«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Անտոն Զվերև

ՖԻՆՆԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ

Հելսինկիում մանկավարժական Դավոսն անցել է առանց Ռուսաստանյան մասնագետների. ինչո՞ւ
Աշխարհում դեռ կենդանի է խորհրդային կրթության լավագույնը լինելու առասպելը: Բայց ինքը կրթությունը, ինչպես և ԽՍՀՄ-ը, արդեն չկա։ Որտե՞ղ է: Փլուզվել է, տարրալուծվել…
Միջազգային PISA գիտելիքների ստուգման վերջին արդյունքների համաձայն ռուսաստանցի ամեն երկրորդ դպրոցականն ավելի լավ կարդում է, քան հասկանում: Իսկ ավելի ճիշտ, մեր երեխաները «բոբիկ» են գործառնական (ֆունկցիոնալ) գրագիտությունից: Նրանք չեն կարողանում ձևակերպել հոսանքի վճարման թերթիկը, ինտերնետով ապրանք պատվիրել, մաքսային դեկլարացիա կամ սեփականություն ապահովագրողի վկայական լրացնել: Նրանց սովորեցնում ենք գիտենալ և բոլորովին չենք սովորեցնում ապրել: Իսկ գիտելիքներն ինչի՞ համար են, եթե երեխաները դրանք կիրառելու ընդունակ չեն:
Իրավիճակն այնքան էլ հաճելի չէ: Պարզվում է՝ դպրոցը չի սովորեցնում կենցաղային անհրաժեշտ հմտություններ՝ հասկանալ պաշտոնական թղթերի և վիճակագրական աղյուսակների էությունը, աշխատել իրավաբանական փաստաթղթով, վիճակագրական աղյուսակներով: Իսկ գուցե իմաստ ունի քննությունների ժամանակ ստուգել ոչ թե սովորած տարեթվերի և հասկացությունների ծավալը, այլ «բառային տեքստերից» (բառարան, վեբ-սայթ, տեղեկատու) օգտվելու կարողությունը, որի նշանակությունն անշեղորեն աճում է: Հենց այդպես են վարվել Ֆինլանդիայում, որտեղի երեխաները 2004թ. աշխարհում ճանաչվել են ամենաֆունկցիոնալ գրագետը:
Միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպված էր Հելսինկիի համալսարանի   և Ֆինլանդիայի կառավարության կրթության Ազգային խորհրդի կողմից, անվանվել է այսպես. «Ֆինլանդիան ըստ PISA-ի հետազոտության. պատճառները հետևում են արդյունքին»:
Իրար հետևից երկու անգամ՝ 2000-ին և 2004-ին, ֆինն 9-րդ դասարանցիներն իրենցից հետ թողեցին զարգացած 42 երկրների հասակակիցներին: Միջազգային մրցասպարեզում ֆինների կրկնակի հաղթանակն ամբողջ աշխարհին ստիպեց կրկին մտածել ֆիննական կրթության ֆենոմենի մասին:

