ երեխային մատուցվող նյութի բովանդակության մեջ, ո՛չ այն հարցերում, որ դրա ազդեցությամբ հետաքրքրում էին երեխային. այն ամբողջությամբ տեղավորված էր դրսում՝ ուսուցչի մեջ, խրախուսանքների, հորդորների, ձանձրացնող պահանջների և ղեկավարի խորամանկությունների տեսքով, որպեսզի ստիպի՝ երեխայի միտքն աշխատի այն նյութի հետ, որը միայն պատահաբար այդտեղ ընկած սոցիալական ճառագայթով էր լուսավորվում: Մոռացված էր, որ երեխայի պահանջմունքների բավարարմանը և կյանքի ամբողջությանն ու հարստությանը կարելի է հասնել միայն այն պայմանով, որ ուսուցումը մերկ, ոչ մի բանի հետ կապ չունեցող սերտում չլինի, այլ ներկայացվի սոցիական կյանքի հետ հարաբերության տեսանկյունից: Մոռացված էր նաև, որ որպեսզի ուսումը երեխայի բնավորության ու վարքի ինտեգրող մասը լինի, այն պետք է յուրացվի ոչ միայն որպես գիտելիքների գումար, այլ որպես այդ պահի պահանջների և խնդիրների օրգանական մաս, ինչն իր հերթին սոցիալական է:

Երկրորդ՝ նախկին հոգեբանությունը գիտելիքի, ինտելեկտի հոգեբանություն էր: Զգացմունքները և կամքը միայն պատահական, ածանցյալ տեղ էին գրավում: Շատ էր խոսվում զգացողությունների, բայց համարյա ոչինչ չկար շարժումների մասին: Վեճը հասկացությունների և դրանց առաջացման մասին էր՝ զգացողությունների՞ց են առաջանում, թե՞ մտքի բնածին ինչ-որ հատկությունից, բայց բոլորովին անտեսվում էր դրանց առաջացումը ակտիվ գործունեության կարիքներից: Հիմա մենք հավատում ենք, որ (օգտվելով պարոն Ջեյմսի ձևակերպումից) ինտելեկտը՝ զգացողությունների և հասկացությունների գործունեության ոլորտը, ոչ այլ ինչ է, քան միջին բաժին, որը երբեմն ընդունել ենք որպես վերջնական, տարածության հրեշավոր բազմազանության և այն մտքերի հյուսվածքների մեջ, որոնք կարող են դա լցնել՝ տեսադաշտից դուրս թողնելով, որ այն կարող է միայն մեկ կարևոր գործառույթ ունենալ՝ այն ուղղության որոշումը, որը կարող է ընտրել մեր գործունեությունը՝ անմիջապես կամ ապագայում:

Այստեղ էր նաև գործնական մանկավարժության և հոգեբանական տեսության միջև նախորոշված ներդաշնակությունը: Դպրոցում գիտելիքն առանձնացված էր ամեն ինչից և ինքնանպատակ էր դարձել: Փաստերը, օրենքները, տեղեկությունները հավաքվել էին մի տեղ և կազմում էին դպրոցական ուսուցման ծրագիրը: Տեսական և գործնական մանկավարժության մեջ վեճ կար նրանց միջև, ովքեր ճանաչողության հարցում ավելի շատ հենվում էին զգայական տարրերի, առարկաների հետ անմիջական շփման վրա՝ պնդելով առարկայական դասերի առավելությունը և այլն, և նրանց, ովքեր առավելությունը տալիս էին վերացարկված գաղափարներին, ընդհանրացումներին և այլն, այսպես կոչված, դատողությանը, իսկ իրականում՝ գրքերում շարադրված ուրիշների մտքերի կրկնությանը: Բայց ո՛չ այս, ո՛չ այն դեպքում փորձ չէր արվում զգացողության վարժանքը կամ տրամաբանական գործողությունը կապել գործնական կյանքի խնդիրների և հետաքրքրությունների հետ: Այստեղ նույնպես ցուցադրվում է մեր ուսուցման փոփոխության անհրաժեշտությունը, եթե միայն ենթադրում ենք, որ մեր հոգեբանական տեսությունները ձգտում են կենսական ճշմարտության:

Տարբերության երրորդ կետը ժամանակակից տեսակետն է մտածողության նկատմամբ, որն այն դիտում է որպես գործընթաց՝ աճի գործընթաց, այլ ոչ թե ինչ-որ անշարժ բան: Հին հայացքների համաձայն մտածողությունը մտածողություն էր և վերջ: Երեխայի և մեծահասակի մտածողությունները համարվում էին միանման, քանի որ մեկի և մյուսի մտածողությունը կարողությունների նույն համակազմն էր ընդգրկում: Եթե ինչ-որ տարբերություն դրվում էր, ապա այն բանի ընդունումն էր, որ մտածողության պատրաստի գոյություն ունեցող կարողությունների մի մասը, օրինակ՝ հիշողությունը, ավելի շուտ է ի հայտ գալիս, մինչդեռ մյուսները, օրինակ՝ դատողությունը, եզրակացություն անելու կարողությունը՝ ավելի ուշ, երբ երեխան սերտածը հիշելու ճանապարհով հասցվում էր ուրիշների մտքերից կախվածության: Միակ ընդունվող տարբերությունը քանակն էր, ընդհանուր գումարը: Տղան փոքրիկ տղամարդ էր, և նրա խելքը փոքր խելք էր, ամեն ինչում, բացի չափսերից, նույն խելքն էր, ինչ մեծահասակինը՝ իր սեփական ավարտուն կարողությունների հավաքածուով, ինչպես հիշողությունը, ուշադրությունը և այլն: Հիմա խելքը դիտարկում ենք որպես զարգացող, ուստի և փոփոխվող մի բան, որը կարողությունների և հետաքրքրությունների տարբեր փուլերը տարբեր ժամանաշրջաններում է արտահայտում: Դրանք բոլորը նույնն են կյանքի անընդհատության զգացողության առումով, բայց տարբեր են նրանով, որ յուրաքանչյուր փուլ իր խնդիրներն ու նշանակությունն ունի: «Սկզբում կանաչը, հետո՝ հասկը, և հետո նոր՝ հատիկը հասկում»:

Այս կետում մանկավարժության և հոգեբանության համընկնելու նշանակության կարևորությունը դժվար է գերագնահատել: Ուսուցման ամբողջ ընթացքը լրիվ ուղղորդելի էր, չնայած, գուցե և ոչ գիտակցաբար, պայմանով, որ եթե բոլոր տարիքի մարդկանց խելքն ու նրա կարողությունները բացարձակապես նույնն են, ապա մեծահասակի կրթական ուղեբեռը՝ տրամաբանորեն դասավորված փաստերը և կարողությունները, երեխայի համար էլ բնական ուսումնասիրման առարկա կլինի, բավական է այն պարզեցնել ու ավելի մատչելի դարձնել, քանի որ խաչը շալակը տալիս ուժերը պետք է հաշվի առնել: Արդյունքը ուսուցման ավանդական ուղղորդվածությունն է, որտեղ մեծահասակի խելքը երեխայի խելքի հետ ամբողջովին նույնացվում է՝ բացառությամբ խելքերի քանակական տարբերությունների: Սկզբում տիեզերքի մասին տեղեկությունների ամբողջությունը գիտությունների անուններով մասերի են բաժանել, հետո «գիտություններից» յուրաքանչյուրը կտրտել են փոքր մասերի և այդ մասերը բաշխել դասընթացի տարիների միջև: Զարգացման ոչ մի աստիճանականություն չէին ընդունում. բավական էր, որ ավելի վաղ մասերն ավելի հասանելի էին, քան ավելի ուշ տրվողները: Օգտվենք պարոն Ու. Ս. Ջեքմանի հաջող խոսքից, որ բնութագրում է ծրագրերի կազմման նման ձևի անմտությունը. «Աշխարհագրության ուսուցիչներին կարող է թվալ, որ երկինքը ծիծաղել է նրանց վրա՝ ստեղծելով միայն չորս կամ հինգ մայրցամաք, քանի որ եթե մի քիչ էլ շարունակեր ստեղծելու գործը, հեշտ կլիներ յուրաքանչյուր դասարանին մի մայրցամաք նվիրելը (ինչն իսկապես բնական էր թվում), և այդ դեպքում ճիշտ կբավականացներ բոլոր ութ դասարաններին»:

Եթե լրջորեն ընդունում ենք մտածողության զարգացման գաղափարը, այնպիսի զարգացման, որը տարբեր փուլերում ուղեկցվում է բնորոշ տարբեր գծերով, ապա նորից պարզ է դառնում, որ պետք է կրթությունը բարեփոխվի: Ակնհայտ է, որ ուսուցման նյութի ընտրությունն ու բաշխումն ըստ դասարանների պետք է այնպես անել, որ այդ փուլում ակտիվության գերակայող ուղղություններին համապատասխան սնունդ տրվի, այլ ոչ թե համապարփակ գիտելիքի աշխարհի կտրտված մասերին համապատասխանի:

Իհարկե, հեշտ է վերևում ասվածի մասին ընդհանուր դատողություններ անել. հեշտ է, դրանցից օգտվելով, գոյություն ունեցող դպրոցական պայմանները քննադատել, հեշտ է, դրանց վրա հենվելով, մի ուրիշ բանի անհրաժեշտությունը պնդել: Բայց մշակույթի բնագավառն անսահման է: Դժվարությունն այդպիսի հայեցակարգերը գործողության մեջ դնելն է՝ որոշելն այն նյութերն ու մեթոդները, դրանց հարաբերությունը, որոնք տվյալ ժամանակում լրիվ հաջողություն կապահովեն, և այն համակարգը, որում դրանք գնահատելի կլինեն: Այստեղ նորից պետք է վերադառնանք լաբորատոր աշխատանքի գաղափարին, քանի որ նշված հարցերի մասին պատրաստի պատասխաններ չունենք: Ավանդույթը դրանք չի տալիս, քանի որ հենվում է լրիվ ուրիշ հոգեբանության վրա: Պատասխանը մերկ դատողություն լինել չի կարող, քանի որ կարևոր են փաստերը: Միայն փորձի միջոցով կարելի է այդպիսի հայտնագործություններ անել: Ավանդույթի վրա կուրորեն հենվելուց հրաժարվելու փորձի մերժումն այն պատճառով, որ ճշմարտության փնտրտուքները կապված են անծանոթ բնագավառում փորձարարության հետ, նշանակում է հրաժարվել միակ միջոցից, որը կարող էր հանգեցնել կրթության բանական դրվածքի:

Այդ պատճառով հետագա շարադրանքում ուղղակի կխոսեմ վերջին հինգ տարիների ընթացքում կատարված որոնումների այն ուղղությունների մասին, որոնք, վերը նշված իմաստով, որոշակի արդյունք են տվել: Իհարկե, այս արդյունքները չեն հավակնում համարվել ավելի կարևոր բան, քան սովորական փորձը, բացառությամբ այն հաստատ համոզման, որ անկասկած առաջխաղացում է հենց միայն փաստը, որ խնդիրներն արդեն ձևակերպված են, և որ դրանք ապագայում ավելի խելամիտ գործունեության ճանապարհ են հարթում: Պետք է նաև նշել, որ կիրառական դժվարությունների պատճառով (միջոցներն էին անբավար, հատկապես սեփական շենք ու անհրաժեշտ հարմարանքներ չունեինք, ինչպես նաև ծախսերի այն մասը չէինք կարողանում վճարել, որ հարկավոր էր աշխատանքի մի քանի կարևոր ոլորտներում մշտական ուսուցիչներ պահելու համար) գործնականում շատ դեպքերում ստիպված էինք գործել ոչ այն ձեռքբերումներով, որոնք կարելի էր ստանալ ամենալավ գաղափարներից: Հետագայում՝ աշակերտների թվի և նրանց տարիքի աճի, նրանց չափահաս դառնալու հետ, մեր առջև դժվար խնդիր կկանգնի՝ ինչքա՞ն ժամանակ հնարավոր կլինի շարունակել այս փորձը, եթե միջավայրն ավելի համապատասխան չդառնա:

Անդրադառնալով այն պատասխաններին, որ մանկավարժությունը փնտրում էր հոգեբանության համապատասխան նոր վարկածների համար, կարծում եմ՝ ամենահարմարը զարգացման աստիճանների քննարկումից սկսելն է: Առաջին աստիճանը (դիտվում է երեխայի, ասենք, չորսից ութ տարեկանում), բնութագրվում է սոցիալական և անձնական հետաքրքրությունների հստակ հակումով, ինչպես նաև տպավորությունների, պատկերացումների ու գործողությունների վառ արտահայտված կապով: Տպավորություններին շարժումներով արձագանքելու կարիքն անմիջական ու անհետաձգելի է: Հետևաբար, այդ տարիքի երեխաների կրթական ծրագիրը կազմվել է՝ ընդգրկելով երեխային շրջապատող սոցիալական միջավայրի երևույթները, ընդ որում ջանացել ենք, որ նա ինքը կարողանա դրանք վերարտադրել հարմար սոցիալական ձևերով՝ խաղ, զվարճություն, փոքր չափերի արհեստագործական աշխատանք, պատմություն, զրույց, ազատ թեմայով նկար:

Սկզբում ընտրվում էր այնպիսի նյութ, որն ամենամոտն էր երեխային (ընտանիքի կյանքից կամ դրա հետ անմիջական կապ ունեցող), հետո անցնում էինք ընտանիքի կյանքից մի քիչ ավելի հեռու սոցիալական պարապմունքների (հատկապես այնպիսի, որ ցուցադրում էր գյուղի և քաղաքի փոխադարձ կապը), հետագայում նյութն ընդարձակվում էր մինչև մարդկանց բնորոշ զբաղմունքների պատմական զարգացման և կյանքի դրանց համապատասխան սոցիալական ձևերի հետ ծանոթացումը: Այդ նյութը դասերի ժամանակ սերտման համար պատրաստի ինչ-որ բանի տեսքով չէր փոխանցվում, այլ ջանում էինք, որ երեխան այն յուրացնի սեփական փորձով՝ ակտիվորեն մասնակցելով գործելու, խոհարարական, ատաղձագործական, ծեփման աշխատանքներին, ներկայացումներին, զրույցներին, վեճերին, պատմություններ պատմելուն և այլն: Իրենց հերթին այս բոլոր զբաղմունքները գրգռիչներ են: Դրանք շարժողական կամ արտահայտչական ակտիվության ձևեր են: Դրանք առաջ են քաշվում, որպեսզի իշխեն դպրոցական ծրագրի վրա այն նպատակով, որ պահպանվի իմացումի և կատարման սերտ կապը, ինչն այդքան բնորոշ է երեխայի կյանքի այդ փուլին: Այսպիսով հասնում ենք նպատակին՝ երեխան դպրոց գնում է ոչ թե որպես իր կյանքի հետ կապ չունեցող մի վայր, այլ տեղ, որտեղ հակիրճ կրկնում է իր արտադպրոցական փորձի փուլերը, որպեսզի դրանք հարստացնի, ընդլայնի և աստիճանաբար ձևակերպի:

Երկրորդ փուլի (ձգվում է ութից մինչև տասնմեկ տարեկանը) խնդիրն է հասկանալ և արձագանքել այն փոփոխություններին, որոնք կատարվում են երեխայի մեջ՝ ավելի կայուն ու տեսանելի արդյունքների հասնելու հնարավորության աճող զգացողության և այդ արդյունքներին հասնելու համար օգտակար գրգռիչների ղեկավարման անհրաժեշտության պատճառով: Երբ երեխան հստակորեն հասկանա սպասվող խնդիրները, որոնք առաջադրվել են իրեն, և հանուն որոնց պահանջվում է իր ուշադրությունը հենց իր նկատմամբ, կվերջանա կյանքի նախկին անորոշ ու աղոտ միասնականությունը: Միայն գործունեություն խաղալն այլևս նրան ուղղակի բավարարվածություն չի պատճառում: Ինչ-որ բան կատարելագործելու, որոշակի և հաստատուն ավարտի հասցնելու պահանջ է զգացվում: Այստեղից էլ՝ ծանոթացումը «գործողության օրենքների», այսինքն՝ կայուն ու հաստատուն արդյունքերի հասնելու համար հարմարանքների, կանոնավոր հնարքների և դրանցից օգտվելու համար հատուկ շարժումների ձեռքբերման կարևորության հետ:
Ուսումնասիրվող բովանդակության նկատմամբ պահանջը մանկավարժական տեսանկյունից այն է, որ փորձի մշուշոտ միասնականությունը տարանջատի բնորոշ ու տիպական փուլերի՝ ընտրելով նրանք, որոնք մարդկությանը ցույց կտան իր բարձրագույն նպատակներն իրագործելու համար մտքի և գործողությունների հատուկ գրգռիչների ու մեթոդների տիրապետելու կարողություն ձեռք բերելու կարևորությունը: Մեթոդի խնդիրը ներդաշնակ է բովանդակության խնդրին՝ երեխային հասցնել այդպիսի զարգացման հասնելու անհրաժեշտության գիտակցությանը՝ հենց իր համար աշխատանքի և հետազոտությունների այդպիսի մեթոդներից օգտվելու մտավոր և կիրառական ունակությունների անհրաժեշտությանը, որոնք իրեն հարկավոր արդյունքի հասնելու կարողություն կտային:

Սոցիալական կողմի ավելի ցայտուն ընդգծման համար ընտրվել էր Ամերիկայի պատմությունը (հիմնականում գաղութացման շրջանը), որը հարուստ է համբերության, քաջության, հնարամտության և նույնիսկ մեծագույն վտանգների և դժվարությունների դեպքում արդյունքի հասնելու համար միջոցի մշտապես բանական ընտրության տիպական օրինակներով. նյութն այնքան որոշակի է, կենդանի, մարդկային, որ միանգամից երեխայի վերարտադրող և կառուցող երևակայության հետ շղթա է կազմում և այդպիսով, գոնե փոխարինողի կարգավիճակով, դառնում է նրա լայնացող գիտակցության մի մասը: Քանի որ խնդիրը «անընդգրկելին ընդգրկելը» չէր, այլ միայն սոցիալական նպատակների հասնելու համար սոցիալական գործընթացների ընտրության ուսումնասիրությունը, ապա Ամերիկայի պատմությունը ժամանակագրական կարգով ուսումնասիրելու փորձ անգամ չի արվել, այլ ընտրվել են բնութագրիչ երևույթների շարքեր՝ Չիկագոն և Միսիսիպիի հյուսիսարևմտյան հովիտը, Վերջինիան, Նյու-Յորքը, և՛ մաքրակրոնությունը, և՛ ուխտագնացությունները Նոր Անգլիա: Խնդիրը տեղական և կլիմայական պայմանների բազմազանության ներկայացումն էր, գաղութարարների ճանապարհին հանդիպած տարբեր տեսակի արգելքների ու հույսերի, պատմական ավանդույթների, սովորույթների, տարբեր մարդկանց նպատակների ցուցադրումը: Մեթոդը մեծ քանակությամբ մանրամասների, մանրուքների, պայմանների, գործիքների, հագուստների, տնային իրերի, սննդի, ամենօրյա ապրելակերպի վերարտադրման անհրաժեշտություն է առաջացնում, որ երեխան նյութը կարողանա վերարտադրել որպես կյանք, ոչ թե որպես պատմական տեղեկություններ: Այս եղանակով հասնում ենք նրան, որ սոցիալական պրոցեսներն ու սոցիալական արդյունքներն իրական են դառնում: Դեռ ավելին՝ ուսումնասիրվող սոցիալական կյանքի հետ երեխայի անձնական և դրամատիկ նույնացմանն ավելանում է նաև մտավոր նույնացումը. երեխան ինքն իրեն դիտում է այդ ժամանակ հանդիպած դժվարությունների տեսանկյունից և փնտրում է դրանց հաղթահարման եղանակներ:

Հիմնական դրույթը՝ միջոցների համապատասխանեցումը նպատակին, ուղղորդում է նաև գիտական աշխատանքը: Հարմարության համար կարելի է առանձին-առանձին դիտարկել այն երկու կողմից՝ աշխարհագրական և փորձարարական: Հենց որ ճշգրիտ հաստատվեց, որ պատմության ընթացքը կախված է բնակլիմայական պայմաններից, երեխաներն սկսեցին ուշադրություն դարձնել յուրաքանչյուր գաղութի ֆիզիկական աշխարհագրությանը՝ լեռներին, գետերին, բնական հաղորդակցության ճանապարհներին և առևտրին, բուսական ու կենդանական աշխարհին՝ որպես երկրի պաշարներ ստեղծողների և դժվարություններ առաջացնողների: Սա հանգեցրեց քաղաքից դուրս՝ դեպի դաշտերը, ուսումնական ճանապարհորդությունների, որպեսզի երեխան դիտարկումների միջոցով հնարավորին չափ շատ տվյալներ ստանա, որոնք կօգնեն նրա ստեղծագործական երևակայությանը՝ վերականգնելու ավելի հեռուներում գտնվող տեղանքները:

Ըստ բնույթի՝ փորձարարական աշխատանքն այն գործընթացների ուսումնասիրությունն է, որոնց միջոցով մարդկանց համար տիպիկ արժեքների տեսակներ են ստեղծվում: Մանկության ավելի վաղ տարիներին երեխայի գործունեությունն ավելի շուտ արտադրական է, քան հետազոտական: Նրա փորձերն էլ համարյա նույն չափով, ինչքան խաղերն ու զվարճանքները, իսկական «պատրաստման»տեսակներ են: Ավելի ուշ նա փորձում է պարզել, թե որոշակի արդյունքների հասնելու համար ինչպես պետք է վարվել տարբեր նյութերի ու գործիքների հետ: Այսպիսով, այս աշխատանքները գիտական իմաստով նման չեն փորձարկման. դա բնորոշ է երեխայի կյանքի երկրորդ փուլին, երբ խնդիրը փաստերի բացահայտումն ու սկզբունքների ստուգումն է: Քանի որ կիրառական հետաքրքրությունը գերակայում է, այստեղ խոսքն ավելի շուտ կիրառական, քան թե մաքուր գիտության մասին է: Օրինակ՝ այս նպատակով ընտրվեցին մի շարք արտադրություններ, որոնք մեր կարծիքով կարևոր դեր են խաղացել գաղութների կյանքում՝ սպիտակեցումը, ներկումը, օճառի և մոմի պատրաստումը, բրուտագործությունը, խնձորի գինու և քացախի պատրաստումը, և դա հասցրեց քիմիական ռեակցիաների, յուղերի, ճարպերի, մետաղագործության նախագիտելիքների հետ ծանոթացմանը: «Ֆիզիկայի» ուսումնասիրությունն սկսվեց կիրառական կողմից: Ծանոթացան, թե ճախարակում և գործող հաստոցներում ինչպես են ընթանում էներգիայի օգտագործումը և փոխանցումը, մեխանիկական սկզբունքների ամենօրյա կիրառությունը բացատրվեց կշեռքների և փականների օրինակներով և այլն՝ այդպիսով հետագայում հասնելով էլեկտրականության օգտագործմանը, էլեկտրական զանգերի, հեռագրի հայտնագործմանը և այլն:

Նպատակի և միջոցների հարաբերությունը պարզվեց նաև ուրիշ տեսակի աշխատանքով: Մշակույթում ուշադրություն էր դարձվում կիրառական հարցերին՝ հեռանկարին, հեռավորությունների ու զանգվածների համեմատական հարաբերությանը, հավասարակշռությանը և գույները խառնելուն, ցայտունությանը և այլն: Խոհարարական աշխատանքների ժամանակ սննդամթերքները խառնելու սկզբունքներին և դրանց վրա տարբեր օգտակար նյութերի ազդեցությանը ծանոթացնելը կատարվում էր այնպես, որ երեխան կարողանա, որքան հնարավոր է, ստեղծել եփելու իր կանոնները: Դերձակություն անելիս (տիկնիկների համար հագուստ կարելիս) սովորեցին չափս վերցնելու, ձևելու, հետո ավելի բարդ աշխատանքների՝ մգդակելու, թակալման տեխնիկական հնարքները:

Հասկանալի է, որ աշխատանքի բազմազան տեսակների և դրանցով պայմանավորված հետաքրքրությունների աճող տարբերակումները հանգեցնում են տարբեր առարկաների անջատվածությանը և ինքնուրույնությանը, և այդ տարբերակումների խորացմանը զուգընթաց պետք է լինում մեծ ջանքեր գործադրել, որպեսզի պահպանվի հավասարակշռություն մի կողմից՝ դրանց անթույլատրելի մեկուսացման և անջատվածության, մեծ թվով առարկաների միջև, մյուս կողմից՝ դրանցից որևէ մեկի նկատմամբ անհրաժեշտ կենտրոնացման ու որոշակիության, ուշադրության ցրվածության ու պատահականության միջև:
Առաջին դեպքում աշխատանքը մեխանիկական և ձևական է դառնում, կտրվում է երեխայի կենսական փորձից և իրականում դադարում է ազդել նրա վարքի վրա: Երկրորդ դեպքում այն կտրտված և անորոշ է դառնում. երեխան դադարում է իր ուժերի մասին իրեն հստակ հաշիվ տալուց կամ կորցնում է իր առջև դրված նպատակների գիտակցումը: Կարծես միայն այս տարի հայտնվեց «նպատակների և միջոցների գիտակցական հարաբերության» սկզբունքը՝ որպես այդ փուլի միավորող սկզբունք, և հույս կա, որ բոլոր պարապմունքների ժամանակ դրա նկատմամբ լուրջ ուշադրությունը երեխայի զարգացման վրա ուժեղ, միավորող ազդեցություն կունենա:

Դեռևս ոչ մի խոսք չի ասվել փորձի տարածման և ստուգման ամենակարևոր շարժիչներից և միջոցներից մեկի՝ հատուկ և ընդհանուր օգտագործման խորհրդանիշների մասին (լեզվի խորհրդանիշները՝ ներառյալ նաև համրանքինը): Այս գործիքներն այնքան կարևոր են, որ ավանդական կամ եռառարկայական   ծրագիրը հենված է դրանց վրա. տարրական դպրոցում առաջին չորս-հինգ տարիներին ժամանակի վաթսունից ութսուն տոկոսը դրանց է հատկացվում (ժամերը համեմատաբար քիչ են լինում ընտրյալ դպրոցում, քան թե սովորական միջնակարգ):
Այս առարկաները սոցիալական են կրկնակի իմաստով: Դրանք այն գործիքներն են, որոնք մարդկությունը զարգացրել է իր մտավոր նպատակներին հասնելու համար: Դրանք բանալիներ են, որոնք երեխայի համար կբացեն իր սահմանափակ անձնական փորձից այն կողմ ընկած սոցիալական հարստության դռները: Այս երկու տեսակետներից ելնելով՝ դրանք միշտ պետք է կարևոր տեղ զբաղեցնեն կրթության գործում, բայց միևնույն ժամանակ, դրանց հետ ծանոթացման և օգտագործման ընթացքում էլ պետք է որոշ պայմանների ուշադրություն դարձնել: Սակայն այս առարկաների ո՛չ ընդհանուր, ո՛չ ուղղակի կիրառման ժամանակ այդ պայմանները հաշվի չեն առնվել: Հիմա եռառարկայական դպրոցի գլխավոր խնդիրը դրանք իմանալն ու աշխատանքները դրանց հարմարեցնելն է:

Այդ պայմանները կարելի է երկուսի հանգեցնել. առաջին՝ երեխան պետք է իր կենսական և անձնական փորձով ծանոթանա տարբեր սոցիալական և ֆիզիկական առարկաների՝ դրանց հետ անմիջական շփման միջոցով: Սա անհրաժեշտ է, որպեսզի կանխվի խորհրդանիշների՝ իրականության հնացած ու քայլող փոխարինողը դառնալու հնարավորությունը: Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ ավելի սովորական, անմիջական և սեփական փորձը խնդիրների, հետաքրքրությունների և շարժառիթների նյութ տա, որոնք կստիպեն երեխային դրանց լուծումները գտնելու և բավարարվածություն ստանալու համար դիմել գրքերին: Հակառակ դեպքում երեխան գրքին դիմում է առանց հոգևոր քաղցի, առանց առույգության, առանց հասունացած հարցերը լուծելու ձգտման, և արդյունքը լինում է սովորական դարձած ցավալի երևույթը՝ ստորացնող կախվածությունը գրքից, որը թուլացնում և խեղում է մտքի ուժը և սեփական փնտրտուքների էներգիան՝ դարձնելով գրքի հետագա ընթերցումը միայն երևակայության աննպատակ գրգռման խթան և փախուստ իրական աշխարհից դեպի հեքիաթային երկիր:

Այսպիսով առաջ է գալիս առաջին խնդիրը՝ պարապմունքների ժամանակ ակտիվություն հանդես բերելու, ստեղծագործական, փորձարարական աշխատանքներում, զրույցներում իրեն բացահայտելու բավարար հնարավորություն տալ երեխային, այնպես անել, որ նրա բարոյական ու մտավոր անհատականությունը ուրիշ մարդկանց՝ անհամեմատ մեծ թվով փորձերում չթաղվի, ինչին նրան մղում են. և երկրորդ՝ երեխայի անմիջական փորձն այնպես ուղղորդել, որ ստիպված լինի ավանդական սոցիալական միջոցներին դիմելու, շարժառիթներ ստեղծել, որ դրանք յուրացնելու անհրաժեշտությունը զգա՝ այդպիսով, դրանցից ստրկական կախման մեջ լինելու փոխարեն խելամիտ դարձնել դրանց դիմելը՝ որպես լրացում այն ամենի, ինչ ինքը կարողանում է: Երբ այս խնդիրը լուծված լինի, լեզվի, գրականության և համրանքի պարապմունքները կդադարեն մեխանիկական խստավարժանք, ձևական վերլուծության և զգայական պահանջների (թեև չգիտակցված) բավարարման համակցություն լինելուց, և այդ ժամանակ կասկածի ամենաչնչին հիմք չի լինի, որ գիրքը և դրա հետ կապված ամեն ինչը կրթական գործում իրենց վերագրվող կարևոր դիրքը կգրավեն:
Հազիվ թե կարիք կա ասելու, որ այս խնդիրը դեռևս լուծված չէ: Ընդհանուր բողոքները, որ այս ավանդական դպրոցական առարկաներում ձեռք բերված հաջողությունները զոհաբերվում են ծրագրում տեղ գտած նոր առարկաներին, պարզորոշ ապացուցում են, որ պահանջվող հավասարակշռությունը դեռ չի հաստատվել: Մինչև հիմա դպրոցներում, նույնիսկ նրանցում, որ ցուցադրական բնույթ չունեն, փորձերը դրսևորում են հետևյալ արդյունքները։
1.   Երեխայի ակտիվության բազմաթիվ և անմիջական դրսևորումները, աշխատանքի ստեղծագործական բնույթը, գիտական դիտարկումները, փորձարարությունը և այլն, կարդալուն, գրելուն և համրանքին անհրաժեշտաբար դիմելու բազմաթիվ բարենպաստ իրավիճակներ և հնարավորություններ են ստեղծում: Խնդիրն այդ հնարավորություններից համակարգված և հաջողությամբ օգտվելն է:
2.   Աշխուժությունն ու հետաքրքրությունը, որ այդպիսի պարապմունքներն առաջացնում են, սովորաբար դրանց հատկացվող ժամանակը զգալիորեն կրճատելու հնարավորություն են ստեղծում:
3.   Արդյունքում սիմվոլներից օգտվելը թե՛ կարդալու, թե՛ գրելու, թե՛ հորինելու ժամանակ դառնում է ավելի խելամիտ և քիչ մեխանիկական, ավելի ակտիվ և քիչ կրավորական-սերտողական. դրանք օգտագործելու ավելի մեծ կարողություն է ձևավորվում, և ավելի քիչ են նայում դրանց որպես հաճույքի միջոցի:

Մյուս կողմից՝ փորձի տարածմանը զուգընթաց՝ կարծես բացահայտվում է հետևյալը։
1.   Նույնիսկ վաղ մանկության տարիներին երեխային սիմվոլների հետ ծանոթացնելու և դրանցից օգտվել սովորեցնելու միջոցով հնարավոր է նրա մեջ ստեղծագործելու և հորինելու կարողություն առաջացնել, այդ կարողության բացահայտումն ավելի պակաս չէ, քան աշխատանքի մյուս բնագավառներում, բայց, հավանաբար, ավելի որոշակի է, և այստեղ զգալի առավելություն կա արդյունքի հասնելու ճշգրտության և որոշակիության առումով, որով երեխան կարող է չափել իր հաջողությունները։
2.   Բավականաչափ լուրջ չէ, որ այդ տեսակի աշխատանքների որոշ փուլեր տեղափոխվել են ուսուցման ավելի ուշ ժամանակաշրջան, քան պետք է. այդ պատճառով էլ այն բանից հետո, երբ երեխան զգալի չափով մտավոր առաջընթաց է ունեցել, հոգնեցնող, ձանձրալի խնդիր է թվում այն, ինչը ավելի առաջ նա կհամարեր իր ստեղծագործական կարողությունները դրսևորելու ձև։
3.   Դպրոցական ծրագրերում այս պարապմունքներին (ինչպես նաև մյուս պարապմունքներին, որոնց ժամանակ տեխնիկական կամ հատուկ մեթոդ է կիրառվում) հատկացվող ժամանակի պարբերական կենտրոնացման և հերթագայության պահանջ է բարձրացվում: Այլ կերպ ասած՝ դպրոցում բոլոր առարկաները միաժամանակ և նույն տեմպով դասավանդելու փոխարեն երբեմն ծրագրին համապատասխան անհրաժեշտ է մի առարկա առաջ քաշել, իսկ մյուսները թողնել ետին պլանում, մինչև երեխան գիտակցի, որ ինքը առաջ գնալու և դրանից ինքնուրույն օգտվելու հնարավորությանն է հասել կամ դրա համար բավականաչափ կարողություններ է ձեռք բերել:

Տարրական կրթության երրորդ շրջանը երկրորդին սահմանակից է, գալիս է այն ժամանակ, երբ երեխան բավականաչափ ծանոթանում է իրականության բազմազան ձևերի և գործունեության տեսակների հետ, երբ նա բավականաչափ տիրապետում է հետազոտության և գործունեության մեթոդներին՝ մտքի այդ գործիքներին, որպեսզի գիտական և մշակութային տարբեր պարապմունքների ժամանակ տեխնիկական և մտավոր խնդիրներ լուծելու համար կարողանա հաջողությամբ կիրառել դրանք: Հիմա մեր դպրոցն այդ շրջանի երեխաներ ունի, սակայն դրա գոյությունը չի կարելի համարել բավականաչափ երկարատև, որպեսզի ապագայի համար անվտանգ ինչ-որ ընդհանրական եզրահանգումներ արվի: Բայց թվում է՝ բոլոր հիմքերը կան հուսալու, որ բոլոր դժվարությունները, կարիքներն ու միջոցները հասկանալու դեպքում վերջին հինգ տարվա մեր փորձի արդյունքով կարող ենք երեխաներին հասցնել և անց կացնել այդ շրջանով՝ չզոհաբերելով ո՛չ ուսուցման ամբողջականությունը, ո՛չ մտավոր կարգապահությունը կամ սովորելու տեխնիկական միջոցների տիրապետման կարողությունը, այլ հակառակը, կհասնենք նրանց կյանքի դրական հարստացմանը և կյանքին ուղղված ավելի լայն, ազատ և ավելի բաց հայացքին:

(Հաջորդ գլուխը)

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը


  Նախկինում տարրական դպրոցում միայն երեք առարկա էր ուսուցանվում՝ ընթերցանություն, գրություն և թվաբանություն (ծանոթ.՝ թարգմ.):

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.