Եվրոն նորոգում չէ

- Ինչո՞ւ ես գնում,- փորձում էին ինձ տարհամոզել Ռուսաստանի Կրթության ակադեմիայի մանկավարժական թեստավորման վարպետները,- փոքրիկ հոմոգեն երկիր, որտեղ փողը չեն հաշվում: Դե, ի՞նչը տեսես:
 Այսինքն՝ մեր մասնագետներն ամե՛ն ինչ գիտեն ֆիննական հաջողության գաղտնիքի մասին (ուսուցիչների բարձր վարձատրություն՝ փոքրաքանակ «աշակերտական բնակչության» ֆոնի վրա): Այնուամենայնիվ գնացի՝ աշխարհի 33 երկրների 300 պատվիրակների մեջ միակ ռուսաստանցին դառնալով: Դրա փոխարեն այժմ հաստատ գիտեմ՝ Ֆինլանդիայի դպրոցական ուսուցչի միջին աշխատավարձը (ընթերցո՛ղ, հանգի՛ստ) ամսական 2500 եվրո է: Համեմատության համար ասեմ՝ Հելսինկիիում հացի մի բոքոնն արժե 2 եվրո, բենզինի լիտրը՝ 1, իսկ մեկ բաժակ գարեջուրը կամ մեկ տուփ ծխախոտը՝  4 եվրո:
Միայն թե մեր մասնագետների նման չմտածեք, թե հաջողության հիմքը փողն է: Աշխատավարձը, չեմ վիճում, անհրաժեշտ պայման է, բայց ոչ գլխավորը: Չէ՞ որ գրեթե ողջ Արևմտյան Եվրոպայում մանկավարժությունն ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկն է: Հետո ի՞նչ։ Հաջողության հասել են ոչ բոլորը:
Միանգամայն համոզված եմ, որ եթե մեր ուսուցիչներին տրվի բավարար աշխատավարձ, նրանք միևնույն է, չեն աշխատի այնպես, ինչպես նրանց ֆինն (ճապոնացի կամ դանիացի) գործընկերները: Նույն է, թե մեր ավտոմոբիլաշինության մեջ միլիոններ ներդնենք. աշխատանքի նկատմամբ մեր մոտեցման և մեր կադրերի պայմաններում «Ժիգուլի»-ից առաջ չենք գնա: Գլխավորն այն է, որ ավելի լավը սարքելու անհրաժեշտությունը չկա: Ինչո՞ւ… Մեկ է՝ մաքսատանը կարելի է մրցակցությունը շրջանցել: Ուսուցիչները ևս հարմարվել են. հիմնական դասերից հետո լրացուցիչ աշխատում են կից վարժարանում, իսկ երեկոյան՝ մասնավոր աշակերտների հետ: Դասուսուցումը հաց է բերում…
Ո՞րն է «մեծն ֆիննական մանկավարժության» գլխավոր գաղտնիքը:
Առաջին սկզբունքային դաժան պայմանը, որը ֆիննական կառավարությունը դրեց դասավանդողների առաջ, հետևյալն էր՝ բարձր ենք վարձատրում միայն աշխատանքային լրիվ օրվա համար:
Կրկնում եմ հատկապես լավ ըմբռնողների համար՝ 2500 եվրո Ֆինլանդիայում ստանում է միայն լրիվ աշխատանքային օրով ուսուցիչը (full-time teacher): Իսկ այսպես կոչված՝ հեռախոսային մանկավարժներին (նրանց առավոտյան հեռախոսով են դասի կանչում) արտահաստիքային մասնակի զբաղվածության համար վարձատրում են համարյա թե կրկնակի քիչ:

Ոչ մեկը միայնակ չէ

Երկար և համառորեն փորձում էի տանտերերից պարզել, թե ամբողջ օրն աշխատող ուսուցչի պարտականությունների մեջ ինչ է մտնում:
Պարզվում է՝ դասերից բացի, ուսուցիչն օրվա մեջ 2 ժամ զբաղվում է խորհրդատվությամբ, ծնողների հետ է հանդիպում, հաջորդ օրվա դասերը պլանավորում, երեխաների հետ ստեղծագործական նախագծեր կազմակերպում, մանկավարժական խորհրդի մասնակցում: Նրանք դպրոց են գալիս առավոտյան 9-ին, գնում 3-ին կամ 4-ին:
Ահա վիճակագրական մի փաստ. Ֆինլանդիայում յուրաքանչյուր չորրորդ դպրոցականը մանկավարժի անհատական օգնության կարիքն ունի: Եվ նրանք դա ստանում են շաբաթական 2-3 անգամ: Ուշադրությո՛ւն դրարձրեք՝. յուրանքանչյուր երեխան անհատապես է ստանում:
Մեզ մոտ է կառավարումն ուղղահայաց. կազմում ես հետ մնացողների ցուցակը, կանչում սենյակ, մեկ-երկու, և լուսավորության խնդիրները լուծված են: Իսկ նրանց մոտ համատարած հարցեր են: Ինչպե՞ս բացահայտել նրանց, ովքեր հատուկ օգնության կարիք ունեն։ Հապաղող երեխայի համար օգնության ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար (՜՜՜): Որտե՞ղ և ե՞րբ է ավելի հարմար հանդիպելը: Ինչպե՞ս ապահովել առաջին հաջողությունը, ստեղծել համագործակցության և փոխադարձ վստահության մթնոլորտ: Ի՞նչ է նշանակում «պարապելու համար ճիշտ պայմաններ ստեղծել», ո՞ր մեթոդներն են ավելի արդյունավետ «սայլակով» երեխաների, տարբեր դավանանքի, ազգության, տարիքային խմբի, առողջության և ընդունակության սովորողների հետ աշխատելիս:
Եվ էլի 158 բարդ գլուխկոտրուկ մանկան ակտիվությունը փոխելու և նոր հարթություններ հասցնելու մասին, ուսումնական պրոցեսի մեջ ներգրավելու արվեստի բազմազան ռեսուրսների մասին, անհատական կրթական ծրագրերով դժվարությամբ առաջ շարժվող երեխաների հետ աշխատելու տարբեր խորամանկությունների մասին: Թվարկելուց անգամ հոգնում ես:
Ահա, թե մարդու հետ աշխատել ասելով՝ նրանք ինչ են հասկանում: Յուրաքանչյուրի հետ գլուխ դնել՝ անկախ նրա մաշկի գույնից, սոցիալական ծագումից, ընտանիքի եկամուտից և այլն: «Ոչ մեկը միայնակ չէ». այս նախադասությունը կարելի է գրել ֆիննական դպրոցի վրա՝ իբրև մանկավարժական առօրյայի և օրենքների ժողովածուի բնաբան:
Մեր կենցաղում այսպիսի մի հայտնի գռեհկության հասնող խոսքային կաղապար կա. «Իմ բախտը բերել է, ես անգլերեն գիտեմ, որովհետև մեր դպրոցում անգլերենի հրաշալի ուսուցչուհի կար»:
Ֆինների բախտն այս իմաստով ավելի է բերել: Պատկերացնո՞ւմ եք՝ ամբո՛ղջ ազգի բախտը։ Հինգ միլիոն քաղաքացիներից  յուրաքանչյուրի բախտը բերել է։ Միանգամից:

Ապագան ավելի լավ է կառուցել, քան սպասել

«Ուսուցիչն ի տարբերություն հանքափորի կամ հրուշակագործի, չի արտադրում: Նա միայն ապագան է կերտում: Սա է ամբողջը»: Այսպիսի կատակ են անում այստեղ: Շատ լուրջ կատակ է: Անցած տարի գավառներից մեկում մի քանի շաբաթ շարունակ դպրոցները փակ են եղել. ուսուցիչներն ուղղակի աշխատանքի չեն եկել, որովհետև նրանց հերթական ամսվա աշխատավարձը վճարած չեն եղել:
Այստեղ ընդունված չէ ապագան անվճար կառուցելը…
Իսկ վճարվելով՝ ֆիններն ամբողջությամբ նվիրվում են աշխատանքին:
«Jakomaki lower secondary school»-ում (300 աշակերտ, 30 «full-time» դասավանդող, 4 ընթերակա), ուր այցելեցինք, 22 ազգի երեխաներ են գոյակցում: Հարց է՝ ուսուցիչը ո՞ր լեզվով պետք է բացատրի բաց թողնված նյութը՝ թուրքերե՞ն, անգլերե՞ն, սոմալի՞ լեզվով, ֆիններե՞ն, էստոներե՞ն, շվեդերե՞ն: Այդ բազմամշակութային դպրոցում ուսուցիչն ուղղակի միանգամից հաղորդակցման մոգ, սոցիալական դիրիժոր, բազմալեզու և ըստ էության վարպետ պետք է լինի: Պատահական չէ, որ նրանց այստեղ կրթության փորձագետ են կոչում հարգալից (բառացի թարգմանությամբ՝ ուսումնական պլանի փորձագետ): Երկրի դպրոցների 120000 դասավանդողների մեջ մեկը չկա, որ իր առարկայից վարպետի գիտական աստիճան կամ պրոֆեսորի կոչում չունենա:
Եվ այսպես, ինչպես Հելսինկիի համալսարանում հանդիպման բացման ժամանակ միջազգային հայտնի պաշտոնյա, OECD վերլուծության և կրթական ձեռքբերումների չափման դեպարտամենտի ղեկավար Անդրեաս Շլեյխերն ասաց, փողն ինքնին շատ բան է նշանակում, բայց դեռ ամեն ինչ չէ:
Ոչ մի դոլարով և կրոնով մենք ձեռք չենք բերի, օրինակ՝ մշակույթի այն բարձրագույն աստիճանը, ինչին վերջին կես դարի ընթացքում հասել են մեր հյուսային հարևանները (ուսումնական աշխատանքի, մանկական հանգստի, սպորտի, կերակրատեսակների ձևավորման և հենց սնվելու): Ահա բարձրություն, որը մինչև անգամ ամենաերկար վազքուղուց թռչելիս  ռուսները  չեն հաղթահարի:

Մշակույթի պաշտամունք

Մեզ համար վիրավորական է այն բացահայտումը, որ մշակույթը, կյանքի դեմոկրատական ուղին չի տրվում (և չի փոխանցվում) ինքն իրեն, գայլաձկան հրամանով կամ մանկավարժական աշխատավարձի հետ, թեկուզ և շատ բարձր:
Այն աճեցնում են ինչպես անգլիական սիզամարգը՝ տասնամյակներ շարունակ քրտինքով և արցունքով ջրելով: Բայց,  նկատի ունեցեք, սեփական, ոչ թե երեխաների:
Պահուստային անհրաժեշտ տասնամյակներն ունե՞նք՝ սեփական, «բացառապես ռուսական» մանկավարժական էթիկան ու էսթետիկան աճեցնելու: Չեմ կարծում: Պետք է հաշվի առնել, որ մեր երեխաների մեծ մասը ցուցադրաբար մերկ, բաց ջղերով դաս-դասարանային մեքենայում է: Փողը բավարարում է միայն հացի, հայրական գոտու և սենյակի վարագույրի համար, որ ծածկվեն բանտային անամոթ վանդակաճաղերը: Հայրենական զորանոցների պատերն այնքան հաստ են, որ չեն թողնում քաղաքակրթության հովիկը ներս թափանցի (Պետական միասնական քննության դառը փորձը և կարծեցյալ 12-ամյակը դրա ապացույցն են):
Բոլորը գիտեն, որ մեր դպրոցն անշեղորեն ոչնչացնում է նուրբ օրգանիզմները՝  ապագայում ազգի գենոտիպի մեջ ստամոքսախոց, սկոլյոզ, կարիես ու էնուրեզ ներդնելով: Իսկ ֆիննական Մանկավարժական օգնության և խնամքի ծառայությունը հակառակը՝ հոգատարությամբ ու համբերատար պահպանում և լավացնում է մանկան առողջությունը: «Դանդաղ, բայց հաստատ»,- սա ընդհանրապես, ասում են, նրանց ազգային բնավորության ֆորմուլան է:
Ժամերով կարելի է պատմել ֆիննական կրթական պալատների (այլ կերպ չես կոչի) ճարտարապետների՝ աչքի չընկնող, բայց չափազանց արժեքավոր հայտնագործությունների մասին:
Ասենք, մեր այցելած դպրոցներից մեկի դասարանների պատերն ամբողջությամբ բացարձակապես թափանցիկ ապակուց են:
Գեղեցիկ է, երկինքն ու արևը՝ շատ, որը տեսողության համար, ասում են, օգտակար է։ Կահույքն անձայն է. աթոռների, պահարանների  ոտքերին փափուկ կտորներ են փակցրել, կամ սպորտային անիվներով են՝ «դասարանում քշելու» համար:
Ահա, թե այստեղի մշակույթային օջախներին ուղեկցող յուրահատուկ խաղաղեցնող լռությունը որտեղից է առաջանում։ Բոլոր սենյակներում (ոչ միայն աշխարհագրության) երևացող տեղում հայրենիքի, Միացյալ Եվրոպայի քարտեզն է, կամ գոնե Հելսինկիի քարտեզը, որի վրա կարմիրով հոծ նշված է հենց իրենց դպրոցի հասցեն։ Պա՞րզ է, թե ինչու։ Երեխաները պետք է համեմատեն իրենց ճակատագիրը հեռու և մոտ համաքաղաքացիների կյանքի հետ, իրենց դպրոցական տունը մի փոքր էլ զգան որպես աշխարհագրական կետ գլոբուսի վրա։
Չնայած հյուսիսային սառնամանիքին, միջազգային կոնֆերանսի մասնակիցներին հյուրընկալող դպրոցների ղեկավարները (ըստ նրանց ռեկտորներ) դիմավորում էին փողոցում, առանց գլխարկների և վերարկուների՝ նայելով յուրաքանչյուր հյուրի աչքերին և անհատապես սեղմելով յուրաքանչյուրի ձեռքը։ Հաճելի է, իհարկե, նաև կիրթ։ Դպրոցական լավ կազմակերպված քաղաքակրթության ևս մի մանր, բայց հաստատ նշան է։
Իսկ մեզ մո՞տ… Մայրաքաղաքի վարժարաններից մեկի տնօրենը, նույն բանը կրկնելուց հոգնած, գիտելիքների տաճարի ամենաշատը այցելվող տեղում մի հայտարարություն էր կախել. «Թանկագին ընկերներ։ Անկախ դրված խնդիրներից, խնդրում ենք մաքրել ձեզանից հետո։ Եթե փաստացի արդյունքները գերազանցում են բոլոր ակնկալիքները, խոզանա՛կ օգտագործեք: Շնորհակալություն»։
«Կարող եք երեխաների համար ոսկյա, անգամ զմրուխտյա լողավազաններ կառուցել, բայց մեր դաստիարակվածության ներկա աստիճանում աշակերտները հաջորդ օրն իսկ մանր փշուրների կվերածեն»։ Հրաշալի բանաստեղծ  Դավիթ Սամոյլովին են պատկանում այս խոսքերը, որոնք արդեն 30 տարի առաջ են ասվել։ Ավա՜ղ, դեռ չեն հնացել։ Մենք յուրացրել ենք սուպերմարկետների մշակույթը, սովորել ենք օգտվել բջջային կապից և համակարգչից, ազատ թռչում ենք տիեզերքով։ Իսկ դպրոցը,ինչպես եղել է քարի դարում, այդպես էլ այնտեղ ինչ-որ տեղ մնացել է։ Իլյիչի լամպ, գրատախտակ՝ տնային առաջադրանքներով, և հասակով ուսուցչուհու կավճոտ ձեռքեր…

Վստահի՛ր, մի՛ ստուգիր

Այստեղ մանկավարժների շրջանում ասում են. «Քանի դեռ մարդկանց միջև հարաբերություն չի հաստատված, համարիր, որ խաղաթղթերը դեռ բաժանված չեն»։ Այստեղի մանկավարժության հիմքերի հիմքը երեխաների լիարժեք վստահությունն է ուսուցիչների հանդեպ, ոտնձգություններից անձի ազատության պաշտպանվածության զգացումն է:
- Ինչո՞ւ մենք հաղթեցինք OECD-ի թեստավորման ժամանակ,- կրկին հարցնում է մասնակի զբաղվածության մանկավարժ Տապիո Սիպոնեն, որը միաժամանակ Հելսինկիի 15 դպրոցներում է աշխատում։- Ոչ, այդ հաղթանակը պատահական չէ։ Այսպիսի խոսք կա՝ խաղաղություն, համաձայնություն, ներդաշնակություն։ Եվ ընդհանուր գործի համար դա շատ կարևոր է։ Ուսանողների և դասավանդողների միությունը ցատկահարթակ է, ուսումնական նվաճումների հենակետ։ Մենք և երեխաները չենք վախենում իրարից։ Ինձ այդպես է թվում…
Սրանով մեր ամբողջ մանկավարժությանը կարելի է վախեցնել։ Չէ՞ որ Ուսուցչի և Աշակերտի փոխադարձ վախը մեր կրթության հիմքն է, նրա մեծագույն իմաստը։
Նրանց մոտ եթե «ծրագիր»՝ ուրեմն միասին։ Պլանավորում են, իրագործում և քննարկում արդյունքները։ Ենթադրենք՝ մանկական սրճարանը բակի երեխաների համար կազմակերպում է մոսկովյան «Փոքրիկ հանճար»-ի նման մի բան, որը եկամուտ կբերի։ Կամ որոշում են, թե քանի ծառ պետք է տնկեն, որպեսզի փրկեն դպրոցի շրջակայքի էկոլոգիան։ Մեկը հաշվարկում է ծախսերը, մյուսը վազում է քաղաքապետարան՝ պարզելու օդի որակի վիճակը, երրորդն ինտերնետով տնկիներ է պատվիրում, չորրորդը նկարում է, հինգերորդը գործողությունների տեղից ռեպորտաժ է պատրաստում, ծրագրի բանավոր շնորհանդեսը։ Հետո հավաքվում են ամբողջ դպրոցը (դասարանը) և հրապարակավ հաշվետվություն տալիս, իրենց կուտակած փորձը փոխանցում ընկերներին այն սկզբունքով, որ «Հայտնագործությունը հայտնագործություն է բերում»։ Խնդրեմ, հիացեք, իսկական 1960-ականների տիպի կոմունարյան կոլեկտիվ՝ կարծես մեր հանրահայտ լենինգրադցիներ Իգոր Իվանովի և Ֆայնա Շապիրովի էսքիզներից վերանկարված։
Նկատի ունեցեք, մեր ցանկացած չինովնիկը, տեսնելով վերոնշյալ ինքնագործունեությունը, դժվար թե կարողանա զսպել դիտարկումը. «Խելքները թռցրե՜լ են։ Ձեզ պիոներներ-պալատ ցույց կտամ։ Բա ազգային պլա՞նը, անվտանգության չափորոշիչնե՞րը»։
Կա՛նգ առ։ Կարծես թե հասանք ֆիննական հրաշքի գաղտնիքը բացահայտելուն։ Բանն այն է, որ այդ տարօրինակ երկրում դպրոցական տեսուչներ չկան։ Ոչ մեկը։ Ազատել են։ Բոլոր մակարդակներում՝ տեղական ինքնավարությունից մինչև պետական։
Բառացի մեջբերում եմ անում Հելսինկիի կոնֆերանսում հրապարակված պաշտոնական տեղեկանքից. «Պետական մարմինները վերացնում են տեսուչների հատուկ «դպրոցական» հաստիքը և տեսչության նպատակով դպրոց այցելելու պրակտիկան։ Դպրոցների գործունեությունը կարգավորվում է ըստ օրենքում և ազգային բազային ծրագիր-ուսումնական պլանում նշված նպատակների։ Կարծում ենք՝ այսքանը լրիվ բավարար է։ Կառավարման (ավելի ճիշտ՝ ինքնակառավարման) այս մեթոդը հենվում է ուսուցիչների խոր գիտելիքների վրա, որոնք ձգտում են իրենց
ստեղծագործությունը համապատասխանեցնել ուսումնական պլանի հետ։ Այսպես հասանելի են դառնում միանգամից 3 նպատակներ՝ ուսուցիչն աճում է (1)՝ դրանով առաջ մղելով իր դպրոցը (2) և կրթության ազգային համակարգը։ Այսուհանդերձ նախկինի նման Ֆինլանդիայի կրթության նախարարությունն է պատասխանատու պլանավորման, կոորդինացիայի, գիտելիքների գնահատման  որակի կառավարման և կադրերի համար է։ Կրթության բարձրագույն ատեստավորման հանձնաժողովը նրան օգնում է»։
Սա ավելի ուժեղ է, քան խաղաղության մասին դեկրետը…
Եվ ոչ մի Պետական միասնական քննություն։ Դպրոցի ավարտական քննությունները պարտադիր չեն։ Դեպի դա են գնում նաև շվեդ հարևանները, որոնք իրենց դպրոցում մինչև 9-րդ դասարանն արդեն հանել են գնահատանիշը։ Դրան ավելացրած,   կրկնում եմ, վերահսկողների չինովնիկական ագահ խավն անվերադարձ-ընդմիշտ թոշակի է անցել։
Այսքան լիբերալ համակարգի թերությունների մասին ոչինչ չեմ լսել։ Իսկ  առավելություններն ակնհայտ  են.

  1. Ուսուցիչների և աշակերտների գլխին դամոկլյան սրի պես կախված չեն այդ անիծյալ, հիշողությունն ու նյարդերը հավերժ տանջող ավարտական կտտանքները:
  2. Նախկինում ստուգողների և տեսուչների ամայացնող արշավանքներից վախեցած ուսուցիչը՝ ծանրաբեռնված հաշվետվություններով և այլ գրություններով, հիմա պատկանում և ծառայում է միայն աշակերտին։

Ստացվեց համարյա ինչպես Վրաստանում, որտեղ նոր նախագահի նշանակման պահից պարզեցվեց պետավտոտեսուչի մասնագիտությունը։ Ավելի ճիշտ՝ դադարեց մասսայական լինելուց։ Եվ փայտիկով աշխատողներից բացի ո՞վ տուժեց. ոչ ոք։ Վարորդները սրբորեն են պահպանում երթևեկության կանոնները, կանգնում կարմիր լույսի տակ  և համառորեն շարժվում միայն կանաչի դեպքում։
Երևի այլ կերպ  չի  լինում։

Հելսինկի–Մոսկվա

Մեկնաբանություններ

Գալինա Կովալյովա  (Կրթության  որակի գնահատման ղեկավար).
- Կարծում եմ, որ ֆինների ակնհայտ առաջընթացը բացատրվում է նրանց արտադասային գործունեության զարգացմամբ։ Բացի դրանից, նրանք հստակ գիտեն, ինչու են մտնում դասարան։ Աղյուսակում առաջին տեղում դրված են ոչ  թե ակադեմիական  առարկաները, այլ համագործակցելու ունակությունը, խմբում աշխատելը, սոցիալական հմտությունները։ Երեխաները ստիպված են լինում աշխատելիս առնչվել գիտություններին, խնդիրների համակարգված վերլուծություն անել, իրավիճակների մոդելներ կառուցել։
ՊրոֆեսորԿարի Ուուսիկյալա (Ֆինլանդիա).
- Մեզ մոտ քննություններին կարելի է բերել տեղեկատու գրքեր, օգտվել ինտերնետից։ Կարևորը սովորած տեքստերի քանակը չէ, այլ այն, թե կարող ես օգտվել տեղեկատուներից  կամ  ցանցից, այսինքն՝ խնդիրը  լուծելու համար ի մի  բերել բոլոր ռեսուրսները։
Դոցենտ Միլոսլավ Բալաբան (ՄՊՀ)
- Պետք է ամեն ինֆորմացիա օգտագործել թույլատրող բաց քննություն: Այն կոչված է փոխելու ավանդական «սերտողական» կրթությունը, այն դարձնելու ավելի արդյունավետ և ֆունկցիոնալ:
Պայվի Լեխտի (Մայրենի լեզվի դասավանդող, «Torpparinmaki School», Ֆինլանդիա)
- Ինչո՞ւ մենք հաղթեցինք PISA-ում: Շատ պարզ է: Բացեք միջազգային փորձագետների նյութերը: Նրանց տվյալներով Ֆինլանդիայում տղաների 41%-ը և աղջիկների 60%-ը իրենց ազատ ժամանակն անց են կացնում գիրք կարդալով: Մեր երեխաների գրական հետաքրքրություններն անչափ բազմաբնույթ են: Բացի դրանից, Եվրոպայի իրենց հասակակիցների մեջ նրանք ամենաակտիվ թերթ կարդացողներն են և գրադարան հաճախողները: Իմ աշակերտները հատկապես հարգում են գիտական ֆանտաստիկան, սուր սյուժեով դետեկտիվը, մանկապատանեկան գրականությունը:
Լսել եմ, որ Եվրամիության ճնշման տակ մեր պետությունը պատրաստվում է հանրային գրադարանները փոխանցել սեփականատերերին կամ ընդհանրապես փակել: Ֆինները, որոնք կարդում են ամենուր՝ փողոցում, տրանսպորտում, տանը, դրան կտրականապես դեմ կլինեն: Դա համազգային ողբերգություն է:
Եվ էլի մի գաղտնիք։ Մեր երեխաները մսուրային տարիքից հեռուստացույցով անգլերեն ֆիլմեր են սկսում նայել: Իսկ հասկացածը ստուգում են ֆիններեն թարգմանված տիտրով: Արդյունքում գրեթե բոլորն ազատ խոսում են անգլերեն: Բայց դպրոցն այստեղ, իմ կարծիքով, դեր չունի…

Փաստաթուղթ
Հաջողության9 կանոն

  • Իննամյա դպրոցում ֆինները երեխաների ընտրություն չեն անում: Այստեղ սկսած 1990-ականներից՝ կտրուկ հրաժարվել են երեխաներին խմբերի (ըստ ընդունակությունների և նույնիսկ ըստ մասնագիտական նախապատվության) բաժանելու ավանդույթից:

Բոլորից ակտիվ այդ փաստին արձագանքեցին անգլիական թերթերը, որ կոնֆերանսից անմիջապես հետո «Երեխաներին տեսակավորելը Բրիտանիային հետ է տանում» («Թայմսի» հավելված) և «Երեխաների՝ ցանկացած ձևով արտահայտվող խտրականության դագաղին վերջին մեխը» (Գարդիան) խորագրով հոդվածներ հրապարակեցին:

  • Պետության դպրոցական հիմնական օրենքով ամրագրված է անհատական ուսումնառության իրավունքը: Պատահական չէ, որ Հելսինկիի կոնֆերանսի գլխավոր զեկուցումներից վերնագրված էր «Դպրոցը՝ որպես սովորողի կրթության, զարգացման և մանկավարժական աջակցության կենտրոն»:

Դեռ 1970-ական թ.թ. է Ֆինլանդիան տեսակավորող, երեխաներին միմյանց հետ համեմատող մոդելից անցում կատարել իննամյա ընդհանուր կրթության հավասարապես մատչելի մոդելին:

  • Դպրոցական դասավանդողի աշխատանքն այդ պետությունում ավելի բարձր է գնահատվում, քան Եվրամիության ուրիշ պետություններում: Բայց ամսական 2.5 հազար եվրո ստանում է միայն լրիվ օր աշխատող ուսուցիչը (full - time teacher): Իսկ, այսպես կոչված, հեռախոսային ուսուցիչների (նրանց առավոտյան դասի կանչում են հեռախոսով) մասնակի զբաղվածությունը կրկնակի քիչ է վարձատրվում:
  • 15 տարի առաջ համազգային ուսումնական պլանը արմատապես փոխվեց՝ դառնալով ավելի ճկուն, ստեղծագործելու ազատություն ընձեռող և առանց մանրամասնությունների: Փաստաթղթի ծավալը հասցված է մինիմումի:
  • 1999 թվից գործող հիմնական ակտը «Կրթություն մասին» դպրոցն այլևս չի բաժանում կրտսերի և ավագի, այն միայն նշում է, որ՝
    • հիմնական կրթությունը տևում է 9 տարի,
    • առաջին 6 տարիներին դասավանդում է մեկ ուսուցիչ (դասվար), իսկ վերջին 3 տարիներին՝ առարկայական ուսուցիչները:
  • Անցած տասնամյակում պետական իշխանությունները դպրոցական տեսուչի պաշտոնն իրավական բոլոր մակարդակներում պարզեցրել ու դպրոցը ստուգելու փորձից հրաժարվել են: Այսուհետ ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորվում է «Կրթության մասին» օրենքում և ազգային հիմնական կրթակարգում ձևակերպված նպատակներով:
  • «Կրթության մասին» օրենքում հատուկ սահմանվում է, որ սովորողները մինչև 9-ամյա կրթության ավարտը գնահատման ազգային ծառայությունների կողմից չեն ստուգվում և պետական որևէ մարմնի կողմից որևէ քննության չեն ենթարկվում: Վստահության աստիճանը ուսուցիչի հանդեպ այնպիսին է, որ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն անցկացնելու ցանկացած ներքին ստուգում (թեստ, անձնական նախագծի պաշտպանություն, թղթապանակ և այլն) տարվա ընթացքում:
  • Բնատուր ունակությունների պակասով երեխաներն ուսանում են իրենց հասակակիցների հետ, ընդհանուր կոլեկտիվում: Ուսուցիչները հսկայական ջանքեր են ներդնում՝ էմիգրանտ երեխաներին ներգրավելու ընդհանուր ուսումական գործընթացի մեջ։ Այնուամենայնիվ ընդհանուր հոսքից դուրս մնացող և անհատական ծրագրի կարիք ունեցող երեխաների թիվն անշեղորեն աճում է:
  • Ընդունված կանոնների համաձայն ուսուցիչներն աշակերտին դուրս թողնելու կամ ուրիշ դպրոց ուղարկելու իրավունք չունեն:

Կարևոր է համարվում ուսման մեջ եղած խնդիրներն ինչքան հնարավոր է շուտ հայտնաբերելը: «Ոչ ոք միայնակ չէ», «Յուրաքանչյուրին՝ անհատական օգնություն», «Դանդաղ, բայց ճիշտ», «Օգնությունը ինչքան շուտ, այդքան լավ». այս խոսքերը դարձել են ազգային բանաձև, ֆիննական մանկավարժության նշանաբանը: Արդյունքում, վիճակագրական տվյալների համաձայն, ավելի շատ առաջին և երկրորդ դասարանների ուսուցիչներն են երեխաների հետ անհատական պարապմունքներ անցկացնում:     

Թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

PISA – Սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրեր (ծանոթ. խմբ.)

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.